Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչո՞ւ աղջիկները ինձ չեն հավանում

Ինչո՞ւ աղջիկները ինձ չեն հավանում

ԳԼՈՒԽ 28

Ինչո՞ւ աղջիկները ինձ չեն հավանում

Նա տպավորված է ինձնով։ Ես պատմել եմ նրան, թե ինչեր ունեմ, ինչ վայրերում եմ եղել, ինչպիսի մարդկանց հետ եմ շփվել։ Երևի նրա ուշքը գնում է ինձ համար։

Երանի՜ գետինը բացվեր ու կուլ տար ինձ։ Ո՞նց ազատվեմ այս տղայից։ Չի՞ հասկանում, որ ինձ չեն հետաքրքրում իր ասածները։ Ո՞նց վերջ դնեմ այս զրույցին, որ չվիրավորվի։

ԹԵՐԵՎՍ ժամանակն է, որ կյանքի ընկեր գտնես։ Դու ցանկանում ես, որ նա լինի հրապուրիչ և ունենա նույն կրոնական համոզմունքները (1 Կորնթացիներ 7։39)։ Գուցե նախկինում մի քանի անգամ արդեն փորձել ես մտերմություն անել ինչ-որ մեկի հետ, բայց չի ստացվել։ Ի՞նչն է սխալ եղել։ Արդյոք աղջիկները միայն արտաքնապես գեղեցի՞կ տղաների են հավանում։ «Ես սիրում եմ այնպիսի տղաների, որոնք ուժեղ մկաններ ունեն»,— ասում է Լիզան։ Այդուհանդերձ, շատ աղջիկների մեկ ուրիշ բան էլ է հետաքրքրում։ «Երբեմն սիրուն տղաները չունեն շատ կարևոր բաներ»,— ասում է 18-ամյա Քերին։

Իսկ որո՞նք են այդ «կարևոր բաները», որ աղջիկներին դուր են գալիս։ Ի՞նչ պետք է հաշվի առնես, եթե ուզում ես ավելի լավ ճանաչել քեզ դուր եկած աղջկան։ Ի՞նչ աստվածաշնչյան սկզբունքներ պետք է հիշես։

Առաջին քայլը

Նախքան որևէ աղջկա մոտենալը դու պետք է որոշ հմտություններ ունենաս, ինչը կօգնի քեզ ցանկացած անձնավորության համար լավ ընկեր լինելու։ Քննենք հետևյալ գործոնները։

Լավ վարք դրսևորիր։ Աստվածաշնչում գրված է, որ սերը «անպատշաճ վարմունք չի ունենում» (1 Կորնթացիներ 13։5)։ Եթե հետևես այս խոսքերին, ցույց կտաս, որ հարգում ես ուրիշներին և քրիստոնեական հատկություններ ես զարգացնում։ Հիշի՛ր, լավ վարքը հագուստ չէ, որ հագնես ուրիշներին տպավորելու համար, և հանես, երբ տուն վերադառնաս։ Հարցրու ինքդ քեզ. «Ընտանիքիս անդամների հետ շփվելիս լավ վարք դրսևորո՞ւմ եմ»։ Եթե ոչ, ապա անբնական կլինի, երբ ուրիշների հետ շփվելիս քեզ այլ կերպ պահես։ Մի՛ մոռացիր, խելացի աղջիկը ուշադրություն կդարձնի, թե ինչպես ես վարվում ընտանիքիդ անդամների հետ, ու կիմանա, թե ինչպիսի անձնավորություն ես իրականում (Եփեսացիներ 6։1, 2

Ինչ են ասում աղջիկները։ «Ինձ դուր է գալիս, որ տղան լավ վարք է դրսևորում թե՛ փոքր հարցերում, օրինակ՝ դուռն է բացում ինձ համար, թե՛ մեծ բաներում, օրինակ՝ բարի և ուշադիր է ոչ միայն իմ, այլև ընտանիքիս անդամների հանդեպ» (Թինա)։

«Ես տանել չեմ կարողանում, երբ տղաները անմիջապես հարցնում են. «Դու ինչ-որ մեկի հետ հանդիպո՞ւմ ես»։ «Ի՞նչ նպատակներ ունես»։ Ինձ դուր չեն գալիս այսպիսի աննրբանկատ հարցերը» (Քեթի)։

«Անհարգալից վերաբերմունք է, երբ տղաները մտածում են, թե կարող են խաղալ մեր զգացմունքների հետ, ասես դրանք կարևոր չեն, մեր ուշքը գնում է ամուսնանալու համար, և ուզում ենք, որ նրանք խղճան մեզ» (Ալեքսիս)։

Հետևիր անձնական հիգիենային։ Անձնական հիգիենա պահպանելով՝ ցույց ես տալիս, որ հարգում ես ոչ միայն դիմացինին, այլև ինքդ քեզ (Մատթեոս 7։12)։ Իսկ եթե հարգում ես ինքդ քեզ, ուրիշներն էլ կհարգեն քեզ։ Բայց եթե անտեսես մաքուր լինելու կարևորությունը, ապա քեզ դուր եկած աղջկան տպավորելու ջանքերդ իզուր կլինեն։

Ինչ են ասում աղջիկները։ «Ինձանով հետաքրքրվող տղայի բերանից վատ հոտ էր գալիս։ Դա անտանելի էր» (Կելլի)։

Լավ զրուցակից եղիր։ Ընկերությունը երկարատև է, եթե լավ հաղորդակցություն կա։ Խոսիր ոչ միայն քեզ, այլև ընկերուհուդ հետաքրքրող թեմաների մասին (Փիլիպպեցիներ 2։3, 4)։ Լսիր նրան և գնահատիր նրա կարծիքը։

Ինչ են ասում աղջիկները։ «Ինձ դուր է գալիս, որ տղան անկաշկանդ հաղորդակցվում է ինձ հետ, որ հիշում է պատմածներս, որ կարողանում է հարցեր տալով շարունակել զրույցը» (Քրիստին)։

«Իմ կարծիքով՝ տղաներին հրապուրում է այն, ինչ տեսնում են, իսկ աղջիկներին հրապուրում է այն, ինչ լսում են» (Լորա)։

«Նվերները իրենց տեղն ունեն։ Բայց եթե տղան լավ զրուցակից է, եթե կարողանում է մխիթարել ու քաջալերել քեզ... օ՜։ Այ դա՛ է ինձ գրավում» (Էմի)։

«Ես մի տղայի եմ ճանաչում, որը քաղաքավարի է ու միշտ գիտի իր չափը։ Մենք կարող ենք բովանդակալից զրույցներ ունենալ՝ առանց ավելորդ բառերի, օրինակ՝ նա չի ասի. «Օծանելիքիդ հոտը լավն է», «Այսօր շատ սիրունիկ ես»։ Նա իրոք լսում է ինձ, և դա ցանկացած աղջկա դուր կգա» (Բեթ)։

«Ես կուզեի շփվել այնպիսի տղայի հետ, որն ունի հումորի զգացում, բայց նաև կարողանում է լուրջ հարցերի մասին անկեղծորեն զրուցել» (Կելլի)։

Պատասխանատվության զգացում ունեցիր։ Աստվածաշունչը ասում է. «Յուրաքանչյուր մարդ իր բեռն է կրելու» (Գաղատացիներ 6։5)։ Աղջիկներին չեն գրավում այն տղաները, ովքեր շուտ կորցնում են աշխատանքը, քանի որ ծույլ են կամ շատ ժամանակ են հատկացնում խաղերին։

Ինչ են ասում աղջիկները։ «Երանի՜ որոշ տղաներ ավելի շատ պատասխանատվություններ վերցնեին։ Այն տղաները, որոնք այդպես չեն վարվում, բացարձակ գրավիչ չեն։ Նրանք լավ տպավորություն չեն թողնում» (Քերի)։

«Որոշ տղաներ հստակ նպատակներ չունեն։ Եթե հետաքրքրված են որևէ աղջկանով, իմանում են, թե նա ինչ նպատակներ ունի, և ասում են. «Օ՜, դա հենց այն է, ինչ ես եմ ուզում անել»։ Բայց նրանց գործերը այլ բան են ցույց տալիս» (Բեթ)։

Ուրեմն պատասխանատվության զգացում ունենալը կօգնի քեզ լավ ընկերներ գտնելու։ Իսկ ի՞նչ պետք է անես, եթե արդեն պատրաստ ես լուրջ ընկերություն սկսելու քեզ դուր եկած աղջկա հետ։

Հաջորդ քայլը

Նախաձեռնություն վերցրու։ Եթե կարծում ես, որ քեզ դուր եկած աղջիկը լավ կողակից կլինի, ապա ասա նրան, որ հետաքրքրվում ես իրենով։ Զգացմունքներդ պարզ արտահայտիր։ Ինչ խոսք, գուցե հեշտ չլինի այդ քայլն անել, որովհետև վախենում ես մերժվելուց։ Բայց եթե նախաձեռնություն վերցնես ու մոտենաս նրան, ցույց կտաս, որ հասուն անձնավորություն ես։ Զգուշացում. սա ամուսնանալու առաջարկ չէ։ Ուստի եղիր խորաթափանց։ Չափազանց փակ կամ չափազանց բաց լինելով՝ գուցե վախեցնես աղջկան և ոչ թե գրավես։

Ինչ են ասում աղջիկները։ «Ես մտքեր չեմ կարդում։ Ուստի եթե որևէ մեկը ուզում է ինձ հետ ընկերություն անել, թող ազնիվ լինի և պարզ ասի ինձ այդ մասին» (Նինա)։

«Եթե տղայի հետ ընկերներ եք եղել, ապա գուցե անհարմար զգաք ռոմանտիկ հարաբերությունների անցնել։ Բայց ես հարգում եմ այն տղային, ով պարզ ասում է, որ ուզում է ինձ համար ընկերոջից ավելին լինել» (Էլեն)։

Հարգիր աղջկա որոշումը։ Իսկ ի՞նչ անել, եթե աղջիկն ասում է, որ չի ուզում ավելի լուրջ փոխհարաբերություններ սկսել քեզ հետ։ Հարգիր նրա որոշումը և հավատա, որ նրա «ոչ»-ը «ոչ» է։ Եթե շարունակես անհանգստացնել նրան, ցույց կտաս, որ այս հարցում այդքան էլ հասուն չես։ Եվ իրոք, եթե անտեսում ես աղջկա հստակ մերժումը և նույնիսկ բարկանում, իրականում ո՞ւմ շահերի մասին ես մտածում՝ քո՞, թե՞ աղջկա (1 Կորնթացիներ 13։11

Ինչ են ասում աղջիկները։ «Ես ջղայնանում եմ, երբ հստակ ասում եմ՝ ո՛չ, բայց տղան շարունակում է անհանգստացնել ինձ» (Քոլին)։

«Մի տղայի ասացի, որ նա ինձ չի հետաքրքրում։ Բայց նա շարունակ իմ հեռախոսահամարն էր ուզում։ Աշխատում էի քաղաքավարի լինել։ Հասկանում էի, որ նրա համար հեշտ չէր արտահայտվել։ Ի վերջո ստիպված եղա ավելի խիստ խոսել» (Սառա)։

Ինչ չպետք է անել

Որոշ տղաներ կարծում են, թե հեշտությամբ կարող են գրավել աղջիկների ուշադրությունը։ Հնարավոր է՝ նրանք նույնիսկ մրցակցության մեջ մտնեն իրենց հասակակիցների հետ, թե իրենցից ում ավելի շատ աղջիկներ կսիրահարվեն։ Սակայն այդպես վարվելը դաժանություն է։ Նաև տղան վատ հեղինակություն ձեռք կբերի (Առակներ 20։11)։ Դու կարող ես խուսափել դրանից, եթե հետևես ստորև բերված խորհուրդներին։

Խուսափիր ֆլիրտից։ Ֆլիրտ անելիս անհատն անընդհատ հաճոյախոսում է և իր շարժուձևով փորձում է գրավել դիմացինի ուշադրությունը։ Նա նպատակ չունի ազնիվ ռոմանտիկ հարաբերություններ սկսելու։ Այսպիսի վարքը ցույց է տալիս, որ անհատն անտեսում է Աստվածաշնչի խորհուրդը, որը հորդորում է վերաբերվել «երիտասարդ կանանց ինչպես քույրերի՝ ամենայն մաքրությամբ» (1 Տիմոթեոս 5։2)։ Ֆլիրտ անող անհատը վատ ընկեր է ու վատ կողակից կլինի։ Խելացի աղջիկները լավ գիտեն դա։

Ինչ են ասում աղջիկները։ «Շատ տհաճ է, երբ քեզ հաճոյախոսում են, և դու գիտես, որ անցած ամիս նույն խոսքերն ասել են քո ընկերուհուն» (Էլեն)։

«Մի գրավիչ երիտասարդ սկսեց ֆլիրտ անել։ Նա հիմնականում իր մասին էր խոսում։ Երբ մի ուրիշ աղջիկ միացավ մեզ, նա նույն բաները նրան ասաց։ Իսկ երբ երրորդ աղջիկը մոտեցավ, նա իրեն նույն ձևով պահեց։ Շատ տհաճ տեսարան էր» (Թինա)։

Մի՛ խաղա աղջկա զգացմունքների հետ։ Չես կարող նույն ձևով ընկերություն անել և՛ հակառակ սեռի անհատի, և՛ միևնույն սեռի անհատի հետ։ Դե պատկերացրու. եթե քո ընկերոջն ասես, որ իր կոստյումը գեղեցիկ է, կամ միշտ պատմես նրան քո գաղտնիքները, մի՞թե նա կմտածի, թե դու հրապուրված ես իրենով։ Բայց եթե աղջկան հաճելի խոսքեր ասես իր արտաքին տեսքի մասին, կանոնավորաբար շփվես նրա հետ և պատմես քո գաղտնիքները, ապա նա կարող է մտածել, որ դու հետաքրքրված ես իրենով։

Ինչ են ասում աղջիկները։ «Իմ կարծիքով՝ տղաները չեն հասկանում, որ աղջիկների հետ չեն կարող վարվել այնպես, ինչպես տղաների հետ են վարվում» (Շերիլ)։

«Տղան վերցնում է հեռախոսահամարս, հետո նրանից sms եմ ստանում։ Ի՞նչ է ուզում դրանով ասել... Երբ ընկերություն ես անում sms-ների միջոցով, էմոցիոնալ կապվածություն է առաջանում։ Բայց չէ՞ որ շատ բան չես կարող ասել մի sms-ով» (Մելորի)։

«Տղաները չեն պատկերացնում, թե աղջիկը որքան արագ կարող է էմոցիոնալ կապվածություն ձեռք բերել, հատկապես եթե նրանք ուշադիր են ու լավ զրուցակից։ Դա չի նշանակում, որ աղջիկը ցանկացածի հետ պատրաստ է հանդիպելու։ Բայց միևնույնն է, աղջիկներից շատերը սպասում են իրենց միակին, իրենց սիրուն» (Ալիսոն)։

ԱՅՍ ԹԵՄԱՅԻ ՄԱՍԻՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ ԵՍ ԳՏՆԵԼ 2-ՐԴ ՀԱՏՈՐՈՒՄ, ԳԼՈՒԽ 3։

ՀԱՋՈՐԴ ԳԼԽՈՒՄ

Ըստ քեզ՝ ո՞րն է սիրո և սիրահարության տարբերությունը։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ

«Հագեք նոր անձնավորությունը, որը ստեղծվել է Աստծու կամքի համաձայն՝ ճշմարիտ արդարությամբ ու նվիրվածությամբ» (Եփեսացիներ 4։24

ԱՌԱՋԱՐԿ

Մի քանի հասուն մարդկանց հարցրու, թե որն է իրենց կարծիքով ամենակարևոր հմտությունը, որ պետք է տղան ունենա, և տես, թե արդյոք կարիք կա, որ ջանքեր թափես այդ ուղղությամբ։

ԳԻՏԵԻ՞Ր

Ներքին անձնավորությունը ավելի կարևոր է, քան արտաքինը։

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ

Այս բնագավառում պետք է ավելի լավ վարք դրսևորեմ՝ ․․․․․

Խոսելաձևս բարելավելու համար ես ․․․․․

Այս թեմայի մասին ծնող(ներ)իս կուզեի հարցնել հետևյալը՝ ․․․․․

Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ

● Ինչպե՞ս կարող ես ցույց տալ, որ հարգում ես ինքդ քեզ։

● Ինչպե՞ս կարող ես ցույց տալ, որ հարգում ես աղջկա զգացմունքներն ու կարծիքը։

[մեջբերում 198-րդ էջի վրա]

Տղաները մտածում են, որ մեզ գրավելու համար պետք է հատուկ ձևով հագնվեն կամ առանձնահատուկ տեսք ունենան։ Ինչ-որ առումով դա այդպես է, բայց կարծում եմ, որ աղջիկների մեծ մասին ավելի շատ գրավում են լավ հատկությունները» (Քեյթ)։

[նկար 197-րդ էջի վրա]

Լավ վարքը հագուստ չէ, որ հագնես ուրիշներին տպավորելու համար ու հանես, երբ տուն վերադառնաս