Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 6

Դավիթը չէր վախենում

Դավիթը չէր վախենում

Ի՞նչ ես անում, երբ վախենում ես։~ Գուցե դիմում ես հայրիկիդ կամ մայրիկիդ։ Իսկ գիտե՞ս՝ կա մեկը, որը նույնպես կարող է օգնել քեզ։ Նա բոլորից ուժեղ է։ Քո կարծիքով՝ ո՞վ է նա։~ Եհովա Աստված։ Ե՛կ տեսնենք, թե ինչ է ասում Աստվածաշունչը Դավիթ անունով մի պատանու մասին։ Նա գիտեր, որ Եհովան միշտ օգնում է իրեն, ուստի չէր վախենում։

Դավթի ծնողները սովորեցրել են նրան սիրել Եհովային, երբ նա դեռ փոքր էր։ Դա էր պատճառը, որ նա չէր վախենում, նույնիսկ երբ սարսափելի բաներ էին լինում։ Նա գիտեր, որ Եհովան իր ընկերն է և միշտ կօգնի իրեն։ Մի անգամ, երբ Դավիթը ոչխարներ էր արածեցնում, մի մեծ առյուծ եկավ և ատամներով բռնեց մի գառնուկի։ Գիտե՞ս՝ ինչ արեց Դավիթը։ Նա վազեց առյուծի հետևից և բռնելով նրա ծնոտից՝ սպանեց նրան։ Իսկ մի անգամ, երբ արջը հարձակվեց ոչխարների վրա, Դավիթը նրան էլ սպանեց։ Ի՞նչ ես կարծում, ո՞վ օգնեց Դավթին։~ Այո՛, Եհովան։

Իսկ մի ուրիշ անգամ Դավիթը շատ մեծ քաջություն դրսևորեց։ Իսրայելացիները պատերազմում էին փղշտացիների դեմ։ Փղշտացի զինվորներից մեկը շա՜տ բարձրահասակ էր, իսկական հսկա։ Նրա անունը Գողիաթ էր։ Նա ծաղրում էր իսրայելացի զինվորներին ու Եհովային։ Գողիաթը իսրայելացի զինվորներին ասում էր, որ գան ու կռվեն իր հետ, եթե համարձակություն ունեն։ Բայց իսրայելացիները շատ էին վախենում Գողիաթից։ Երբ Դավիթը իմացավ այդ մասին, ասաց Գողիաթին. «Ես դուրս կգամ քո դեմ կռվի։ Եհովան կօգնի ինձ, ու ես կհաղթեմ»։ Ի՞նչ ես կարծում, Դավիթը քա՞ջ էր։~ Այո՛, շատ քաջ էր։ Ուզո՞ւմ ես իմանալ, թե ինչ եղավ հետո։

Դավիթը վերցրեց իր պարսատիկը, հինգ տափակ քար և գնաց կռվելու հսկայի դեմ։ Երբ Գողիաթը տեսավ, թե որքան երիտասարդ է Դավիթը, սկսեց ծաղրել նրան։ Սակայն Դավիթն ասաց. «Դու իմ դեմ դուրս ես եկել նիզակով, բայց ես քեզ վրա գալիս եմ Եհովայի անունով»։ Այնուհետև Դավիթը մի քար դրեց պարսատիկի մեջ, վազեց դեպի Գողիաթը և քարը նետեց նրա վրա։ Քարը դիպավ նրա ճակատին, և նա գետին ընկավ։ Գողիաթը մահացավ։ Փղշտացիներն այնքան վախեցան, որ փախան։ Ինչպե՞ս կարողացավ պատանի Դավիթը հաղթել հսկային։~ Նրան օգնեց Եհովան։ Եհովան ավելի զորեղ էր, քան հսկա Գողիաթը։

Դավիթը չէր վախենում, քանի որ գիտեր, որ Եհովան կօգնի իրեն

Ի՞նչ կարող ես սովորել Դավթի պատմությունից։~ Եհովան բոլորից ուժեղ է, և նա քո ընկերն է։ Ուրեմն երբ որևէ բանից վախենաս, հիշիր, որ Եհովան կարող է օգնել քեզ, որ քաջ լինես։

ԿԱՐԴԱ ՔՈ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՈՒՄ