Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչպե՞ս հաշտվեմ այն մտքի հետ, որ այլևս իրար հետ չենք

Ինչպե՞ս հաշտվեմ այն մտքի հետ, որ այլևս իրար հետ չենք

ԳԼՈՒԽ 31

Ինչպե՞ս հաշտվեմ այն մտքի հետ, որ այլևս իրար հետ չենք

«Մենք հինգ տարվա ընկերներ էինք։ Վեց ամիս էր, ինչ սկսել էինք մտերմություն անել, և հանկարծ նա ընդհատեց մեր ընկերությունը՝ առանց որևէ բացատրություն տալու։ Պարզապես դադարեց ինձ հետ խոսելուց։ Ես հուսահատված էի։ Անընդհատ մտածում էի. «Ի՞նչ սխալ բան եմ արել»» (Ռեյչլ)։

ԲԱԺԱՆՈՒԹՅՈՒՆԸ հոգեկան մեծ հարված է։ Կյանքդ ասես կորցնում է գույները, սիրտդ ցավում է, դու կոտրված ես։ Նման իրավիճակում հայտնվեց Սյուզանը, որը երկու տարի ընկերություն էր անում Ջեֆի հետ։ Այդ ընթացքում նրանք էմոցիոնալ կապվածություն էին ձեռք բերել։ Օրվա մեջ Ջեֆը sms-ներով սիրո խոսքեր էր գրում Սյուզանին, անակնկալ նվերներ էր տալիս իր սիրելիին։ Աղջիկն ասում է. «Ջեֆը շատ ջանքեր էր թափում, որ լսի ու հասկանա ինձ։ Ես շատ երջանիկ էի»։

Նրանք արդեն խոսում էին հարսանիքի մասին, որոշում, թե որտեղ են ապրելու։ Ջեֆը նույնիսկ իմացել էր Սյուզանի մատի համարը, որ մատանի գնի։ Բայց անսպասելիորեն ամեն բան այլ ընթացք ստացավ. Ջեֆը խզեց հարաբերությունները։ Սյուզանը շոկի մեջ էր։ Նա ռոբոտի նման անում էր իր ամենօրյա գործերը, զգացումները ասես բթացել էին։ «Ես թե՛ զգացապես, թե՛ ֆիզիկապես սպառվել էի»,— ասում է նա *։

Ինչու է ցավն այդքան ուժեղ

Եթե դու էլ ես Սյուզանի իրավիճակում, գուցե մտածես. «Երբևէ ի վիճակի կլինե՞մ նորից նորմալ կյանքով ապրելու»։ Ինչ խոսք, հասկանալի է, թե ինչու ես այդպես մտածում։ Սողոմոն թագավորը գրել է. «Մահվան պես զորեղ է սերը» (Երգերի Երգ 8։6)։ Այդ պատճառով բաժանությունը կարող է լինել ամենամեծ ցավը, որը երբևէ ունեցել ես։ Ոմանք ասում են, որ այդ ժամանակ աշխարհն, ասես, գլխիդ փուլ է գալիս։ Թերևս անցնես որոշ փուլերով։

Ժխտում։ «Չէ, սա վերջ չէ, մի քանի օրից նա մտքափոխ կլինի»։

Բարկություն։ «Ինչպե՞ս նա կարող է այդպես վարվել ինձ հետ։ Տանել չեմ կարող նրան»։

Վհատություն։ «Ես վատն եմ։ Ինձ ոչ ոք երբեք չի սիրի»։

Համակերպում։ «Ամեն բան լավ կլինի։ Շատ ծանր է, բայց կհաղթահարեմ»։

Լավն այն է, որ դու կարող ես հասնել վերջին փուլին։ Բայց թե որքան ժամանակ կպահանջվի դրա համար, կախված է տարբեր գործոններից, օրինակ՝ որքան երկար եք ընկերություն արել, որքան եք մտերմացել։ Իսկ ինչպե՞ս հաղթահարել ցավը։

Կյանքը շարունակվում է

Հավանաբար լսել ես այս ասացվածքը. «Ժամանակը բուժում է վերքերը»։ Գուցե բաժանությունից անմիջապես հետո այս խոսքերը քեզ համար անիմաստ թվան։ Չէ՞ որ միայն ժամանակը չէ խնդիրը։ Պատկերացրու՝ վնասվածք ես ստացել։ Ժամանակը կբուժի, բայց հիմա ցավ ես քաշում։ Պետք է կանգնեցնես արյունահոսությունը և մեղմես ցավը։ Նաև հետևես, որ ինֆեկցիա չանցնի։ Նույնը պետք է անել նաև վիրավորված սրտի համար։ Այս պահին այն ցավում է։ Բայց դու կարող ես մեղմել ցավը և թույլ չտալ, որ սիրտդ «վարակվի» դառնությամբ։ Ժամանակը իր գործը կանի, իսկ դո՞ւ։ Փորձիր հետևյալը։

Ազատ լաց եղիր։ Ոչ մի վատ բան չկա լաց լինելու մեջ։ Աստվածաշունչն ասում է, որ կա «լացելու ժամանակ» և նույնիսկ «ողբալու ժամանակ» (Ժողովող 3։1, 4)։ Լաց լինելը թուլության նշան չէ։ Անգամ Դավիթը, որը քաջ ռազմիկ էր, էմոցիոնալ ծանր պահին ասաց. «Ամբողջ գիշեր արտասուքով թրջում եմ իմ մահիճը, արցունքներովս ողողում եմ իմ անկողինը» (Սաղմոս 6։6

Հոգ տար քո առողջության մասին։ Մարմնամարզությունը և ճիշտ սնվելը կօգնեն քեզ վերագտնելու ուժերդ։ Աստվածաշնչում գրված է, որ մարմնի մարզումը օգտակար է (1 Տիմոթեոս 4։8

Առողջության հետ կապված ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնես։

․․․․․

Փորձիր ցրվել։ Շարունակիր ապրել այնպես, ինչպես որ ապրում էիր նախքան բաժանությունը։ Այդ իրավիճակում առավել ևս չպետք է մեկուսանաս (Առակներ 18։1)։ Եթե շարունակես շփվել նրանց հետ, ովքեր սիրում են քեզ, կկենտրոնանաս դրական բաների վրա։

Ի՞նչ նպատակներ կարող ես դնել։

․․․․․

Պատմիր Աստծուն քո զգացմունքների մասին։ Միգուցե այդքան էլ հեշտ չէ աղոթել։ Նման բանից հետո ոմանց թվում է, թե Աստված դավաճանել է իրենց։ Նրանք մտածում են. «Ես այնքան շատ էի աղոթում, որ մեկին գտնեմ, ու հիմա տես՝ ինչ եղավ» (Սաղմոս 10։1)։ Բայց մի՞թե Աստված երկնային միջնորդ է։ Իհա՛րկե ոչ։ Եվ երբ զույգից մեկը չի ուզում շարունակել ընկերությունը, Աստված չի միջամտում։ Բայց հիշիր, որ Եհովան «հոգ է տանում քո մասին» (1 Պետրոս 5։7)։ Ուստի պատմիր նրան քո զգացմունքների մասին։ Աստվածաշնչում գրված է. «Թող ձեր խնդրանքները հայտնի լինեն Աստծուն, և Աստծու խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք, կպահպանի ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսի միջոցով» (Փիլիպպեցիներ 4։6, 7

Կոնկրետ ինչի՞ մասին կարող ես աղոթել Եհովային, երբ բաժանության հետ կապված մտքերը վհատեցնում են քեզ։

․․․․․

Առաջ նայիր

Երբ վերքդ մի քիչ լավանա, կկարողանաս գլուխ հանել տեղի ունեցածից։ Այդ ժամանակ օգտակար կլինի պատասխանել 224-րդ էջում գտնվող « Ի՞նչ կարող եմ սովորել մեր բաժանությունից» շրջանակի հարցերին։

Ինչ խոսք, քո հույսերը չիրականացան։ Սակայն հիշիր. երբ ընկնում ես ուժեղ փոթորկի մեջ, միայն սև ամպերն ու անձրևն ես տեսնում։ Բայց շատ չանցած՝ անձրևը դադարում է, ամպերը ցրվում են, և երկինքը բացվում է։ Երիտասարդները, որոնց մասին նշվեց այս գլխում, ժամանակի ընթացքում կարողացան դուրս գալ սթրեսային վիճակից։ Վստահ եղիր, որ դու էլ կկարողանաս։

ՀԱՋՈՐԴ ԳԼԽՈՒՄ

Ի՞նչ քայլեր կարող ես ձեռնարկել, որ պաշտպանվես մանկապիղծներից։

[ծանոթագրություն]

^ պարբ. 5 Թեև այս հոդվածում մեջբերված են աղջիկների խոսքերը, սակայն սկզբունքները վերաբերում են նաև տղաներին։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ

«[Եհովան] բուժում է սրտով կոտրվածներին և կապում է նրանց վերքերը» (Սաղմոս 147։3

ԱՌԱՋԱՐԿ

Սյուզանը, որի մասին խոսվեց հոդվածի սկզբում, աստվածաշնչյան համարների ցուցակ կազմեց և այն պահում էր իր մոտ, որ կարդա, երբ ընկճվի։ Դու էլ կարող ես նույն բանը անել. գրի առ հոդվածում մեջբերված համարները և պահիր քեզ մոտ։

ԳԻՏԵԻ՞Ր

Պատանիների մեծ մասի ընկերությունը չի ավարտվում ամուսնությամբ, իսկ նրանք, ովքեր էլ ամուսնանում են, հիմնականում ամուսնալուծվում են։

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ

Որպեսզի բաժանությունից հետո կարողանամ վերագտնել ուժերս և առաջ նայել, ես ․․․․․

Հաջորդ անգամ ընկերություն անելիս ի՞նչ ջանքեր պետք է թափեմ ավելի լավ ընկեր լինելու համար։ ․․․․․

Այս թեմայի մասին ծնող(ներ)իս կուզեի հարցնել հետևյալը՝ ․․․․․

Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ

● Ի՞նչ բացահայտեցիր քո մասին նախկին ընկերությունից։

● Ի՞նչ սովորեցիր հակառակ սեռի անհատների մասին։

[մեջբերում 227-րդ էջի վրա]

«Ժամանակի ընթացքում ավելի պարզ կտեսնես պատկերը։ Քո զգացմունքները բուռն չեն լինի, ուստի կկարողանաս սթափ դատել և հասկանալ, որ սթրեսն անցել է։ Նաև ավելի լավ կհասկանաս ինքդ քեզ, կմտածես, թե ինչպիսի կողակից է ի վերջո քեզ պետք, ու զգույշ կլինես, որ նորից չընկնես նույն իրավիճակի մեջ» (Կարինա)։

[շրջանակ 224-րդ էջի վրա]

 վարժություն

Ի՞նչ կարող եմ սովորել մեր բաժանությունից

Արդյոք դո՞ւ ես եղել ձեր բաժանության պատճառը։ Եթե այո, ապա գրի առ պատճառը, նույնիսկ եթե ըստ քեզ՝ այն հիմնավոր չէ։ ․․․․․

Ուրիշ ի՞նչ պատճառներ կարող ես նշել։ ․․․․․

Երբ մտածում ես տեղի ունեցածի մասին, հիշո՞ւմ ես մի բան, որ կարող էիր անել բաժանությունը կանխելու համար։ Եթե այո, ապա ի՞նչ։ ․․․․․

Արդյոք տեղի ունեցածը բացահայտե՞ց, թե որ բնագավառում բարելավումներ անելու կարիք ունես էմոցիոնալ և հոգևոր առումով հասուն մարդ դառնալու համար։ ․․․․․

Հաջորդ անգամ ընկերություն անելիս ի՞նչ կանես, որ չարեցիր այս անգամ։ ․․․․․

[նկար 223-րդ էջի վրա]

Բաժանությունը, վնասվածքի պես, ուժեղ ցավ է պատճառում, բայց ժամանակի ընթացքում կլավանա