Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչո՞ւ պետք է մտածեմ առողջությանս մասին

Ինչո՞ւ պետք է մտածեմ առողջությանս մասին

ԳԼՈՒԽ 10

Ինչո՞ւ պետք է մտածեմ առողջությանս մասին

Դիր ✔ նշանը այն նպատակի կողքին, որին կուզեիր հասնել։

□ Նվազեցնել անհանգստությունները

□ Ինքնատիրապետում ունենալ

□ Ավելի վստահ զգալ

□ Ավելի ուշադիր լինել

□ Ավելի առույգ լինել

□ Բարելավել արտաքին տեսքը

□ Քաշ գցել

ԿԱՆ բաներ, որ չես կարող ընտրել, օրինակ՝ ծնողներիդ, եղբայրներիդ ու քույրերիդ։ Քանի դեռ պատանի ես, չես կարող ընտրել նաև քո բնակավայրը։ Սակայն նույնը չես ասի առողջությանդ մասին, որը հաճախ կախված է քո ապրելակերպից *։

Սակայն գուցե մտածես. «Ես երիտասարդ եմ, դեռ շուտ է առողջության մասին մտահոգվել»։ Այդ դեպքում ուշադրություն դարձրու 71-րդ էջում նշված նպատակներին։ Քանիսի՞ կողքին ես նշան դրել։ Գիտե՞ս, որ այդ նպատակներից յուրաքանչյուրին հասնելու համար պետք է լավ առողջություն ունենաս։

17-ամյա Ամբերը ասում է. «Ես չեմ կարող ամբողջ կյանքս ուտել կերակուրներ, որոնք շաքար ու ճարպեր չեն պարունակում և միայն ցորենից են պատրաստված»։ Եթե դու էլ ես այսպես մտածում, մի՛ մտահոգվիր։ Կարիք չկա, որ ծայրահեղությունների մեջ ընկնես՝ քաղցր բաներ չուտես կամ ամեն շաբաթ երկար վազես։ Անհրաժեշտ է ընդամենը որոշ փոփոխություններ անել, և դու ավելի լավ տեսք կունենաս, ավելի լավ կզգաս, ու օրգանիզմդ ճիշտ կգործի։ Տեսնենք, թե քո հասակակիցներից ոմանք ինչ են արել։

Ճիշտ սնունդ, լավ տեսք

Աստվածաշունչը խորհուրդ է տալիս, որ չկորցնենք չափի զգացումը։ «Մի՛ եղիր.... որկրամոլությամբ միս ուտողների մեջ»,— գրված է Առակներ 23։20-ում։ Սակայն միշտ չէ, որ հեշտ է այս խորհրդին հետևել։

«Շատ պատանիների նման՝ ես էլ եմ միշտ ուզում ուտել։ Ծնողներս հաճախ ասում են, որ իմ ստամոքսը ծակ է» (Էնդրյու, 15)։

«Քանի որ չեմ կարող տեսնել, թե որոշ ուտելիքներ ինչպես են ինձ վնասում, չեմ մտածում, որ դրանք վնասակար են» (Դանիելա, 19)։

Դու է՞լ ինքնատիրապետման կարիք ունես։ Տեսնենք, թե հասակակիցներիցդ ոմանք ինչ գործնական առաջարկներ են անում։

Լսի՛ր ստամոքսիդ։ «Առաջ հաշվում էի կալորիաները,— ասում է 19-ամյա Ջուլյան,— բայց հիմա էլ չեմ ուտում, երբ զգում եմ, որ արդեն կուշտ եմ»։

Խուսափի՛ր անառողջ սննդից։ «Հենց դադարեցի կոլա և նմանատիպ հյութեր խմելուց, ընդամենը մեկ ամսում հինգ կիլոգրամ նիհարեցի»,— ասում է 21-ամյա Պիտերը։

Վերացրո՛ւ վատ սովորություններդ։ «Փորձում եմ բավարարվել միայն մեկ բաժին ուտելիքով»,— ասում է 19-ամյա Էրինը։

Հաջողության գաղտնիքը։ «Բաց մի՛ թող ճաշի ժամերը, քանի որ հետո շատ կսովածանաս և հակված կլինես ավելի շատ ուտելու»։

Մարմնամարզություն, լավ ինքնազգացողություն

Աստվածաշունչն ասում է. «Մարմնի մարզումը.... օգտակար է» (1 Տիմոթեոս 4։8)։ Սակայն այսօր շատ երիտասարդներ ծուլանում են վարժություններ անել։

«Մեր դպրոցում շատերն էին վատ գնահատական ստանում ֆիզկուլտուրայից։ Բայց դրանից հեշտ դաս չկա» (Ռիչարդ, 21)։

«Ոմանք այսպես են տրամաբանում. «Ինչո՞ւ շոգ եղանակին վազել դրսում, քրտնել, հոգնել, երբ դրա փոխարեն կարելի է տանը էլեկտրոնային խաղեր խաղալ ու մտածել, թե ակտիվ գործունեությամբ ես զբաղված»» (Հռութ, 22)։

«Մարմնամարզություն» բառը լսելիս տհաճությո՞ւն ես զգում։ Ուրեմն ուշադրություն դարձրու, թե ինչ օգուտներ կբերի քեզ կանոնավորաբար մարզանք անելը։

Օգուտ #1. Մարմնամարզությունը բարձրացնում է դիմադրողականությունը։ «Հայրս միշտ ասում էր. «Եթե ժամանակ չունես վարժություններ անելու, ժամանակ ունե՞ս հիվանդանալու»»,— ասում է 19-ամյա Ռեյչլը։

Օգուտ #2. Մարզանք անելիս ուղեղը այնպիսի քիմիական նյութեր է արտադրում, որոնք հանգստացնում են մարդուն։ 16-ամյա Էմիլին ասում է. «Վազքը հանգստացնում է ինձ, երբ իմ ուղեղը ծանրաբեռնված է։ Ես ինձ ֆիզիկապես թարմացած եմ զգում, իսկ էմոցիոնալ առումով՝ հանգստացած ու թեթևացած»։

Օգուտ #3. Վարժություններ անելը ուրախություն է պատճառում։ «Ես սիրում եմ ակտիվ հանգիստ անցկացնել, այդ պատճառով զբոսնում եմ, լողի եմ գնում, սնոուբորդ և հեծանիվ եմ քշում»,— ասում է 22-ամյա Հռութը։

Հաջողության գաղտնիքը։ Շաբաթը առնվազն երեք անգամ 20 րոպե քո սիրած սպորտով զբաղվիր։

Բավականաչափ քուն, շատ էներգիա

Աստվածաշունչն ասում է. «Ավելի լավ է մի բուռ հանգիստ, քան երկու բուռ տքնաջան աշխատանք և վազք՝ քամու հետևից» (Ժողովող 4։6)։ Եթե բավականաչափ չես քնում, էներգիա չես ունենա։

«Եթե բավականաչափ չեմ քնում, ուղեղս նորմալ չի աշխատում։ Չեմ կարողանում կենտրոնանալ» (Ռեյչլ, 19)։

«Եթե լավ չեմ քնում, ցերեկվա ժամը երկուսին այնքան հոգնած եմ լինում, որ քիչ է մնում զրույցի կեսից քնեմ» (Քրիստին, 19)։

Իսկ դու ունե՞ս ավելի շատ քնելու կարիք։ Տեսնենք, թե ինչ են ասում հասակակիցներդ։

Ուշ մի՛ քնիր։ «Ջանքեր եմ թափում, որ ժամանակին պառկեմ քնելու»,— ասում է 18-ամյա Կատրինը։

Ուշ ժամին շատ մի՛ խոսիր ընկերներիդ հետ։ «Երբեմն ընկերներս շատ ուշ ժամի են զանգահարում կամ sms ուղարկում, բայց սովորել եմ վերջ դնել խոսակցությանը և գնալ քնելու»,— ասում է Ռիչարդը (21 տարեկան)։

Հետևիր քո գրաֆիկին։ 20-ամյա Ջենիֆերը ասում է. «Վերջերս փորձում եմ ամեն օր քնել և արթնանալ նույն ժամին»։

Հաջողության գաղտնիքը։ Ձգտիր քնել առնվազն ութ ժամ։

Փաստորեն, ընդամենը մի քանի բան պետք է անես առողջ լինելու համար։ Հիշի՛ր, լավ առողջության շնորհիվ ավելի լավ տեսք կունենաս, քեզ լավ կզգաս և բավականաչափ էներգիա կունենաս արդյունավետորեն աշխատելու համար։ Ի տարբերություն որոշ բաների՝ առողջությունդ որոշ չափով քո հսկողության տակ է։ 19-ամյա Էրինը նշում է. «Ի վերջո, առողջությունը միայն մեկ հոգու ձեռքում է՝ քո»։

ՀԱՋՈՐԴ ԳԼԽՈՒՄ

Հագուստի ընտրության հարցում տարաձայնություններ կա՞ն քո և ծնողներիդ միջև։ Ինչպե՞ս կարող եք համաձայնության գալ։

[ծանոթագրություն]

^ պարբ. 11 Այսօր շատ մարդիկ ունեն առողջական խնդիրներ և այլ հիվանդություններ, որոնցից չեն կարող ձերբազատվել։ Դա կարող է լինել ժառանգականության և այլ բաների պատճառով։ Այս գլուխը կօգնի նման անհատներին հնարավորինս անելու ամեն բան՝ առողջությունը բարելավելու համար։

ԳԼԽԱՎՈՐ ՀԱՄԱՐԸ

«Մարմնի մարզումը.... օգտակար է» (1 Տիմոթեոս 4։8

ԱՌԱՋԱՐԿ

Ընկերոջդ հետ սպորտով զբաղվելը մեկ այլ խթանիչ ուժ է, քանի որ ձգտում ես չհիասթափեցնել նրան։

ԳԻՏԵԻ՞Ր

Մարմնամարզությամբ զբաղվելը նպաստում է, որ օրգանիզմում արտադրվի էնդորֆին հորմոնը՝ ուղեղում գոյություն ունեցող քիմիական միացություն, որը թեթևացնում է ցավը և բարձրացնում անհատի ինքնազգացողությունը։

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ

Սննդակարգի հետ կապված իմ նպատակը՝ ․․․․․

Մարմնամարզության հետ կապված իմ նպատակը՝ ․․․․․

Ես կձգտեմ հաջորդ ամիս առնվազն ժամ քնել։ ․․․․․

Այս թեմայի մասին ծնող(ներ)իս կուզեի հարցնել հետևյալը՝ ․․․․․

Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ

● Ինչպե՞ս է առողջությանդ մասին հոգ տանելը նպաստում, որ ինքնավստահ զգաս։

● Առողջությունից բացի, ի՞նչն է ավելի կարևոր (1 Տիմոթեոս 4։8

[մեջբերում 74-րդ էջի վրա]

«Երբ մարմնամարզությամբ եմ զբաղվում, ինձ լավ եմ զգում։ Իսկ երբ դրա շնորհիվ տեսքս ավելի է լավանում, ինձ ավելի ինքնավստահ եմ զգում» (Էմիլի)։

[շրջանակ 73-րդ էջի վրա]

«Ես փոխեցի ապրելակերպս»

«Պատանի ժամանակ շատ գեր էի, բայց չէի ուզում այդպիսին լինել։ Ես կորցրի ուրախությունս, քանի որ ահավոր տեսք ունեի և լավ չէի զգում ինձ։ Ժամանակ առ ժամանակ փորձում էի հատուկ սննդակարգ պահել, որ քաշ գցեմ, բայց հետո նորից գիրանում էի։ Երբ դարձա 15 տարեկան, որոշեցի կոնկրետ փոփոխություններ անել։ Ուզում էի ճիշտ ձևով նիհարել ու պահել քաշս։ Մի գիրք գնեցի, որում բացատրվում էր սննդակարգի հիմնական սկզբունքները, և թե ինչպես է հարկավոր վարժություններ անել։ Սկսեցի հետևել խորհուրդներին։ Վճռել էի, որ անգամ եթե չկարողանամ կանոնավորաբար հետևել այդ սննդակարգին և վարժություններ անել, կամ եթե վհատվեմ, միևնույնն է, չեմ հանձնվելու։ Եվ ի՞նչ, ես հասա նպատակիս։ Մեկ տարվա ընթացքում մոտ 27 կիլոգրամ կորցրի։ Երկու տարի է, ինչ կարողանում եմ պահել քաշս։ Երբեք չէի մտածում, որ կհասնեմ նման արդյունքի։ Կարծում եմ՝ պատճառը ոչ միայն հատուկ սննդակարգն էր, այլև ապրելակերպիս մեջ կատարած փոփոխությունները» (Կատրին, 18)։

[նկար 74-րդ էջի վրա]

Եթե հոգ չտանես մեքենայի մասին, այն երկար չի ծառայի քեզ։ Նույնը կարելի է ասել առողջության մասին