Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչպե՞ս իմանամ՝ արդյոք դա իսկական սեր է

Ինչպե՞ս իմանամ՝ արդյոք դա իսկական սեր է

ԳԼՈՒԽ 29

Ինչպե՞ս իմանամ՝ արդյոք դա իսկական սեր է

Պատասխանիր հետևյալ հարցերին։

1. Ի՞նչ է սերը։ ․․․․․

2. Ի՞նչ է սիրահարությունը։ ․․․․․

3. Կա՞ տարբերություն այս երկուսի միջև։ ․․․․․

ՔԵԶ համար գուցե դժվար չէ պատասխանել վերոհիշյալ հարցերին։ Իրականում, կողմնակի մարդը հեշտությամբ է տեսնում սիրո ու սիրահարության տարբերությունը։

Սակայն ամեն ինչ կարող է փոխվել, երբ հանկարծ հանդիպես քո երազած տղային կամ աղջկան։ Դու մինչև ականջներդ սիրահարվում ես, և ոչինչ քեզ չի հետաքրքրում։ Դու խենթ սիրահար ես դառնում։ Բայց սպասիր. դա սե՞ր է, թե՞ սիրահարություն։ Ինչպե՞ս իմանալ։ Այս հարցին պատասխանելու համար նախ տեսնենք, թե ինչպես է հակառակ սեռի հանդեպ քո վերաբերմունքը փոխվել տարիների ընթացքում։ Օրինակ՝ քննիր հետևյալ հարցերը։

Ի՞նչ կարծիք ունեիր հակառակ սեռի մասին, երբ հինգ տարեկան էիր։

Ի՞նչ կարծիք ունես հակառակ սեռի մասին հիմա։

Քո պատասխանները հավանաբար ցույց են տալիս, որ հասունացման շրջանում դու այլ կարծիք ես ձեռք բերել հակառակ սեռի վերաբերյալ։ 12-ամյա Բրայենը ասում է. «Ես սկսեցի նկատել, որ աղջիկները գեղեցիկ են»։ Իսկ 16-ամյա Իլեյնը հիշում է, թե ինչ փոփոխություն տեղի ունեցավ մի քանի տարի առաջ։ Նա պատմում է. «Իմ բոլոր ընկերուհիները խոսում էին տղաների մասին, և ինձ համար շատ հեշտ էր սիրահարվել ցանկացած տղայի»։

Հիմա, երբ արդեն մտածում ես հակառակ սեռի մասին, ինչպե՞ս կարող ես գլուխ հանել այդ ուժեղ զգացումներից։ Փոխարեն ձևացնելու, թե այդպիսի զգացումներ չունես, ինչն ավելի կուժեղացնի դրանք, ձգտիր իմանալ, թե ինչ է սիրահարությունը, հրապուրանքը և սերը։ Դա հետ կպահի քեզ ավելորդ հոգեկան ապրումներից, բացի այդ, կօգնի հետագայում իսկական սեր գտնելու։

ՀՐԱՊՈՒՐԱՆՔ այն, ինչ տեսնում ես

«Ես ու ընկերներս միշտ խոսում ենք աղջիկների մասին։ Մենք փորձում ենք ուրիշ թեմաներ քննարկել, բայց հենց մի գեղեցիկ աղջիկ է անցնում, մոռանում ենք, թե ինչի մասին էինք խոսում» (Ալեքս)։

«Երիտասարդը, որը ուղիղ աչքերիս մեջ է նայում, ժպտում է և համարձակ քայլվածք ունի, գրավում է իմ ուշադրությունը» (Լորի)։

Բնական է, որ քեզ գրավում է գեղեցիկ, բարետես արտաքին ունեցող մեկը։ Սակայն խնդիրն այն է, որ քո տեսածը միշտ այն չէ, ինչ կա իրականում։ Ինչո՞ւ։ Քանի որ արտաքինը խաբուսիկ է։ Աստվածաշունչն ասում է. «Ինչպես ոսկե օղն է խոզի քթին, այնպես էլ այն կինն է, որ գեղեցիկ է, բայց մերժում է խելամտությունը» (Առակներ 11։22)։ Այս խորհուրդը կիրառելի է նաև տղաների դեպքում։

ՍԻՐԱՀԱՐՈՒԹՅՈՒՆ այն, ինչ զգում ես

«Երբ 12 տարեկան էի, շատ ուժեղ սիրահարվել էի մի տղայի։ Բայց երբ այդ զգացումն անցավ, հասկացա, թե ինչու էր նա ինձ դուր գալիս։ Պատճառն այն էր, որ իմ ընկերուհիները հետաքրքրված էին տղաներով, ես էլ էի ուզում սիրահարվել մեկին ու սիրահարվեցի առաջին պատահածին։ Միակ պատճառը դա էր» (Իլեյն)։

«Ես շատ եմ սիրահարվել, բայց ավելի հաճախ ինձ գրավել է միայն արտաքին տեսքը։ Երբ նկատում էի, թե ինչպիսի հատկություններ ունի նա, հասկանում էի, որ մենք չենք համապատասխանում իրար, թեև սկզբում հակառակն էր թվում» (Մարկ)։

Սիրահարված մարդը զգում է, թե սիրում է։ Իրականում սերը ներառում է ռոմանտիկ զգացումներ։ Սակայն տարբերություն կա դրանց միջև։ Սիրահարությունը մակերեսային զգացում է, որը առաջ է գալիս արտաքին ազդակներից։ Այն անտեսում է անհատի թերությունները և չափազանցնում ուժեղ կողմերը։ Այդ պատճառով սիրահարությունը նման է ավազե ամրոցի։ «Այն երկար չի տևում,— ասում է Ֆիոնա անունով մի աղջիկ։— Մի օր կարող ես հրապուրվել ինչ-որ մեկով, իսկ մի ամիս հետո նորից նույն զգացմունքները ունենալ, բայց այս անգամ ուրիշի հանդեպ»։

ՍԵՐ այն, ինչ գիտես

«Կարծում եմ, երբ սիրում ես, կարող ես հիմնավորել, թե ինչու է այդ մարդը գրավում քեզ, և դա հիմնավոր պատճառ է, ոչ եսասիրական» (Դեյվիդ)։

«Իմ կարծիքով՝ իսկական սերը զարգանում է ժամանակի ընթացքում։ Սկզբում դուք լավ ընկերներ եք։ Հետո կամաց-կամաց նա սկսում է քեզ դուր գալ, իսկ ավելի ուշ նրա հանդեպ այնպիսի զգացումներ ես ունենում, որոնք նախկինում չես ունեցել» (Ջուդիթ)։

Սերը հիմնված է անհատի թերությունների և ուժեղ կողմերի մասին ամբողջական պատկերացում ունենալու վրա։ Զարմանալի չէ, որ Աստվածաշունչն ասում է, որ սերը միայն զգացմունք չէ։ Այն նշում է, որ սերը «համբերատար է ու բարի.... Ամեն ինչի դիմանում է, ամեն ինչի հավատում է, ամեն ինչի համար հույս ունի, ամեն ինչի տոկում է։ Սերը երբեք չի վերջանում» (1 Կորնթացիներ 13։4, 7, 8)։ Սերը մղում է անհատին այսպես վարվելու, եթե հիմնված է գիտելիքների վրա և ոչ թե դյուրահավատության կամ չիմացության։

Իսկական սիրո օրինակ

Հակոբի ու Ռաքելի մասին աստվածաշնչյան արձանագրությունը իսկական սիրո օրինակ է։ Նրանք հանդիպեցին ջրհորի մոտ. Ռաքելը իր հոր ոչխարներին բերել էր ջուր խմեցնելու։ Նա անմիջապես գրավեց Հակոբի ուշադրությունը։ Ինչո՞ւ։ Պատճառներից մեկը այն էր, որ «կազմվածքով ու դեմքով գեղեցիկ էր» (Ծննդոց 29։17

Հիշիր, սակայն, որ իսկական սերը միայն ֆիզիկական գրավչությամբ չի որոշվում։ Հակոբը միայն Ռաքելի գեղեցկությամբ չգերվեց։ Աստվածաշունչն ասում է, որ Հակոբի զգացմունքներն ավելի խորն էին։ Նա «սիրեց Ռաքելին» (Ծննդոց 29։18

Այսքանով ավարտվե՞ց նրանց սիրո պատմությունը։ Ո՛չ։ Դա դեռ սկիզբն էր։ Ռաքելի հոր պատճառով Հակոբը պիտի սպասեր յոթ տարի, որ ամուսնանար իր սիրած աղջկա հետ։ Գուցե անարդար էր, բայց Հակոբի սերը փորձության ենթարկվեց։ Եթե նա սիրահարված լիներ, չէր սպասի այդքան երկար։ Միայն իսկական սերը կարող է դիմանալ ժամանակի փորձությանը։ Իսկ ի՞նչ եղավ հետո։ Աստվածաշունչն ասում է. «Հակոբը յոթ տարի ծառայեց Ռաքելի համար, բայց իր աչքին դրանք մի քանի օրվա պես անցան, որովհետև սիրում էր նրան» (Ծննդոց 29։20

Ի՞նչ կարող ես սովորել Հակոբի ու Ռաքելի օրինակից։ Իսկական սերը դիմանում է ժամանակի փորձությանը։ Իսկական սերը հիմնված չէ միայն ֆիզիկական գրավչության վրա։ Բանն այն է, որ ամուսնության հավանական թեկնածուդ առաջին հայացքից գուցե դուր չգա քեզ։ Բարբարան, օրինակ, հանդիպել էր մի երիտասարդի, որը սկզբում դուր չէր եկել իրեն։ Նա ասում է. «Բայց երբ ճանաչեցի Սթիվենին, ամեն ինչ փոխվեց։ Ես տեսա, թե որքան հոգատար է նա ուրիշների հանդեպ, ինչպես է միշտ ուրիշների շահերը վեր դասում իր շահերից։ Սրանք այն հատկություններն էին, որոնց շնորհիվ նա լավ ամուսին կլիներ։ Ես մտերմացա Սթիվենի հետ ու սիրեցի նրան»։ Նրանք ամուսնացան, և նրանց միությունն ամուր է։

Եթե բավական հասուն ես և ուզում ես ընկերություն անել ամուսնության նպատակով, ինչպե՞ս իմանաս՝ դա իսկական սեր է։ Մի՛ վստահիր սրտիդ, լսիր, թե ինչ է ասում Աստվածաշնչով մարզված բանականությունդ։ Ձգտիր ճանաչել անհատին և մի՛ հրապուրվիր միայն նրա արտաքինով։ Թույլ տուր, որ ձեր հարաբերությունները զարգանան։ Հիշիր, հրապուրանքը կարճատև է, մինչդեռ իսկական սերը ժամանակի ընթացքում ավելի է ամրանում և դառնում է «միասնության կատարյալ կապ» (Կողոսացիներ 3։14

Վստահ եղիր, որ կարող ես գտնել իսկական սեր, եթե սովորես ավելին տեսնել, քան հրապուրանքն է (այն, ինչ տեսնում ես) և սիրահարությունը (այն, ինչ զգում ես)։ Հաջորդ երեք էջերը կօգնեն քեզ այս հարցում։

ԱՅՍ ԹԵՄԱՅԻ ՄԱՍԻՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ ԵՍ ԳՏՆԵԼ 2-ՐԴ ՀԱՏՈՐՈՒՄ, ԳԼՈՒԽՆԵՐ 1 ԵՎ 3։

ՀԱՋՈՐԴ ԳԼԽՈՒՄ

Պատկերացրու՝ գտել ես քո իսկական սերը։ Ինչպե՞ս կարող ես իմանալ, թե արդյոք պատրաստ ես ամուսնության։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ

«Առատ ջրերը չեն կարող հանգցնել սերը, ոչ էլ գետերը կարող են սրբել-տանել այն» (Երգերի Երգ 8։7

ԱՌԱՋԱՐԿ

Որպեսզի պարզես, թե որքան լավ ես ճանաչում նրան, ում հանդեպ զգացմունքներ ունես, պատասխանիր 2-րդ հատորի շրջանակում գտնվող հարցերին, էջ 39 (աղջիկների համար), էջ 40 (տղաների համար)։

ԳԻՏԵԻ՞Ր

Այն երիտասարդները, ովքեր անլրջորեն են վերաբերվում ռոմանտիկ հարաբերություններին, ինչ-որ իմաստով «մարզվում են» ամուսնանալուց հետո բաժանվելու համար։

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ

Որպեսզի պարզեմ՝ արդյոք սիրահարված եմ, թե սիրում եմ, ես ․․․․․

Այս թեմայի մասին ծնող(ներ)իս կուզեի հարցնել հետևյալը՝ ․․․․․

Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ

● Ինչո՞ւ է Աստված մարդկանց ստեղծել այնպես, որ նրանք ուժեղ զգացմունքներ ունենան հակառակ սեռի հանդեպ։

● Ինչո՞ւ են շատ պատանիների սիրո պատմությունները տխուր ավարտ ունենում։

[մեջբերում 207-րդ էջի վրա]

«Սերը հաղթահարում է դժվարությունները, իսկ սիրահարությունը անհետանում է, երբ հանգամանքները փոխվում են կամ խնդիրներ են ծագում։ Երկար ժամանակ է պետք իսկական սեր զարգացնելու համար» (Դանիելա)։

[շրջանակ 209-րդ էջի վրա]

իմ գրառումները

Ի՞նչ կանես դու

Մայքլն ու Ջուդին իրար ճանաչում են ընդամենը երեք ամիս։ Ջուդին ասում է, որ «խենթի պես սիրահարված է»։ Մայքլը չափից շատ ուշադրություն է դարձնում նրան, անգամ ասում է, թե ինչ հագնի, ում հետ ընկերություն անի կամ չանի։ Նա վերաբերվում է Ջուդիին թագուհու պես։ Բայց հետո ամեն ինչ փոխվում է։ Մայքլը «բռնացնում» է Ջուդիին ուրիշ տղայի հետ խոսելիս և ապտակում նրան։

Տղան ասում է. «Ջուդին պետք է իմանա, որ ես վախենում եմ նրան կորցնելուց։ Այն միտքը, որ մի ուրիշ տղա գողանում է իմ ընկերուհուն, ուղղակի կատաղեցնում է ինձ։ Ես վատ եմ զգում, որ ապտակել եմ Ջուդիին, բայց չեմ կարողանում հանդուրժել անգամ այն, որ նա նայում է մեկ ուրիշին։ Համ էլ ես ներողություն եմ խնդրել»։

Աղջիկն ասում է. «Ծնողներս ասում են, որ Մայքը իշխում է ինձ վրա, բայց նա բարձր չափանիշներ ունի։ Նկատի ունեմ այն, որ նա երբեք չի ստիպում ինձ անբարո քայլ անել։ Իհարկե, ես չասացի ծնողներիս, որ Մայքն ինձ ապտակել է, չէ՞ որ ուրիշ տղայի հետ էի խոսում։ Մայքը խանդում է, ու դա երբեմն ինձ դուր է գալիս։ Ամեն դեպքում, նա ներողություն խնդրեց և խոստացավ, որ էլ նման բան չի անի»։

Հիմա ասա։ Նկատո՞ւմ ես, որ այս հարաբերությունների մեջ վտանգներ կան։ Եթե այո, որո՞նք են դրանք։ ․․․․․

Ի՞նչ պետք է անի Ջուդին։ ․․․․․

Ի՞նչ կանես դու։ ․․․․․

[շրջանակ 210-րդ էջի վրա]

վարժություն

Ի՞նչ կանես դու

Իթենը երկու ամիս է, ինչ ընկերություն է անում Ալիսայի հետ, և արդեն նկատում է, թե որքան է նա սիրում վիճել, հատկապես ծնողների հետ։ Ալիսան անընդհատ վիճում է ծնողների հետ և սովորաբար հաղթում է։ Նա գիտի իր ուզածին հասնելու «արվեստը» և այնքան է ծնողների զահլան տանում, որ նրանք անում են իրենց աղջկա ուզածը։ Ալիսան պարծենում է Իթենի մոտ, թե կարողանում է ծնողներին «մատների վրա ֆռռացնել»։

Տղան ասում է. «Ալիսան միշտ ասում է այն, ինչ մտածում է։ Նա ոչ մեկից ոչինչ չի թաքցնում, այդ թվում ծնողներից։ Ալիսայի հայրը նյարդայնացնող մարդ է, և զարմանալի չէ, որ Ալիսան հունից դուրս է գալիս։ Բայց գոռգոռոցը դեռ վերջը չէ։ Ալիսան կարող է լաց լինել, փքվել կամ շատ լավ պահել իրեն՝ ամեն բան անել, որ ծնողներից ստանա իր ուզածը»։

Աղջիկն ասում է. «Ինձ չի հետաքրքրում, թե ով ես դու, ինչ հեղինակություն կամ դիրք ունես։ Ես իմ ասելիքը ճակատին եմ ասում ու չեմ ուզում փոխել իմ խոսելու ձևը, ինչ է թե չվիճենք։ Իմ ընկերը՝ Իթենը, գիտի այդ մասին։ Նա տեսնում է, թե ինչպես եմ շփվում ծնողներիս հետ»։

Հիմա ասա։ Նկատո՞ւմ ես, որ այս հարաբերությունների մեջ վտանգներ կան։ Եթե այո, որո՞նք են դրանք։ ․․․․․

Ի՞նչ պետք է անի Իթենը։ ․․․․․

Ի՞նչ կանես դու։ ․․․․․

[շրջանակ 211-րդ էջի վրա]

վարժություն

Սե՞ր, թե՞ սիրահարություն

Փորձիր գտնել, թե հետևյալ նախադասություններում որ բառն է բաց թողնված։ Լրացրու դրանք՝ նշելով սեր կամ սիրահարություն։

1. «․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ կույր է և չի ուզում ոչինչ փոխել։ Չի ուզում իրականությանը բաց աչքերով նայել» (Կալվին)։

2. «Երբ ինձ դուր եկած աղջկա կողքին եմ, ուզում եմ փոխվել, ուրեմն դա ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․» (Թոմաս)։

3. «Մարդու մեջ ինչ-որ բան կարող է ձանձրացնել քեզ, բայց եթե դա ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ է, դու, միևնույնն է, ուզում ես լինել նրա հետ և լուծել խնդիրը» (Ռայեն)։

4. «․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ դեպքում միայն ուշադրություն ես դարձնում ընդհանրություններին» (Կլավդիա)։

5. «Երբ դա ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ է, չես փորձում թաքցնել քո իսկական էությունը» (Եվա)։

6. «․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ դեպքում եսասիրաբար ձգտում ես հասնել ուզածիդ, միայն թե ասես՝ ընկեր ունես» (Ալիսոն)։

7. «․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․տեսնում է լավ ու վատ կողմերը և անգամ դրանից հետո պատրաստ է ապրելու այդ մարդու հետ» (Էյփրիլ)։

8. «Երբ դա ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ է, դու չես կարողանում հասկանալ, թե ինչու այդպիսի զգացումներ ունես. ուղղակի զգում ես» (Դեյվիդ)։

9. «Երբ դա ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ է, դիմացինը անթերի է թվում քեզ» (Չելսի)։

10. «Երբ դա ․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ է, դու չես մտածում հակառակ սեռից ուրիշ ոչ մեկի մասին, քանի որ նվիրված ես միմիայն նրան» (Դենիել)։

Պատասխաններ։ Սիրահարություն՝ 1, 2, 4, 6, 8, 9։ Սեր՝ 3, 5, 7, 10։

[նկար 206-րդ և 207–րդ էջերի վրա]

Հրապուրանքը այնքան ամուր է, որքան ավազե ամրոցը. շատ չանցած՝ ջուրը քշում-տանում է այն