Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչո՞ւ տղաները ինձ չեն հավանում

Ինչո՞ւ տղաները ինձ չեն հավանում

ԳԼՈՒԽ 27

Ինչո՞ւ տղաները ինձ չեն հավանում

Նա գիտի, որ ես ճանաչված եմ, քանի որ ասել եմ, թե ինչքան տղաներ են ինձ հավանում։ Նա ծիծաղեց, երբ ասացի, թե որքան անմիտ են ընկերներիցս ոմանք։ Բացի այդ, նա գիտի, որ ես խելացի եմ, որովհետև երբ խոսում է, երբեմն ուղղում եմ նրան։ Տեսնես՝ ե՞րբ է ինձ առաջարկություն անելու։

Ճիշտ է, նա սիրուն է, բայց դատարկ աղջիկ է։ Ինձ խոսելու հերթ չի տալիս, իսկ երբ ինչ-որ բան էլ ասում եմ, շտապ ուղղում է։ Ե՜րբ եմ պրծնելու նրանից։

ԵՐԲԵՄՆ մտածո՞ւմ ես, թե գրավիչ չես։ Շատ աղջիկներ, անգամ նրանք, ովքեր քո կարծիքով ընդհանրապես խնդիր չունեն այս հարցում, այդպես են մտածում։ Օրինակ՝ Ջոանը, որը թեև գեղեցիկ է, խելացի և ազատամիտ, ասում է. «Հաճախ ինձ թվում է, թե տղաներին դուր չեմ գալիս։ Մի քանիսը, ում հավանել եմ, որոշ ժամանակ հետաքրքրություն են ցույց տվել իմ հանդեպ, բայց հետո խզել են կապերը»։

Իսկ ի՞նչն է աղջկան գրավիչ դարձնում տղայի աչքին։ Եվ հակառակը՝ ի՞նչը նրան դուր չի գալիս։ Ի՞նչ կարող ես անել, որ գրավես քո հավանած տղայի ուշադրությունը։

Ինչ անել

Իմացիր, թե ինչ կա քո մտքում և սրտում։ Հավանաբար հասունության շրջանում տղաները սկսել են քեզ ավելի շատ դուր գալ։ Գուցե մեկից ավելի տղաների ես հավանել։ Դա բնական է։ Սակայն եթե առաջին պատահած տղայի առաջ, որը գրավիչ է եղել քեզ համար, անմիջապես բացել ես սիրտդ, ապա կարելի է ասել, որ նման պահվածքը չի թողնի, որ էմոցիոնալ և հոգևոր առումով հասունանաս։ Հիշիր, ժամանակ է հարկավոր, որ լավ հատկություններ մշակես, «նորոգես քո միտքը» և քո նպատակներին հասնես (Հռոմեացիներ 12։2; 1 Կորնթացիներ 7։36; Կողոսացիներ 3։9, 10

Ճիշտ է, շատ տղաների գրավում են այնպիսի աղջիկներ, որոնք դեռ ձևավորված տեսակետ չունեն կամ միամիտ են։ Սակայն հիմնականում նման տղաներին հետաքրքրում է աղջկա մարմինը և ոչ թե նրա ներքին էությունը։ Իրականում, հավասարակշռված տղան այնպիսի աղջիկ է փնտրում, որը ուժեղ անձնավորություն է և կարող է լրացնել իրեն (Մատթեոս 19։6

Ինչ են ասում տղաները։ «Ինձ գրավում է այն աղջիկը, որը ինչ-որ հարցի վերաբերյալ իր սեփական կարծիքն ունի և ինքնահաստատված մարդ է» (Ջեյմս)։

«Ինձ դուր է գալիս այն աղջիկը, ով անկեղծորեն, հարգալից կերպով արտահայտում է իր մտքերը և չի համաձայնվում իմ բոլոր ասածներին։ Անգամ եթե աղջիկը գեղեցիկ է, միևնույնն է, ես ինձ լավ չեմ զգում նրա ներկայությամբ, եթե նա միայն ինձ հաճելի բաներ է խոսում» (Դերեն)։

Ինչպե՞ս կարձագանքեիր վերը նշված տղաների ասածներին։

․․․․․

Հարգիր ուրիշներին։ Հիշիր, աղջիկները սիրո կարիք ունեն, իսկ տղաները՝ խոր հարգանքի։ Պատահական չէ, որ Աստվածաշունչն ասում է, որ ամուսինները պետք է սիրեն իրենց կանանց, իսկ կանայք պետք է «խոր հարգանք» դրսևորեն ամուսինների հանդեպ (Եփեսացիներ 5։33)։ Հետաքրքիր է, հարյուրավոր երիտասարդ տղամարդկանց հետ անցկացրած մի ուսումնասիրություն ցույց է տվել, որ ավելի քան 60 տոկոսը ավելի կարևոր է համարում հարգանքը, քան սերը։ Տարիքով ավելի մեծ տղամարդկանց 70 տոկոսը նույնպես այդ կարծիքին է։

Ինչ խոսք, տղայի հանդեպ հարգանք դրսևորել չի նշանակում, որ դու իրավազուրկ ես ու քո կարծիքը արտահայտելու իրավունք չունես (Ծննդոց 21։10–12)։ Սակայն կգրավես տղային, թե կվանես նրան, կախված է այն բանից՝ ինչպես ես արտահայտում քո կարծիքը։ Եթե անընդհատ հակառակվում ես կամ ուղղում ես նրան, հնարավոր է՝ մտածի, որ չես հարգում իրեն։ Իսկ եթե հաշվի ես առնում նրա տեսակետը և միևնույն ժամանակ գովում ես նրան ու ոչ թե քննադատում, ապա նա ավելի հակված կլինի ընդունելու և արժեքավորելու քո տեսակետը։ Խորաթափանց տղան նաև կնկատի, թե դու ինչպիսի վերաբերմունք ունես ընտանիքիդ անդամների հանդեպ և արդյոք ուրիշներին հարգանքով ես վերաբերվում։

Ինչ են ասում տղաները։ «Իմ կարծիքով՝ հարգանքը ամենակարևոր բանն է հենց այն պահից, երբ սկսվում է մտերմությունը։ Սերը հետո էլ կարող է առաջանալ» (Ադրիան)։

«Եթե աղջիկը հարգում է ինձ, ուրեմն հետո կսիրի» (Մարկ)։

Ինչպե՞ս կարձագանքեիր վերը նշված տղաների ասածներին։

․․․․․

Համեստ հագուկապ ունեցիր և հետևիր անձնական հիգիենային։ Քո արտաքին տեսքը կարելի է նմանեցնել բարձրախոսի, որը ազդարարում է, թե ինչպիսին են քո մտքերն ու վերաբերմունքը։ Հագուկապը կարող է շատ բան ասել քո մասին։ Ուստի եթե պարկեշտ և համեստ արտաքին ունես, դրական ազդեցություն կթողնես դիմացինի վրա (1 Տիմոթեոս 2։9)։ Իսկ եթե հագուստդ ցանկահարույց է կամ թափթփված, ապա դա ցույց է տալիս, թե ինչ բացասական մտքեր ունես։

Ինչ են ասում տղաները։ «Հագուկապի վերաբերյալ աղջկա չափանիշները շատ բան են ասում նրա մասին։ Եթե նա բաց կամ թափթփված հագուստ է կրում, ինձ համար պարզ է, որ ուզում է ուշադրության կենտրոնում լինել» (Ադրիան)։

«Ինձ դուր է գալիս այն աղջիկը, որը լավ խնամված մազեր ունի, նրա վրայից անուշ հոտ է գալիս և մեղմ ձայնով է խոսում։ Տարիներ առաջ մտերմություն էի անում մի հրապուրիչ աղջկա հետ, սակայն շատ չանցած՝ մեր հարաբերություններին վերջ դրվեց, քանի որ նա չէր հետևում իր հիգիենային» (Ռայեն)։

«Եթե աղջիկը ցանկահարույց հագուստ է կրում, ապա մարդիկ անպայման ուշադրություն կդարձնեն նրան։ Բայց անձամբ ես չէի ցանկանա այդպիսի աղջկա հետ ընկերություն անել» (Նիկոլաս)։

Ինչպե՞ս կարձագանքեիր վերը նշված տղաների ասածներին։

․․․․․

Ինչ չանել

Խուսափիր ֆլիրտից։ Սովորաբար կանայք մեծ ազդեցություն են թողնում տղամարդկանց վրա։ Ինչ խոսք, տղային գրավելու ցանկությունը կարող է թե՛ լավ, թե՛ վատ միտումներով լինել (Ծննդոց 29։17, 18; Առակներ 7։6–23)։ Սակայն եթե փորձես գրավել ցանկացած տղայի, ձեռք կբերես ֆլիրտ անող աղջկա համբավ։

Ինչ են ասում տղաները։ «Ինչ խոսք, հաճելի զգացում ես ունենում, երբ կողքդ գեղեցիկ աղջիկ է նստած, հատկապես երբ ուսդ հանկարծ դիպչում է նրա ուսին։ Այդ պատճառով կարծում եմ, որ այն աղջիկը, ով խոսելիս հաճախ դիպչում է քեզ, ֆլիրտ է անում» (Նիկոլաս)։

«Եթե աղջիկը առիթներ է փնտրում, որ դիպչի ամեն տղայի ձեռքին կամ եթե աչքերով ուզում է գրավել ամեն տղայի, իմ կարծիքով՝ նա ֆլիրտ է անում։ Այդպիսի աղջիկը ինձ համար գրավիչ չի կարող լինել» (Ժոզե)։

Չափից շատ ուշադրություն մի՛ պահանջիր։ Երբ տղան ու աղջիկը ամուսնանում են, ինչպես Աստվածաշնչում է գրված, դառնում են «մեկ մարմին» (Ծննդոց 2։24)։ Այդ ժամանակ թե՛ ամուսինը, թե՛ կինը գիտակցում են, որ իրենք այլևս ամուրի չեն և շատ ազատություն չունեն։ Նրանք նվիրված են իրար և այժմ ավելի շատ միասին են ժամանակ անցկացնում (1 Կորնթացիներ 7։32–34)։ Սակայն եթե դեռ ընկերություն ես անում քո հավանած տղայի հետ և փորձում ես ավելի լավ ճանաչել նրան, չպիտի ակնկալես, որ նա իր ողջ ժամանակը քեզ տրամադրի, և ոչ էլ նա պետք է քեզնից այդպիսի բան պահանջի *։ Իսկ եթե ընդունես, որ իրավունք ունի ժամանակ անցկացնելու իր ընկերների հետ, ապա ավելի գրավիչ կլինես նրա համար։ Նաև այն, թե ինչպես է նա օգտագործում ազատությունը, շատ բան կասի իր մասին (Առակներ 20։11

Ինչ են ասում տղաները։ «Եթե աղջիկը ուզում է տեղյակ լինել իմ ամեն մի քայլից և թույլ չի տալիս, որ բացի իրենից, շփվեմ նաև ուրիշների հետ կամ այլ հետաքրքրություններ ունենամ, ապա նա չափից շատ պահանջկոտ է» (Դերեն)։

«Եթե նոր եմ սկսել հանդիպել աղջկա հետ, ու նա անընդհատ ինձ sms-ներ է ուղարկում, ուզում է իմանալ, թե ում հետ եմ, և հատկապես ուզում է իմանալ այն աղջիկների անունները, որոնց հետ այդ պահին շփվում եմ, ապա դա արդեն նախազգուշացնող ազդանշան է» (Ռայեն)։

«Այն աղջիկը, որը թույլ չի տալիս քեզ ժամանակ անցկացնել ընկերներիդ հետ և ջղայնանում է, որ դու միշտ իր հետ չես ու իրեն չես հրավիրում այլ տեղեր, պահանջկոտ է և ինձ չի գրավում» (Ադրիան)։

Ինչպե՞ս կարձագանքեիր վերը նշված տղաների ասածներին։

․․․․․

Հարգիր քո արժանապատվությունը

Հավանաբար ծանոթ ես այնպիսի աղջիկների, որոնք ամեն բանի պատրաստ են, միայն թե գրավեն տղայի ուշադրությունը։ Կան աղջիկներ էլ, որոնք ցածրացնում են իրենց չափանիշները, որպեսզի պարզապես ընկեր կամ ամուսին գտնեն։ Այս առնչությամբ տեղին է հիշել հետևյալ սկզբունքը. «Մարդ ինչ որ ցանում է, այն էլ կհնձի» (Գաղատացիներ 6։7–9)։ Եթե չես հարգում քո արժանապատվությունը և բարձր չափանիշներ չունես, ապա կգրավես այնպիսի տղայի, որը նույնպես չի հարգի քեզ։

Իրականում, ոչ բոլոր տղաները կհավանեն քեզ, և դա վատ չէ։ Սակայն եթե հետևես քո արտաքին տեսքին և միևնույն ժամանակ ունենաս ներքին գեղեցկություն, ապա «մեծ արժեք կունենաս Աստծու աչքում» և արդյունքում կգրավես այնպիսի տղայի, որը արժանի է քեզ (1 Պետրոս 3։4

ՀԱՋՈՐԴ ԳԼԽՈՒՄ

Եթե տղա ես, հավանաբար մտածում ես. «Ինչո՞ւ աղջիկները ինձ չեն հավանում»։

[ծանոթագրություն]

^ պարբ. 30 Սա չի վերաբերում այն հանգամանքին, երբ զույգն արդեն նշանված է, քանի որ այդ ժամանակ, ինչ խոսք, նրանք պետք է հաշվետու լինեն իրար։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ

«Հմայքը կարող է սուտ լինել և գեղեցկությունը՝ ունայն, բայց այն կինը, որը վախենում է Եհովայից, գովասանքի կարժանանա» (Առակներ 31։30

ԱՌԱՋԱՐԿ

Մի՛ օգտագործիր շատ կոսմետիկա։ Եթե չափից շատ օգտագործես, կարող ես այնպիսի սխալ տպավորություն թողնել, թե ինքնահավան ես կամ ուշքդ գնում է ուշադրության համար։

ԳԻՏԵԻ՞Ր

Եթե անընդհատ տղայից պահանջես, որ միմիայն քեզ ուշադրություն դարձնի, կարող ես վնասել ձեր փոխհարաբերությունները։

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ

Այն հատկությունը, որը ցանկանում եմ բարելավել, հետևյալն է՝ ․․․․․

Այս թեմայի մասին ծնող(ներ)իս կուզեի հարցնել հետևյալը՝ ․․․․․

Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ

● Ինչպե՞ս կարող ես ցույց տալ, որ հարգում ես տղայի մտածելակերպն ու զգացմունքները։

● Ինչպե՞ս կարող ես ցույց տալ, որ հարգում ես քո արժանապատվությունը։

[մեջբերում 190-րդ էջի վրա]

«Պետք է ասեմ, որ առաջին հայացքից ինձ գեղեցիկ աղջիկներն են դուր գալիս։ Բայց իմ զգացմունքները արագ սառչում են, եթե այդ աղջիկը չունի կոնկրետ նպատակներ։ Իսկ եթե գիտի, թե ինչ է ուզում, ինչ նպատակներ ունի, և արդեն հասել է որոշ նպատակների, ապա ինձ գրավում է» (Դամիեն)։

[նկար 191-րդ էջի վրա]

Հարգանքն ու սերը նման են հեծանիվի անիվների. երկուսն էլ կարևոր են