Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

Ինչո՞ւ ծնողներս թույլ չեն տալիս զվարճանալ

Ինչո՞ւ ծնողներս թույլ չեն տալիս զվարճանալ

ԳԼՈՒԽ 37

Ինչո՞ւ ծնողներս թույլ չեն տալիս զվարճանալ

Ալիսոնը, որն ապրում է Ավստրալիայում, ամեն երկուշաբթի դպրոցում նույն սթրեսն է տանում։

Նա ասում է. «Բոլորը պատմում են, թե ինչով են զբաղվել շաբաթ-կիրակի օրերին։ Այնքան ոգևորիչ պատմություններ են պատմում, օրինակ՝ ինչ հավաքույթների են մասնակցել, քանի տղայի հետ են համբուրվել, անգամ պատմում են, թե ինչպես են փախել ոստիկաններից... Միգուցե վախենալու թվա, բայց հավես է։ Նրանք տուն են գալիս առավոտյան 5-ին, և ծնողները չեն ջղայնանում։ Իսկ ես այն ժամին, երբ նրանք սկսում են իրենց քեֆը, պետք է անկողնում լինեմ»։

Ալիսոնը շարունակում է. «Իրենց պատմություններից հետո ինձ են հարցնում, թե ես ինչ եմ արել։ Ես գնացել եմ ժողովի, ծառայության։ Ինձ թվում է, թե իրոք լավ բան եմ կորցրել։ Դրա համար էլ ասում եմ, որ ոչ մի բան էլ չեմ արել։ Հետո նրանք հարցնում են, թե ինչու չեմ միացել իրենց։

Հենց երկուշաբթին վերջանում է, մտածում ես, որ ավելի հեշտ կլինի։ Բայց ոչ։ Երեքշաբթի բոլորը խոսում են, թե ինչ են անելու այս շաբաթ-կիրակի։ Նստում եմ ու լսում նրանց խոսակցությունները։ Ես ինձ անտեսված եմ զգում»,— ասում է Ալիսոնը։

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ օրերին դու է՞լ ես նման զգացումներ ունենում։ Հավանաբար, քեզ թվում է, թե տան դռներից դուրս զվարճությունների աշխարհ կա, բայց ծնողներդ կողպել են դուռը, կամ էլ կարծես կարուսելների այգում ես, բայց քեզ չեն թողնում, որ կարուսել նստես։ Բայց իրականում դու ոչ թե ուզում ես անել այն, ինչ հասակակիցներդ են անում, այլ պարզապես սիրում ես մի փոքր զվարճանալ։ Օրինակ՝ ամենաշատը ի՞նչ դու կուզես անել եկող շաբաթ-կիրակի։

□ պարել

□ քեֆի մասնակցել

□ համերգի գնալ

□ կինո գնալ

□ և այլն ․․․․․

Ինչ խոսք, դու պետք է զվարճանաս։ Քո Արարիչն էլ է ուզում, որ վայելես պատանեկությունդ (Ժողովող 3։1, 4)։ Գուցե երբեմն կասկածես, սակայն ծնողներդ նույնպես ուզում են, որ դու ուրախանաս։ Այնուհանդերձ, նրանք հավանաբար ունեն երկու հիմնավոր մտահոգություն՝ 1) ի՞նչ ես անելու և 2) ո՞ւմ հետ ես լինելու։

Իսկ ինչպե՞ս վարվել, եթե ընկերներիդ հետ հրավիրված ես ինչ-որ տեղ, բայց չգիտես, թե ծնողներդ ինչ կասեն։ Քննենք երեք տարբերակ և դրանց հետևանքները։

ՏԱՐԲԵՐԱԿ Ա ՄԻ՛ ՀԱՐՑՐՈՒ, ԳՆԱ՛

Ինչու գուցե մտածես այս տարբերակի մասին։ Ուզում ես տպավորել ընկերներիդ և ցույց տալ, թե որքան անկախ ես։ Մտածում ես, որ ավելի շատ բան գիտես, քան ծնողներդ, կամ այդքան էլ չես հարգում նրանց տեսակետը (Առակներ 14։18

Հետևանքները։ Հնարավոր է՝ տպավորես ընկերներիդ, բայց նրանք նաև մի բան կբացահայտեն քո մասին. դու ստախոս ես։ Եթե խաբում ես ծնողներիդ, ապա իրենց էլ կխաբես։ Իսկ եթե ծնողներդ իմանան այդ մասին, նրանք կվիրավորվեն, դավաճանված կզգան իրենց և հետևաբար արգելքներ կդնեն քո առաջ։ Ծնողներիդ չհնազանդվելը և տանից դուրս գալը, ինչ խոսք, անմիտ տարբերակ է (Առակներ 12։15

ՏԱՐԲԵՐԱԿ Բ Ո՛Չ ՀԱՐՑՐՈՒ, Ո՛Չ ԷԼ ԳՆԱ

Ինչու գուցե մտածես այս տարբերակի մասին։ Մտածում ես առաջարկի մասին և որոշում, որ այն քո չափանիշներին չի համապատասխանում կամ հրավիրվածներից մի քանիսը վատ ընկերակցություն են (1 Կորնթացիներ 15։33; Փիլիպպեցիներ 4։8)։ Մյուս կողմից՝ գուցե ուզես գնալ, բայց քաջություն չունենաս ծնողներիցդ թույլտվություն խնդրելու։

Հետևանքները։ Եթե չես գնում այդ տեղը՝ հասկանալով, որ գուցե վատ հետևանքներ լինեն, ավելի վստահությամբ կպատասխանես ընկերներիդ։ Բայց եթե չես գնում այն պատճառով, որ քաջություն չունես ծնողներիցդ թույլտվություն խնդրելու, ուրեմն կմնաս տանը, անտրամադիր կլինես ու քեզ կթվա, թե դու միակ մարդն ես, որ չես զվարճանում։

ՏԱՐԲԵՐԱԿ Գ ՀԱՐՑՐՈՒ ԵՎ ՏԵՍ, ԹԵ ԻՆՉ ԿԱՍԵՆ

Ինչու գուցե մտածես այս տարբերակի մասին։ Դու գիտակցում ես, որ ծնողներդ իշխանություն ունեն քեզ վրա, և հարգում ես նրանց տեսակետը (Կողոսացիներ 3։20)։ Դու սիրում ես ծնողներիդ և չես ուզում վիրավորել նրանց ու խաբել, որ ընկերներիդ հետ ինչ-որ տեղ գնաս (Առակներ 10։1)։ Այսպես վարվելով՝ նաև հնարավորություն կունենաս բացատրելու, թե ինչ է քո ուզածը։

Հետևանքները։ Ծնողներդ մտածում են, որ դու սիրում և հարգում ես իրենց։ Եվ եթե քո խնդրանքը խելամիտ թվա նրանց, ապա կասեն՝ այո։

Ինչու գուցե ծնողները ասեն՝ ոչ

Իսկ ի՞նչ անես, եթե ծնողներդ ասում են՝ ոչ։ Ինչ խոսք, թերևս մի քիչ վհատվես։ Սակայն նրանց տեսակետը հասկանալը կօգնի քեզ հարմարվելու նրանց դրած արգելքներին։ Օրինակ՝ նրանք կարող են մերժել մեկ կամ մի քանի պատճառներով, որոնք բերված են ներքևում։

Ավելի շատ գիտելիքներ ու փորձ ունեն։ Եթե ընտրություն անելու լինես, ապա հավանաբար կնախընտրես լողալ այնպիսի ծովափում, որտեղ փրկարարներ կան։ Ինչո՞ւ։ Որովհետև մինչ հաճույք ես ստանում լողալուց, չես կարող իմանալ, որ քեզ ինչ-որ վտանգ է սպառնում։ Սակայն դու գտնվում ես փրկարարների տեսադաշտում, և նրանք կարող են տեսնել վտանգները, քանի որ հարմար տեղից են դիտում քեզ։

Ծնողներդ նույնպես շատ գիտելիքներ ու փորձ ունեն և կարող են իմանալ, թե ինչ վտանգներ կան, որոնք դու չես տեսնում։ Փրկարարների նման՝ նրանց նպատակը ոչ թե այնպես անելն է, որ դու չզվարճանաս, այլ քեզ օգնելն է, որ խուսափես վտանգավոր իրավիճակներից, որոնց պատճառով կարող ես զրկվել հաճույքներից։

Սիրում են քեզ։ Ծնողներդ շատ են ուզում քեզ պաշտպանել։ Սերը մղում է նրանց ասելու քեզ՝ այո, երբ կարող են, և ոչ, երբ չեն կարող։ Երբ ինչ-որ բանի համար նրանցից թույլտվություն ես խնդրում, նրանք նախ իրենց են հարցնում, թե արդյոք կարող են թույլ տալ և հետո համակերպվել հետևանքների հետ։ Ծնողներդ կասեն՝ այո իրենց և քեզ այն բանից հետո միայն, երբ համոզված լինեն, որ ոչ մի վատ բան չի պատահի քեզ։

Ինչ անես, որ ծնողներդ ասեն՝ այո

Կա չորս գործոն։

Ազնվություն։ Նախ ազնվորեն հարցրու ինքդ քեզ. «Իրականում ինչո՞ւ եմ ուզում գնալ։ Այդ բանը ինձ դո՞ւր է գալիս, թե՞ ուզում եմ անել ընկերներիս աչքը մտնելու համար։ Ուզում եմ լինել այնտեղ, որովհետև նա, ով դուր է գալիս ինձ, նույնպե՞ս այնտեղ է լինելու»։ Այնուհետև անկեղծ խոսիր ծնողներիդ հետ։ Մի ժամանակ նրանք էլ են պատանի եղել ու քեզ շատ լավ են ճանաչում։ Հետևաբար ինչ-որ ձևով կիմանան քո իրական մղումները։ Ծնողներդ կգնահատեն քո ազնվությունը, և դու մեծ օգուտներ կքաղես նրանց իմաստությունից (Առակներ 7։1, 2)։ Իսկ եթե ազնիվ չլինես, կկորցնես քո վստահությունը, և հավանականությունը քիչ կլինի, որ նրանք քեզ կասեն՝ այո։

Հարմար ժամանակ։ Խնդրանքներով մի՛ վազիր ծնողներիդ մոտ, երբ նրանք նոր են վերադարձել աշխատանքից կամ ուրիշ գործեր են անում։ Մոտեցիր նրանց, երբ զբաղված չեն։ Սակայն մի՛ սպասիր վերջին րոպեին և հետո ստիպիր նրանց ասել՝ այո։ Ծնողներիդ դուր չի գա, որ ստիպում ես շտապ որոշում կայացնել։ Մտածելու ժամանակ տուր, և նման վերաբերմունքը, անշուշտ, նրանց դուր կգա։

Մանրամասն տեղեկություններ։ Մի՛ թաքցրու մանրամասները։ Բացատրիր նրանց, թե կոնկրետ ինչ է քո ուզածը։ Ծնողներին դուր չի գալիս, երբ երեխաները պատասխանում են՝ չգիտեմ, հատկապես երբ հարցնում են. «Ո՞վ է լինելու այնտեղ», «Մեծերից մարդ լինելո՞ւ է», «Ե՞րբ է վերջանալու հավաքույթը»։

Վերաբերմունք։ Ծնողներիդ թշնամի մի՛ համարիր։ Նրանց քո ընկերները համարիր, որովհետև երբ հաշվի առնես այս գլխում քննարկվող մտքերը, կտեսնես, որ իրոք դա այդպես է։ Եթե նրանց վերաբերվես որպես ընկերների, ապա ավելի քիչ կվիճես նրանց հետ, իսկ նրանք էլ ավելի շատ կհամագործակցեն քեզ հետ։ Մի՛ ասա. «Դուք չեք վստահում ինձ», «Բա ո՞նց են ուրիշները գնում», «Ընկերներիս ծնողները թողնում են նրանց»։ Ցույց տուր ծնողներիդ, որ բավականաչափ հասուն ես և ընդունում ես նրանց որոշումները ու հարգում տեսակետները։ Եթե այդպես վարվես, նրանք էլ քեզ կհարգեն։ Իսկ հաջորդ անգամ գուցե ավելի հակված լինեն ասելու՝ այո։

ԱՅՍ ԹԵՄԱՅԻ ՄԱՍԻՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐՈՂ ԵՍ ԳՏՆԵԼ 2-ՐԴ ՀԱՏՈՐՈՒՄ, ԳԼՈՒԽ 32։

ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ՀԱՄԱՐԸ

«Որդի՛ս, իմաստուն եղիր և սիրտս ուրախացրու» (Առակներ 27։11

ԱՌԱՋԱՐԿ

Եթե հավաքույթի ես մասնակցելու, մտածիր, թե ինչպես ես հեռանալու, եթե ինչ-որ բան սխալ ուղղությամբ ընթանա։ Նախապես մտածիր, թե ինչ ես ասելու կամ անելու, որ հարկ եղած դեպքում հեռանաս այդտեղից՝ չվնասելով խիղճդ։

ԳԻՏԵԻ՞Ր

Սիրող ծնողները միշտ մտածում են երեխաների անվտանգության մասին։ Եթե նրանք չեն հասկանում, թե ինչ ես ուզում, կամ մտածում են, որ կարևոր փաստեր հաշվի չես առել, ապա հավանականությունը մեծ է, որ կասեն՝ ոչ։

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՊԼԱՆ

Եթե կինո դիտելիս կամ հավաքույթի ժամանակ խիղճս տանջի իմ լսածի կամ տեսածի պատճառով, ես ․․․․․

Այս թեմայի մասին ծնող(ներ)իս կուզեի հարցնել հետևյալը՝ ․․․․․

Ի՞ՆՉ ԵՍ ԿԱՐԾՈՒՄ

● Թերևս ինչո՞ւ չցանկանաս ծնողներիդ ողջ ինֆորմացիան հաղորդել, որի հիման վրա նրանք պետք է որոշում կայացնեն։

● Ի՞նչ կլինի հետևանքը, եթե ծնողներիցդ «պոկես» նրանց հավանությունը, բայց թաքցնես կարևոր փաստերը։

[մեջբերում 268-րդ էջի վրա]

«Ես հիմարի մեկն էի։ Որոշ «զվարճալի» բաներ, որ արել եմ, բոլորովին էլ զվարճալի չեն եղել։ Արարքները անհետևանք չեն մնում։ Ես շատ եմ ափսոսում, որ չեմ լսել ծնողներիս» (Բրայեն)։

[նկար 269-րդ էջի վրա]

Փրկարարների նման՝ ծնողներդ ավելի լավ տեսադաշտ ունեն և կարող են տեսնել վտանգները