Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 5

Թագավորը լույս է սփռում Թագավորության վրա

Թագավորը լույս է սփռում Թագավորության վրա

ՔՆՆԱՐԿՄԱՆ ԹԵՄԱՆ

Պարզ է դառնում ճշմարտությունը Թագավորի գահակալման, իշխանակիցների ու հպատակների մասին, և թե ինչպիսի հավատարմություն է հարկավոր դրսևորել

1, 2. Ի՞նչ առումով է Հիսուսը նման իմաստուն էքսկուրսավարի։

 ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ՝ մի խումբ զբոսաշրջիկների հետ փորձառու էքսկուրսավարի առաջնորդությամբ շրջում ես գեղեցիկ քաղաքում։ Խմբում բոլորը առաջին անգամ են այստեղ և հետաքրքրությամբ լսում են էքսկուրսավարին։ Քաղաքն այնքան հիասքանչ է, որ երբեմն սկսում եք ոգևորությամբ պատկերացնել քաղաքի այն հատվածները, որտեղ դեռ չեք եղել, ու դրանց վերաբերյալ հարցեր եք տալիս էքսկուրսավարին։ Սակայն քանի դեռ դրանց չեք հասել, նա ոչինչ չի ասում։ Բայց երբ ամեն ինչ ձեր աչքի առաջ է, դուք հիացմունքով լսում եք, թե ինչ է նա պատմում տվյալ տեղանքի մասին։ Նրա իմաստությունն ու հմտությունը տպավորում է ձեզ, քանի որ տեսնում եք, թե ինչպես է ճիշտ ժամանակին հայտնում այն, ինչ պետք է իմանաք։

2 Ճշմարիտ քրիստոնյաները որոշ առումով նման են այդ զբոսաշրջիկներին։ Մենք մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրում ենք ամենահիասքանչ քաղաքը՝ «իսկական հիմքեր ունեցող քաղաքը», որն Աստծու Թագավորությունն է (Եբր. 11։10)։ Երբ Հիսուսը երկրի վրա էր, անձամբ առաջնորդում էր իր հետևորդներին՝ տալով նրանց խոր գիտելիքներ Թագավորության մասին։ Արդյո՞ք նա միանգամից պատասխանում էր նրանց բոլոր հարցերին ու ամեն ինչ պատմում Թագավորության մասին։ Ո՛չ։ Նա ասաց. «Դեռ շատ բաներ ունեմ ձեզ ասելու, բայց հիմա դուք ի վիճակի չեք դրանք հասկանալու» (Հովհ. 16։12)։ Լինելով ամենաիմաստուն առաջնորդը՝ Հիսուսը երբեք չէր ծանրաբեռնում իր աշակերտներին գիտելիքներով, որոնք նրանք ի վիճակի չէին լինի ընկալել։

3, 4. ա) Հիսուսն ինչպե՞ս շարունակեց հավատարիմ մարդկանց սովորեցնել Աստծու Թագավորության մասին։ բ) Ի՞նչ ենք քննելու այս գլխում։

3 Հովհաննես 16։12-րդ համարում գրված խոսքերը Հիսուսն իր աշակերտներին ասաց իր երկրային կյանքի վերջին գիշերը։ Իսկ ինչպե՞ս էին հավատարիմ մարդիկ Հիսուսի մահից հետո շարունակելու սովորել Թագավորության մասին։ Հավատարիմ առաքյալներին նա ասաց. «Սուրբ ոգին.... կառաջնորդի ձեզ ողջ ճշմարտության մեջ» a (Հովհ. 16։13)։ Սուրբ ոգու դերը կարելի է համեմատել հանդարտ ու համբերատար ուղեկցորդի հետ, որի միջոցով Հիսուսը Թագավորության մասին սովորեցնում է իր հետևորդներին այն, ինչ պետք է, և երբ արդեն ժամանակն է։

4 Իսկ ինչպե՞ս Եհովայի սուրբ ոգին նպաստեց, որ ազնվասիրտ քրիստոնյաները ավելի շատ գիտելիքներ ունենան Թագավորության մասին։ Այս գլխում նախ կիմանանք հետևյալ հարցերի պատասխանները. ինչպե՞ս հասկացանք, թե երբ է Աստծու Թագավորությունը սկսել իշխել, ինչպե՞ս պարզ դարձավ, թե ովքեր են Թագավորության իշխաններն ու հպատակները և ինչ հեռանկար կա նրանց առաջ։ Կտեսնենք նաև՝ ինչպես Քրիստոսի հետևորդները ավելի ստույգ հասկացան, թե Թագավորության հանդեպ ինչպիսի հավատարմություն է հարկավոր դրսևորել։

Ինչ էր իրականում լինելու 1914-ին

5, 6. ա) Աստվածաշունչ ուսումնասիրողները ի՞նչ սխալ պատկերացումներ ունեին Թագավորության հաստատվելու և հնձի մասին։ բ) Ինչո՞ւ սխալ պատկերացումները հիմք չեն տալիս կասկածելու, որ Հիսուսը առաջնորդել է իր հետևորդներին։

5 Ինչպես տեսանք այս գրքի 2-րդ գլխում, Աստվածաշունչ ուսումնասիրողները տասնամյակներ շարունակ նշել են, որ 1914թ. նշանակալից տարի է լինելու Աստվածաշնչի մարգարեության կատարման մեջ։ Սակայն այդ ժամանակ նրանք կարծում էին, որ Քրիստոսի ներկայությունը սկսվել է 1874-ին, նա իշխում է երկնքում 1878-ից, Թագավորությունը ամբողջությամբ հաստատվելու է 1914-ի հոկտեմբերին, իսկ հունձը սկսվել է 1874-ին և ավարտվելու է 1914-ին, որի վերջում օծյալները հավաքվելու են երկնքում։ Արդյո՞ք այս սխալ պատկերացումները հիմք տալիս են կասկածելու, որ Հիսուսը սուրբ ոգու միջոցով առաջնորդել է հավատարիմ մարդկանց։ Բոլորովի՛ն։

6 Կրկին մտածիր նախաբանի օրինակի շուրջ։ Արդյոք զբոսաշրջիկների նախապես ունեցած սխալ պատկերացումները և հետաքրքրող հարցերը հի՞մք են տալիս կորցնելու վստահությունը էքսկուրսավարի հանդեպ։ Դժվար թե։ Զբոսաշրջիկների պես՝ Աստծու ժողովուրդը երբեմն ժամանակից շուտ փորձել է պատկերացնել Եհովայի խոստման հետ կապված մանրամասներ, նախքան սուրբ ոգին կտաներ նրանց դեպի այդ ճշմարտությունները։ Այդուհանդերձ ակնհայտ է, որ Հիսուսը առաջնորդել է իր հետևորդներին։ Իսկ հավատարիմ մարդիկ ցույց են տվել, որ պատրաստ են շտկվելու, և խոնարհությամբ փոխել են իրենց տեսակետները (Հակ. 4։6

7. Հոգևոր լույսի ի՞նչ շողերով օրհնվեց Աստծու ժողովուրդը։

7 1919-ին հաջորդող տարիներին Աստծու ժողովուրդը օրհնվեց հոգևոր լույսի նոր շողերով (կարդա՛  Սաղմոս 97։11)։ 1925-ին «Դիտարանում» տպագրվեց «Ազգի ծնունդը» վերնագրով մի կարևոր հոդված։ Այնտեղ ներկայացվում էին սուրբգրային համոզիչ փաստեր, որ Մեսիական Թագավորությունը ծնվել է 1914-ին, որով իրականացել է Հայտնություն 12-րդ գլխում արձանագրված մարգարեական տեսիլքը, որտեղ Աստծու երկնային կինը արու զավակ է ծնում։ b Հոդվածում ասվում էր նաև, որ համաշխարհային պատերազմի տարիներին Աստծու ժողովրդի վրա եկած հալածանքն ու հակառակությունը ակնհայտ նշան է, որ Սատանան վայր է գցվել երկրի վրա և «մեծ բարկությամբ է լցված՝ գիտենալով, որ քիչ ժամանակ ունի» (Հայտն. 12։12

8, 9. ա) Ինչպե՞ս ընդգծվեց Աստծու Թագավորության կարևորությունը։ բ) Ի՞նչ հարցեր ենք քննելու։

8 1928-ին «Դիտարանը» ընդգծեց, որ Թագավորությունը ավելի կարևոր է, քան քավիչ զոհաբերության միջոցով մեր փրկությունը։ Իսկ ինչո՞ւ է Թագավորությունը ավելի կարևոր։ Քանի որ Մեսիական Թագավորության միջոցով է Եհովան սրբացնելու իր անունը, արդարացնելու իր գերիշխանությունը և իրականացնելու մարդկության հետ կապված իր բոլոր նպատակները։

9 Ովքե՞ր էին լինելու Քրիստոսի թագավորակիցները։ Իսկ ովքե՞ր էին լինելու այդ Թագավորության երկրային հպատակները։ Ի՞նչ գործ պետք է անեին Քրիստոսի հետևորդները։

Կենտրոնանում են օծյալների հավաքի վրա

10. Աստվածաշունչ ուսումնասիրողները 144000-ի վերաբերյալ ի՞նչ էին վաղուց հասկացել։

10 1914-ից տասնամյակներ առաջ ճշմարիտ քրիստոնյաները արդեն հասկացել էին, որ Քրիստոսի 144000 հավատարիմ հետևորդները իշխելու են նրա հետ երկնքում։ c Աստվածաշունչ ուսումնասիրողները գիտեին, որ այդ թիվը բառացի է, և այդ խմբի անդամները սկսել են հավաքվել դեռևս մ.թ. առաջին դարից։

11. Ինչպե՞ս օծյալները սկսեցին ավելի հստակ պատկերացնել երկրի վրա իրենց գործը։

11 Իսկ ի՞նչ էին անելու օծյալների՝ Քրիստոսի «հարսի» այն անդամները, ովքեր դեռ երկրի վրա էին։ Նրանք հասկանում էին, որ Հիսուսը կարևորում էր քարոզչական գործը և այն կապում էր հնձի ժամանակի հետ (Մատթ. 9։37; Հովհ. 4։35)։ Ինչպես նկատեցինք 2-րդ գլխում, մի ժամանակ նրանք կարծում էին, թե հունձը տևելու է 40 տարի, որի վերջում օծյալները տարվելու են երկինք։ Սակայն քանի որ 40 տարի անց էլ գործը շարունակվեց, ակնհայտ դարձավ, որ որոշ հստակեցումների կարիք կա։ Այսօր մենք գիտենք, որ իրականում 1914-ին է սկսվել հնձի սեզոնը, երբ ցորենը առանձնացվելու էր որոմից, այսինքն՝ հավատարիմ օծյալ քրիստոնյաները՝ կեղծ քրիստոնյաներից։ Ժամանակն էր, որ ուշադրություն դարձվեր երկնային դասի մնացած անդամների հավաքի վրա։

1914-ին սկսվեց հնձի ժամանակը (տես պարբերություն 11)

12, 13. Վերջին օրերում ինչպե՞ս են իրականացել տասը կույսերի և տաղանդների առակները։

12 1919-ից հետո Քրիստոսը շարունակեց առաջնորդել հավատարիմ և իմաստուն ծառային, որ շեշտի քարոզչական գործի կարևորությունը, որը հանձնարարել էր դեռևս առաջին դարում (Մատթ. 28։19, 20)։ Նա նաև հստակ էր դարձրել, թե ինչ հատկություններ պետք է ունենան իր օծյալ հետևորդները այդ հանձնարարությունը կատարելու համար։ Տասը կույսերի առակում նա ցույց էր տվել, որ օծյալները պետք է զգոն՝ հոգևորապես արթուն մնան, եթե ցանկանում են հասնել իրենց վերջնական նպատակին՝ լինեն երկնքում այն մեծ հարսանիքին, երբ Քրիստոսը միանալու է 144000 հոգուց բաղկացած «հարսին» (Հայտն. 21։2)։ Այնուհետև տաղանդների առակով Հիսուսը սովորեցրել էր, որ իր օծյալ ծառաները պետք է ժրաջան լինեն քարոզչական գործում, որ վստահել է նրանց (Մատթ. 25։1–30

13 Օծյալները ցույց տվեցին, որ արթուն և ջանասեր են եղել այս վերջին հարյուրամյակում։ Անկասկած, նրանց արթնությունը անվարձահատույց չի մնացել։ Սակայն արդյո՞ք մեծ հունձը ավարտվելու էր, երբ լրանար Քրիստոսի 144000 իշխանակիցների թիվը։

Հավաքվում են Թագավորության երկրային հպատակները

14, 15. Ի՞նչ չորս խմբերի մասին էր խոսվում «Գաղտնիքը բացահայտված է» գրքում։

14 Հավատարիմ տղամարդկանց ու կանանց ուշադրության կենտրոնում երկար ժամանակ այն հարցն էր, թե ով է Հայտնություն 7։9–14 համարներում նշված «մեծ բազմությունը»։ Իհարկե չենք զարմանում, որ նախքան Քրիստոսը իր ժամանակին կբացահայտեր այս խմբի ինքնությունը, այս հարցի հետ կապված բոլոր պատկերացումները լիովին տարբերվել են այն պարզ ու հասկանալի ճշմարտությունից, որ գիտենք այսօր, և որը հարազատ է մեր սրտին։

15 1917-ին «Գաղտնիքը բացահայտված է» գրքում ասվեց, որ կա «երկնային փրկության երկու կարգ և երկրային փրկության երկու կարգ»։ Բոլորը միասին կազմում էին փրկության տարբեր հեռանկար ունեցող մարդկանց չորս խմբեր։ Որո՞նք էին դրանք։ Առաջինը 144000-ն էր։ Նրանք իշխելու էին Քրիստոսի հետ։ Երկրորդը՝ մեծ բազմությունն էր։ Այն տարիներին կարծում էին, թե մեծ բազմությունը քրիստոնյա աշխարհի եկեղեցիներին դեռ անդամակցող մարդիկ են, ովքեր որոշ չափով հավատ ունեն, բայց ոչ այնքան, որ վճռականորեն անարատություն պահեն։ Ուստի նրանց ավելի ցածր դիրք էր տրվելու երկնքում։ Իսկ երկրի վրա լինելու էին երրորդ խմբի մարդիկ՝ «վաղեմի արժանավորները», որոնցից էին Աբրահամը, Մովսեսը և հնում ապրած մյուս ծառաները։ Նրանք իշխելու էին չորրորդ խմբի՝ աշխարհի մարդկության վրա։

16. Լույսի ի՞նչ շողեր փայլեցին 1923-ին և 1932-ին։

16 Ինչպե՞ս սուրբ ոգին առաջնորդեց Քրիստոսի հետևորդներին դեպի այն ճշմարտությունը, որ թանկ ենք գնահատում այսօր։ Դա տեղի ունեցավ աստիճանաբար. հոգևոր լույսի իրար հաջորդող շողերը պարզ դարձրին այս հարցը։ Դեռևս 1923-ին «Դիտարանը» ուշադրություն հրավիրեց մի խմբի վրա, որը երկնային կյանքի ձգտում չուներ և Քրիստոսի իշխանության ներքո ապրելու էր երկրի վրա։ 1932-ին «Դիտարանը» խոսեց Հովնադաբի մասին, ով միացավ Աստծու կողմից օծված Իսրայելի թագավոր Հեուին՝ նրա հետ պայքար մղելու կեղծ երկրպագության դեմ (2 Թագ. 10։15–17)։ Հոդվածում խոսվում էր այն մասին, որ կա մարդկանց մի դաս, որը նման է Հովնադաբին։ Այնտեղ ասվում էր, որ Եհովան նրանց անցկացնելու է Արմագեդոնի միջով, որպեսզի ապրեն այստեղ՝ երկրի վրա։

17. ա) 1935-ին ի՞նչ պարզ դարձավ։ բ) Մեծ բազմության վերաբերյալ բացահայտված նոր ճշմարտությունը ի՞նչ ազդեցություն ունեցավ հավատարիմ քրիստոնյաների վրա (տես « Շատերը թեթևացած շունչ քաշեցին» շրջանակը)։

17 1935-ին հոգևոր լույսի ավելի պայծառ շող փայլեց։ ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում անցկացվող համաժողովի ժամանակ մեծ բազմությունը բնորոշվեց որպես երկրային դասակարգ, որի մեջ այն նույն «ոչխարներն» էին, ում մասին խոսեց Հիսուսը ոչխարների և այծերի առակում (Մատթ. 25։33–40)։ «Մեծ բազմությունը» կազմելու էր «ուրիշ ոչխարների» մասը, որոնց վերաբերյալ Հիսուսն ասաց. «Նրանց էլ պետք է բերեմ» (Հովհ. 10։16)։ Երբ հռետորը՝ Ջոզեֆ Ռադերֆորդը, ասաց՝ «բոլոր նրանք, ովքեր երկրի վրա հավիտյան ապրելու հույս ունեն, խնդրում եմ, թող կանգնեն», ներկաների կեսից ավելին ոտքի կանգնեց։ «Ահա՛ մեծ բազմությունը»,— հայտարարեց նա։ Շատերը խորապես հուզված էին, որ վերջապես պարզ դարձավ, թե ապագայի ինչ հեռանկար ունեն իրենք։

18. Ինչի՞ վրա Քրիստոսի հետևորդները կենտրոնացրին իրենց ջանքերը, և ինչպիսի՞ն եղավ արդյունքը։

18 Հետո Քրիստոսը առաջնորդեց իր ժողովրդին, որ իրենց ջանքերը կենտրոնացնեն մեծ բազմության անդամներին հավաքելու վրա, այն մարդկանց, ովքեր պետք է ապահով ու կենդանի անցնեն մեծ նեղությունը։ Սկզբում արդյունքները չէին տպավորում։ Եղբայր Ռադերֆորդը մի անգամ նույնիսկ ասաց. «Թվում է՝ մեծ բազմությունը այդքան էլ մեծ չի լինելու»։ Ինչ խոսք, այսօր մենք գիտենք, թե այդ օրերից ի վեր Եհովան ինչքան է օրհնել հնձի գործը։ Հիսուսի և սուրբ ոգու առաջնորդությամբ օծյալներն ու նրանց ընկերակիցները՝ «ուրիշ ոչխարները», դարձել են «մեկ հոտ» և ծառայում են «մեկ հովվի» իշխանության ներքո, ինչպես որ ասել էր Հիսուսը։

Եղբայր Ռադերֆորդը չէր էլ կարող պատկերացնել, թե որքան մեծ էր լինելու մեծ բազմությունը (Նաթան Հ. Նոր, Ջոզեֆ Ֆ. Ռադերֆորդ, Հեյդեն Կ. Քովինգտոն (ձախից աջ))

19. Ինչպե՞ս կարող ենք նպաստել մեծ բազմության ընդլայնմանը։

19 Անթիվ-անհամար հավատարիմ մարդիկ հավիտյան ապրելու են երկրային դրախտում, և նրանց ղեկավարելու է Քրիստոսը իր 144000 իշխանակիցների հետ։ Մի՞թե չենք հիանում՝ տեսնելով, թե ինչպես է Քրիստոսը առաջնորդել Աստծու ժողովրդին, որ ըմբռնեն ապագայի այս հստակ հույսը, որ գրված է Աստվածաշնչում։ Ի՜նչ մեծ առանձնաշնորհում ունենք այս հեռանկարի մասին պատմելու նրանց, ում հանդիպում ենք ծառայության ժամանակ։ Որքանով թույլ են տալիս մեր հանգամանքները, եկեք ակտիվորեն մասնակցենք ծառայությանը, որպեսզի «մեծ բազմությունը» է՛լ ավելի մեծանա և Եհովայի անունը փառավորողների ձայնը է՛լ ավելի բարձր հնչի, քան երբևէ (կարդա՛  Ղուկաս 10։2

Մեծ բազմությունը գնալով ավելի բազմամարդ է դառնում

Թագավորության հանդեպ ինչպիսի հավատարմություն է պետք դրսևորել

20. Ի՞նչ համակարգերից է բաղկացած Սատանայի կազմակերպությունը, և ինչպե՞ս է քրիստոնյան ցույց տալիս իր հավատարմությունը Թագավորության հանդեպ։

20 Աստծու ժողովուրդը շարունակում էր ավելին իմանալ Թագավորության մասին։ Բայց նրանք պետք է նաև լիարժեք պատկերացնեին, թե ինչ է նշանակում հավատարիմ լինել այդ երկնային կառավարությանը։ Այս հարցի վերաբերյալ 1922-ին «Դիտարանը» նշեց, որ ընդհանուր առմամբ երկու կազմակերպություններ են գործում՝ Եհովայի կազմակերպությունն ու Սատանայինը, որը բաղկացած է առևտրային, կրոնական և քաղաքական համակարգերից։ Ովքեր հավատարիմ են Աստծու Թագավորությանը, չպետք է ներգրավված լինեն Սատանայի կազմակերպության որևէ համակարգում (2 Կորնթ. 6։17)։ Ի՞նչ է դա նշանակում։

21. ա) Ի՞նչ է զգուշացրել հավատարիմ ծառան Աստծու ժողովրդին առևտրային համակարգի վերաբերյալ։ բ) 1963-ին «Դիտարանը» ի՞նչ բացահայտեց Մեծ Բաբելոնի մասին։

21 Հավատարիմ ծառայի տված հոգևոր կերակուրը շարունակաբար բացահայտել է, թե որքան ապականված է առևտրային համակարգը, և զգուշացրել է Աստծու ժողովրդին չտրվել նյութապաշտության անկառավարելի մոլուցքին (Մատթ. 6։24)։ Մեր հրատարակությունները բացահայտել են նաև, թե ինչպիսին է իրականում Սատանայի կազմակերպության կրոնական համակարգը։ 1963-ին «Դիտարանը» հստակ ցույց տվեց, որ Մեծ Բաբելոնը ոչ միայն քրիստոնյա աշխարհն է, այլև ողջ աշխարհի կեղծ կրոնական համակարգը։ Այսպես տարբեր ազգերի մարդիկ՝ Աստծու ժողովուրդը, օգնություն և աջակցություն է ստանում, որ դուրս գա և մաքրվի կեղծ կրոնի բոլոր սովորություններից (Հայտն. 18։2, 4)։ Այս մասին ավելի մանրամասն կխոսվի 10-րդ գլխում։

22. Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շատերը ինչպե՞ս էին հասկանում Հռոմեացիներ 13։1-ի պատվերը։

22 Իսկ ի՞նչ կարելի է ասել Սատանայի կազմակերպության քաղաքական համակարգի մասին։ Կարո՞ղ էին քրիստոնյաները մասնակցել պատերազմների և ազգամիջյան բախումների։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Աստվածաշունչ ուսումնասիրողները հասկանում էին, որ Քրիստոսի հետևորդները չպետք է սպանեն մարդկանց (Մատթ. 26։52)։ Սակայն շատերը այն կարծիքին էին, որ Հռոմեացիներ 13։1-ի պատվերը՝ «հնազանդվել վերին իշխանություններին», նշանակում է, որ իրենք պետք է բանակ գնան, հագնեն զինվորական համազգեստ և նույնիսկ զենք կրեն, սակայն երբ հրաման ստանան սպանել թշնամուն, պետք է պարզապես օդում կրակեն։

23, 24. Քրիստոսի հետևորդները ինչպե՞ս էին հասկանում Հռոմեացիներ 13։1 համարը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ, և ի՞նչ ճշգրտում եղավ։

23 Հենց այն ժամանակ, երբ 1939-ին սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, «Դիտարանը» խորությամբ ներկայացրեց չեզոքության հարցը։ Հոդվածում հստակ ցույց էր տրվում, որ քրիստոնյաները ոչ մի առնչություն չպետք է ունենան Սատանայի աշխարհում ծավալվող պատերազմների կամ հակամարտությունների հետ։ Սա, իսկապես որ, ճիշտ ժամանակին տրված առաջնորդություն էր։ Այսպես Քրիստոսի հետևորդները կարողացան մաքուր մնալ արյունապարտությունից, որը պատեց ազգերին այդ պատերազմի ժամանակ։ 1929-ից սկսած՝ մեր հրատարակություններում ասվում էր, որ Հռոմեացիներ 13։1-ում նշված վերին իշխանությունները ներկայացնում էին ոչ թե իշխող ղեկավարներին, այլ Եհովային և Հիսուսին։ Ակնհայտ է, որ այս հարցը դեռ ճշգրտման կարիք ուներ։

24 1962-ին սուրբ ոգին առաջնորդեց Քրիստոսի հետևորդներին այս հարցի վերաբերյալ շտկելու իրենց պատկերացումը։ «Դիտարանի» նոյեմբերի 15-ի և դեկտեմբերի 1-ի թողարկումներում լույս տեսան Հռոմեացիներ 13։1–7 համարների վրա հիմնված հոդվածներ։ Վերջապես Աստծու ժողովուրդը լիովին ըմբռնեց այն սկզբունքը, որն ամփոփված է Հիսուսի հայտնի խոսքերում՝ «կայսրինը կայսրին տվեք, իսկ Աստծունը՝ Աստծուն» (Ղուկ. 20։25)։ Ճշմարիտ քրիստոնյաների համար հստակ դարձավ, որ վերին իշխանությունները այս աշխարհի ղեկավարներն են, որոնց քրիստոնյաները պետք է հնազանդվեն։ Սակայն այդ հնազանդությունը հարաբերական է։ Երբ այդ իշխանությունները պահանջում են անհնազանդ լինել Եհովա Աստծուն, մեր պատասխանը պետք է լինի այնպիսին, ինչպիսին առաքյալներինն էր. «Մենք առաջին հերթին պետք է Աստծո՛ւն հնազանդվենք և ոչ թե մարդկանց» (Գործ. 5։29)։ Այս գրքի 13-րդ և 14-րդ գլուխներում ավելին կիմանանք, թե ինչպես է Աստծու ժողովուրդը հետևել քրիստոնեական չեզոքության սկզբունքին։

Ի՜նչ մեծ պատիվ է հավիտենական կյանքի աստվածաշնչյան հույսը հայտնել մարդկանց

25. Ինչո՞ւ ես գնահատում սուրբ ոգու միջոցով Հիսուսի առաջնորդությունը։

25 Մի պահ խորհիր, թե այս վերջին հարյուրամյակի ընթացքում Քրիստոսի հետևորդները ինչեր իմացան Թագավորության մասին։ Պարզ դարձավ, թե երբ է Աստծու Թագավորությունը հաստատվել երկնքում և ինչ կարևոր դեր ունի այն։ Իմացանք նաև հավատարիմ մարդկանց առաջ բացված երկու հեռանկարների՝ երկնային և երկրային հույսի մասին։ Ինչպես նաև լիովին պատկերացրինք, թե ինչպես պետք է հավատարիմ լինենք Աստծու Թագավորությանը, մինչ հարաբերական հնազանդություն ենք դրսևորում աշխարհի իշխանությունների հանդեպ։ Հարցրու ինքդ քեզ. «Կիմանայի՞ այս անգին ճշմարտությունները, եթե Հիսուս Քրիստոսը չառաջնորդեր երկրի վրա իր հավատարիմ ծառային, որ հասկանար այդ ամենը և մեզ էլ սովորեցներ»։ Ի՜նչ մեծ օրհնություն է ունենալ Քրիստոսի և սուրբ ոգու առաջնորդությունը։

a Մի աշխատության համաձայն՝ «առաջնորդել» թարգմանված հունարեն բառը այս համարում ունի «ճանապարհը ցույց տալու» իմաստ։

b Մինչ այդ մտածում էին, թե այս տեսիլքը մատնանշում էր հեթանոս Հռոմի և կաթոլիկ եկեղեցու միջև եղած պատերազմ։

c 1880թ. հունիսի «Դիտարանում» ասվում էր, որ 144000-ը լինելու էին հրեաներ, որոնք մինչև 1914 թվականը դարձի էին գալու։ Սակայն տարեվերջին այս պատկերացման մեջ փոփոխություն եղավ, որն ավելի մոտ է այն ճշմարտությանը, որ գիտենք այսօր։