Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 7

Քարոզելու մեթոդները— Ամեն միջոց օգտագործելով՝ բարի լուրը հասցնել մարդկանց

Քարոզելու մեթոդները— Ամեն միջոց օգտագործելով՝ բարի լուրը հասցնել մարդկանց

ՔՆՆԱՐԿՄԱՆ ԹԵՄԱՆ

Աստծու ժողովուրդը տարբեր մեթոդներ է կիրառում հնարավորինս շատերին քարոզելու համար

1, 2. ա) Ի՞նչ արեց Հիսուսը, որ հավաքված մարդիկ ավելի լավ լսեն իր ձայնը։ բ) Ինչպե՞ս են Հիսուսի հավատարիմ աշակերտները հետևել նրա օրինակին և ինչո՞ւ։

 ԲԱԶՄՈՒԹՅՈՒՆԸ ծովափին հավաքվել էր Հիսուսի շուրջը։ Նա նավակ նստեց և, ափից մի փոքր հեռանալով, սկսեց քարոզել։ Ինչո՞ւ այդպես արեց։ Նա գիտեր, որ ջրի մակերևույթը ուժգնացնում է ձայնային ալիքները, ուստի իր ձայնը կհասներ բոլորին (կարդա՛  Մարկոս 4։1, 2

2 Թագավորության ծնվելու ժամանակաշրջանում, Հիսուսի պես, նրա հավատարիմ հետևորդները ամեն բան արել են, որ բարի լուրը հասնի բոլորին։ Նրանք ժամանակի նորարարությունները ծառայեցրել են քարոզչական գործին։ Թագավորի առաջնորդությամբ Աստծու ժողովուրդը շարունակում է ժամանակին զուգահեռ փոփոխել իր օգտագործած մեթոդները։ Մեր նպատակն է հնարավորինս շատերին քարոզել, մինչև վերջը գա (Մատթ. 24։14)։ Ծանոթացիր որոշ մեթոդների, որ ժամանակի ընթացքում կիրառվել են աշխարհի տարբեր ծայրերում ապրող մարդկանց բարի լուրը հայտնելու համար։ Մտածիր նաև, թե ինչպես կարող ենք ընդօրինակել նրանց հավատը, ովքեր բարի լուրը քարոզել են Թագավորության ծնվելու ժամանակաշրջանում։

Բարի լուրը հասնում է հասարակության լայն շերտերին

3. Ինչի՞ հանգեցրեց թշնամիների նենգ ծրագիրը։

3 Լրագրություն։ Եղբայր Ռասելը և իր ընկերակիցները 1879-ից սկսեցին հրատարակել «Դիտարան» ամսագիրը Թագավորության լուրը շատերին հասցնելու համար։ Չնայած դրան՝ 1914-ից մի տասնամյակ առաջ Քրիստոսը դեպքերին այնպիսի ընթացք տվեց, որ բարի լուրը հասնի է՛լ ավելի մեծ թվով մարդկանց։ Ամեն ինչ սկսվեց 1903թ.-ին։ Այդ տարի աստվածաբան Ի. Լ. Իթոնը, որը Փենսիլվանիայում բողոքական քահանաների միության խոսնակ էր, Ռասելին հրավիրեց աստվածաշնչյան ուսմունքների շուրջ բանավեճերի։ Նրան ուղղած նամակում Իթոնը գրում էր. «Կարծում եմ, որ հանրության համար անչափ հետաքրքիր կլինի մեր բանավեճը այն հարցերի շուրջ, որոնց մասին տարակարծիք ենք»։ Ռասելն ու իր ընկերակիցները նույնպես մտածեցին, որ հասարակությանը դա կհետաքրքրի, ուստի համաձայնեցին և պայմանավորվեցին, որ այդ բանավեճերը տպագրվեն ճանաչված թերթերից մեկում՝ «Պիտսբուրգ գազետում»։ Աստվածաշնչյան ճշմարտությունները Ռասելն այնքան պարզ ու համոզիչ էր բացատրում, որ թերթում տպված հոդվածները սկսեցին մեծ մասսայականություն վայելել։ Թերթի խմբագրությունը առաջարկեց ամեն շաբաթ տպագրել Ռասելի քարոզները։ Դեպքերի նման զարգացումը, անկասկած, այն չէր, ինչ ակնկալում էին հակառակորդները։

1914 թ.-ին արդեն ավելի քան 2000 թերթերում հրատարակվում էին եղբայր Ռասելի քարոզները

4, 5. Ի՞նչ հատկություն դրսևորեց Ռասելը, և ինչպե՞ս կարող են նրան ընդօրինակել կազմակերպության մեջ պատասխանատվություն կրողները։

4 Շուտով ավելի շատ թերթեր ցանկացան տպագրել Ռասելի քարոզները։ 1908-ին «Դիտարանում» նշվեց, որ այդ քարոզները պարբերաբար տպագրվում են 11 թերթերում։ Սակայն լրագրության գործին ծանոթ եղբայրները ասացին Ռասելին, որ եթե Ընկերության գրասենյակը Պիտսբուրգից տեղափոխվի մեծ քաղաք, ավելի շատ թերթեր պատրաստ կլինեն տպագրել աստվածաշնչյան հոդվածներ։ Եղբայրների խորհուրդը և որոշ գործոններ կշռադատելուց հետո 1909-ին Ռասելը Ընկերությունը տեղափոխեց Բրուքլին, Նյու Յորք։ Արդյունքում՝ ընդամենը ամիսներ անց մոտ 400 թերթեր արդեն հրատարակում էին Ռասելի քարոզները։ Դրանց թիվը գնալով մեծանում էր, և երբ Թագավորությունը հաստատվեց երկնքում, Ռասելի քարոզներն ու հոդվածները հրատարակվում էին ավելի քան 2000 թերթերում չորս լեզուներով։

5 Ի՞նչ կարևոր բան կարող ենք սովորել այս դեպքից։ Ովքեր պատասխանատվություններ են կրում Աստծու կազմակերպության մեջ, լավ կանեն, եթե ընդօրինակեն եղբայր Ռասելի խոնարհությունը և կարևոր որոշումներ կայացնելիս հաշվի առնեն ուրիշների խորհուրդը (կարդա՛  Առակներ 15։22

6. Ի՞նչ ազդեցություն են ունեցել թերթերում տպագրված ճշմարտությունները մարդկանց վրա։

6 Թերթերում տպագրված ճշմարտությունները բազմաթիվ մարդկանց կյանքեր փոխեցին (Եբր. 4։12)։ Նրանցից էր Օրա Հեթսելը, որը մկրտվել է 1917-ին։ Նա պատմում էր. «Ամուսնանալուց հետո, երբ գնացի Ռոչեստեր (Մինեսոտա)՝ մորս այցելելու, տեսա, որ նա թերթերից հոդվածներ է կտրում-հանում։ Դրանք Ռասելի քարոզներն էին։ Մայրս պատմեց, թե ինչեր է իմացել այդ քարոզներից»։ Օրան ընդունեց ճշմարտությունը և մոտ 60 տարի հավատարմորեն ծառայեց Աստծուն՝ հռչակելով նրա Թագավորությունը։

7. Ինչո՞ւ պատասխանատու եղբայրները վերանայեցին թերթերում քարոզներ տպագրելու մեթոդը։

7 1916-ին, սակայն, երկու հանգամանք ստիպեց պատասխանատու եղբայրներին վերանայել թերթերի միջոցով բարի լուրը քարոզելու մեթոդը։ Նախ՝ համաշխարհային պատերազմի պատճառով տպագրական նյութեր ձեռք բերելը գնալով դժվարանում էր։ Այդ տարի Բրիտանիայում մեր Ընկերության լրագրության բաժինը այդ խնդրի մասին նշեց իր հաշվետվության մեջ. «Թեև ներկայումս 30-ից ավելի թերթեր են տպագրում քարոզները, սակայն, ամենայն հավանականությամբ, շուտով այս թիվը կտրուկ կնվազի, քանի որ թուղթը գնալով թանկանում է»։ Երկրորդ պատճառը եղբայր Ռասելի մահն էր 1916-ի հոկտեմբերի 31-ին։ Դեկտեմբերի 15-ի «Դիտարանում» հետևյալ հայտարարությունը տպվեց. «Այժմ, երբ եղբայր Ռասելը մահացել է, [թերթերում] այլևս քարոզներ չեն տպագրվի»։ Թեև 1916-ին քարոզելու այս մեթոդը դադարեց գործել, սակայն այլ մեթոդներ շարունակում էին լայնորեն կիրառվել։ Դրանցից էր մեծ հաջողությունների հասած «Արարչության լուսադրամայի» ցուցադրումը։

8. Ինչպե՞ս է պատրաստվել «Արարչության լուսադրաման»։

8 Կինեմատոգրաֆիա։ Ռասելն ու իր ընկերակիցները երեք տարի շարունակ աշխատում էին «Արարչության լուսադրամայի» պատրաստման վրա, որը թողարկվեց 1914-ին (Առակ. 21։5)։ «Լուսադրաման» այդ ժամանակների համար նորարարություն էր, քանի որ առաջին անգամ էր, որ գունավոր ապակե սլայդները և շարժվող պատկերները համադրվում էին ձայնին։ Հարյուրավոր մարդիկ են ներգրավված եղել աստվածաշնչյան դրվագների նկարահանման մեջ, և ոչ միայն մարդիկ։ 1913թ. մի հաշվետվության մեջ նշվում է, որ «Նոյի մասին դրվագի շարժապատկերները ստեղծելու համար նկարահանվել է մեծ կենդանաբանական այգիներից մեկի կենդանիների զգալի մասը»։ Իսկ հարյուրավոր ապակե սլայդները Լոնդոնում, Նյու Յորքում, Փարիզում և Ֆիլադելֆիայում ապրող մի շարք նկարիչների ձեռքի աշխատանքներ են։

9. Ինչո՞ւ արժեր ժամանակ և գումար ծախսել «Լուսադրամայի» ստեղծման համար։

9 Ինչո՞ւ այսքան շատ ժամանակ և գումար ծախսվեց «Լուսադրաման» ստեղծելու համար։ 1913-ին անցկացված համաժողովներին ընդունված բանաձևում հետևյալն էր ասվում. «Հասարակության կարծիքի ձևավորման հարցում ամերիկյան թերթերը մեծ հաջողության են հասնում շնորհիվ իրենց օգտագործած կոմիկսների և նկարների։ Իրենց արդյունավետությունն են փաստել և մեծ մասսայականություն են վայելում նաև շարժապատկերներով ֆիլմերը։ Ուստի մենք՝ առաջադեմ քարոզիչներս և Աստվածաշունչ ուսուցանողներս, վստահ ենք, որ ավետարանելու և ուսուցանելու գործում շարժապատկերների ու սլայդների օգտագործումը մարդկանց ուշադրությունը գրավող և արդյունավետ մեթոդ կլինի»։

Վերևում՝ «Լուսադրաման» ցուցադրող ապարատը; ներքևում՝ «Լուսադրամայի» ապակե սլայդները

10. Ի՞նչ մասշտաբներ ընդգրկեց «Լուսադրամայի» ցուցադրումը։

10 1914-ի ընթացքում «Լուսադրաման» ամեն օր ցուցադրվում էր 80 քաղաքներում։ Միացյալ Նահանգներում և Կանադայում գրեթե 8 միլիոն մարդ դիտեց այն։ Նույն տարի դրաման ցուցադրվեց նաև Ավստրալիայում, Գերմանիայում, Դանիայում, Մեծ Բրիտանիայում, Նոր Զելանդիայում, Նորվեգիայում, Շվեդիայում, Շվեյցարիայում և Ֆինլանդիայում։ Փոքր քաղաքներում ցուցադրելու համար պատրաստվեց նաև դրամայի պարզեցված տարբերակը, որտեղ չկային շարժապատկերները։ Այն կոչվում էր «Էվրիկա դրամա»։ Այս տարբերակը պատրաստելը ավելի քիչ ծախսեր էր պահանջում, և ավելի հեշտ էր այն տեղափոխել։ Մինչև 1916 թվականը «Լուսադրաման» կամ «Էվրիկա դրաման» թարգմանվեցին արևմտահայերեն, գերմաներեն, դանո-նորվեգերեն, իսպաներեն, իտալերեն, լեհերեն, հունարեն, շվեդերեն և ֆրանսերեն։

1914-ին «Լուսադրամայի» ցուցադրման ժամանակ դահլիճները լեփ-լեցուն էին

11, 12. Ի՞նչ ազդեցություն թողեց «Լուսադրաման» մի երիտասարդ տղայի վրա, և ի՞նչ օրինակ է նա մեզ համար։

11 «Լուսադրաման» մեծ ազդեցություն թողեց 18-ամյա Շառլ Ռոնեյրի վրա։ «Այն ցուցադրվեց մեր քաղաքում՝ Կոլմարում (Էլզաս, Ֆրանսիա),— պատմում է նա։— Հենց սկզբից ես ապշել էի, թե ինչքան պարզ են ներկայացվում Աստվածաշնչի ճշմարտությունները»։

12 Շառլը մկրտվեց և 1922-ին սկսեց ծառայել լիաժամ։ Նրա առաջին նշանակումներից մեկը Ֆրանսիայում «Լուսադրամայի» ցուցադրման աշխատանքներում օգնելն էր։ Շառլն ասում է. «Ես մի քանի բան պիտի անեի՝ ջութակ նվագեի, լինեի հաշվետար և գրականության պատասխանատու։ Նաև պետք է հետևեի, որ ցուցադրությունը սկսելուց առաջ լռություն պահպանվի։ Ընդմիջումների ժամանակ մենք գրականություն էինք առաջարկում։ Դահլիճի ամեն բաժնի համար մի քույր կամ եղբայր էինք նշանակում, ով պետք է հրատարակությունները ձեռքին մոտենար յուրաքանչյուրին։ Բացի դրանից, դահլիճի մուտքի մոտ դնում էինք գրականության սեղաններ»։ 1925-ին Շառլին հրավիրեցին ծառայել Բրուքլինի Բեթելում (Նյու Յորք)։ Նա պետք է նոր բացված ռադիոկայանի՝ WBBR-ի (Դաբլյու-Բի-Բի-Ար) նվագախմբի դիրիժորը լիներ։ Այս եղբոր օրինակին ծանոթանալուց հետո կարող ենք ինքներս մեզ հարցնել. «Պատրա՞ստ եմ ընդունել ցանկացած նշանակում՝ աջակցելու համար Թագավորության լուրի տարածմանը» (կարդա՛  Եսայիա 6։8

13, 14. Ինչպե՞ս էր ռադիոն օգտագործվում բարի լուրը տարածելու համար (տես « WBBR-ի հաղորդումները» և « Պատմական համաժողով» շրջանակները)։

13 Ռադիո։ 1920-ականներին «Լուսադրաման» կամաց-կամաց սկսեց իջնել էկրաններից։ Սակայն Թագավորության լուրը հասարակության լայն շրջաններին մատչելի դարձնելու համար ասպարեզ ելավ ռադիոն։ 1922-ի ապրիլի 16-ին Ֆիլադելֆիայում (Փենսիլվանիա)՝ օպերայի շենքից ռադիոյով հեռարձակվեց եղբայր Ռադերֆորդի պատմական ելույթը։ Հաշվարկների համաձայն՝ մոտ 50000 մարդ ունկնդրեց «Այժմ ապրող միլիոնավորներ երբեք չեն մահանալու» ելույթը։ Իսկ 1923-ին առաջին անգամ հեռարձակվեց համաժողովի ծրագիրը։ Պատասխանատու եղբայրները որոշեցին, որ կոմերցիոն ռադիոկայաններից օգտվելուց բացի լավ կլինի սեփականը ունենալ։ Առաջինը կառուցվեց Սթեյթեն կղզում (Նյու Յորք) և կոչվեց WBBR (Դաբլյու-Բի-Բի-Ար), որտեղից առաջին հեռարձակումը եղավ 1924-ի փետրվարի 24-ին։

 1922 թ.-ին մոտ 50000 մարդ ունկնդրեց «Այժմ ապրող միլիոնավորներ երբեք չեն մահանալու» ելույթը

14 1924-ի դեկտեմբերի 1-ի «Դիտարանում» բացատրվում էր, թե ինչ նպատակով է բացվել WBBR-ը. «Կարծում ենք, որ ճշմարտության լուրը տարածելու համար երբևէ օգտագործված ամենամատչելի և արդյունավետ մեթոդը ռադիոն է»։ Հետո ասվում էր. «Եթե Տերը հարմար գտնի այլ ռադիոկայաններ կառուցելու, ապա նա հոգ կտանի, որ դրանց համար միջոցներ ունենանք» (Սաղ. 127։1)։ 1926-ին արդեն Եհովայի ժողովուրդն ուներ 6 ռադիոկայան։ Երկուսը գտնվում էին Միացյալ Նահանգներում՝ WBBR-ը Նյու Յորքում և WORD-ն (Դաբլյու-Օու-Ար-Դի) Չիկագոյի մոտ։ Մյուս չորսը գտնվում էին Կանադայում՝ Ալբերտա, Բրիտանական Կոլումբիա, Օնտարիո և Սասկաչևան նահանգներում։

15, 16. ա) Ինչո՞ւ Կանադայում մեր ռադիոկայանները փակվեցին։ բ) Ինչպե՞ս էին ռադիոյով և տնետուն քարոզելու մեթոդները լրացնում միմյանց։

15 Աստվածաշնչյան ճշմարտությունների մասին ռադիոհաղորդումները «անտարբեր չթողեցին» քրիստոնյա աշխարհի հոգևորականներին։ Ալբերտ Հոֆմանը, ով լավ գիտեր, թե ինչ մեծ գործ է արվում Սասկաչևանում գտնվող ռադիոկայանում, ասում էր. «Աստվածաշունչ ուսումնասիրողները գնալով ճանաչում էին ձեռք բերում։ Մինչև 1928 թվականը հրաշալի վկայություն էր տրվում։ Բայց այդ տարի հոգևորականները պաշտոնյաների վրա ճնշում բանեցրին, և Կանադայում Աստվածաշունչ ուսումնասիրողների ռադիոկայանները փակվեցին, քանի որ նրանց զրկեցին լիցենզիաներից»։

16 Չնայած դրան՝ աստվածաշնչյան ելույթները շարունակում էին հեռարձակվել կոմերցիոն ռադիոկայաններով (Մատթ. 10։23)։ Այս մեթոդի արդյունավետությունը բարձրացնելու համար «Դիտարանում» և «Ոսկե դարում» տպագրվում էր այդ ռադիոկայանների ցուցակը, և քարոզիչները տնետուն ծառայելիս հորդորում էին մարդկանց ռադիոյով լսել այդ ելույթները։ Ի՞նչ արդյունքներ ունեցավ այս նախաձեռնությունը։ 1931-ի հունվարի «Տեղեկագրում» ասվում էր. «Ռադիոհեռարձակումները մեծապես նպաստում էին տնետուն ծառայությանը։ Եղբայրներից շատերը իրենց հաշվետվություններում նշում են, որ մարդիկ, ովքեր ունկնդրել են եղբայր Ռադերֆորդի ելույթները, լսում են մեզ և սիրով վերցնում են մեր առաջարկած գրքերը»։ «Տեղեկագրում» ռադիոհաղորդումներն ու տնետուն ծառայությունը ներկայացվում էին որպես «Տիրոջ կազմակերպության համար քարոզելու երկու հիմնական մեթոդներ»։

17, 18. Թեև հանգամանքները փոխվեցին, ինչպե՞ս ռադիոն շարունակեց նպաստել քարոզչությանը։

17 1930-ականներին կոմերցիոն ռադիոկայաններից օգտվելու դեմ մեծ հակառակություն սկսվեց։ Ուստի 1937-ի վերջում Եհովայի ժողովուրդը, հարմարվելով նոր հանգամանքներին, հեռացավ կոմերցիոն ռադիոկայաններից։ Ավելի մեծ շեշտ դրվեց տնետուն ծառայության վրա։ a Այնուամենայնիվ, ռադիոն շարունակեց նշանակալից դեր ունենալ Թագավորության լուրի տարածման գործում աշխարհի՝ քաղաքականապես մեկուսացած և հեռավոր երկրներում։ Օրինակ՝ 1951–1991թթ.-ին Արևմտյան Բեռլինում (Գերմանիա) պարբերաբար հեռարձակվում էին աստվածաշնչյան թեմաներով ելույթներ, և նրանք, ովքեր ապրում էին Արևելյան Գերմանիայում, կարող էին լսել Թագավորության լուրը։ 1961-ից սկսած՝ երեք տասնամյակ Սուրինամի ազգային ռադիոն շաբաթական 15 րոպե հեռարձակում էր աստվածաշնչյան ճշմարտություններին նվիրված հաղորդում։ 1969–1977թթ.-ին կազմակերպությունը թողարկեց ավելի քան 350 մասից բաղկացած ռադիոհաղորդում, որի վերնագիրն էր «Ամբողջ Գիրքը օգտակար է»։ Այն հնչեց ԱՄՆ-ի 48 նահանգներում 291 ռադիոկայաններով։ Իսկ 1996-ին Սամոայի մայրաքաղաք Ապիայում գտնվող ռադիոկայանով ամեն շաբաթ հեռարձակվում էր «Աստվածաշնչյան ձեր հարցերի պատասխանները» հաղորդումը։

18 20-րդ դարի վերջում ռադիոն այլևս առաջնային դեր չէր խաղում քարոզչության գործում։ Սակայն մեկ այլ նորարարություն աննախադեպ մասշտաբով Թագավորության լուրը հասանելի դարձրեց ամբողջ աշխարհում։

19, 20. Ինչո՞ւ Եհովայի ժողովուրդը բացեց jw.org կայքը, և ի՞նչ արդյունքներ են գրանցվել (տես նաև « JW.ORG» շրջանակը)։

19 Ինտերնետ։ 2013-ի տվյալներով՝ ավելի քան 2,7 միլիարդ մարդ՝ աշխարհի բնակչության մոտ 40 տոկոսը, օգտվում է ինտերնետից։ Ըստ որոշ հաշվարկների՝ մոտ 2 միլիարդը միանում են ինտերնետին սմարթֆոնների կամ պլանշետների միջոցով։ Այս թիվը շարունակում է ամբողջ աշխարհում կտրուկ աճել։ Ամենաարագ աճը նկատվում է Աֆրիկայում, որտեղ շարժական ինտերնետի ավելի քան 90 միլիոն բաժանորդ կա։ Այս զարգացումը շատերի համար հիմնովին փոխել է ինֆորմացիա ստանալու եղանակը։

20 1997-ից Եհովայի ժողովուրդը սկսեց օգտագործել այս համաշխարհային ցանցը։ 2013-ին jw.org վեբ կայքը մատչելի դարձավ մոտ 300 լեզուներով, իսկ բեռնելու համար նախատեսված Աստվածաշնչի վրա հիմնված նյութերը՝ ավելի քան 520 լեզուներով։ Ամեն օր կայքը մոտ 750000 այցելու է ունենում։ Ամեն ամիս կայքից բեռնվում է ավելի քան 3 միլիոն գիրք, 4 միլիոն ամսագիր և 22 միլիոն ձայնագրություն։

21. Ի՞նչ ենք տեսնում Սինայի հետ կապված դեպքից։

21 Վեբ կայքը արդյունավետ միջոց է Աստծու Թագավորության բարի լուրը տարածելու համար նույնիսկ այնպիսի երկրներում, որտեղ մեր քարոզչական գործունեությունը սահմանափակված է։ Օրինակ՝ 2013թ. սկզբներին Սինա անունով մի մարդ գտավ jw.org կայքը և զանգահարեց գլխավոր վարչություն, որը գտնվում է ԱՄՆ-ում։ Նա ուզում էր ավելի շատ տեղեկություն ստանալ Աստվածաշնչի մասին։ Ինչո՞վ էր այս դեպքն առանձնահատուկ։ Սինան ապրում է մի մուսուլմանական երկրի հեռավոր գյուղում։ Այդ երկրում Եհովայի վկաների գործունեությունը խիստ սահմանափակ է։ Ուստի քայլեր ձեռնարկվեցին, որ ինտերնետի միջոցով ԱՄՆ-ում ապրող մի եղբայր Սինայի հետ շաբաթը 2 անգամ Աստվածաշնչի ուսումնասիրություն անցկացնի։

Անհատական մոտեցում

22, 23. ա) Ինչո՞ւ չի կարող որևէ մեթոդ փոխարինել տնետուն ծառայությանը։ բ) Ինչպե՞ս է Թագավորը օրհնել մեր ջանքերը։

22 Հասարակության լայն շերտերին բարի լուրը հասցնելու համար մեր օգտագործած մեթոդները՝ թերթերը, «Լուսադրաման», ռադիոհաղորդումները և ինտերնետային կայքը, չեն փոխարինի տնետուն ծառայությանը։ Աստծու ժողովուրդը հետևում է Հիսուսի թողած օրինակին։ Նա ոչ միայն քարոզում էր մարդկանց բազմությանը, այլև անհատական ուշադրություն էր դրսևորում յուրաքանչյուրի հանդեպ (Ղուկ. 19։1–5)։ Հիսուսն իր աշակերտներին սովորեցրեց նույնն անել և ասաց, թե ինչ պետք է քարոզեն (կարդա՛  Ղուկաս 10։1, 8–11)։ Ինչպես քննարկվեց 6-րդ գլխում, առաջնորդություն վերցնող եղբայրները Աստծու բոլոր ծառաներին միշտ հորդորել են քարոզել մարդկանց անհատապես (Գործ. 5։42; 20։20

23 Այժմ՝ Թագավորության ծնվելուց հարյուր տարի անց, ավելի քան 7,9 միլիոն քարոզիչ ակտիվորեն մասնակցում է Աստծու նպատակների մասին մարդկանց հայտնելու գործին։ Ակնհայտ է, որ Թագավորը օրհնել է այն բոլոր մեթոդները, որ կիրառել ենք Թագավորությունը հռչակելու համար։ Հաջորդ գլխից կիմանանք, որ նա նաև ապահովել է մեզ անհրաժեշտ «գործիքներով», որպեսզի բարի լուրը քարոզենք ամեն ազգի, ցեղի և լեզվի (Հայտն. 14։6

a 1957-ին առաջնորդություն վերցնող եղբայրները որոշեցին փակել մեր ռադիոկայաններից վերջինը՝ WBBR-ը։