Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Պատրա՞ստ եմ առանձին ապրելու

Պատրա՞ստ եմ առանձին ապրելու

ԳԼՈՒԽ 7

Պատրա՞ստ եմ առանձին ապրելու

«Երբեմն թվում է՝ մարդիկ ինձ վերևից են նայում, քանի որ 19 տարեկան եմ, սակայն դեռ ծնողներիս հետ եմ ապրում։ Նրանք կարծում են, որ մինչև առանձին չապրեմ, չափահաս չեմ դառնա» (Քետի)։

«Ես մոտ 20 տարեկան եմ ու չեմ հաշտվում այն մտքի հետ, որ չեմ կարող իմ գլխի տերը լինել։ Մտածում եմ առանձին ապրելու մասին» (Ֆիոնա)։

ՆԱԽՔԱՆ պատրաստ կլինես ծնողներիցդ առանձնանալու, գուցե քո մեջ ինքնուրույն ապրելու ցանկություն առաջանա։ Դա բնական է։ Ինչպես քննարկվեց 3-րդ գլխում, Աստծու նպատակն էր, որ պատանիները մեծանան, թողնեն իրենց հորն ու մորը և կազմեն իրենց ընտանիքը (Ծննդոց 2։23, 24; Մարկոս 10։7, 8)։ Սակայն ինչպե՞ս պարզել, թե երբ ես պատրաստ առանձին ապրելու։ Պատասխանն իմանալու համար քննենք երեք կարևոր հարց։ Հարց առաջին։

Ի՞նչ մղումներ ունեմ

Նայիր ներքևում բերված տարբերակներին։ Համարակալիր դրանք ըստ կարևորության։

․․․․․ Խուսափեմ տանը ծագած խնդիրներից

․․․․․ Ավելի շատ ազատություն ունենամ

․․․․․ Ընկերներիս աչքին բարձրանամ

․․․․․ Օգնեմ ընկերոջս, որն ուզում է սենյակ վարձել ու մենակ չապրել

․․․․․ Կամավոր ծառայեմ ուրիշ վայրում

․․․․․ Փորձ ձեռք բերեմ

․․․․․ Թեթևացնեմ ծնողներիս ֆինանսական վիճակը

․․․․․ Եվ այլն ․․․․․

Չի կարելի ասել, որ վերոհիշյալ պատճառները կարևոր չեն։ Սակայն հարցը հետևյալն է՝ ի՞նչ մղումներ ունես։ Օրինակ՝ եթե ուզում ես առանձին ապրել, որ ավելի շատ ազատություն ունենաս, ապա թերևս հիասթափվես։

Դանիելան, որը սկսեց առանձին ապրել 20 տարեկանում, անձնական փորձից ասում է. «Այսպես թե այնպես բոլորիս առաջ սահմանափակումներ կան դրված։ Օրինակ՝ երբ առանձին ես ապրում, ստիպված ես հարմարվել աշխատանքային գրաֆիկին, շատ փող չունենալուն»։ Կարմենը, որը վեց ամսով ուրիշ քաղաք էր տեղափոխվել, ասում է. «Ինքնուրույն ապրելն իր հետաքրքրությունն ուներ, բայց հաճախ ազատ ժամանակ չէի ունենում։ Պետք է հասցնեի շատ գործեր անել՝ մաքրել տունը, ինչ-որ բան վերանորոգել, բակի խոտերը կտրել, շորերս լվանալ, հատակը սրբել և այլն»։

Թույլ մի՛ տուր, որ ուրիշները շտապեցնեն քեզ որոշումներ կայացնելու հարցում (Առակներ 29։20)։ Նույնիսկ եթե հիմնավոր պատճառներ ունես առանձին ապրելու համար, լավ միտումներ ունենալուց բացի, պետք է ուրիշ հմտություններ էլ ձեռք բերես։ Եվ դա երկրորդ հարցն է, որն այժմ կքննենք։

Պատրա՞ստ եմ

Առանձին ապրելը նման է արշավի գնալուն։ Կճանապարհորդե՞ս մի անծանոթ տարածքում, եթե չգիտես քարտեզից օգտվել, վրան կանգնեցնել, խարույկ վառել, կերակուր պատրաստել։ Դժվար թե։ Այդուհանդերձ, շատ երիտասարդներ են հեռանում տնից՝ առանց անհրաժեշտ հմտություններ ունենալու։

Իմաստուն Սողոմոն թագավորը գրել է, որ «խորագետը կշռադատում է իր քայլերը» (Առակներ 14։15)։ Որպեսզի որոշես՝ պատրաստ ես արդյոք այդ քայլին, մտածիր ներքևում բերված ենթավերնագրերի շուրջ։ Դիր նշանը այն հմտությունների կողքին, որոնք արդեն ունես, և X նշանը այն հմտությունների կողքին, որոնք պետք է ձեռք բերես։

Ինչպես տնօրինել փողը։ «Երբեք ինքս ոչ մի բանի համար մուծումներ չեմ արել,— ասում է Սերենան (19 տարեկան)։— Ինձ վախեցնում է այն միտքը, որ մի օր առանձին եմ ապրելու և ինքս եմ տնօրինելու իմ բյուջեն»։ Ինչպե՞ս կարող ես սովորել տնօրինել փողը։

Աստվածաշնչյան մի առակ ասում է. «Իմաստուն մարդը կլսի ու կավելացնի ուսումը» (Առակներ 1։5)։ Ուստի կարող ես հարցնել ծնողներիդ, թե մոտավորապես ամեն ամիս մի հոգին ինչքան փող է ծախսում տան վարձի, մթերքի, բենզինի կամ ճանապարհածախսի վրա։ Հետո խնդրիր նրանց օգնել քեզ բյուջե կազմելու և մուծումներ անելու *։

Ինչպես կազմակերպել տան գործերը։ Բրայենը, որը 17 տարեկան է, ասում է, որ իրեն ամենից շատ մտահոգում է լվացք անելը։ Ինչպե՞ս կարող ես իմանալ, թե արդյոք պատրաստ ես քո մասին հոգ տանելու։ Ահարոնը (20 տարեկան) առաջարկում է. «Փորձիր մի շաբաթ ապրել այնպես, ասես թե մենակ ես։ Կեր միայն այն կերակուրը, որը քո փողով ես գնել խանութից և ինքդ ես պատրաստել։ Հագիր այն շորերը, որոնք դու ես լվացել ու հարթուկել։ Ինքդ մաքրիր տունը։ Մենակ գնա, ուր գնալու ես, և մի՛ խնդրիր ծնողներիդ, որ քեզ տանեն մեքենայով»։ Այս առաջարկներին հետևելու շնորհիվ երկու բանի կհասնես՝ 1) արժեքավոր հմտություններ ձեռք կբերես և 2) ավելի շատ կգնահատես ծնողներիդ։

Ինչպես լեզու գտնել ուրիշների հետ։ Կարողանո՞ւմ ես հաշտ ապրել ծնողներիդ ու քույրերիդ/եղբայրներիդ հետ։ Եթե ոչ, ապա գուցե մտածես, որ ընկերոջ հետ ապրելն ավելի հեշտ կլինի։ Սակայն ուշադրություն դարձրու, թե ինչ է ասում Եվան (18 տարեկան). «Իմ ընկերներից երկուսը որոշեցին միասին ապրել։ Նրանք անբաժան ընկերներ էին, բայց միասին չկարողացան ապրել։ Մեկը մաքրասեր էր, մյուսը՝ թափթփված։ Մեկը հոգևոր անձնավորություն էր, իսկ մյուսն այդքան էլ հոգևոր չէր։ Նրանք ուղղակի չկարողացան յոլա գնալ»։

Ո՞րն է լուծումը։ 18-ամյա Էրինը ասում է. «Ծնողների հետ ապրելիս սովորում ես, թե ինչպես հաշտ ապրել ուրիշների հետ։ Սովորում ես լուծել խնդիրները և զիջումների գնալ։ Նկատել եմ, որ նրանք, ովքեր առանձին են ապրում, որ խուսափեն ծնողների հետ տարաձայնություններ ունենալուց, իրականում փախչում են կոնֆլիկտներից և ոչ թե լուծում են դրանք»։

Ինչպես հետևել հոգևոր գործունեության գրաֆիկին։ Շատերը ուզում են առանձին ապրել, որ չհետևեն իրենց ծնողների հոգևոր գործունեության գրաֆիկին։ Մյուսներն էլ Աստվածաշնչի անձնական ուսումնասիրություն անելու և հոգևոր գործերով զբաղվելու նպատակ ունեն, բայց հետո վատ սովորություններ են ձեռք բերում։ Ի՞նչ կարող ես անել, որ քո «հավատը նավաբեկության չենթարկվի» * (1 Տիմոթեոս 1։19

Եհովա Աստված ուզում է, որ յուրաքանչյուր մարդ ինքը համոզվի, թե ինչին է հավատում (Հռոմեացիներ 12։1, 2)։ Աստվածաշնչի ընթերցանության և հոգևոր այլ գործերի համար գրաֆիկ կազմիր և հետևողական եղիր։ Օրացույցի վրա նշիր, թե ինչ ես պլանավորել, և հետո ուշադրություն դարձրու՝ արդյոք կարողանում ես մեկ ամիս հետևել այդ գրաֆիկին, թե ծնողներդ պետք է անընդհատ հուշեն քեզ։

Անցնենք երրորդ հարցին։

Ինչի՞ եմ ձգտում

Ուզում ես առանձին ապրել, որ խուսափես խնդիրների՞ց կամ ազատվես ծնողներիդ իշխանությունի՞ց։ Այդ դեպքում կենտրոնանում ես տնից գնալու, ոչ թե այն բանի վրա, թե ինչ է քեզ սպասում։ Օրինակ՝ եթե որևէ մեկը մեքենա վարելիս անընդհատ հայելու միջով հետ նայի, ապա չի տեսնի, թե ինչ կա առջևում։ Ի՞նչ ենք սովորում այս օրինակից։ Եթե ուշքդ ու միտքդ տնից հեռանալն է, ուրեմն չես տեսնում, թե ինչ կա առջևում։ Ուստի կենտրոնացիր ոչ թե տնից գնալու վրա, այլ թե ինչ արժեքավոր նպատակ կարող ես դնել քո առջև։

Եհովայի վկա որոշ երիտասարդներ տեղափոխվում են իրենց երկրի ուրիշ վայրեր կամ ուրիշ երկիր, որ քարոզեն։ Մյուսները տեղափոխվում են, որ մասնակցեն երկրպագության վայրերի կամ Եհովայի վկաների մասնաճյուղերի շինարարությանը։ Ոմանք էլ նախընտրում են ամուսնությունից առաջ մի որոշ ժամանակ առանձին ապրել *։

Ինչ էլ լինի քո նպատակը, որոշում կայացնելուց առաջ լավ մտածիր։ Աստվածաշնչյան մի առակ ասում է. «Ժրաջան մարդու ծրագրերը օգուտներ կբերեն, բայց ամեն շտապող կարիքի մեջ կընկնի» (Առակներ 21։5)։ Լսիր ծնողներիդ խորհուրդը (Առակներ 23։22)։ Աղոթիր այդ մասին։ Եվ նախքան որոշում կայացնելը մտածիր աստվածաշնչյան այն սկզբունքների շուրջ, որ քիչ առաջ քննեցինք։

Կարևորն այն չէ, որ պատրաստ ես տնից հեռանալու, կարևորն այն է, որ պատրաստ ես ինքնուրո՛ւյն ապրելու։ Եթե կարծում ես, որ պատրաստ ես, ուրեմն կարող ես առանձին ապրել։

[ծանոթագրություններ]

^ պարբ. 23 Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս «Երիտասարդների հարցերը» գրքի 2-րդ հատորը, գլուխ 19։

^ պարբ. 27 Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս «Երիտասարդների հարցերը» գրքի 2-րդ հատորը, գլուխներ 34, 35։

^ պարբ. 32 Որոշ երկրներում երեխաները, հատկապես աղջիկները մինչև ամուսնությունը ապրում են ծնողների տանը։ Աստվածաշունչը կոնկրետ խորհուրդ չի տալիս այս առնչությամբ։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ

«Տղամարդը կթողնի իր հորն ու մորը» (Մատթեոս 19։5

ԱՌԱՋԱՐԿ

Մի որոշ ժամանակ ծնողներիդ տուր այն գումարը, որը ծախսվում է քո սննդի, կացարանի և այլ բաների վրա։ Եթե չես կարող կամ չես ուզում վճարել դրանց համար, երբ դեռ ապրում ես ծնողներիդ հետ, ապա դժվար թե կարողանաս ապրել առանձին։

ԳԻՏԵԻ՞Ր

Առանձին ապրելիս երջանիկ կլինես, թե ոչ, կախված է այն բանից, թե ինչն է մղում քեզ հեռանալու տնից։

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ

Ուզում եմ առանձին ապրել, որ հասնեմ հետևյալ նպատակին՝ ․․․․․

Այս թեմայի մասին ծնող(ներ)իս կուզեի հարցնել հետևյալը՝ ․․․․․

Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ

● Եթե անգամ ընտանիքում դժվարություններ կան, տանը մնալը ինչպե՞ս կարող է քեզ օգուտներ բերել։

● Քանի դեռ տանն ես, ի՞նչ կարող ես անել, որ ընտանիքդ օգուտներ ստանա և միևնույն ժամանակ ինքդ պատրաստվես ինքնուրույն կյանքին։

[մեջբերում 52-րդ էջի վրա]

«Բնական է, որ ուզում ես ինքնուրույն ապրել։ Բայց եթե ուզում ես առանձին ապրել միայն կանոններին չենթարկվելու համար, ուրեմն պատրաստ չես տնից հեռանալու» (Ահարոն)։

[նկար 50–րդ և 51-րդ էջերի վրա]

Տնից հեռանալը նման է արշավի գնալուն. պետք է հմտություններ ձեռք բերես նախքան ճանապարհ ընկնելը