Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 1

«Թող գա քո Թագավորությունը»

«Թող գա քո Թագավորությունը»

ՔՆՆԱՐԿՄԱՆ ԹԵՄԱՆ

Ինչ է Հիսուսը սովորեցրել Աստծու Թագավորության մասին

1, 2. Անձամբ Եհովան ի՞նչ ասաց Հիսուսի երեք առաքյալներին, և ինչպե՞ս նրանք վարվեցին։

 ԵԹԵ անձամբ Եհովա Աստված ասեր քեզ մի որևէ բան անել, ինչպե՞ս կվարվեիր։ Ինչ էլ որ ասեր, անշուշտ, կհետևեիր նրա խոսքին։

2 Հիսուսի երեք առաքյալների՝ Պետրոսի, Հակոբոսի և Հովհաննեսի հետ նման մի բան տեղի ունեցավ մ.թ. 32-ի Պասեքից որոշ ժամանակ անց (կարդա՛  Մատթեոս 17։1–5)։ Երբ իրենց Տիրոջ հետ «մի բարձր լեռան» վրա էին, տեսիլքի միջոցով տեսան Հիսուսին երկնային փառահեղ Թագավորի կերպարանքով։ Դա այնքան իրական էր թվում, որ Պետրոսը փորձեց միջամտել։ Մինչ նա խոսում էր, մի ամպ ծածկեց նրանց։ Եվ Պետրոսն ու իր հետ եղողները հստակ լսեցին մի բան, որ շատ քչերն են երբևէ լսել՝ Եհովայի ձայնը։ Աստված ասաց, որ Հիսուսն իր Որդին է, և պատվիրեց. «Նրա՛ն լսեք»։ Առաքյալները հետևեցին Աստծու խոսքին։ Նրանք լսեցին այն ամենը, ինչ Հիսուսը սովորեցրեց, և ուրիշներին էլ հորդորեցին նույնն անել (Գործ. 3։19–23; 4։18–20

Հիսուսը ավելի շատ խոսել է Աստծու Թագավորության մասին, քան այլ թեմայի

3. Ինչո՞ւ է Եհովան ուզում, որ լսենք իր Որդուն, և ո՞ր թեման է հարկավոր խորությամբ ուսումնասիրել։

3 «Նրա՛ն լսեք»։ Այս խոսքերը գրվել են Աստվածաշնչում մեզ համար (Հռոմ. 15։4)։ Ինչո՞ւ պետք է լսենք Հիսուսին։ Քանի որ նա Եհովայի Խոսնակն է և միշտ սովորեցրել է այն, ինչ Հայրը ցանկացել է, որ մենք իմանանք (Հովհ. 1։1, 14)։ Նա ավելի շատ խոսել է Աստծու երկնային Թագավորության՝ Քրիստոսից և 144000 իշխանակիցներից կազմված Մեսիական կառավարության մասին, քան որևէ այլ բանի։ Ուստի տեղին կլինի, որ խորությամբ ուսումնասիրենք այս թեման (Հայտն. 5։9, 10; 14։1–3; 20։6)։ Բայց նախ եկեք տեսնենք, թե ինչու էր Աստծու Թագավորությունը Հիսուսի խոսքերի գլխավոր թեման։

«Սրտի լիությունից...»

4. Ինչի՞ց է երևում, որ Թագավորությունը հարազատ է Հիսուսի սրտին։

4 Թագավորությունը հարազատ է Հիսուսի սրտին։ Ինչո՞ւ ենք այդպես ասում։ Սովորաբար խոսքերը բացահայտում են սրտում եղածը, այսինքն՝ այն, թե ինչն է մեզ համար իսկապես կարևոր։ Հիսուսն ինքն էլ ասաց. «Սրտի լիությունից է բերանը խոսում» (Մատթ. 12։34)։ Նա ամեն առիթ օգտագործում էր սովորեցնելու Աստծու Թագավորության մասին։ Չորս Ավետարաններում ավելի քան 100 անգամ հիշատակվում է Թագավորությունը, մեծ մասամբ՝ Հիսուսի խոսքերում։ Ակնհայտ է, որ դա նրա քարոզչության գլխավոր թեման էր։ Նա ինքն էլ ասաց. «Աստծու թագավորության բարի լուրը ուրիշ քաղաքներում էլ պետք է քարոզեմ, որովհետև հենց դրա համար եմ ուղարկվել» (Ղուկ. 4։43)։ Նույնիսկ հարություն առնելուց հետո նա շարունակեց իր աշակերտների հետ խոսել Թագավորության մասին (Գործ. 1։3)։ Պարզ է, որ Հիսուսի սիրտը լի էր Թագավորության հանդեպ գնահատանքով, ինչն էլ մղում էր նրան խոսելու այդ մասին։

5–7. ա) Որտեղի՞ց գիտենք, որ Թագավորությունը հարազատ է Եհովայի սրտին։ բ) Ինչպե՞ս ցույց կտանք, որ Թագավորությունը հարազատ է մեր սրտին։

5 Թագավորությունը հարազատ է նաև Եհովայի սրտին։ Որտեղի՞ց գիտենք։ Հիշենք, որ Եհովան է Հիսուսին՝ իր միածին Որդուն, ուղարկել աշխարհ. ինքն է այն ամենի աղբյուրը, ինչ իր Որդին ասաց ու սովորեցրեց (Հովհ. 7։16; 12։49, 50)։ Եհովան է ներշնչել այն ամենը, ինչ գրված է Ավետարաններում Հիսուսի կյանքի և ծառայության մասին։ Մտածիր՝ ինչ է դա նշանակում։

Հարցրու ինքդ քեզ. «Աստծու Թագավորությունը հարազա՞տ է իմ սրտին»

6 Պատկերացրու՝ ընտանեկան ալբոմ ես կազմում։ Ձեռքիդ տակ շատ նկարներ կան, սակայն բոլորը չեն տեղավորվի ալբոմում։ Ի՞նչ կանես։ Դու կընտրես նրանք, որոնք ավելի մոտ են քո սրտին։ Ինչ-որ առումով Ավետարանները նման են ալբոմի, որը տալիս է Հիսուսի ամբողջական պատկերը։ Եհովան ամեն ինչ չէ, որ գրել է տվել Հիսուսի երկրային կյանքի մասին (Հովհ. 20։30; 21։25)։ Նա իր ոգով ներշնչել է ավետարանագիրներին արձանագրել այն խոսքերն ու գործերը, որոնք կարևոր են իր համար և որոնք կօգնեն մեզ հասկանալու Հիսուսի ծառայության նպատակը (2 Տիմոթ. 3։16, 17; 2 Պետ. 1։21)։ Քանի որ Ավետարաններում հաճախ է խոսվում Աստծու Թագավորության մասին, կարող ենք համոզված ասել, որ այն հարազատ է Եհովայի սրտին, ուստիև նա ուզում է, որ մենք ամեն ինչ իմանանք Թագավորության մասին։

7 Յուրաքանչյուրս կարող է ինքն իրեն հարցնել. «Իսկ իմ սրտին հարազա՞տ է Աստծու Թագավորությունը»։ Եթե դա այդպես է, ուրեմն շահագրգռված կլինենք լսելու այն բոլոր բաները, որ ասաց և սովորեցրեց Հիսուսը Թագավորության մասին. ինչպես ու երբ է այն գալու և ինչ կարևոր դեր է ունենալու։

«Թող գա քո թագավորությունը». ինչո՞ւ ենք աղոթում

8. Ինչպե՞ս Հիսուսը ցույց տվեց Թագավորության կարևոր դերը։

8 Ուշադրություն դարձնենք տիպար աղոթքին։ Պարզ բառերով Հիսուսը ցույց տվեց Թագավորության կարևոր դերը՝ նշելով, թե ինչ է այն իրագործելու։ Այդ աղոթքում յոթ խնդրանք կա։ Առաջին երեքը կապված են Եհովայի նպատակների հետ՝ նրա անվան սրբացման, Թագավորության գալու և Աստծու կամքը, ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա կատարվելու հետ (կարդա՛  Մատթեոս 6։9, 10)։ Այս երեք խնդրանքները փոխկապակցված են։ Եհովան Մեսիական Թագավորության միջոցով է սրբացնելու իր անունը և իրագործելու իր կամքը։

9, 10. ա) Ի՞նչ է անելու Աստծու Թագավորությունը։ բ) Աստվածաշնչյան ո՞ր խոստումը կուզեիր տեսնել իրականացած։

9 Ինչպե՞ս է գալու Աստծու Թագավորությունը և ի՞նչ է անելու։ Աղոթելով «գա քո թագավորությունը»՝ մենք խնդրում ենք, որ այն վճռորոշ գործողությունների անցնի։ Երբ Թագավորությունը գա, իր ողջ ուժերը կկենտրոնացնի երկրի վրա. կվերացնի ներկայիս չար համակարգը՝ ներառյալ մարդկային կառավարությունները, և արդար նոր աշխարհ կհաստատի (Դան. 2։44; 2 Պետ. 3։13)։ Այնուհետև Թագավորությունը ողջ երկիրը դրախտի կվերածի (Ղուկ. 23։43)։ Բոլոր մահացածները, ովքեր Աստծու հիշողության մեջ են, հարություն կառնեն ու կմիանան իրենց հարազատներին (Հովհ. 5։28, 29)։ Հնազանդ մարդիկ կատարյալ կդառնան ու անվերջ կվայելեն կյանքը (Հայտն. 21։3–5)։ Ի վերջո կկատարվի Եհովա Աստծու կամքը. երկրի վրա և երկնքում կատարյալ ներդաշնակություն կլինի։ Արդյոք չե՞ս փափագում տեսնել Աստծու այս խոստումները կատարված։ Հիշիր՝ ամեն անգամ, երբ աղոթում ես, որ գա Աստծու Թագավորությունը, դրանով խնդրում ես, որ կատարվեն այս հրաշալի խոստումները։

10 Ճիշտ է, Աստծու Թագավորությունը դեռ չի եկել։ Երկրի վրա դեռ մարդկային կառավարություններն են իշխում, և չկա արդար նոր աշխարհը։ Սակայն Աստծու Թագավորությունը չի ուշանա, քանի որ այն արդեն հաստատվել է, ինչի մասին կխոսվի հաջորդ գլխում։ Այժմ տեսնենք՝ ինչ է ասել Հիսուսը այն մասին, թե երբ էր հաստատվելու և երբ է գալու Թագավորությունը։

Երբ էր հաստատվելու Աստծու Թագավորությունը

11. Ի՞նչ հստակ դարձրեց Հիսուսը Աստծու Թագավորության հաստատվելու մասին։

11 Հիսուսը հստակ դարձրեց, որ Թագավորությունը չէր հաստատվելու մ.թ. առաջին դարում, թեև նրա աշակերտներից ոմանք այդպես էին կարծում (Գործ. 1։6)։ Նկատի առ, թե ինչ ասաց նա իր երկու առակներում, որոնք պատմեց տարբեր ժամանակներում։

12. Ինչպե՞ս է ցորենի և որոմի առակը ցույց տալիս, որ Թագավորությունը չէր հաստատվելու մ.թ. առաջին դարում։

12 Ցորենի և որոմի առակը։ (Կարդա՛  Մատթեոս 13։24–30)։ Հիսուսն այս առակը պատմեց և բացատրեց իր աշակերտներին մ.թ. 31-ին (Մատթ. 13։36–43)։ Առաքյալների մահից հետո Սատանան պետք է ցորենի մեջ որոմ ցաներ (օծյալ քրիստոնյաների մեջ՝ կեղծ քրիստոնյաներ)։ Թույլ էր տրվելու, որ թե՛ ցորենը, թե՛ որոմը միասին աճեն, մինչև գար հնձի՝ «աշխարհի վախճանի» ժամանակը։ Հնձի սեզոնը սկսվելուց հետո նախ հավաքվելու էր որոմը, ապա՝ ցորենը։ Առակը ցույց է տալիս, որ Թագավորությունը հաստատվելու էր ոչ թե առաջին դարում, այլ աճի ժամանակաշրջանից հետո։ Ինչպես ցույց տվեց դեպքերի զարգացումը, աճի ժամանակաշրջանը ավարտվեց և հնձի սեզոնը սկսվեց 1914թ.-ին։

13. Հիսուսը ի՞նչ առակ պատմեց՝ ցույց տալու համար, որ Մեսիական Թագավոր չէր նշանակվելու երկինք վերադառնալուն պես։

13 Մնասների առակը։ (Կարդա՛  Ղուկաս 19։11–13)։ Հիսուսն այս առակը պատմեց 33թ.-ին, երբ վերջին անգամ գնում էր Երուսաղեմ։ Աշակերտներից ոմանք մտածում էին, թե նա Երուսաղեմ հասնելուն պես հաստատելու է իր Թագավորությունը։ Այդ սխալ կարծիքն ուղղելու և ցույց տալու համար, որ դեռ բավականին ժամանակ կա Թագավորությունը հաստատելու համար՝ Հիսուսը իրեն համեմատեց «ազնվատոհմ մարդու» հետ, որը մեկնեց «հեռավոր երկիր, որ թագավորական իշխանություն ստանա»։ a «Հեռավոր երկիրը» ներկայացնում է երկինքը, որտեղ Հիսուսը Հորից թագավորական իշխանություն էր ստանալու։ Սակայն նա գիտեր, որ երկինք վերադառնալուն պես չէր նշանակվելու Մեսիական Թագավոր։ Նա նստելու էր Աստծու աջ կողմը և սպասելու էր, մինչև նշանակված ժամանակը հասներ։ Ինչպես պարզ դարձավ, նշանակված ժամանակը գալու էր դարեր անց (Սաղ. 110։1, 2; Մատթ. 22։43, 44; Եբր. 10։12, 13

Երբ է գալու Աստծու Թագավորությունը

14. ա) Ինչպե՞ս Հիսուսը պատասխանեց իր չորս առաքյալների հարցին։ բ) Հիսուսի մարգարեությունից ի՞նչ ենք իմանում նրա ներկայության և Թագավորության մասին։

14 Հիսուսի մահից մի քանի օր առաջ նրա չորս առաքյալները հարցրին նրան. «Ո՞րն է լինելու քո ներկայության և աշխարհի վախճանի նշանը» (Մատթ. 24։3; Մարկ. 13։4)։ Հիսուսը պատասխանեց՝ թվարկելով մի շարք իրադարձություններ, որ լինելու էին իր «ներկայության» նշանը։ Դրանք արձանագրված են Մատթեոս 24-րդ և 25-րդ գլուխներում։ Նրա ներկայության ժամանակահատվածի սկզբնակետը լինելու էր Թագավորության հաստատվելը, իսկ վերջնակետը՝ Թագավորության գալը։ Բազում ապացույցներ կան, որ Հիսուսի մարգարեացած իրադարձությունները սկսել են կատարվել 1914թ.-ից ի վեր։ b Այդ տարի էր, որ սկսվեց նրա ներկայությունը, և հաստատվեց Թագավորությունը։

15, 16. Ովքե՞ր են «այս սերունդը»։

15 Ե՞րբ է Աստծու Թագավորությունը գալու։ Հիսուսը չի ասել, թե կոնկրետ երբ դա տեղի կունենա (Մատթ. 24։36)։ Սակայն ասել է մի բան, ինչը վստահեցնում է մեզ, որ այն շատ մոտ է։ Նա հայտնեց, որ Թագավորությունը գալու է այն բանից հետո, երբ «այս սերունդը» տեսնի մարգարեական նշանի կատարումը (կարդա՛  Մատթեոս 24։32–34)։ Իսկ ովքե՞ր են «այս սերունդը»։ Փորձենք մոտիկից քննել Հիսուսի խոսքերը։

16 «Այս սերունդը...»։ Արդյո՞ք Հիսուսը նկատի ուներ անհավատներին։ Ո՛չ։ Հաշվի առնենք այն, թե ովքեր էին նրա ունկնդիրները։ Հիսուսն այդ մարգարեությունը ասաց առանձին իր մոտ եկած առաքյալներին, ովքեր շուտով օծվելու էին սուրբ ոգով (Մատթ. 24։3)։ Նկատի առնենք նաև համատեքստը։ Նախքան «այս սերնդի» մասին խոսելը Հիսուսն ասաց. «Թզենին թող օրինակ լինի ձեզ. հենց որ դրա ճյուղերը փափկում են, և դրանց վրա տերևներ են դուրս գալիս, իմանում եք, որ ամառը մոտ է։ Նմանապես, երբ տեսնեք այս բոլոր բաները, իմացեք, որ նա մոտ է՝ դռան շեմին»։ Փաստորեն՝ ոչ թե անհավատները, այլ Հիսուսի օծյալ հետևորդներն էին տեսնելու նրա խոսքերի կատարումը և հասկանալու, որ Հիսուսը «դռան շեմին» է։ Պարզ է, ուրեմն, որ «այս սերունդ» ասելով՝ Հիսուսը նկատի ուներ սուրբ ոգով օծված իր հետևորդներին։

17. Ի՞նչ են նշանակում «սերունդ» և «այս բոլոր բաները» արտահայտությունները։

17 «...չի անցնի, մինչև որ այս բոլոր բաները չկատարվեն»։ Ինչպե՞ս են կատարվելու այս խոսքերը։ Պատասխանը գտնելու համար նախ պետք է պարզենք երկու բան. ինչ է նշանակում «սերունդը», և որոնք են «այս բոլոր բաները»։ Աստվածաշնչում «սերունդ» բառը հաճախ վերաբերում է տարբեր ժամանակներում ծնված մարդկանց խմբի, որոնք կյանքի որոշ հատված ապրել են միաժամանակ։ Սերունդները մշտատև չեն լինում. ժամանակն անցնում է, և սերունդները փոխվում են (Ելք 1։6)։ Իսկ «այս բոլոր բաները» այն մարգարեական իրադարձություններն են, որ պետք է կատարվեն Հիսուսի ներկայության ժամանակ՝ 1914թ.-ից մինչև «մեծ նեղություն» (Մատթ. 24։21

18, 19. Ինչպե՞ս պետք է հասկանալ «այս սերնդի» մասին Հիսուսի խոսքերը, և ի՞նչ եզրակացություն կարելի է անել։

18 Ինչպե՞ս պետք է հասկանալ «այս սերնդի» մասին Հիսուսի խոսքերը։ Սերունդը բաղկացած է օծյալների երկու խմբից. առաջինը նրանք են, ովքեր տեսել են նշանի կատարման սկիզբը 1914-ին, իսկ երկրորդը նրանք են, ովքեր մի որոշ ժամանակահատված ապրել են առաջին խմբի անդամների հետ միաժամանակ։ Այս երկրորդ խմբից որոշ մարդիկ դեռ կենդանի են լինելու, երբ սկսվի մեծ նեղությունը։ Երկու խմբերը միասին կազմում են օծյալների մեկ սերունդ, քանի որ նրանց կյանքի որոշ ժամանակահատված համընկնում է։ c

19 Ի՞նչ ենք եզրակացնում։ Ինչպես գիտենք, թագավորական իշխանությամբ Հիսուսի ներկայության նշանը ակնհայտ է ողջ աշխարհում, և այն օծյալները, որոնք դեռ կենդանի են ու «այս սերնդի» մաս են կազմում, վաղուց արդեն երիտասարդ չեն։ Բացի դրանից, նրանցից բոլորը չէ, որ մահացած կլինեն մինչև մեծ նեղության սկսվելը։ Հետևաբար կարելի է եզրակացնել, որ Աստծու Թագավորությունը շատ շուտով կգա և կիշխի ողջ երկրի վրա։ Ի՜նչ մեծ ցնծություն կլինի տեսնել այն աղոթքի պատասխանը, որ Հիսուսը սովորեցրեց՝ «Թող գա քո թագավորությունը»։

20. Ի՞նչ կարևոր թեմայի է նվիրված այս գիրքը, և ինչի՞ մասին է հաջորդ գլուխը։

20 Եկեք երբեք չմոռանանք այն խոսքերը, որ անձամբ Եհովան երկնքից ասաց իր Որդու մասին. «Նրա՛ն լսեք»։ Որպես ճշմարիտ քրիստոնյաներ՝ մենք ցանկանում ենք հետևել այս խոսքերին։ Ուստի մեզ հետաքրքրում է, թե ինչ է սովորեցրել Հիսուսը Աստծու Թագավորության մասին։ Այն, թե ինչ է արել Թագավորությունը և ինչ կանի ապագայում, ուսումնասիրության անչափ կարևոր թեմա է, և այս գիրքը նվիրված է դրան։ Հաջորդ գլխում կխոսվի երկնքում Աստծու Թագավորության հաստատվելուն նախորդող և հաջորդող դեպքերի մասին։

a Հիսուսի առակը իր ունկնդիրներին գուցե հիշեցրեց Հերովդես Մեծի որդի Արքեղայոսին։ Մահանալուց առաջ Հերովդեսը նրան որպես թագաժառանգ նշանակեց՝ իշխելու Հրեաստանի և այլ տարածքների վրա։ Սակայն նախքան իշխանության գլուխ անցնելը Արքեղայոսը պետք է հասներ Հռոմ, որպեսզի ստանար Օգոստոս կայսրի հավանությունը։

c Ովքեր օծվել են այն ժամանակ, երբ 1914 թվականը, այսինքն՝ «ցավերի սկիզբը» տեսած առաջին խմբի բոլոր օծյալները արդեն մահացած են եղել, չեն մտնում «այս սերնդի» մեջ (Մատթ. 24։8