Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչպե՞ս բացատրեմ Աստվածաշնչի տեսակետը համասեռամոլության մասին

Ինչպե՞ս բացատրեմ Աստվածաշնչի տեսակետը համասեռամոլության մասին

ԳԼՈՒԽ 23

Ինչպե՞ս բացատրեմ Աստվածաշնչի տեսակետը համասեռամոլության մասին

Պարգևատրման արարողությունը ընդհատվում է հանդիսատեսի ոգևորիչ ձայներից, երբ երկու դերասանուհիներ ողջունում են իրար կրքոտ համբույրով։ Ցնցված հանդիսատեսը մի պահ քարանում է, հետո ոգևորությամբ ծափահարում։ Համասեռամոլները դա հաղթանակ են համարում, սկեպտիկները՝ գովազդ։ Չէ՞ որ դեռ երկար ժամանակ լրատվական միջոցները կքննարկեն այդ տեսարանը, և միլիոնավոր մարդիկ էլ կդիտեն այն ինտերնետով։

ԻՆՉՊԵՍ տեսնում ենք, ոչ մի բան չի կարող ավելի շատ հետաքրքրել լրատվական միջոցներին, որքան հայտնի մարդկանց խոստովանությունը իրենց հոմոսեքսուալ կամ բիսեքսուալ հակումների մասին։ Ոմանք գովում են նման մարդկանց համարձակության համար, մյուսներն էլ քննադատում են նրանց սանձարձակության համար։ Իսկ ովքեր այս երկու տեսակետների կողմնակից չեն, համասեռամոլությունը համարում են ոչ ավանդական ապրելակերպ։ 21-ամյա Դանիելը ասում է. «Դպրոցում սովորելու տարիներին նույնիսկ նորմալ երեխաները կարծում էին, որ եթե ինչ-որ մեկը դատապարտում է համասեռամոլությունը, ուրեմն սահմանափակ կամ կանխակալ կարծիք ունեցող մարդ է»։

Տարբեր ժամանակներում և տարբեր երկրներում ապրող մարդիկ տարբեր վերաբերմունք են ունեցել համասեռամոլության հանդեպ։ Բայց քրիստոնյաները «ուսմունքների ամեն քամուց այս ու այն կողմ քշված» չեն (Եփեսացիներ 4։14)։ Նրանք հետևում են այն ամենին, ինչ սովորեցնում է Աստվածաշունչը։

Իսկ ո՞րն է Աստվածաշնչի տեսակետը համասեռամոլության վերաբերյալ։ Եվ եթե դու ապրում ես աստվածաշնչյան չափանիշներով, ինչպե՞ս կարող ես պատասխանել նրանց, ովքեր քեզ սահմանափակ, նախապաշարում ունեցող կամ նույնիսկ հոմոֆոբ են (նա, ով ատելություն կամ վախ է զգում համասեռամոլների հանդեպ) համարում։ Քննենք հետևյալ հարցերը, պնդումները և հնարավոր պատասխանները։

«Ի՞նչ է Աստվածաշունչը ասում համասեռամոլության մասին»։

«Աստվածաշնչում հստակ նշվում է, որ Աստված նախատեսել էր, որ սեռական հարաբերություններ ունենան միայն տղամարդն ու կինը և միայն ամուսնացած տղամարդն ու կինը (Ծննդոց 1։27, 28; Ղևտական 18։22; Առակներ 5։18, 19)։ Պոռնկությունը, որը Աստվածաշունչը դատապարտում է, ներառում է թե՛ համասեռամոլությունը, թե՛ անօրինական հետերոսեքսուալիզմը» * (Գաղատացիներ 5։19–21

«Ինչպե՞ս ես վերաբերվում համասեռամոլությանը»։

«Ես չեմ ատում համասեռամոլներին, բայց ոչ էլ հավանություն եմ տալիս նրանց վարքին»։

Հիշիր. եթե ապրում ես Աստվածաշնչի չափանիշներով, ապա դա քո ընտրությունն է և դու իրավունք ունես այդպիսի ապրելակերպ ընտրելու (Հեսու 24։15)։ Մի՛ ամաչիր քո տեսակետը արտահայտելուց (Սաղմոս 119։46

«Չպե՞տք է արդյոք քրիստոնյաները հարգեն բոլոր մարդկանց, անկախ նրանից, թե ինչ սեռական օրիենտացիա ունեն»։

«Անկասկած։ Աստվածաշունչը ասում է. «Յարգեցէ՛ք բոլորին» (1 Պետրոս 2։17, ԷԹ)։ Հետևաբար քրիստոնյաները հոմոֆոբ չեն։ Նրանք բարություն են դրսևորում բոլոր մարդկանց հանդեպ, այդ թվում նաև համասեռամոլների» (Մատթեոս 7։12

«Համասեռամոլության հանդեպ քո վերաբերմունքի պատճառով արդյոք կանխակալ կարծիք չունե՞ս այդպիսի մարդկանց հանդեպ»։

«Ո՛չ, ես ոչ թե այդ մարդկանց չեմ ընդունում, այլ նրանց վարքը»։

Կարող ես նաև ավելացնել. «Օրինակ՝ ես որոշել եմ չծխել։ Միայն ծխելու միտքն արդեն ինձ տհաճ է։ Բայց պատկերացրու՝ դու ծխող ես և այլ կերպ ես մտածում։ Ես կանխակալ վերաբերմունք չեմ ունենա քո հանդեպ այն բանի համար, որ դու այդպես ես մտածում, ինչպես որ դու էլ կանխակալ վերաբերմունք չես ունենա իմ հանդեպ իմ տեսակետի պատճառով, ճի՞շտ է։ Նույնն է սկզբունքը նաև այս դեպքում»։

«Մի՞թե Հիսուսը չէր հորդորում հանդուրժող լինել։ Եթե այո, ապա չպե՞տք է քրիստոնյաները հանդուրժողական լինեն»։

«Հիսուսը չի հորդորել իր հետևորդներին որդեգրել ցանկացած ապրելակերպ։ Հակառակը՝ նա սովորեցրել է, որ փրկության ճանապարհը բաց է բոլոր նրանց առջև, ովքեր «հավատ են դրսևորում նրա հանդեպ» (Հովհաննես 3։16)։ Իսկ Հիսուսի հանդեպ հավատ ունենալ նշանակում է հետևել Աստծու սահմանած բարոյական չափանիշներին, որոնք դատապարտում են վարքի որոշ ձևեր, այդ թվում նաև համասեռամոլությունը» (Հռոմեացիներ 1։26, 27

«Համասեռամոլները չեն կարող փոխել իրենց օրիենտացիան, նրանք այդպես են ծնվել»։

«Աստվածաշնչում չի խոսվում համասեռամոլների կենսաբանական կողմնորոշվածության ծագման մասին, բայց այնտեղ նշվում է, որ բնավորության որոշ գծեր ավելի խոր արմատներ են գցում (2 Կորնթացիներ 10։4, 5)։ Նույնիսկ եթե ոմանք սեռական հակում ունեն նույն սեռի անհատի նկատմամբ, միևնույնն է, Աստվածաշունչը հորդորում է քրիստոնյաներին հեռու մնալ համասեռամոլությունից»։

Առաջարկ։ Հոմոսեքսուալ ցանկությունների մասին վիճելու փոխարեն՝ շեշտիր, որ Աստվածաշունչը արգելում է նման վարքը։ Համեմատության համար կարող ես ասել. «Գիտե՞ս, շատերը պնդում են, որ բռնությունը կարող է ժառանգական լինել, դրա համար էլ որոշ մարդիկ այդպիսի հակում ունեն (Առակներ 29։22)։ Գուցե նման պնդումը ճիշտ է։ Սակայն հավանաբար գիտես, որ Աստվածաշունչը դատապարտում է բարկության պոռթկումները (Սաղմոս 37։8; Եփեսացիներ 4։31)։ Մի՞թե այս չափանիշը պետք է սխալ համարել զուտ այն պատճառով, որ որոշ մարդկանց մեջ հակում կա բռնության նկատմամբ»։

«Ինչպե՞ս կարող է Աստված համասեռամոլության հակում ունեցող անհատից պահանջել խուսափել այդ վարքագծից։ Դա առնվազն դաժանություն կլինի»։

«Այսպիսի մտածելակերպը հիմնված է այն սխալ տրամաբանության վրա, որ մարդիկ պետք է բավարարեն իրենց սեռական ցանկությունները։ Մինչդեռ Աստվածաշունչը բարձրացնում է մարդու արժանապատվությունը՝ հավաստիացնելով, որ եթե անհատը իրոք ուզում է, ապա կարող է դեմ կանգնել սեռական սխալ ցանկություններին» (Կողոսացիներ 3։5

«Դու պետք է փոխես համասեռամոլության վերաբերյալ քո տեսակետը, նույնիսկ եթե այդպիսին չես»։

«Ենթադրենք՝ ես չեմ սիրում մոլեխաղեր, իսկ դու սիրում ես։ Ճիշտ կլինե՞ր, որ դու պահանջեիր ինձնից փոխել իմ տեսակետը այն պատճառով, որ միլիոնավոր մարդիկ սիրում են մոլեխաղեր»։

Հիշիր. համասեռամոլները, այդ թվում նաև շատ մարդիկ ունեն բարոյական չափանիշներ, դրա համար էլ նրանք դատապարտում են, օրինակ, խարդախությունը, անարդարությունը, պատերազմները։ Աստվածաշունչը նույնպես դատապարտում է նման բաները, բայց այն նաև հավանություն չի տալիս վարքագծի որոշ ձևերի, այդ թվում նաև համասեռամոլությանը (1 Կորնթացիներ 6։9, 10

Աստվածաշունչը մեզնից չի պահանջում անխոհեմ բաներ անել, ոչ էլ քաջալերում է կանխակալ վերաբերմունք ունենալ։ Այն պարզապես հորդորում է համասեռամոլության հակում ունեցողներին և առհասարակ բոլորին «փախչել պոռնկությունից» (1 Կորնթացիներ 6։18

Իրականում, միլիոնավոր ոչ համասեռամոլներ, ովքեր ուզում են ապրել աստվածաշնչյան չափանիշներով, ինքնատիրապետում են դրսևորում, ինչ գայթակղությունների էլ բախվեն։ Նրանց թվում կան և՛ ամուրիներ, որոնց ամուսնանալու հնարավորությունները այդքան էլ մեծ չեն, և՛ ամուսնացածներ, որոնց կողակիցները ինչ-որ հիվանդության կամ այլ պատճառներով չեն կարող սեռական հարաբերություն ունենալ։ Նրանք կարո՛ղ են երջանիկ լինել, չնայած այն բանին, որ չեն կարող բավարարել իրենց սեռական ցանկությունները։ Հետևաբար, համասեռամոլները նույնպես կարող են այդպես վարվել, եթե իսկապես ուզում են հաճեցնել Աստծուն (2 Օրենք 30։19

ԱՅՍ ԹԵՄԱՅԻ ՄԱՍԻՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ ԵՍ ԳՏՆԵԼ 2-ՐԴ ՀԱՏՈՐՈՒՄ, ԳԼՈՒԽ 28։

ՀԱՋՈՐԴ ԳԼԽՈՒՄ

Որոշ աղջիկներ այն կարծիքին են, որ ընկերոջ հետ սեքսով զբաղվելը կմտերմացնի իրենց։ Սակայն իրականում դա այդպես չէ։ Ինչո՞ւ։

[ծանոթագրություն]

^ պարբ. 8 Աստվածաշնչում օգտագործվող «պոռնկություն» բառը ներառում է ոչ միայն սեռական ակտը, այլև ուրիշի օրգանները գրգռելը, օրալային և անալային սեքսը։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ

«Ուրեմն սպանեք ձեր մարմնի անդամները, որ երկրի վրա են՝ կապված պոռնկության, անմաքրության, սեռական կրքերի, վնասակար ցանկությունների և ագահության հետ, որը կռապաշտություն է» (Կողոսացիներ 3։5

ԱՌԱՋԱՐԿ

Թեև հնարավոր է՝ ուրիշների վարքը անհանգստացնի քեզ, սակայն խուսափիր ինքդ քեզ արդար համարելուց։ Իրականում, ինչպեսև դու, նրանք ազատ կամք ունեն և կարող են ընտրել, թե ինչին հավատալ։

ԳԻՏԵԻ՞Ր

Առաջին դարի որոշ քրիստոնյաներ, ովքեր նախկինում համասեռամոլ էին եղել, կարողացան փոխվել և «լվացվել» (1 Կորնթացիներ 6։9–11)

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ

Եթե մեկը ասի, որ համասեռամոլության վերաբերյալ Աստվածաշնչի տեսակետը հնացած է, ես կասեմ՝ ․․․․․

Որպեսզի հստակ ցույց տամ, որ ինձ դուր չի գալիս համասեռամոլությունը և ոչ թե տվյալ անձնավորությունը, ես կասեմ՝ ․․․․․

Այս թեմայի մասին ծնող(ներ)իս կուզեի հարցնել հետևյալը՝ ․․․․․

Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ

● Ինչո՞ւ Աստված իրավունք ունի բարոյական օրենքներ սահմանելու մարդկանց համար։

● Ի՞նչ օգուտներ ես ստանում՝ հետևելով բարոյականության վերաբերյալ Աստվածաշնչի օրենքներին։

[մեջբերում 170-րդ էջի վրա]

«Դպրոցում մի տղա մտածում էր, որ ես ահավոր մարդ եմ, քանի որ չէի ընդունում նրա ապրելակերպը։ Բայց երբ բացատրեցի, որ ընդունում եմ նրան որպես մարդ, սակայն ինձ համար անընդունելի են ոչ միայն համասեռամոլությունը, այլև անբարոյության բոլոր ձևերը, նա սկսեց հարգել ինձ և նույնիսկ պաշտպանում էր, երբ ուրիշները վիճում էին այդ թեմայի շուրջ» (Օբրի)։

[շրջանակ 168-րդ էջի վրա]

Ի՞նչ է բիսեքսուալիզմը

Չնայած թե՛ աղջիկները, թե՛ տղաները կարող են լինել բիսեքսուալ, սակայն այս երևույթը ավելի հաճախ նկատվում է աղջիկների մոտ։ Ոմանց համար էլ դա պարզապես հետաքրքրության հարց է։ Լիզա անունով մի աղջիկ, որը 26 տարեկան է, ասում է. «Երբ հեռուստացույցով, ֆիլմերի կամ երաժշտության մեջ խրախուսվում է, որ աղջիկները համբուրվեն, նրանք գայթակղության առաջ են կանգնում և ուզում են փորձել, հատկապես երբ նրանք դա վատ բան չեն համարում»։

Մյուսներին էլ թվում է, թե անկեղծ զգացմունքներ են ունենում։ 13-ամյա Վիկին ասում է. «Մի հավաքույթի ժամանակ ծանոթացա երկու բիսեքսուալ աղջիկների հետ և հետո ընկերուհուցս իմացա, որ նրանք ինձ հավանել են։ Ի վերջո, սկսեցի հաղորդագրություններ ուղարկել այդ աղջիկներից մեկին։ Ժամանակի ընթացքում նրա նկատմամբ զգացմունքներ առաջացան իմ մեջ»։

Երբևէ ունեցե՞լ ես այնպիսի զգացմունքներ, ինչպիսին Վիկին է ունեցել։ Շատերը կհորդորեն քեզ ազատորեն հայտնի դարձնել քո ինքնությունը և բոլորին ցույց տալ, որ բիսեքսուալ ես։ Սակայն դու պետք է գիտակցես, որ միևնույն սեռի մարդկանց միջև գրավչությունը հաճախ անցողիկ երևույթ է։ Այդպես եղավ Վիկիի ու 16-ամյա Լիսեթի հետ։ Վերջինս ասում է. «Ծնողներիս հետ իմ զգացմունքների մասին խոսելը շատ օգնեց ինձ։ Նաև կենսաբանության դասերի ժամանակ իմացա, որ հասունության շրջանում հորմոնների մակարդակը կարող է մեծապես տատանվել։ Կարծում եմ, որ եթե պատանիները շատ բան իմանան իրենց օրգանիզմի մասին, ապա կհասկանան, որ միևնույն սեռի հանդեպ գրավչությունը կարող է ժամանակավոր լինել, և չեն ճնշվի՝ մտածելով, թե իրենք համասեռամոլ են»։

Անգամ եթե քեզ թվում է, որ քո զգացմունքները խորն են, հիշիր, որ Աստվածաշունչը քո առաջ հասանելի նպատակ է դնում. դու կարող ես որոշել չտրվել սխալ ցանկություններին, անկախ նրանից, թե ինչպիսին են դրանք։

[նկար 169-րդ էջի վրա]

Քրիստոնյաները չեն վախենում ամբոխին հակառակ գնալուց