Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչպե՞ս հաշտ ապրեմ քույրերիս ու եղբայրներիս հետ

Ինչպե՞ս հաշտ ապրեմ քույրերիս ու եղբայրներիս հետ

ԳԼՈՒԽ 6

Ինչպե՞ս հաշտ ապրեմ քույրերիս ու եղբայրներիս հետ

1-ից 5 թվերով նշիր, թե ինչ հարաբերությունների մեջ ես քրոջդ կամ եղբորդ հետ։ 1-ը՝ «մտերիմ չենք», 5-ը՝ «մտերիմ ենք»։ ․․․․․

ԿԱՆ հարազատ քույրեր ու եղբայրներ, որոնք անբաժան ընկերներ են։ Օրինակ՝ 19-ամյա Ֆելիշիան ասում է. «Քույրս՝ Իռենան (16 տարեկան), իմ լավագույն ընկերներից մեկն է»։ Իսկ 17-ամյա Քարլին իր 20 տարեկան եղբոր՝ Էրիկի մասին ասում է. «Մենք շատ մտերիմ ենք։ Երբեք չենք կռվում»։

Մյուս կողմից, սակայն, շատերի փոխհարաբերությունները նման են Լոռենի ու Մառլայի փոխհարաբերություններին։ «Մենք ամեն ստից բանի համար կռիվ ենք անում»,— ասում է Լոռենը։ Կամ գուցե զգում ես այն, ինչ զգում է 12 տարեկան Ալիսը իր 14-ամյա եղբոր՝ Դենիսի հանդեպ. «Նա նյարդայնացնում է ինձ։ Ներխուժում է իմ սենյակ և առանց հարցնելու վերցնում իրերս։ Դենիսը իսկական երեխա է»։

Քո հարազատ քույրը կամ եղբայրն է՞լ է նյարդայնացնում քեզ։ Ինչ խոսք, ծնողներդ են պարտավոր կարգուկանոն պահպանել տանը։ Սակայն վաղ թե ուշ պետք է սովորես ընդհանուր լեզու գտնել ուրիշների հետ։ Եվ դա կարող ես սովորել, քանի դեռ ձեր տանն ես ապրում։

Հիշիր, թե ինչ խնդիրներ ես ունեցել քրոջդ կամ եղբորդ հետ։ Ամենաշատը ինչի՞ համար եք վիճում։ Նայիր ստորև բերվող տարբերակներին և դիր նշանը այն տարբերակի կողքին, որը քեզ հունից հանում է։

Անձնական իրեր։ Քույրս/եղբայրս առանց հարցնելու վերցնում է իրերս։

Բնավորությունների բախում։ Քույրս/եղբայրս ամեն ինչ անում է իր ուզած ձևով, առանց մտածելու և փորձում է ղեկավարել կյանքս։

Ազատություն։ Քույրս/եղբայրս առանց թակելու մտնում է իմ սենյակ, առանց հարցնելու կարդում է իմ էլ. նամակները կամ sms-ները։

Եվ այլն ․․․․․

Եթե քույրդ կամ եղբայրդ անընդհատ թելադրում է քեզ, թե ինչ անես, կամ խառնվում է քո կյանքի մեջ, գուցե դժվար լինի զսպել բարկությունդ։ Աստվածաշնչյան մի առակ ասում է. «Քիթը ճմլելուց արյուն է գալիս, և բարկությունը բորբոքելուց վեճ է բռնկվում» (Առակներ 30։33)։ Ինչպես որ քթին հարվածելուց արյուն է հոսում, այնպես էլ լարված փոխհարաբերություններից պոռթկումներ են առաջանում, և խնդիրն ավելի է բարդանում (Առակներ 26։21)։ Ի՞նչ կարող ես անել, որ նյարդայնացած վիճակը չվերածվի կատաղի վեճի։ Առաջին քայլը իրական խնդիրն իմանալն է։

Ո՞րն է վեճի պատճառը, ո՞րն է բուն խնդիրը

Քույրերի ու եղբայրների միջև ծագած խնդիրները կարելի է նմանեցնել բշտիկների։ Առաջին հայացքից բշտիկը պարզապես արտաքին թերություն է, սակայն իրականում այն ներքին ինֆեկցիայի արդյունք է։ Նմանապես, երեխաների կռիվները ինչ-որ բանի հետևանք են։

Կարող ես վերացնել բշտիկը՝ սեղմելով այն։ Բայց այդպիսով կվերացնես միայն ինֆեկցիայի ախտանիշը, գուցե նույնիսկ սպի թողնես ու նպաստես ինֆեկցիայի տարածմանը։ Ավելի լավ է՝ պայքարես դրա դեմ, որ կանխես բշտիկների տարածումը։ Նույնը կարելի է ասել քույրերի ու եղբայրների միջև ծագող վեճերի մասին։ Եթե սովորես տեսնել, թե որն է խնդիրը, կկարողանաս խուսափել վեճից և արմատախիլ անել բուն խնդիրը։ Նաև կկարողանաս կիրառել իմաստուն Սողոմոն թագավորի խորհուրդը. «Մարդու ըմբռնողականությունը հանդարտեցնում է իր բարկությունը» (Առակներ 19։11

Օրինակ՝ Ալիսն իր եղբայր Դենիսի մասին ասաց. «Նա ներխուժում է իմ սենյակ և առանց հարցնելու վերցնում իրերս»։ Փաստորեն, վեճ է առաջանում։ Բայց ի՞նչ ես կարծում, ո՞րն է բուն խնդիրը։ Խնդիրը թերևս հարգանքի բացակայությունն է։ Ալիսը կարող էր լուծել խնդիրը՝ ասելով Դենիսին, որ երբեք չմտնի իր սենյակ և չվերցնի իր իրերը։ Սակայն այդ դեպքում կվերանա միայն ախտանիշը, և հավանաբար նոր վեճեր կառաջանան։ Իսկ եթե Ալիսը համոզի Դենիսին հարգել առանձին սենյակ և անձնական իրեր ունենալու իր իրավունքը, անկասկած, նրանց փոխհարաբերությունները կլավանան։

Սովորիր հարթել վեճերը կամ խուսափել դրանցից

Իհարկե, իմանալ, թե որն է խնդիրը, դեռ չի նշանակում, որ վեճը հարթված է։ Ի՞նչ կարող ես անել, որ լուծես խնդիրը և խուսափես նոր վեճերից։ Փորձիր կիրառել հետևյալ վեց քայլերը։

1. Հստակ կանոններ սահմանիր։ Վեճը հարթելու համար պարզեք, թե որն էր պատճառը։ Այնուհետև միասին հստակ կանոններ հաստատեք, որոնց հետ երկուսդ էլ համաձայն եք։ Եթե խնդիրը իրեր վերցնելն է, 1-ին կանոնը, որ կարող եք սահմանել, հետևյալն է. «Նախքան որևէ բան վերցնելը թույլտվություն խնդրիր»։ Կանոն 2-րդ. «Ընդունիր, որ քույրդ/եղբայրդ իրավունք ունի ասելու՝ ո՛չ, մի՛ վերցրու»։ Կանոններ սահմանելիս հիշիր Հիսուսի պատվերը. «Այն, ինչ ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը դուք արեք նրանց» (Մատթեոս 7։12)։ Այդպես կհաստատեք կանոններ, որոնց երկուսդ կկարողանաք հետևել։ Նաև համոզվեք, որ ձեր ծնողները հավանություն են տալիս դրանց (Եփեսացիներ 6։1

2. Ինքդ հետևիր կանոններին։ Պողոս առաքյալը գրեց. «Դու, որ, սովորեցնում ես ուրիշին, ինքդ քեզ չե՞ս սովորեցնում։ Դու, որ քարոզում ես՝ «մի՛ գողացիր», ի՞նքդ ես գողանում» (Հռոմեացիներ 2։21)։ Ինչպե՞ս կարող ես կիրառել այս սկզբունքը։ Եթե ցանկանում ես, որ քույրդ/եղբայրդ հարգի առանձնանալու քո իրավունքը, ուրեմն դու էլ պետք է նրա սենյակի դուռը թակես ներս մտնելուց առաջ և թույլտվություն խնդրես էլ. նամակները կամ sms-ները կարդալու համար։

3. Արագ մի՛ վիրավորվիր։ Ինչո՞ւ է սա լավ խորհուրդ։ Քանի որ, ինչպես աստվածաշնչյան մի առակ է ասում, «միայն հիմարներն են արագ բարկանում ու ոխ պահում» (Ժողովող 7։9, Contemporary English Version)։ Եթե արագ բարկացող մարդ ես, կյանքդ անտանելի կլինի։ Այո՛, քո քույրը/եղբայրը կասի կամ կանի բաներ, որոնք կզայրացնեն քեզ։ Սակայն հարցրու. «Իսկ ես չե՞մ արել նման մի բան նրանց հանդեպ» (Մատթեոս 7։1–5)։ «Երբ 13 տարեկան էի, կարծում էի, թե «ուրիշ աղջիկ եմ»,— ասում է Ջենին,— որ իմ կարծիքն է ամենակարևորը, ու բոլորը պետք է ի՛նձ լսեն»։ Փոքր քույրս հիմա այդ տարիքում է։ Ուստի փորձում եմ չվիրավորվել նրա ասածներից»։

4. Ներիր և մոռացիր։ Լուրջ խնդիրները պետք է քննարկել և հարթել։ Բայց մի՞թե դու պետք է ամեն սխալի համար քո քրոջից/եղբորից հաշիվ պահանջես։ Եհովա Աստված շատ է գնահատում, երբ «հանցանքին ուշադրություն չես դարձնում» (Առակներ 19։11)։ Ալիսոնը (19 տարեկան) ասում է. «Ես ու քույրս՝ Ռեյչլը, սովորաբար կարողանում ենք լուծել մեր տարաձայնությունները։ Երկուսս էլ անմիջապես ներողություն ենք խնդրում և բացատրում, թե ինչի պատճառով ծագեց վեճը։ Երբեմն վաղվան եմ թողնում որոշումը։ Հաճախ հաջորդ առավոտ ավելի հեշտ է լինում ներել ու մոռանալ»։

5. Թող ծնողները դատեն ձեզ։ Եթե դու և քույրդ/եղբայրդ չեք կարողանում լուծել խնդիրը, գուցե հաշտվելու համար դիմեք ծնողներին (Հռոմեացիներ 14։19)։ Հիշիր, սակայն, որ առանց ծնողների միջամտության խնդիրը հարթելու կարողությունը հասունության նշան է։

6. Գնահատիր քրոջդ/եղբորդ լավ հատկությունները։ Հավանաբար քույրդ/եղբայրդ ունի լավ հատկություններ։ Գրիր մի հատկություն, որը գնահատում ես նրա մեջ։

Անուն

․․․․․

Ինչն եմ գնահատում

․․․․․

Մի՛ կենտրոնացիր նրանց թերությունների վրա, փորձիր առիթներ փնտրել ասելու, որ հիանում ես նրանց լավ հատկություններով (Սաղմոս 130։3; Առակներ 15։23

Աստվածաշունչն ընդունում է, որ քույրդ/եղբայրդ միշտ չէ, որ կարող են մտերիմ ընկերներ լինել քեզ համար (Առակներ 18։24)։ Սակայն կարող եք ամրացնել ձեր հարաբերությունները, եթե «շարունակեք համբերել իրար», նույնիսկ եթե «գանգատվելու [հիմնավոր] պատճառ ունեք» (Կողոսացիներ 3։13)։ Այդպես անելու դեպքում եղբայրդ/քույրդ քեզ հավանաբար քիչ կնյարդայնացնի։ Եվ գուցե դու էլ քիչ բարկացնես նրան։

ՀԱՋՈՐԴ ԳԼԽՈՒՄ

Ինչպե՞ս կարող ես իմանալ՝ պատրա՞ստ ես առանձին ապրելու։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ

«Թող ձեր խոհեմությունը հայտնի լինի բոլոր մարդկանց» (Փիլիպպեցիներ 4։5

ԱՌԱՋԱՐԿ

Եթե եղբորդ/քրոջդ հետ դժվար ես լեզու գտնում, դրական տրամադրվածություն պահպանիր. մտածիր, որ նա օգնում է քեզ արժեքավոր հատկություններ մշակելու, որոնք հետագայում քեզ շատ կօգնեն։

ԳԻՏԵԻ՞Ր

Երբ առանձին ապրես, ժամանակ առ ժամանակ կհանդիպես մարդկանց, ովքեր կնյարդայնացնեն քեզ, օրինակ՝ գործընկերներդ գուցե լինեն կոպիտ, անտարբեր, եսասեր։ Ուստի այսօրվանից քո տան մեջ սովորիր, թե ինչպես կարող ես խաղաղ ճանապարհով հարթել խնդիրները։

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ

Վարքի վերաբերյալ մի քանի հստակ կանոններ, որոնք կարող եմ սահմանել քրոջս/եղբորս հետ՝ ․․․․․

Քրոջս կամ եղբորս կարող եմ քիչ նյարդայնացնել, եթե ․․․․․

Այս թեմայի մասին ծնող(ներ)իս կուզեի հարցնել հետևյալը՝ ․․․․․

Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ

● Ինչո՞ւ է կարևոր իմանալ, թե որն է բուն խնդիրը և թե որն է վեճի պատճառը։

● Ո՞րն է քույր կամ եղբայր ունենալու առավելությունը։

[մեջբերում 46-րդ էջի վրա]

«Իմ ամենալավ հիշողությունները կապված են քրոջս և եղբորս հետ։ Եղբայր կամ քույր ունեցողներին ուզում եմ ասել՝ թանկ գնահատեք նրանց» (Մերիլին)։

[շրջանակ 42-րդ էջի վրա]

վարժություն

որն է բուն խնդիրը

Ուզո՞ւմ ես հեշտությամբ իմանալ, թե իրականում որն է բուն խնդիրը, որ քո և քրոջդ/եղբորդ միջև վեճեր են ծագում։ Եթե այո, ապա կարդա Հիսուսի առակը անառակ որդու մասին, որը հեռացավ տնից և վատնեց իր ողջ ժառանգությունը (Ղուկաս 15։11–32)։ Ուշադրություն դարձրու, թե ինչպես արձագանքեց ավագ եղբայրը, երբ փոքր եղբայրը տուն վերադարձավ։ Հետո պատասխանիր ստորև բերված հարցերին։

Ո՞րն էր պատճառը, որ ավագ եղբայրը բորբոքվեց։․․․․․

Քո կարծիքով՝ ո՞րն էր բուն խնդիրը։․․․․․

Ինչպե՞ս հայրը փորձեց լուծել խնդիրը։․․․․․

Ի՞նչ պետք է աներ ավագ եղբայրը՝ խնդիրը հարթելու համար։․․․․․

Իսկ այժմ հիշիր, թե վերջին անգամ երբ ես վիճել քրոջդ/եղբորդ հետ։ Այնուհետև գրիր ներքոհիշյալ հարցերի պատասխանները։․․․․․

Ո՞րն էր վեճի պատճառը։․․․․․

Քո կարծիքով՝ ո՞րն էր բուն խնդիրը։․․․․․

Ի՞նչ հստակ կանոններ կարելի է հաստատել, որ խնդիրները հարթվեն և հետագայում վեճեր չառաջանան։․․․․․

[նկար 43-րդ էջի վրա]

Երեխաների միջև ծագած խնդիրները նման են բշտիկների. պետք է պայքարել ոչ թե ախտանիշի, այլ ներքին ինֆեկցիայի դեմ