Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ի՞նչ պետք է իմանամ ծխելու մասին

Ի՞նչ պետք է իմանամ ծխելու մասին

ԳԼՈՒԽ 33

Ի՞նչ պետք է իմանամ ծխելու մասին

Ուշադրություն դարձրու հետևյալ տարբերակներին և դիր ✔ նշանը այն տարբերակի կողքին, որը համապատասխանում է քո նկարագրին։

□ Հետաքրքրասեր եմ

□ Սթրեսի մեջ եմ

□ Ուզում եմ ընդունված լինել

□ Ինձ անհանգստացնում է իմ քաշը

ԵԹԵ 237-րդ էջում որևէ տարբերակի կողքին նշան ես դրել, ուրեմն ընդհանրություններ ունես այն հասակակիցներիդ հետ, ովքեր ծխում են կամ մտածում են ծխելու մասին *։ Նկատի առ հետևյալ նմանությունները։

Բավարարել հետաքրքրասիրությունը։ «Ինձ համար հետաքրքիր էր, թե ինչի է դա նման, այդ պատճառով էլ դպրոցի աղջիկներից մեկից ծխախոտ վերցրի և գաղտնի ծխեցի» (Թրեյսի)։

Դուրս գալ սթրեսից։ «Դպրոցում երեխաները ասում են՝ պետք է ծխեմ, իսկ երբ ծխում են, ասում են. «Արդեն կարող եմ դիմանալ»։ Ես էլ սթրեսի ժամանակ ուզում էի ծխել» (Նիկի)։

Քաշ գցել։ «Որոշ աղջիկներ ծխում են, որ նիհար մնան։ Դա ավելի հեշտ է, քան դիետա պահելը» (Սամանտա)։

Սակայն նախքան ծխելը մի պահ կանգ առ և մտածիր։ Մի՛ եղիր այն ձկան նման, որը թպրտում է կարթի ծայրին։ Ճիշտ է, ձուկը «փոքրիկ վարձատրություն» կստանա, բայց ի՞նչ գնով։ Ուստի հետևիր Աստվածաշնչի խորհրդին և օգտագործիր քո «առողջ մտածողությունը» (2 Պետրոս 3։1)։ Պատասխանիր հետևյալ հարցերին։

Ի՞նչ գիտես ծխելու մասին

Յուրաքանչյուր տարբերակի կողքին նշիր՝ ճիշտ է կամ սխալ։

ա) Ծխելը կնվազեցնի սթրեսը։

□ Ճիշտ է □ Սխալ է

բ) Ես կարտաշնչեմ գրեթե ողջ ծուխը։

□ Ճիշտ է □ Սխալ է

գ) Քանի դեռ երիտասարդ եմ, ծխելը չի ազդի իմ առողջության վրա։

□ Ճիշտ է □ Սխալ է

դ) Ծխելը ինձ ավելի գրավիչ կդարձնի հակառակ սեռի համար։

□ Ճիշտ է □ Սխալ է

ե) Բացի ինձնից, ուրիշին վնաս չեմ տա։

□ Ճիշտ է □ Սխալ է

զ) Աստծու համար միևնույնն է՝ ծխում եմ, թե ոչ։

□ Ճիշտ է □ Սխալ է

Պատասխաններ

ա) Սխալ է։ Թեև ծխախոտը ժամանակավորապես թեթևացնում է սթրեսը, որը առաջ է գալիս ծխելը թողնելուց հետո, սակայն գիտնականները պարզել են, որ նիկոտինը բարձրացնում է սթրեսային հորմոնների մակարդակը։

բ) Սխալ է։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ծխախոտի ծխի բաղադրամասերի ավելի քան 80 տոկոսը, որը ներքաշում ես, մնում է քո օրգանիզմում։

գ) Սխալ է։ Ամեն անգամ, երբ ծխում ես, ռիսկի գործոնը մեծանում է, սակայն ազդեցությունը անմիջապես նկատելի չէ։ Ոմանք հենց առաջին ծխախոտից գերի են դառնում։ Թոքերի ծավալը նվազում է, հավանականությունը մեծ է, որ անհատը մշտական հազ կունենա։ Ծխախոտը հանգեցնում է վաղաժամ ծերացման, ճնշում է սեռական ակտիվությունը, առաջ է բերում տագնապային խանգարումներ և դեպրեսիա։

դ) Սխալ է։ Հետազոտող Լլոյդ Ջոնսթոնը նշում է, որ այն պատանիները, ովքեր ծխում են, «այդքան էլ գրավիչ չեն հակառակ սեռի համար»։

ե) Սխալ է։ Ծխախոտի ծուխը վտանգավոր է չծխողների (պասիվ ծխողների) համար. ամեն տարի այն սպանում է հազարավոր այդպիսի մարդկանց և նույնիսկ ընտանի կենդանիների։

զ) Սխալ է։ Նրանք, ովքեր ուզում են հաճեցնել Աստծուն, պետք է մաքրվեն «մարմնի.... ամեն պղծությունից» (2 Կորնթացիներ 7։1)։ Կասկած չկա, որ ծխախոտը պղծում է մարմինը։ Ուստի եթե մնում ես անմաքուր, վնասում ես ինքդ քեզ և ուրիշներին, չես կարող լինել Աստծու ընկերը (Մատթեոս 22։39; Գաղատացիներ 5։19–21

Ինչպես դիմադրել

Ուրեմն ի՞նչ կանես, եթե քեզ ծխախոտ առաջարկեն։ Արդյունքը դրական կլինի, եթե կարճ, բայց հաստատակամորեն պատասխանես՝ մերսի, ես չեմ ծխում։ Եթե անհատը պնդում է, որ ծխես, կամ ծաղրում է քեզ, հիշիր, որ դու ընտրելու իրավունք ունես։ Օրինակ՝ կարող ես ասել.

«Հաշվի առնելով վտանգները՝ հասկացել եմ, որ դա ինձ համար չէ»։

«Ուզում եմ երկար ապրել ու առողջ լինել»։

«Որոշողը ես եմ՝ ծխեմ, թե չէ»։

Այս գլխի սկզբում հիշատակված պատանիների նման՝ թերևս նկատես, որ ամենաշատը պետք է պայքարես քո ցանկության դեմ։ Եթե այդպես է, պատասխանիր «ներքին ձայնիդ»՝ տրամաբանելով հետևյալ հարցերի շուրջ։

«Ի՞նչ օգուտ կտա ինձ ծխելը։ Եթե ծխեմ զուտ այն պատճառով, որ ընդունված լինեմ ուրիշների կողմից, իսկապե՞ս ընդունված կլինեմ, եթե բացի ծխելուց ուրիշ ոչ մի ընդհանրություն չունեմ նրանց հետ։ Իսկ առհասարակ ուզո՞ւմ եմ ընդունված լինել այն մարդկանց կողմից, ովքեր ուրախանում են, երբ տեսնում են, որ վնաս եմ հասցնում առողջությանս»։

«Որքա՞ն թանկ եմ վճարում ծխելու դիմաց՝ մեծ գումարներ եմ ծախսում, առողջությունս եմ քայքայում և կորցնում եմ ուրիշների հարգանքը»։

«Մի՞թե արժե կորցնել Աստծու հետ իմ ընկերությունը մի ծխախոտի պատճառով»։

Իսկ ի՞նչ անել, եթե արդեն ծխախոտի գերին ես։ Ի՞նչ կարող ես անել դրանից ձերբազատվելու համար։

Ինչպես թողնել

1. Համոզվիր։ Գրի առ, թե ինչ պատճառներով ես դու ուզում թողնել ծխելը, և անընդհատ աչքի անցկացրու նշումներդ։ Աստծու առաջ մաքուր լինելու ցանկությունը մղիչ ուժ կարող է լինել (Հռոմեացիներ 12։1; Եփեսացիներ 4։17–19

2. Օգնության դիմիր։ Եթե գաղտնի ես ծխում, ժամանակն է ասել այդ մասին։ Ասա, որ ուզում ես թողնել, և խնդրիր, որ օգնեն քեզ այդ հարցում։ Եթե ուզում ես ծառայել Աստծուն, աղոթիր օգնություն ստանալու համար (1 Հովհաննես 5։14

3. Օր որոշիր։ Երկու շաբաթ կամ ավելի քիչ ժամանակ որոշիր քեզ համար և օրացույցի մեջ նշիր այն օրը, երբ ուզում ես թողնել ծխելը։ Այդ մասին հայտնիր ընտանիքիդ և ընկերներիդ։

4. Վերացրու բոլոր հետքերը։ Նախքան քո որոշած օրը մաքրիր սենյակդ, մեքենադ և հագուստներդ։ Վերացրու ամեն ինչ։ Շպրտիր կրակայրիչները, լուցկիները և մոխրամանները։

5. Դիմացիր։ Խմիր շատ հյութ և ջուր ու բավականաչափ քնիր։ Հիշիր, որ տհաճ զգացողությունները կարճատև են, մինչդեռ օգուտները՝ երկարատև։

6. Զգույշ եղիր, որ չգայթակղվես։ Հեռու մնա այն իրավիճակներից ու վայրերից, որոնք քեզ կգցեն ծխելու գայթակղության մեջ։ Գուցե անհրաժեշտ լինի խզել կապերը նրանց հետ, ովքեր ծխում են (Առակներ 13։20

Մի՛ խաբվիր

Ամեն տարի ծխախոտի ընկերությունները միլիարդավոր դոլարներ են ծախսում գովազդի վրա։ Իսկ հատկապես ո՞ւմ են ուզում իրենց թիրախը դարձնել։ Ծխախոտի մի ընկերություն նշում է. «Այսօրվա պատանիները վաղվա պոտենցիալ գնորդներն են»։

Թույլ մի՛ տուր, որ ծխախոտի ձեռնարկատերերը մտնեն քո գրպանը։ Ինչո՞ւ կուլ տաս նրանց խայծը։ Իրականում, ո՛չ նրանց, ո՛չ էլ հասակակիցներիդ չի հետաքրքրում քո բարօրությունը։ Ուստի նրանց լսելու փոխարեն՝ ականջ դիր Աստվածաշնչի խորհուրդներին և «օգտակար բաներ» սովորիր (Եսայիա 48։17

ՀԱՋՈՐԴ ԳԼԽՈՒՄ

Ընկերներդ ստիպո՞ւմ են քեզ ալկոհոլ խմել։ Ինչո՞ւ պետք է չափավոր լինես։

[ծանոթագրություն]

^ պարբ. 8 Թեև այս գլխում խոսվում է ծխողների մասին, սակայն քննարկվող վտանգները վերաբերում են նաև նրանց, ովքեր ծամում են ծխախոտի տերևներ։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ

«Հեռո՛ւ մնա մարմնական.... ամեն պղծությունից» (2 Կորնթացիներ 7։1, ԱՆԹ)։

ԱՌԱՋԱՐԿ

Խուսափիր ռացիոնալիզացիայից, օրինակ՝ այսպես մտածելուց. «Ընդամենը մի ծուխ քաշեմ»։ Այդպես մտածողները հաճախ նորից են սկսում ծխել (Երեմիա 17։9

ԳԻՏԵԻ՞Ր

Անծուխ ծխախոտը, օրինակ՝ ծխախոտի տերևները, որ ծամում են, կարող է ավելի շատ նիկոտին արտազատել, քան սիգարետները։ Այն նաև պարունակում է 25 քաղցկեղածին տոքսիններ, որոնք մեծացնում են կոկորդի ու բերանի քաղցկեղով հիվանդանալու վտանգը։

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ

Եթե դասընկերս ստիպի, որ ծխեմ, ես ․․․․․

Այս թեմայի մասին ծնող(ներ)իս կուզեի հարցնել հետևյալը՝ ․․․․․

Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ

● Եթե նույնիսկ գիտես վնասների մասին, ինչո՞ւ է հնարավոր, որ ծխելու գայթակղության առաջ կանգնես։

● Ի՞նչն է քեզ համոզել, որ ծխելը վատ է։

[մեջբերում 240-րդ էջի վրա]

«Երբ ինձ առաջարկում են ծխել, ես ժպտում եմ ու ասում՝ մերսի, չեմ ուզում քաղցկեղ ձեռք բերել» (Ալանա)։

[շրջանակ/նկար 241-րդ էջի վրա]

Մարիխուանան շա՞տ վնասակար է

«Ոմանք այն կարծիքի են, թե մարիխուանա օգտագործելը խնդիրներից խուսափելու միջոց է,— ասում է Էլենը, որն ապրում է Իռլանդիայում,— և դա ոչ մի կողմնակի ազդեցություն չունի»։ Նման արտահայտություններ լսե՞լ ես մարիխուանայի վերաբերյալ։ Համեմատիր որոշ վարկածներ փաստերի հետ։

Վարկած։ Մարիխուանան վնասակար չէ։

Փաստ։ Մարիխուանայի հայտնի կամ ենթադրվող ազդեցություններն են՝ վատ հիշողություն, սովորելու թույլ ընդունակություններ, իմունային համակարգի թուլացում։ Այն նաև վնասում է տղամարդու և կնոջ սեռական առողջությունը։ Մարիխուանան կարող է դառնալ տագնապային խանգարումների, հոգեկան խանգարումների, պարանոյայի պատճառ։ Մարիխուանա ծխող կնոջ երեխաները շատ հավանական է, որ ունենան ժեստերի և մարմնաշարժումների հետ կապված խնդիրներ, լինեն անուշադիր և դժվարությամբ որոշումներ կայացնեն։

Վարկած։ Մարիխուանայի ծուխը ավելի քիչ է վնաս հասցնում, քան ծխախոտի ծուխը։

Փաստ։ Ծխախոտի ծխի հետ համեմատած՝ մարիխուանայի ծուխը չորս անգամ ավելի շատ է շնչուղիներում խեժ առաջացնում։ Դրա հետևանքով հինգ անգամ ավելի շատ թունավոր շմոլ գազ (ածխածնի մենօքսիդ) է թափանցում արյան մեջ։ Մարիխուանայի հինգ գլանակը նույն քանակությամբ քաղցկեղածին տոքսիններ է պարունակում, որքան ծխախոտի մեկ տուփը։

Վարկած։ Մարիխուանան կախվածություն չի առաջացնում։

Փաստ։ Պատանիները, որոնք ունեն մտային ու զգացական խնդիրներ, կարող են արագ կախվածություն ձեռք բերել մարիխուանայից։ Ուրիշներն էլ կարող են կախվածություն ձեռք բերել երկարատև օգտագործումից հետո։ Ավելին, հետազոտությունները ցույց են տվել, որ այն պատանիները, ովքեր մարիխուանա են ծխում, ավելի շատ են հակված օգտագործելու այլ թմրադեղեր, օրինակ՝ կոկաին։

[շրջանակ/նկարներ 244-րդ և 245–րդ էջերի վրա]

Ի՞նչ վնաս է հասցնում ծխախոտը օրգանիզմիդ

Նայիր ծխախոտի գովազդի վրա պատկերված առողջ մարդկանց, հետո մտածիր, թե իրականում ինչ վնաս է հասցնում ծխելը օրգանիզմիդ։

Բերանի խոռոչի և կոկորդի քաղցկեղ

[նկար]

Լեզվի քաղցկեղ

Սիրտ։ Սեղմում և նեղացնում է զարկերակները, թույլ չի տալիս, որ սրտին բավարար թթվածին հասնի և չորս անգամ մեծացնում է սրտի հիվանդությունների ռիսկը

[նկար]

Զարկերակի խցանում

Թոքեր։ Ախտահարում է թոքաբշտիկային (ալվեոլային) պարկիկները, բորբոքում է շնչուղիները և մինչև 23 անգամ մեծացնում է թոքերի քաղցկեղի ռիսկը

[նկար]

Ծխողի թոքը

Ուղեղ։ Չորս անգամ մեծացնում է կաթված ստանալու վտանգը

Մաշկ։ Ժամանակից շուտ թորշոմածություն

Ատամներ։ Դեղնում են

Ստամոքս։ Քաղցկեղ է առաջացնում

Ենթաստամոքսային գեղձ։ Քաղցկեղ է առաջացնում

Միզապարկ։ Քաղցկեղ է առաջացնում

Երիկամներ։ Քաղցկեղ է առաջացնում

[նկար 239-րդ էջի վրա]

Կարթի ծայրին թպրտացող ձկան պես՝ ծխողը ստանում է վարձատրություն, բայց ի՞նչ գնով