Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ազատության իրավունք չունե՞մ

Ազատության իրավունք չունե՞մ

ԳԼՈՒԽ 15

Ազատության իրավունք չունե՞մ

Ինչպե՞ս կարձագանքեիր, եթե հայտնվեիր ստորև բերվող իրադրություններում։ Դիր նշանը համապատասխան տարբերակի կողքին։

1. Դու քո ննջասենյակում ես, դուռը փակ է։ Քույրդ/եղբայրդ անսպասելի ներխուժում է՝ առանց դուռը թակելու։

□ «Ոչինչ։ Ես էլ եմ այդպես անում, երբ նրա սենյակ եմ ուզում մտնել»։

□ «Ի՜նչ անշնորհքություն։ Բա որ շորերս հագնելի՞ս լինեի»։

2. Հենց տուն ես մտնում, ծնողներդ հարցերի տարափ են լցնում գլխիդ. «Ո՞ւր էիր։ Ի՞նչ էիր անում։ Ո՞ւմ հետ էիր»։

□ «Պրոբլեմ չկա։ Ես ամեն ինչ պատմում եմ նրանց»։

□ «Է՜, ծնողներս ինձ չեն վստահում»։

ԵՐԲ փոքր էիր, քո կյանքն ասես բաց գիրք լիներ բոլորի համար, և դա քեզ չէր անհանգստացնում։ Երբ կրտսեր քույրդ կամ եղբայրդ քո սենյակ էր ներխուժում, դա քեզ չէր նյարդայնացնում։ Երբ ծնողներդ հարցեր էին տալիս, առանց տատանվելու պատասխանում էիր։ Սակայն հիմա գուցե երբեմն ուզենաս փակել այդ գիրքը, որ մարդիկ շատ բան չիմանան քո մասին։ «Ինձ դուր է գալիս, որ կան բաներ, որոնք միայն ես գիտեմ»,— ասում է 14-ամյա Քորին։ Տեսնենք, թե որ երկու ոլորտներում ազատության ձգտելը կարող է խնդիրներ առաջ բերել։

Երբ ուզում ես մենակ մնալ

Վստահաբար, դու բազում հիմնավոր պատճառներ ունես, որ ուզում ես երբեմն մենակ մնալ։ Հնարավոր է՝ պարզապես ցանկանում ես մի «փոքր հանգիստ առնել» (Մարկոս 6։31)։ Կամ երբ ուզում ես աղոթել, գուցե, ինչպես Հիսուսը խորհուրդ տվեց իր աշակերտներին, ցանկանում ես «մտնել քո սենյակը, փակել դուռը և աղոթել քո Հորը» (Մատթեոս 6։6; Մարկոս 1։35)։ Խնդիրն այն է, որ երբ փակես քո սենյակի դուռը (եթե ունես առանձին սենյակ), ծնողներդ գուցե չմտածեն, որ աղոթում ես։ Իսկ քույրդ/եղբայրդ գուցե չհասկանա, որ ուղղակի ուզում ես մենակ մնալ։

Ինչ կարող ես անել։ Վիճելու փոխարեն՝ փորձիր հետևյալը։

Քրոջդ կամ եղբորդ բացատրիր, որ դու երբեմն ցանկանում ես մենակ մնալ, և փորձիր խոհեմ ու հստակ կանոններ սահմանել։ Անհրաժեշտության դեպքում դիմիր ծնողներիդ օգնությանը *։

Փորձիր հասկանալ ծնողներիդ տեսակետը։ 16-ամյա Ռեբեկան ասում է. «Երբեմն ծնողներս հետևում են, թե ինչ եմ անում։ Բայց անկեղծ ասած՝ ես էլ նույնը կանեի, եթե ծնող լինեի ու իմ տարիքի երեխաներ ունենայի, հատկապես եթե հաշվի առնենք, թե ինչ գայթակղությունների են բախվում երիտասարդներն այսօր»։ Ռեբեկայի նման՝ դու էլ ձգտիր հասկանալ, թե անհանգստանալու ինչ պատճառներ ունեն ծնողներդ (Առակներ 19։11

Հարցրու ինքդ քեզ. «Ծնողներիս կասկածելու առիթ տվե՞լ եմ, որ երբ սենյակիս դուռը փակ է, ուրեմն ինչ-որ վատ բանով եմ զբաղված։ Անձնական կյանքիս հետ կապված շատ գաղտնիքներ ունեցե՞լ եմ ծնողներիցս, որ նրանք ուզում են թաքուն իմանալ, թե ինչ է կատարվում իմ կյանքում»։ Եթե բացասական պատասխան ես տալիս և ծնողներդ քեզ դեռ չեն վստահում, ուրեմն մեղմորեն ու հարգանքով ասա նրանց, թե ինչ ես զգում։ Լսիր նրանց անհանգստությունները և հավաստիացիր, որ դու ոչինչ չես անում, որ բարդացնես խնդիրը (Հակոբոս 1։19

Երբ ընկերներ ես ձեռք բերում

Բնական է, որ պատանեկության շրջանում դու նոր ընկերներ ես ձեռք բերում։ Բնական է նաև այն, որ ծնողներդ ցանկանում են իմանալ, թե ովքեր են քո ընկերները և ինչով եք զբաղվում միասին։ Քեզ, սակայն, նրանց անհանգստությունը հիվանդագին կարող է թվալ։ 16-ամյա Էմին ասում է. «Իմ ուզածն ընդամենը այն է, որ երբ բացում եմ էլեկտրոնային փոստս կամ խոսում եմ բջջային հեռախոսով, ծնողներս մեջքիս հետևից տասը րոպեն մեկ չհարցնեն՝ ո՞ւմ հետ ես խոսում»։

Ինչ կարող ես անել։ Որպեսզի նոր ընկերական շրջապատդ չդառնա պատնեշ քո և ծնողներիդ միջև, փորձիր հետևյալը։

Պատմիր քո ընկերների մասին և ծանոթացրու նրանց ծնողներիդ հետ։ Հավանաբար քեզ դուր չի գալիս, որ ծնողներդ «դետեկտիվ» են խաղում, որ իմանան, թե ովքեր են ընկերներդ, բայց համաձայնվիր՝ ուրիշ ի՞նչ կարող են անել նրանք, եթե ընկերներդ «առեղծված» են իրենց համար։ Հիշի՛ր, ինչքան շատ բան նրանք իմանան այն մարդկանց մասին, ում հետ ժամանակ ես անցկացնում, այնքան ավելի հանգիստ կլինեն, որ կարող ես լավ ընկերներ ընտրել։

Ազնիվ եղիր ինքդ քեզ հետ։ Դու ուզում ես երբեմն մենա՞կ մնալ, թե՞ խնդիրը գաղտնապահությունն է։ 22-ամյա Բրիթնին ասում է. «Եթե ապրում ես ծնողներիդ հետ և նրանք անհանգստանում են քեզ համար, փորձիր մտածել այսպես. «Եթե այն, ինչ անում եմ, վատ բան չէ, ուրեմն ինչո՞ւ եմ փորձում թաքցնել դա»։ Բայց եթե թաքցնում ես, ուրեմն...»։

Չորս քայլ

Հիմա կարող ես մտածել, թե որոշ դեպքերում ավելի շատ ազատություն ունենալու համար ի՞նչ կարելի է անել։ Ներքևում գրի առ քո պատասխանները։

Քայլ 1. Նշիր խնդիրը։ Ո՞ր դեպքերում ավելի շատ ազատության կարիք ունես։

․․․․․

Քայլ 2. Հաշվի առ ծնողներիդ տեսակետը։ Քո կարծիքով՝ ի՞նչը կարող է նրանց անհանգստացնել։

․․․․․

Քայլ 3. Առաջարկիր խնդրի լուծումը։ Մտածիր, թե ինչպես կարող ես անգիտակցաբար խնդիրը բարդացնել։ Ի՞նչ փոփոխություն կարող ես անել՝ հաշվի առնելով քո տված պատասխանը։ Ինչպե՞ս կուզեիր, որ ծնողներդ արձագանքեն քո անհանգստություններին։

․․․․․

Քայլ 4. Խոսիր այդ մասին։ Նկարագրիր, թե ինչպես կարող ես նախաձեռնություն վերցնել և ծնողներիդ հետ խոսել առանձնանալու ցանկության մասին։

․․․․․

ՀԱՋՈՐԴ ԳԼԽՈՒՄ

Ծնո՞ղ ես կորցրել։ Եթե այո, ապա ինչպես կարող ես մխիթարվել։

[ծանոթագրություն]

^ պարբ. 14 Լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս այս գրքի 6-րդ գլուխը։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ

«Լավագույնդ արա, որպեսզի քո անձը Աստծու առջև ներկայացնես որպես հավանության արժանացած մեկը, իբրև մի աշխատող, որն ամաչելու ոչ մի բան չունի» (2 Տիմոթեոս 2։15

ԱՌԱՋԱՐԿ

Ծնողներիդ հետ ազատություն ունենալու մասին խոսելիս մի՛ բողոքիր։ Խոսիր մտահոգություններիդ մասին։ Իսկ ի՞նչ տարբերություն կա։ Բողոքելիս դու կենտրոնանում ես այն բանի վրա, թե քո կարծիքով ինչ են ծնողներդ սխալ անում։ Իսկ մտահոգություններիդ մասին խոսելիս բոլորդ կենտրոնանում եք լուծումներ գտնելու վրա։

ԳԻՏԵԻ՞Ր

Որքան անկեղծ լինես ծնողներիդ հետ, այնքան ավելի քիչ կասկածի առիթ կտաս նրանց։

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ

Ծնողներիս վստահությունն ունենալու (կամ նորից շահելու) համար ես ․․․․․

Այս թեմայի մասին ծնող(ներ)իս կուզեի հարցնել հետևյալը՝ ․․․․․

Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ

● Ինչո՞ւ ծնողներդ իրավունք ունեն հետաքրքրվելու քո կյանքով։

● Ծնողներիդ հետ ավելի լավ հաղորդակցվելու համար ներդրած ջանքերդ ինչպե՞ս կօգնեն, որ հետագայում կարողանաս հաղորդակցվել ուրիշների հետ։

[մեջբերում 108-րդ էջի վրա]

«Ծնողներդ չեն ուզում, որ քեզ հետ որևէ վատ բան պատահի։ Երբեմն գուցե թվա, թե անարդարացի է, որ նրանք խառնվում են քո գործերին։ Բայց անկեղծ ասած՝ եթե ես էլ ծնող լինեի, երևի թե նույնը կանեի» (Ալանա)։

[նկար 109-րդ էջի վրա]

Ինչպես աշխատավարձը, այնպես էլ վստահությունը պետք է վաստակել