Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչպե՞ս դիմադրեմ գայթակղությանը

Ինչպե՞ս դիմադրեմ գայթակղությանը

ԳԼՈՒԽ 9

Ինչպե՞ս դիմադրեմ գայթակղությանը

Քերընը հրավիրված է խնջույքի։ Առաջին իսկ րոպեներին նա նկատում է, որ երկու տղա՝ մի քանի մեծ թղթե տոպրակներ ձեռքներին, մտնում են ներս։ Թե ինչ կա դրանց մեջ, բոլորովին էլ գաղտնիք չէ։ Մինչ այդ նա պատահմամբ լսել էր, թե ինչպես են նրանք ծրագրում մեծ քանակությամբ գարեջուր բերել խնջույքի վայր։

Հանկարծ Քերընը իր հետևից մի ծանոթ ձայն է լսում. «Ի՞նչ ես շշմածի պես կանգնել, ա՜յ քեֆը հարամ անող»։ Ջեսիկան է՝ ընկերուհին, որը կանգնել է նրա հետևում՝ ձեռքին հենց նոր բացած գարեջրի երկու շիշ։ Վերջինս շշերից մեկը մեկնել է Քերընին. «Մենակ չասես, թե քեզ չի կարելի խմել»։

Քերընը ուզում է հրաժարվել, բայց առաջարկն ընդունելու ցանկությունն ավելի ուժգին է, քան կարող է պատկերացնել։ Սակայն խնդիրը ալկոհոլը չէ։ Խնդիրն այն է, որ Ջեսիկան իր ընկերուհին է, և նա չի ուզում, որ վերջինս մտածի, թե ինքն իսկապես «քեֆը հարամ անող է»։ Բացի դրանից, Ջեսիկան «լավ աղջիկներից» է։ Եվ եթե նա խմում է, ապա ինքն ինչո՞ւ չպիտի խմի։ «Եղածն ընդամենը գարեջուր է. ո՛չ թմրանյութ եմ օգտագործում, ո՛չ էլ անբարոյություն եմ անում»,— մտածում է Քերընը։

ԿՀԱՄԱՁԱՅՆՎԵՔ, թերևս, որ երիտասարդ տարիքում գայթակղություններն ավելի շատ են։ Հաճախ դրանք կապված են հակառակ սեռի հետ։ 17-ամյա Ռամոնն ասում է. «Դպրոցում աղջիկները շատ ագրեսիվ են։ Նրանք սիրում են ձեռ գցել և տեսնել, թե էլ ինչեր թույլ կտաս, որ քեզ հետ անեն։ Նույնիսկ մերժումը նրանց չի կանգնեցնում»։ Դիանը, որը նույնպես 17 տարեկան է, նմանատիպ իրավիճակում էր հայտնվել. «Մի տղա մոտեցավ ինձ և ձեռքը ուսիս գցեց, ես խփեցի նրա ձեռքին ու ասացի. «Ի՞նչ ես անում։ Ես քեզ չեմ էլ ճանաչում»»։

Թերևս դու էլ ես գայթակղությունների բախվում, և թվում է, թե դրանք վերջ չունեն։ Գայթակղությունը նման է մի մարդու, որն անընդհատ թակում է քո դուռը, մինչդեռ դռան վրա փակցված է՝ «մի՛ անհանգստացրեք»։ Հաճա՞խ ես լսում դռան թակոցը, քան ակնկալում էիր։ Իսկ երբևէ բախվե՞լ ես ստորև բերված գայթակղություններից որևէ մեկին։

□ Ծխախոտ

□ Պոռնկագրություն

□ Ոգելից խմիչք

□ Անբարոյություն

□ Թմրանյութ

□ Եվ այլն ․․․․․

Եթե վերը նշված տարբերակներից մեկի կողքին դրել ես նշանը, մի՛ եզրակացրու, թե չես կարող լավ քրիստոնյա լինել։ Դու կարող ես սովորել ճնշել սխալ ցանկությունները և դիմադրել գայթակղությանը։ Ինչպե՞ս։ Եթե հասկանաս, թե ինչ է թաքնված դրա հետևում։ Քննենք երեք գործոն։

1. Անկատարություն։ Բոլոր անկատար մարդիկ հակված են սխալներ անելու։ Նույնիսկ Պողոս առաքյալը, որը հասուն քրիստոնյա էր, անկեղծությամբ խոստովանեց. «Երբ ուզում եմ անել այն, ինչը ճիշտ է, չարն ինձ մոտ է» (Հռոմեացիներ 7։21)։ Ուրեմն նույնիսկ ամենահասուն քրիստոնյան ժամանակ առ ժամանակ կարող է զգալ, թե ինչ է «մարմնի ցանկությունը, աչքերի ցանկությունը» (1 Հովհաննես 2։16)։ Սակայն եթե շարունակաբար մտածում ենք գայթակղիչ բաների մասին, ավելի ենք բարդացնում իրավիճակը, քանի որ Աստվածաշունչը զգուշացնում է. «Երբ ցանկությունը հղիանում է, մեղք է ծնում» (Հակոբոս 1։15

2. Արտաքին ազդակներ։ Գայթակղություններն ամենուր են։ Ահա թե ինչ է ասում Թրուդին. «Թե՛ դպրոցում, թե՛ աշխատավայրում մարդիկ անընդհատ խոսում են սեքսի մասին։ Հեռուստացույցով և ֆիլմերում դա շատ գրավիչ կերպով է ներկայացվում։ Դու չես էլ մտածում վատ հետևանքների մասին»։ Թրուդին անձնական փորձով է համոզվել, թե ինչքան ուժգին կարող է լինել հասակակիցների և հեռուստացույցի ազդեցությունը։ Նա շարունակում է. «Երբ 16 տարեկան էի, ինձ թվում էր, թե սիրահարված եմ։ Մայրս անկեղծորեն խոսեց ինձ հետ ու ասաց, որ եթե այսպես շարունակեմ, օրերից մի օր կհղիանամ։ Ես ցնցվել էի, որ մայրս կարող է նման բան մտածել. երկու ամիս անց հղի էի»։

3. «Երիտասարդական ցանկություններ» (2 Տիմոթեոս 2։22)։ Խոսքը այն ցանկությունների մասին է, որոնք բնորոշ են երիտասարդներին։ Նրանք, օրինակ, ուզում են ուրիշների կողմից ընդունված լինել կամ որ իրենց կարծիքի հետ հաշվի նստեն։ Այսպիսի ցանկություններ ունենալը սխալ չէ, սակայն եթե չղեկավարենք դրանք, ապա ավելի դժվար կլինի դիմադրել գայթակղությանը։ Եթե անընդհատ միայն քո «ես»-ը առաջ տանես, կմերժես այն լավ արժեքները, որոնք քո մեջ սերմանել են։ Ահա թե ինչ պատահեց Սթիվին, երբ 17 տարեկան էր։ «Ես ըմբոստացա ծնողներիս դեմ. միշտ նրանց ասածի հակառակն էի անում։ Եվ այս ամենը հենց իմ մկրտությունից հետո»,— պատմում է նա։

Ինչպես դիմադրել

Համաձայնվիր, որ վերոնշյալ գործոնները բավականին ազդեցիկ են։ Այնուհանդերձ, դու կարող ես դիմադրել գայթակղությանը։ Ինչպե՞ս։

Նախ փորձիր պարզել, թե քեզ համար որ գայթակղությանն է ամենից շատ դժվար դիմադրել (հավանաբար արդեն նշել ես 65-րդ էջում)։

Ապա հարցրու ինքդ քեզ. «Ո՞ր դեպքերում է հավանականությունը մեծ, որ կբախվեմ այդ փորձությանը»։ Դիր նշանը հետևյալ տարբերակներից մեկի կողքին։

□ Դպրոցում

□ Երբ մենակ եմ

□ Աշխատավայրում

□ Եվ այլն

Երբ նախապես գիտես, թե որ իրավիճակում փորձության մեջ կընկնես, կարող ես նույնիսկ խուսափել դրանից։ Օրինակ՝ մտածիր հոդվածի սկզբում նկարագրված տեսարանի մասին։ Ի՞նչ գիտեր Քերընը, որը կարող էր նախազգուշացում լինել գայթակղության մեջ չընկնելու համար։

․․․․․

Ինչպե՞ս նա կարող էր խուսափել փորձության մեջ ընկնելուց։

․․․․․

Այժմ, երբ արդեն պարզել ես, թե ինչ գայթակղության կարող ես բախվել և որ իրավիճակում, պատրաստ ես գործնական քայլեր անելու։ Նախ պետք է մտածես, թե ինչպես կարող ես նվազագույնի հասցնել գայթակղության մեջ ընկնելու հավանականությունը կամ բացառել դրան բախվելու վտանգը։ Ներքևում նշիր, թե ինչ կարող ես անել։

․․․․․

(Առաջարկներ. եթե դասերից հետո համադասարանցիներդ միշտ առաջարկում են ծխել, ապա կարող ես փոխել ճանապարհդ, որպեսզի նրանց չհանդիպես։ Եթե հաճախ է քո համակարգչի էկրանին պատահմամբ հայտնվում պոռնկագրական պատկեր, գուցե այնպիսի ծրագրեր ներմուծես համակարգիչ, որոնք թույլ չեն տա, որ նման և այլ աղբյուրներից ինֆորմացիա ստանաս։ Նաև կարող ես կոնկրետ բառեր գրել «փնտրել» սյունակում։)

Ինչ խոսք, չես կարող խուսափել բոլոր գայթակղություններից։ Վաղ թե ուշ կընկնես փորձության մեջ, հատկապես այն ժամանակ, երբ ամենաքիչն ես ակնկալում։ Նման դեպքերում ինչպե՞ս կարող ես վարվել։

Պատրաստված եղիր

Հիսուսը անմիջապես մերժեց Սատանայի առաջարկները, երբ նրա կողմից «փորձության ենթարկվեց» (Մարկոս 1։13)։ Ինչո՞ւ։ Քանի որ արդեն գիտեր, թե ինչ պիտի անի։ Հիսուսը վճռել էր միշտ հնազանդվել իր Հորը (Հովհաննես 8։28, 29)։ Նա հենց դա նկատի ուներ, երբ ասաց. «Ես իջա երկնքից, որ ոչ թե իմ կամքը կատարեմ, այլ ինձ ուղարկողի կամքը» (Հովհաննես 6։38

Ստորև նշիր երկու պատճառ, թե ինչու պետք է դիմադրես հաճախ հանդիպող գայթակղությանը, և երկու քայլ, որ կարող ես անել, որ դիմադրես գայթակղությանը։

Ինչու պետք է դիմադրես

1 ․․․․․

2 ․․․․․

Քայլեր, որ կօգնեն քեզ դիմադրելու

1․․․․․

2 ․․․․․

Հիշի՛ր, երբ տրվում ես գայթակղությանը, դառնում ես քո ցանկությունների գերին (Տիտոս 3։3)։ Արժե՞ արդյոք թույլ տալ, որ ուժգին ցանկություններդ ղեկավարեն քեզ։ Հասունություն դրսևորիր և ինքդ իշխիր քո ցանկությունների վրա (Կողոսացիներ 3։5)։ Եվ շարունակ աղոթիր, որ կարողանաս այդպես վարվել * (Մատթեոս 6։13

ԱՅՍ ԹԵՄԱՅԻ ՄԱՍԻՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ ԵՍ ԳՏՆԵԼ 2-ՐԴ ՀԱՏՈՐՈՒՄ, ԳԼՈՒԽ 15

ՀԱՋՈՐԴ ԳԼԽՈՒՄ

Վերջերս թո՞ւյլ ես զգում քեզ։ Ինչպե՞ս կարող ես հոգալ առողջությանդ մասին և վերագտնել ուժերդ։

[ծանոթագրություն]

^ պարբ. 43 Տե՛ս նաև այս գրքի 33-րդ և 34-րդ գլուխները։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ

«Աստված հավատարիմ է և թույլ չի տա, որ ձեր կարողությունից վեր փորձվեք, այլ փորձության ժամանակ նա նաև ելքը կտա, որպեսզի կարողանաք տոկալ» (1 Կորնթացիներ 10։13

ԱՌԱՋԱՐԿ

Օգտագործիր «Երիտասարդների հարցերը» գրքի՝ «Ինչ անեմ, երբ ինձ վրա ճնշում են բանեցնում» շրջանակը (2-րդ հատոր, էջ 132, 133)։ Մտածիր, թե ինչ պատասխան ես տալու, երբ որևէ մեկը փորձի քեզ գայթակղել։

ԳԻՏԵԻ՞Ր

Աստված նախագուշակել էր, որ Հիսուսը հավատարիմ է լինելու, սակայն դա չի նշանակում, որ իր Որդին ռոբոտ էր, այսինքն՝ նախապես ծրագրավորված էր, որ հնազանդ կլինի։ Ընդհակառակը՝ Հիսուսը ազատ կամքով էր օժտված։ Նա էր որոշել լինել հավատարիմ. այդպես կանխորոշված չէր։ Այդ պատճառով փորձության ժամանակ ջերմեռանդորեն աղոթում էր Հորը (Եբրայեցիներ 5։7

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ

Որպեսզի ավելի մեծ վճռականությամբ դիմադրեմ գայթակղությանը, պետք է ․․․․․

Ես պետք է խուսափեմ հետևյալ մարդկանցից, վայրերից և հանգամանքներից՝ ․․․․․

Այս թեմայի մասին ծնող(ներ)իս կուզեի հարցնել հետևյալը՝ ․․․․․

Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ

● Կարո՞ղ են կատարյալ անձնավորությունները գայթակղության ենթարկվել (Ծննդոց 6։1–3; Հովհաննես 8։44

● Երբ դիմադրում ես գայթակղությանը, ի՞նչ ազդեցություն է թողնում քո հավատարմությունը ուրիշների վրա (Առակներ 27։11; 1 Տիմոթեոս 4։12

[մեջբերում 68-րդ էջի վրա]

«Ինձ օգնում է այն բանի գիտակցումը, որ իմ կողքին տիեզերքի ամենազորեղ Անձնավորությունն է և որ ցանկացած պահի կարող եմ աղոթել նրան օգնության համար» (Քրիստոֆեր)։

[շրջանակ 67-րդ էջի վրա]

փորձիր հետևյալը

Կողմնացույց վերցրու և այնպիսի դիրքով դիր, որ սլաքը ուղղված լինի դեպի հյուսիս։ Այնուհետև կողմնացույցի կողքը մագնիս դիր։ Ի՞նչ տեղի կունենա։ Սլաքն այլևս ցույց չի տա ճիշտ ուղղությունը և կթեքվի մագնիսի կողմը։

Քո խիղճը կարելի է նմանեցնել այս կողմնացույցին։ Եթե այն ճիշտ մարզես, ապա ցույց կտա «հյուսիս» և կօգնի քեզ իմաստուն որոշումներ կայացնելու։ Իսկ վատ ընկերակցությունը, մագնիսի նման, կարող է շեղել քեզ քո բարոյական արժեքներից։ Ի՞նչ կարող ես սովորել։ Փորձիր հեռու մնալ այն մարդկանցից և իրավիճակներից, որոնք կարող են ազդել քո բարոյական չափանիշների վրա (Առակներ 13։20

[նկար 69-րդ էջի վրա]

Երբ տրվում ես գայթակղությանը, դառնում ես ցանկություններիդ գերին