Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 11

Բարոյական մաքրություն— Արտացոլել Աստծու սրբությունը

Բարոյական մաքրություն— Արտացոլել Աստծու սրբությունը

ՔՆՆԱՐԿՄԱՆ ԹԵՄԱՆ

Թագավորը սովորեցնում է իր հպատակներին, որ հետևեն Աստծու սահմանած չափանիշներին

Պատկերացրու՝ մտնում ես Եհովայի հոգևոր մեծ տաճարի դրսի գավիթը

1. Ի՞նչ տեսիլք տրվեց Եզեկիելին։

 ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ՝ մոտենում ես մի հսկա, հոյակերտ տաճարի։ Տեսնում ես զորեղ հրեշտակի, որը պատրաստ է քեզ ցույց տալ այդ հիասքանչ վայրը։ Բարձրանում ես յոթ աստիճաններով, որոնք տանում են դեպի երեք դռներից մեկը։ Մոտ 30 մետր բարձրություն ունեցող այդ ահռելի դռներն իրոք որ տպավորիչ են։ Մուտքի աջ և ձախ կողմերում պահապանների սենյակներն են։ Արմավենու նմանությամբ քանդակված սյուները վեհաշուք տեսք են հաղորդում շինությանը։ Այսպիսի մի տեսիլք տրվեց Եզեկիել մարգարեին մոտ 25 դար առաջ (Եզեկ. 40։1–4, 10, 14, 16, 22; 41։20

2. ա) Ի՞նչ է ներկայացնում տեսիլքի տաճարը (տես նաև ծանոթագրությունը)։ բ) Ի՞նչ է ցույց տալիս մուտքի նկարագիրը։

2 Սա հոգևոր տաճարի մարգարեական տեսիլքն էր։ Եզեկիելի տեսիլքի նկարագիրը բավականին մանրամասն է և ծավալուն։ Այն զբաղեցնում է իր անունը կրող մարգարեական գրքի 40-ից մինչև 48-րդ գլուխները։ Այդ տաճարը ներկայացնում է Եհովայի մաքուր երկրպագությունը։ Ամեն հատված իր նշանակությունն ունի մեր երկրպագության մեջ։ a Ի՞նչ են նշանակում դռները, կամ՝ դարպասները։ Դրանք մեզ հիշեցնում են, որ ովքեր ուզում են Եհովային մաքուր երկրպագություն մատուցել, պետք է ապրեն Աստծու բարձր և արդար չափանիշներով։ Քանդակված արմավենիները նույնպես նման նշանակություն ունեն, քանի որ Աստվածաշնչում դրանք հաճախ արդարություն են խորհրդանշում (Սաղ. 92։12)։ Իսկ ի՞նչ են խորհրդանշում պահապանների սենյակները։ Դրանք ցույց են տալիս, որ ովքեր չեն հետևում Աստծու չափանիշներին, նրանց թույլ չի տրվում մտնել մաքուր երկրպագության այս հիասքանչ և կենարար վայրը (Եզեկ. 44։9

3. Ինչո՞ւ շարունակաբար մաքրվելու կարիք կա։

3 Ինչպե՞ս է կատարվել Եզեկիելի տեսիլքը։ Այս գրքի 2-րդ գլխից իմացանք, որ 1914-ից մինչև 1919-ի սկիզբը Եհովան Քրիստոսի միջոցով մաքրեց ու զտեց իր ժողովրդին։ Արդյո՞ք դրանով ավարտվեց Աստծու ծառաների մաքրումը։ Բոլորովի՛ն։ Անցած հարյուր տարվա ընթացքում Հիսուսը շարունակաբար ընդգծել է Եհովա Աստծու սահմանած վարքի սուրբ չափանիշները։ Ինչո՞ւ։ Անընդհատ նորանոր մարդիկ են դուրս գալիս բարոյապես ապականված այս աշխարհից ու դառնում Հիսուսի հետևորդները, ուստի շարունակական մաքրման կարիք կա։ Մյուս կողմից՝ Սատանան մշտապես ջանքեր է գործադրում, որպեսզի նրանց կրկին քաշի դեպի այս աշխարհի կեղտոտ հորձանուտը (կարդա՛  2 Պետրոս 2։20–22)։ Քննենք երեք ոլորտ, որոնց առնչությամբ ճշմարիտ քրիստոնյաները պարբերաբար առաջնորդություն են ստացել, որպեսզի սուրբ և մաքուր լինեն։ Նախ՝ կծանոթանանք որոշ բարոյական հարցերի վերաբերյալ տրված առաջնորդություններին, հետո՝ ժողովի մաքրությունը պահելու հետ կապված կարևոր փոփոխություններին, ապա՝ ընտանեկան կառույցի ամրապնդման հարցերին։

Առաջնորդություն տարիների ընթացքում

4, 5. Ի՞նչ թակարդ է Սատանան հաջողությամբ կիրառում դարեր շարունակ։

4 Եհովայի ժողովուրդը միշտ էլ մեծ ուշադրություն է դարձրել բարոյական բարձր ու արդար չափանիշներին և հետևել է նման հարցերի վերաբերյալ տրված հստակ առաջնորդությանը։ Քննենք այդ հարցերից մի քանիսը։

5 Սեռական անբարոյություն։ Եհովան սեռական հարաբերությունները որպես պարգև տվել է ամուսնական զույգերին։ Այդ հարաբերությունները պետք է լինեն մաքուր և գեղեցիկ։ Սակայն Սատանան այդ պարգևը, դուրս բերելով ամուսնական կառույցի սահմաններից, վերածում է գարշելի մի բանի և օգտագործում է Աստծու ծառաներին փորձելու և նրանց Աստծու աչքից գցելու համար։ Այդ թակարդը նա հաջողությամբ է կիրառել դեռևս Բաղաամի օրերում և ավելի մեծ հաջողությամբ շարունակում է կիրառել այս վերջին օրերում (Թվեր 25։1–3, 9; Հայտն. 2։14

6. Ի՞նչ երդում տպագրվեց «Դիտարանում», ինչպե՞ս էր այն կիրառվում և ինչպե՞ս դուրս եկավ կիրառությունից (տես նաև ծանոթագրությունը)։

6 Սատանայի լարած թակարդը չընկնելու համար 1908թ. հունիսի 15-ի «Դիտարանում» տպվեց մի երդում, որը վերջանում էր հետևյալ խոսքերով. «Ամեն տեղ ու ամեն ժամանակ հակառակ սեռի ներկայացուցչի հետ մենակ լինելու դեպքում ես կվարվեմ նրա հետ այնպես, ինչպես կվարվեի հասարակության մեջ»։ b Չնայած որ այդ երդումը տալը պարտադիր չէր, սակայն շատերը երդվում էին և իրենց անունները ներկայացնում էին «Դիտարանում» տպելու համար։ Տարիներ անց նկատվեց, որ թեև ժամանակին այն շատերի համար էր օգտակար եղել, բայց աստիճանաբար դարձել էր պարզապես մի արարողություն, ուստի կիրառությունից դուրս եկավ։ Այդուհանդերձ, միշտ խրախուսվել է հետևել այն բարձր բարոյական սկզբունքներին, որ ամփոփված էին այնտեղ։

7. Ի՞նչ խնդրի մասին էր խոսվում 1935թ. «Դիտարանում», և ի՞նչ էր ընդգծվում։

7 Սատանայի հարձակումները ուժգնանում էին։ 1935-ի մարտի 1-ի «Դիտարանում» բացահայտ անդրադարձ եղավ մի խնդրի վրա, որը գնալով գլուխ էր բարձրացնում Աստծու ժողովրդի մեջ։ Ոմանք ակներևաբար մտածում էին, որ ծառայությանը մասնակցելով՝ ազատվում են Եհովայի սահմանած բարոյական բարձր չափանիշներին հետևելուց։ «Դիտարանում» ուղիղ ասվում էր. «Յուրաքանչյուրս պետք է հիշենք, որ վկայություն տալու գործում մասնակցելը միակ բանը չէ, որ պահանջվում է մեզանից։ Եհովայի վկաները Աստծու ներկայացուցիչներն են, ուստիև պարտավոր են պատշաճորեն ներկայացնել Եհովային և նրա Թագավորությունը»։ Այնուհետև հոդվածում հստակ խորհուրդներ էին տրվում ամուսնական կյանքի և բարոյականության մասին, որպեսզի Աստծու ժողովուրդը «փախչի պոռնկությունից» (1 Կորնթ. 6։18

8. Ինչո՞ւ է «Դիտարանը» պարբերաբար խոսում «պոռնիա» բառի իմաստի մասին։

8 Վերջին տասնամյակներում «Դիտարանը» ավելի հաճախ է խոսում հունարեն պոռնիա բառի մասին, որը Աստվածաշնչում օգտագործվել է սեռական անբարոյության առնչությամբ։ Այս բառի իմաստը չի վերաբերում միայն բուն սեռական հարաբերությանը։ Պոռնիա բառը ավելի լայն իմաստ ունի։ Այն վերաբերում է բոլոր անբարո և լկտի սանձարձակություններին, որ լինում էին հասարակաց տներում։ Այս կերպ Քրիստոսի հետևորդները պաշտպանված են եղել այն այլասերված վարքից, որն այսօր համաճարակի պես տարածված է ողջ աշխարհում (կարդա՛  Եփեսացիներ 4։17–19

9, 10. ա) Ո՞ր հարցի մասին էր նաև խոսվում 1935թ. «Դիտարանում»։ բ) Ո՞րն է Աստվածաշնչի տեսակետը ալկոհոլի վերաբերյալ։

9 Ալկոհոլի չարաշահում։ 1935թ. մարտի 1-ի «Դիտարանը» բարոյականությանն առնչվող մեկ այլ կարևոր հարցի էլ էր անդրադառնում։ Այնտեղ ասվում էր. «Նկատվել է նաև, որ ոմանք մասնակցում են ծառայությանը և կազմակերպության մեջ այլ պատասխանատվություններ են իրականացնում խմիչքի ազդեցության տակ։ Որքանո՞վ է Աստվածաշունչը հավանություն տալիս գինու օգտագործմանը։ Պատշա՞ճ է արդյոք, որ անհատը այնքան գինի օգտագործի, որ այն ազդի Տիրոջ կազմակերպության մեջ նրա մատուցած ծառայության վրա»։

10 Որպես պատասխան՝ քննարկվում էր ալկոհոլային խմիչքների օգտագործման վերաբերյալ Աստվածաշնչի հավասարակշռված տեսակետը։ Աստծու Խոսքը չի դատապարտում գինու կամ այլ խմիչքի չափավոր օգտագործումը, բայց այն խստորեն դատապարտում է հարբեցողությունը (Սաղ. 104։14, 15; 1 Կորնթ. 6։9, 10)։ Ինչ վերաբերում է ալկոհոլի ազդեցության տակ սուրբ ծառայություն մատուցելուն, Ահարոնի որդիների օրինակով միշտ հիշեցումներ են տրվել Աստծու ժողովրդին։ Աստված մահվան մատնեց նրանց, քանի որ «ապօրինի կրակով խունկ մատուցեցին» իր առաջ։ Այն, թե ինչ եղավ հետո, ցույց է տալիս, թե որը կարող էր լինել պատճառը. այդ դեպքից հետո Եհովան օրենք տվեց, որը արգելում էր բոլոր քահանաներին ալկոհոլ օգտագործել, երբ պետք է կատարեին իրենց սուրբ պարտականությունները (Ղևտ. 10։1, 2, 8–11)։ Այսօր, կիրառելով այդ օրենքի հիմքում ընկած սկզբունքը, Քրիստոսի հետևորդները զգուշանում են, որ սուրբ ծառայություն մատուցելիս ալկոհոլի ազդեցության տակ չլինեն։

11. Ինչո՞ւ կարելի է օրհնություն համարել ալկոհոլիզմի վերաբերյալ առաջնորդությունը։

11 Վերջին տասնամյակներում ավելի խորությամբ քննարկվեց ալկոհոլիզմը՝ ալկոհոլ օգտագործելու մշտական ցանկությունն ու կախվածությունը։ Ժամանակին տրված հոգևոր կերակուրի շնորհիվ շատերը հաղթահարել են այդ կախվածությունը և կարողացել են վերահսկել իրենց։ Շատ շատերին էլ դա օգնել է, որ խուսափեն նման խնդրի առաջ կանգնելուց։ Քրիստոսի հետևորդները հասկացել են, որ ոչ մի դեպքում չպետք է թույլ տան, որ ալկոհոլի օգտագործումը պատճառ լինի, որ կորցնեն իրենց արժանապատվությունը, ընտանիքը և ամենակարևորը՝ Եհովային մաքուր երկրպագություն մատուցելու առանձնաշնորհումը։

«Պատկերացնո՞ւմ եք, որ մեր Տիրոջ վրայից ծխախոտի հոտ գար, կամ նա իր բերանը որևէ պիղծ բան դներ։ Դա անհնա՛ր է» (Չ. Թ. Ռասել)

12. Քրիստոսի հետևորդները ի՞նչ տեսակետ են ունեցել ծխախոտի վերաբերյալ։

12 Ծխախոտի օգտագործում։ Դեռ վերջին օրերը չէին սկսվել, երբ ակնհայտ դարձավ, որ Քրիստոսի հետևորդներին չի խրախուսվում ծխախոտ օգտագործել։ Տարիներ առաջ տարեց եղբայր Չարլզ Քեյփընը պատմեց, թե ինչպես է եղել Չարլզ Թեյզ Ռասելի հետ իր առաջին հանդիպումը 19-րդ դարի վերջերին։ Այդ ժամանակ նա 13 տարեկան էր։ Իր երեք եղբայրների հետ կանգնած էր Ալեգեյնիում գտնվող Աստվածաշնչի տան աստիճաններին (Փենսիլվանիա)։ Նրանց կողքով անցնելիս եղբայր Ռասելն ասաց. «Տղանե՛ր, ծխո՞ւմ եք։ Ծխախոտի հոտ է գալիս»։ Նրանք վստահեցրին, որ չեն ծխում։ Ռասելի վերաբերմունքը ծխախոտի հանդեպ հստակ էր։ 1895թ. օգոստոսի 1-ի «Դիտարանում» եղբայր Ռասելը 2 Կորնթացիներ 7։1 համարի վերաբերյալ հետևյալը գրեց. «Եթե քրիստոնյան ծխախոտ օգտագործի, ինչպե՞ս դա փառք կբերի Աստծուն.... Պատկերացնո՞ւմ եք, որ մեր Տիրոջ վրայից ծխախոտի հոտ գար, կամ նա իր բերանը որևէ պիղծ բան դներ։ Դա անհնա՛ր է»։

13. 1973-ին ի՞նչ հստակեցում եղավ։

13 1935-ին «Դիտարանում» գրվեց, որ ծխախոտը պիղծ է, և ով որ ծամի այն կամ ծխի, չի կարող լինել Բեթելի ընտանիքի անդամ, ծառայել որպես Աստծու կազմակերպության ներկայացուցիչ՝ լինի ռահվիրայական թե շրջագայական գործում։ Լրացուցիչ հստակեցում տրվեց 1973-ին։ Հունիսի 1-ի «Դիտարանում» ասվում էր, որ ժողովում ոչ մի Վկա չի կարող օրինակելի համարվել, եթե շարունակի հետևել կյանքին սպառնացող այդ պիղծ սովորությանը, որը նաև սիրո դրսևորում չէ։ Ովքեր չցանկանային թողնել այդ սովորությունը, պետք է զրկվեին ընկերակցությունից։ c Քրիստոսը հոգ տարավ, որ իր հետևորդները մեկ այլ առնչությամբ էլ մաքուր լինեն։

14. Ի՞նչ չափանիշ է Աստված հաստատել արյան վերաբերյալ, սակայն, դրան հակառակ, ի՞նչն է այսօր տարածված։

14 Արյուն։ Նոյի օրերում Աստված ասել էր, որ արյուն ուտելը սխալ է։ Նա կրկին հաստատեց դա Իսրայել ազգին տված իր Օրենքում։ Առաջին դարի քրիստոնյաները նույնպես պատվեր ստացան «հեռու մնալ.... արյունից» (Գործ. 15։20, 29; Ծննդ. 9։4; Ղևտ. 7։26)։ Զարմանալի չէ, որ մեր ժամանակներում Սատանան միջոց է գտել շատերին մղելու համար, որ արհամարհեն Աստծու սահմանած այս չափանիշը։ Դեռևս 19-րդ դարում բժիշկները արյան փոխներարկման փորձեր էին կատարում, իսկ երբ հայտնաբերվեցին արյան տարբեր կարգերը, փոխներարկումը մեծ տարածում գտավ։ 1937-ից բժիշկները սկսեցին դոնորային արյուն հավաքել և պահեստավորել արյան բանկերում։ Իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին բժշկության մեջ արյան կիրառությունը մեծ թափ առավ։ Կարճ ժամանակ անց ամբողջ աշխարհում արյան փոխներարկումը ընդունված բուժմեթոդ դարձավ։

15, 16. ա) Ի՞նչ դիրքորոշում ունեն Եհովայի վկաները արյան փոխներարկման վերաբերյալ։ բ) Ի՞նչ աջակցություն են ստացել Քրիստոսի հետևորդները այս հարցում, և ի՞նչ արդյունքներ է այն ունեցել։

15 Դեռևս 1944-ին «Դիտարանը» հստակ նշեց, որ արյան փոխներարկում ընդունելը համազոր է արյուն ուտելուն։ Հաջորդ տարի սուրբգրային այս սկզբունքը ավելի ընդգծվեց և հստակեցվեց։ 1951-ին մի շարք հարցերի և պատասխանների ցուցակ հրատարակվեց, որը օգնելու էր Աստծու ծառաներին հայտնել իրենց դիրքորոշումը բժիշկներին։ Ամբողջ աշխարհում Քրիստոսի հետևորդները համարձակորեն պահում էին իրենց հավատարմությունը, չնայած որ դրա համար հաճախ արհամարհվում էին, թշնամական վերաբերմունքի էին արժանանում և նույնիսկ դաժանորեն հալածվում։ Քրիստոսը շարունակում էր առաջնորդել Աստծու կազմակերպությունը՝ տալով անհրաժեշտ աջակցություն իր հետևորդներին. լույս էին տեսնում մանրամասն և խորը հետազոտություններ պարունակող հոդվածներ ու գրքույկներ։

16 1979-ին որոշ երեցներ սկսեցին այցելել հիվանդանոցներ՝ նպատակ ունենալով օգնել բժիշկներին հասկանալ մեր դիրքորոշումը և դրա սուրբգրային հիմքերը, ինչպես նաև նրանց ծանոթացնել արդեն կիրառվող այլընտրանքային բուժմեթոդներին։ 1980-ին Միացյալ Նահանգների 39 տարբեր քաղաքներից որոշ երեցներ հատուկ կրթություն ստացան այս գործի համար։ Հետագայում Կառավարիչ մարմնի հավանությամբ աշխարհի տարբեր ծայրերում կազմվեցին Հիվանդանոցների հետ կապի կոմիտեներ։ Ի՞նչ արդյունքներ են տվել այս ջանքերը։ Այսօր տասնյակ հազարավոր մասնագետներ՝ բժիշկներ, վիրաբույժներ և անեսթեզիոլոգներ, համագործակցում են Վկա պացիենտների հետ՝ հարգելով առանց արյան փոխներարկման բուժօգնություն ստանալու նրանց ցանկությունը։ Գնալով ավելի շատ հիվանդանոցներ են անարյուն բուժօգնություն տրամադրում. ոմանք անգամ դա համարում են բարձրակարգ բուժսպասարկման չափանիշ։ Մի՞թե մեր սիրտը չի լցվում հիացմունքով, երբ մտածում ենք, թե ինչ կերպերով է Հիսուսը մաքուր պահում իր հետևորդներին՝ չնայած Սատանայի մշտական ջանքերին (կարդա՛  Եփեսացիներ 5։25–27

Գնալով ավելի շատ հիվանդանոցներ են անարյուն բուժօգնություն տրամադրում. ոմանք անգամ դա համարում են բարձրակարգ բուժսպասարկման չափանիշ

17. Ինչպե՞ս ենք ցույց տալիս, որ գնահատում ենք իր հետևորդներին մաքուր պահելու Քրիստոսի ջանքերը։

17 Լավ կլինի, որ յուրաքանչյուրս իրեն հարցնի. «Գնահատո՞ւմ եմ այն, թե ինչպես է Քրիստոսը մաքրում ու զտում իր հետևորդներին՝ սովորեցնելով, որ կառչած մնան Եհովայի բարոյական բարձր չափանիշներին»։ Չմոռանանք, որ Սատանան այսօր առավել քան երբևէ փորձում է հեռացնել մեզ Եհովայից և Հիսուսից՝ մեր սրտից արմատախիլ անելով նրա բարձր բարոյական չափանիշների հանդեպ խորին հարգանքը։ Նրա ազդեցությանը դիմադրելու համար Եհովայի կազմակերպությունը պարբերաբար սիրառատ նախազգուշացումներ և հիշեցումներ է տալիս մեզ, որ հեռու մնանք այս աշխարհի անբարո ճանապարհներից։ Եկեք միշտ զգոն լինենք, առանց դանդաղելու անհրաժեշտ փոփոխություններն անենք (Առակ. 19։20

Պահպանվում է ժողովի մաքրությունը

18. Աստծու չափանիշների դեմ ըմբոստացողների վերաբերյալ ի՞նչ հիշեցում ենք գտնում Եզեկիելի տեսիլքում։

18 Բարոյական մաքրությանն առնչվող երկրորդ ոլորտը վերաբերում է ժողովը մաքուր պահելուն։ Ցավոք, կան մարդիկ, ովքեր թեև ընդունել են Եհովայի սահմանած չափանիշները և նվիրել են իրենց կյանքը Աստծուն, սակայն հավատարիմ չեն մնացել իրենց որոշմանը։ Ոմանց սիրտը ժամանակի ընթացում փոխվել է, և նրանք սկսել են ըմբոստանալ այդ չափանիշների դեմ։ Ի՞նչ պետք է արվի նման դեպքում։ Հոգևոր տաճարի վերաբերյալ Եզեկիելի տեսիլքը, որի մասին խոսվեց գլխի սկզբում, կարող է հուշել մեզ։ Հիշո՞ւմ ես, բարձր դարպասներից ներս՝ աջ և ձախ կողմերում, պահապանների սենյակներն էին։ Պահապանները հսկում էին տաճարը, որպեսզի սրտով անթլփատները չմտնեին ներս (Եզեկ. 44։9)։ Սա հստակ հիշեցում է, որ մաքուր երկրպագությունը առանձնաշնորհում է՝ տրված միայն նրանց, ովքեր ձգտում են ապրել Եհովայի սահմանած վարքի բարձր չափանիշներով։ Նմանատիպ առանձնաշնորհում է նաև ճշմարիտ քրիստոնյաների հետ ընկերակցելը, որը այսօր ոչ բոլորին է տրված։

19, 20. ա) Ինչպե՞ս է Քրիստոսը աստիճանաբար հստակեցրել, թե ինչպես է հարկավոր վարվել լուրջ մեղք գործողների հետ։ բ) Չզղջացող անհատին ընկերակցությունից զրկելու ի՞նչ երեք պատճառներ կան։

19 Դեռևս 1892-ին «Դիտարանում» ասվում էր, որ «մեր պարտականությունն է ընկերակցությունից զրկել այն քրիստոնյաներին, ովքեր ուղղակի կամ անուղղակի կերպով ժխտում են, որ Քրիստոսը իր կյանքը փրկանք է տվել բոլորի համար» (կարդա՛  2 Հովհաննես 10)։ 1904-ին «Նոր ստեղծագործություն» գրքում գրվեց, որ ովքեր շարունակում են սխալ վարք դրսևորել, վտանգում են ժողովի բարոյական մաքրությունը։ Այդ տարիներին ողջ ժողովը մասնակցում էր «ժողովի դատավարություններին»՝ քննելու համար լուրջ մեղքերը։ Սակայն նման դեպքեր հազվադեպ էին լինում։ 1944-ին «Դիտարանում» ասվեց, որ այդպիսի հարցերով միայն պատասխանատու եղբայրները պետք է զբաղվեն։ Իսկ 1952-ին «Դիտարանում» սուրբգրային առաջնորդություն տրվեց իրավական հարցերը լուծելու վերաբերյալ՝ ընդգծելով չզղջացող անհատին ընկերակցությունից զրկելու գլխավոր պատճառը՝ ժողովի մաքրությունը։

20 Տասնամյակներ անց էլ Քրիստոսը շարունակում է օգնել իր հետևորդներին՝ հստակեցնելով, թե ինչպես պետք է վարվեն, երբ ժողովի անդամը լուրջ մեղք է գործում։ Երեցները մանրակրկիտ առաջնորդություն են ստանում, որ իրավական հարցերը լուծեն այնպես, ինչպես Եհովան է ուզում՝ արդարությունը հավասարակշռելով ողորմության հետ։ Չզղջացող անհատին ժողովի ընկերակցությունից զրկելու առնվազն երեք պատճառ կա՝ (1) Եհովայի անունը մաքուր պահել նախատինքից, (2) պաշտպանել ժողովը լուրջ մեղքի քայքայիչ ազդեցությունից, (3) մեղք գործողին մղել զղջալու, իհարկե եթե նա ընդունի խրատը։

21. Ինչո՞ւ է չզղջացողին վտարելու կարգադրությունը օրհնություն Աստծու ժողովրդի համար։

21 Գիտակցո՞ւմ ես, թե ինչու է չզղջացող մեղավորին ընկերակցությունից զրկելու կարգադրությունը օրհնություն Քրիստոսի հետևորդների համար։ Հին Իսրայելում մեղք գործողները հաճախ քայքայիչ ազդեցություն էին թողնում ողջ ազգի վրա։ Նրանց թիվը երբեմն նույնիսկ գերազանցել է այն մարդկանց թվին, ովքեր սիրում էին Եհովային և ուզում էին անել այն, ինչ ճիշտ է։ Այդպես ժողովուրդը նախատինք էր բերում Եհովայի անվանը և կորցնում էր նրա հաճությունը (Երեմ. 7։23–28)։ Սակայն այսօր Եհովայի ժողովուրդը բաղկացած է հոգևորապես հասուն տղամարդկանցից և կանանցից, և նրանք, ովքեր մեղք են գործում ու չեն զղջում, հեռացվում են նրանց միջից։ Այդպիսով թույլ չի տրվում, որ նրանք զենք դառնան Սատանայի ձեռքում և ավելի շատ վնասեն ժողովին ու նրա բարի համբավին։ Այդ մարդկանց ազդեցությունը հասցվում է նվազագույնի։ Արդյունքում՝ Աստծու ժողովուրդը շարունակում է վայելել նրա հավանությունը։ Հիշենք Եհովայի խոստումը. «Քո դեմ շինած ոչ մի զենք հաջողություն չի ունենա» (Ես. 54։17)։ Հավատարմորեն աջակցո՞ւմ ենք երեցներին, որոնց ուսերին է դրված իրավական հարցերը լուծելու դժվարին պատասխանատվությունը։

Փառք բերել ընտանիքների Հիմնադրին

22, 23. Ինչո՞ւ ենք երախտապարտ 20-րդ դարի սկզբում ապրած մեր հավատակիցներին, սակայն ո՞ր հարցում ավելի հավասարակշռված լինելու կարիք կար։

22 Բարոյական մաքրությանն առնչվող երրորդ ոլորտը, որի վերաբերյալ Քրիստոսի հետևորդները շարունակաբար առաջնորդություն են ստանում, ամուսնությունը և ընտանեկան կյանքն է։ Տարիների ընթացքում փոխվե՞լ է մեր տեսակետը այս կառույցի վերաբերյալ։ Այո՛։ Օրինակ՝ երբ կարդում ենք 20-րդ դարի սկզբում ապրած Աստծու ծառաների մասին, պարզապես ապշում ենք՝ տեսնելով նրանց դրսևորած անձնուրաց ոգին։ Մենք խորապես երախտապարտ ենք նրանց, որ սուրբ ծառայությունը իրենց կյանքում ամեն բանից վեր են դասել։ Բայց միևնույն ժամանակ գիտակցում ենք, որ կարիք կար որոշ հարցերում ավելի հավասարակշռված լինելու։

23 Բանն այն է, որ երբ եղբայրները ստանում էին շրջագայական գործի կամ այլ ծառայության հետ կապված որոշ հանձնարարություններ, ամիսներ շարունակ հեռու էին լինում տնից։ Այն ժամանակ չէր խրախուսվում ամուսնանալ։ Այս հարցի վերաբերյալ մեր գրականության մեջ ավելի խիստ տեսակետ էր արտահայտվում, քան Աստվածաշնչում է։ Պահպանվե՞լ է այդ տեսակետը առայսօր։ Ակնհայտ է, որ ոչ։

Աստվածապետական հանձնարարությունները չպետք է արվեն ընտանեկան պարտականությունների հաշվին

24. Ինչպե՞ս է Քրիստոսը օգնել իր հետևորդներին հավասարակշռված տեսակետ ունենալ ամուսնության և ընտանիքի վերաբերյալ։

24 Աստվածապետական հանձնարարությունները չպետք է արվեն ընտանեկան պարտականությունների հաշվին (կարդա՛  1 Տիմոթեոս 5։8)։ Քրիստոսը հոգ տարավ, որ իր հավատարիմ հետևորդները ամուսնական և ընտանեկան կյանքի վերաբերյալ Աստվածաշնչի վրա հիմնված, հավասարակշռված խորհուրդներ ստանան (Եփես. 3։14, 15)։ 1978-ին լույս տեսավ «Ընտանեկան կյանքդ երջանիկ դարձրու» գիրքը, որին 18 տարի անց հաջորդեց «Ընտանեկան երջանկության գաղտնիքը» գիրքը։ Բացի այդ, «Դիտարանում» պարբերաբար տպագրվում են բազմաթիվ հոդվածներ ամուսնական զույգերի համար՝ օգնելու նրանց, որ իրենց ընտանիքում կիրառեն սուրբգրային սկզբունքները։

25–27. Ինչպե՞ս է տարիների ընթացքում ավելի մեծ ուշադրություն դարձվել երեխաների կարիքներին։

25 Ինչ վերաբերում է երեխաներին, տարիների ընթացքում նրանց կարիքներին նույնպես ավելի մեծ ուշադրություն է դարձվել։ Եհովայի կազմակերպությունը դեռ վաղ տարիներին տարբեր տարիքի երեխաների համար հետաքրքիր նյութեր էր պատրաստում։ Ժամանակին զուգահեռ դրանք դարձան ավելի առատ ու բազմազան։ Օրինակ՝ 1919–1921թթ.-ին «Ոսկե դարում» լույս էին տեսնում «Աստվածաշնչի ուսումնասիրություն պատանիների համար» խորագրով հոդվածներ։ 1920-ին լույս տեսավ «Ոսկե դարի այբբենարանը» գրքույկը, իսկ 1941-ին՝ «Երեխաներ» գիրքը։ 1970-ականներին լույս տեսան «Լսեցեք Մեծ Ուսուցչին», «Լավագույնը քաղեք ձեր երիտասարդությունից» և «Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն» գրքերը։ 1982-ից «Արթնացե՛ք»-ում պարբերաբար սկսեցին տպվել «Երիտասարդները հարցնում են» խորագրով հոդվածներ, որոնց հիման վրա 1989-ին լույս տեսավ «Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ» գիրքը։

Երեխաները ուրախ էին, որ համաժողովին ստացան «Իմ դասը Աստվածաշնչից» գրքույկը (Գերմանիա)

26 Այսօր մենք ունենք «Երիտասարդների հարցերը» գրքի երկհատորյակը, իսկ մեր jw.org կայքում պարբերաբար տեղադրվում են այս խորագրով հոդվածներ։ Այսօր ունենք նաև «Սովորիր Մեծ Ուսուցչից» գիրքը։ Մեր կայքում երեխաների համար կան բազմազան նյութեր՝ աստվածաշնչյան քարտեր, ուսումնասիրություն և փնտրտուքներ անելու առաջադրանքներ, տեսանյութեր, պատկերազարդ պատմություններ, իսկ մինչև երեք տարեկան մանուկների համար՝ դասեր Աստվածաշնչից։ Հստակ է, որ Հիսուսի վերաբերմունքը երեխաների հանդեպ չի փոխվել այն ժամանակից ի վեր, երբ երկրի վրա էր և իր շուրջը հավաքեց ու գիրկն առավ նրանց (Մարկ. 10։13–16)։ Նա ուզում է, որ երեխաները սիրված զգան իրենց և հոգևոր առումով կուշտ լինեն։

27 Հիսուսը նաև ուզում է, որ երեխաները պաշտպանված լինեն։ Բարոյապես ապականված այս աշխարհը ավելի ու ավելի է այլասերվում, և մանկապղծության չարիքը մեծ մասշտաբների է հասնում։ Այդ իսկ պատճառով կոնկրետ ու հստակ նյութեր են տպվել, որպեսզի օգնեն ծնողներին պաշտպանել իրենց երեխաներին այս չարիքի զոհը դառնալուց։ d

28. ա) Ի՞նչ է հարկավոր անել, եթե ուզում ենք Աստծուն երկրպագել հոգևոր տաճարում։ բ) Ի՞նչ ես վճռել անել։

28 Մի՞թե մեզ չի ոգևորում այն փաստը, որ Քրիստոսը շարունակում է զտել իր հետևորդներին՝ սովորեցնելով խորապես հարգել Եհովայի սահմանած բարոյական բարձր չափանիշները, ապրել դրանց համաձայն և օգուտներ քաղել։ Դարձյալ մտածիր Եզեկիելի տեսիլքի տաճարի մասին։ Հիշիր բարձր դռները։ Ճիշտ է, այդ տաճարը հոգևոր է, ոչ թե ֆիզիկական, բայց տեսնո՞ւմ ես դու այն։ Իրակա՞ն է այս տաճարը քեզ համար։ Պարզապես Թագավորության սրահ գնալով, Աստվածաշունչը բացելով կամ ծառայության ժամանակ դռան զանգը տալով չէ, որ մտնում ենք այդ տաճար։ Դրանք տեսանելի գործեր են, որ կեղծավորներն էլ կարող են անել՝ առանց Եհովայի տաճարը մտնելու։ Իսկ եթե այս գործերն անելուց բացի նաև ապրում ենք Եհովայի բարձր չափանիշներով, մաքուր սրտով և անկեղծ մղումներով ենք ծառայում նրան, ապա կարելի է ասել, որ մտել ենք տաճար և այդ սուրբ վայրում մաքուր երկրպագություն ենք մատուցում Եհովա Աստծուն։ Թող որ միշտ թանկ գնահատենք այս առանձնաշնորհումը և ամեն ջանք թափենք, որ արտացոլենք Եհովայի սրբությունը՝ առաջնորդվելով նրա արդար չափանիշներով։

a 1932թ.-ին «Արդարացում» գրքի 2-րդ հատորում առաջին անգամ բացատրվեց, որ Աստծու ժողովրդի հայրենիք վերադառնալու մասին մարգարեությունների ժամանակակից կատարումը վերաբերում է ոչ թե մարմնավոր Իսրայելին, այլ հոգևոր։ Այդ մարգարեությունները մատնանշում են մաքուր երկրպագության վերականգնումը։ 1999-ի մարտի 1-ի «Դիտարանում» բացատրվեց, որ դրանցից մեկը Եզեկիելի տեսած տաճարի տեսիլքն է և այն կարևոր կատարում ունի վերջին օրերի ընթացքում։

b Այս երդումը ներառում էր այն միտքը, որ եթե տղամարդն ու կինը ամուսիններ կամ ընտանիքի անդամներ չեն և մենակ են սենյակում, ապա սենյակի դուռը պետք է լայն բացված լինի։ Տարիներ շարունակ Բեթելի ընտանիքը առավոտյան երկրպագության ժամանակ ամեն օր տալիս էին այս երդումը։

c Ծխախոտի գործածման մեջ մտնում է այն ծխելը, ծամելը և նման նպատակներով աճեցնելը։

d Օրինակ՝ տես «Սովորիր Մեծ Ուսուցչից» գրքի 32-րդ գլուխը և 2007թ. հոկտեմբերի «Արթնացե՛ք»-ի 3–11-րդ էջերի տեղեկությունը (անգլ., ռուս.)։