Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 16

Հանդիպումներ երկրպագության համար

Հանդիպումներ երկրպագության համար

ՔՆՆԱՐԿՄԱՆ ԹԵՄԱՆ

Ինչպես են ձևավորվել մերօրյա հանդիպումները, և որքան կարևոր են դրանք

1. Երբ աշակերտները հավաքված էին, ի՞նչ օգնություն նրանք ստացան, և ինչո՞ւ դրա կարիքը կար։

 ՀԻՍՈՒՍԻ հարություն առնելուց կարճ ժամանակ անց աշակերտները հավաքվել էին՝ իրար քաջալերելու համար։ Նրանք կողպել էին դռները, քանի որ վախենում էին թշնամիներից։ Սակայն այդ վախը, ըստ ամենայնի, անմիջապես անհետացավ, երբ Հիսուսը հայտնվեց սենյակում և ասաց. «Առե՛ք սուրբ ոգին» (կարդա՛  Հովհաննես 20։19–22)։ Հետո աշակերտները կրկին հավաքված էին, երբ Եհովան սուրբ ոգին թափեց նրանց վրա։ Դա զորացրեց ու քաջությամբ լցրեց նրանց, որ կատարեն իրենց հանձնարարված քարոզչական գործը (Գործ. 2։1–7

2. ա) Ինչպե՞ս է Եհովան զորացնում մեզ, և ինչո՞ւ դրա կարիքը կա։ բ) Ինչո՞ւ է ընտանեկան երկրպագությունը անչափ կարևոր (տես ծանոթագրությունը և « Ընտանեկան երկրպագություն» շրջանակը, էջ 175)։

2 Մենք նույն խնդիրներն ու զգացումներն ենք ունենում, ինչ ունեցել են առաջին դարում ապրած մեր եղբայրները (1 Պետ. 5։9)։ Երբեմն մեզնից ոմանց տանջում է մարդավախությունը, և որպեսզի շարունակենք մասնակցել քարոզելու գործին, Եհովայի տված զորության կարիքն ենք ունենում (Եփես. 6։10)։ Եհովան տալիս է այդ ուժն ու քաջությունը ժողովների միջոցով։ Այսօր շաբաթական անցկացվում են երկու կրթական հանդիպումներ. շաբաթ կամ կիրակի՝ Հանրային հանդիպում և «Դիտարանի» ուսումնասիրություն, իսկ աշխատանքային օրերին՝ Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպումը։ a Նաև տարեկան անցկացվում են չորս ավելի մեծ հավաքույթներ՝ տարածաշրջանային համաժողով, երկու շրջանային համաժողովներ և Քրիստոսի մահվան Հիշատակի երեկոն։ Ինչո՞ւ է կարևոր մասնակցել այս բոլոր հանդիպումներին։ Ինչպե՞ս ձևավորվեցին դրանք։ Դրանց հանդեպ մեր վերաբերմունքը ի՞նչ է ասում մեր մասին։

Ինչո՞ւ ենք հանդիպումներ անցկացնում

3, 4. Ի՞նչ է Եհովան պահանջել իր ժողովրդից։

3 Վաղուց ի վեր Եհովան պատվիրել է իր ժողովրդին, որ մեկտեղ հավաքվեն իրեն երկրպագելու համար։ Օրինակ՝ մ.թ.ա. 1513թ.-ին նա Իսրայել ազգին տվեց իր Օրենքը, որը ներառում էր նաև Շաբաթը պահելու օրենքը. բոլոր ընտանիքները ամեն շաբաթ օր պետք է միասին երկրպագեին Աստծուն և կրթվեին Օրենքից (2 Օրենք 5։12; 6։4–9)։ Քանի դեռ իսրայելացիները հետևում էին այդ պատվերին, նրանք զորանում էին, իսկ նրանց ընտանիքները՝ ամրանում։ Արդյունքում՝ ողջ ազգը հոգևորապես մաքուր էր մնում։ Սակայն երբ թերանում էին կատարել Օրենքը, անտեսելով կանոնավորաբար մեկտեղ հավաքվելու պատվերը, կորցնում էին Աստծու հավանությունը (Ղևտ. 10։11; 26։31–35; 2 Տար. 36։20, 21

4 Հիսուսը այս հարցում լավ օրինակ է թողել իր հետևորդներին։ Նա ամեն շաբաթ օր ժողովարան գնալու սովորություն ուներ (Ղուկ. 4։16)։ Նրա մահից և հարությունից հետո աշակերտները շարունակեցին կանոնավորաբար հավաքվել, թեև այլևս Օրենքի տակ չէին (Գործ. 1։6, 12–14; 2։1–4; Հռոմ. 14։5; Կող. 2։13, 14)։ Այդ հավաքույթների ժամանակ առաջին դարի քրիստոնյաները ոչ միայն կրթվում էին ու քաջալերվում, այլև Աստծուն գովաբանության զոհեր էին մատուցում իրենց աղոթքներով, երգերով և «շուրթերի պտուղներով» (Կող. 3։16; Եբր. 13։15

Հիսուսի աշակերտները մեկտեղ էին հավաքվում միմյանց զորացնելու և քաջալերելու համար

5. Ինչո՞ւ ենք մասնակցում մեր շաբաթական և տարեկան հավաքույթներին (տես նաև « Տարեկան հանդիպումներ, որ միավորել են Աստծու ժողովրդին» շրջանակը, էջ 176)։

5 Նմանապես այսօր, երբ մենք հաճախում ենք մեր շաբաթական հանդիպումներին և տարեկան համաժողովներին, ցույց ենք տալիս, որ Աստծու Թագավորության աջակիցներ ենք։ Դրանց ժամանակ մենք զորանում ենք սուրբ ոգով և քաջալերում ենք միմյանց՝ արտահայտելով մեր հավատը։ Բացի դրանից, մենք նաև հնարավորություն ենք ունենում երկրպագելու Աստծուն մեր աղոթքներով, երգերով և մեկնաբանություններով։ Ճիշտ է, մեր հանդիպումները փոքր-ինչ տարբերվում են վաղեմի իսրայելացիների և առաջին դարի քրիստոնյաների հավաքույթներից, սակայն դրանք նույնքան կարևոր են։ Իսկ ինչպե՞ս են ձևավորվել մեր ներկայիս հավաքույթները։

Շաբաթական հանդիպումներ, որոնք «սիրո և բարի գործերի» են մղում

6, 7. ա) Ո՞րն է մեր հանդիպումների նպատակը։ բ) Ինչպե՞ս էին նախկինում հանդիպումները խմբից խումբ տարբերվում։

6 Երբ եղբայր Չարլզ Թեյզ Ռասելը սկսեց ճշմարտությունը փնտրել Աստծու Խոսքում, նա անհրաժեշտ համարեց մեկտեղ հավաքվել նրանց հետ, ովքեր նույն նպատակն ունեն։ 1879-ին նա գրեց. «Պիտսբուրգում մենք Աստվածաշունչ ուսումնասիրելու համար դասարան ենք կազմել և հավաքվում ենք ամեն կիրակի»։ «Դիտարանի» ընթերցողները միասին հավաքվելու հորդոր ստացան, և 1881-ին Պիտսբուրգում արդեն ամեն չորեքշաբթի և կիրակի հանդիպումներ էին անցկացվում։ 1895թ. նոյեմբերի «Դիտարանում» ասվում էր, որ այդ հանդիպումների նպատակն է զարգացնել «քրիստոնեական ընկերակցություն, սեր ու միասնություն» և հաճախողներին հնարավորություն տալ միմյանց քաջալերելու (կարդա՛  Եբրայեցիներ 10։24, 25

7 Երկար տարիներ Աստվածաշունչ ուսումնասիրողների առանձին խմբերի անցկացրած հանդիպումները տարբերվում էին իրարից։ Օրինակ՝ Միացյալ Նահանգներում խմբերից մեկի ուղարկած նամակում, որը տպվեց 1911-ին, ասվում էր. «Մենք ամեն շաբաթ առնվազն հինգ անգամ հանդիպում ենք անցկացնում»։ Նրանք հավաքվում էին երկուշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի և երկու անգամ էլ կիրակի օրը։ Իսկ Աֆրիկայից ստացված մի նամակում, որը տպվեց 1914-ին, ասվում էր. «Մենք ամիսը երկու անգամ հանդիպումներ ենք անցկացնում, որոնք տևում են ուրբաթից կիրակի»։ Սակայն ժամանակի ընթացքում հանդիպումները ձևափոխվեցին և դարձան այնպիսին, ինչպիսին այսօր են։ Հակիրճ ծանոթանանք դրանցից յուրաքանչյուրի պատմությանը։

8. Նախկինում որո՞նք էին հանրային ելույթների թեմաներից մի քանիսը։

8 Հանրային հանդիպում։ 1880-ին՝ մեկ տարի անց այն ժամանակից, երբ հրատարակվեց առաջին «Սիոնի Դիտարանը», եղբայր Ռասելը, հետևելով Հիսուսի օրինակին, ձեռնարկեց մի շրջագայություն (Ղուկ. 4։43)։ Տարբեր տեղերում նա պետք է քարոզներ կարդար հանրության առաջ։ Դա հիմք ծառայեց, որ ժամանակի ընթացքում ձևավորվի ներկայիս Հանրային հանդիպումը։ «Դիտարանը», տեղեկացնելով այդ շրջագայության մասին, նշում էր, որ եղբայր Ռասելը «ուրախ է անցկացնել հանրային հանդիպումներ «Աստծու Թագավորությանն առնչվող բաները» թեմայով»։ 1911-ին, երբ մի շարք երկրներում կազմավորվել էին դասարաններ՝ ժողովներ, հորդոր տրվեց, որ ամեն դասարան հմուտ հռետորներ ուղարկի շրջակա բնակավայրեր դատաստանի, փրկանքի և նման այլ թեմաների վերաբերյալ վեց ելույթներ ներկայացնելու համար։ Ամեն ելույթի վերջում հայտարարվելու էր հաջորդ շաբաթվա ելույթի վերնագիրը և այն ներկայացնող հռետորի անունը։

9. Ինչպե՞ս է ժամանակի ընթացքում ձևավորվել և փոփոխվել Հանրային հանդիպումը, և ինչպե՞ս կարող ես աջակցել դրան։

9 1945-ին «Դիտարանում» հայտարարվեց, որ ամբողջ աշխարհում սկսվելու է Հանրային հանդիպման քարոզարշավ, ներկայացվելու էին ութ աստվածաշնչյան ելույթներ «ժամանակների հրատապ խնդիրների» վերաբերյալ։ Տասնամյակներ շարունակ նշանակված հռետորները ոչ միայն օգտվում էին հավատարիմ ծառայի տրամադրած թեմաներից, այլև ինքնուրույն էին ելույթներ կազմում և ներկայացնում։ Սակայն 1981-ին նրանք առաջնորդություն ստացան հետևելու միայն այն ելույթների պլանին, որոնք ուղարկվում էին ժողովներին։ b Մինչև 1990 թվականը որոշ պլաններում ընդգրկված էին ցուցադրումներ կամ հարցեր, որոնց օգնությամբ քննարկում էր անցկացվում ունկնդիրների հետ։ Բայց այդ տարի փոփոխություն արվեց. Հանրային հանդիպման թեման սկսեցին ներկայացնել միայն որպես ելույթ։ Հաջորդ փոփոխությունը եղավ 2008-ի հունվարին. հանրային ելույթի տևողությունը 45 րոպեից կրճատվեց և դարձավ 30։ Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր լավ պատրաստված հանրային ելույթները Աստվածաշնչով կրթում են մեզ և կերտում մեր հավատը (1 Տիմոթ. 4։13, 16)։ Հրավիրո՞ւմ ես բոլորին, այդ թվում նրանց, ում այցելում ես, այս հանդիպման ժամանակ լսելու կարևոր աստվածաշնչյան ելույթներ։

10–12. ա) Ի՞նչ փոփոխություններ եղան «Դիտարանի» ուսումնասիրության հանդիպման մեջ։ բ) Ի՞նչ հարցեր լավ կլինի տանք ինքներս մեզ։

10 «Դիտարանի» ուսումնասիրություն։ 1922-ին պիլիգրիմները՝ այն եղբայրները, որոնք կազմակերպության կողմից ուղարկվում էին ժողովներում ելույթներ ներկայացնելու և քարոզչական գործը առաջնորդելու, առաջարկեցին, որ պարբերաբար հանդիպումներ անցկացվեն «Դիտարանը» ուսումնասիրելու համար։ Այս առաջարկը ընդունվեց։ Հանդիպումները սկզբում անցկացվում էին կա՛մ շաբաթվա մեջտեղում, կա՛մ վերջում՝ կիրակի օրը։

«Դիտարանի» ուսումնասիրություն, Գանա, 1931

11 1932թ. հունիսի 15-ի «Դիտարանում» լրացուցիչ առաջնորդություն տրամադրվեց այն մասին, թե ինչպես պետք է այդ հանդիպումներն անցկացվեն։ Օրինակ բերելով Բեթելի ընտանիքում անցկացվող ուսումնասիրությունը՝ հոդվածը նշում էր, որ հանդիպումը պետք է անցկացնի մի եղբայր։ Երեք եղբայրներ պետք է նստեին առջևում և հերթով կարդային պարբերությունները։ Այդ ժամանակ հոդվածներում չկային տպված հարցեր, ուստի անցկացնող եղբայրը պետք է հրավիրեր ներկաներին նյութի վերաբերյալ հարցեր բարձրացնել, որից հետո բոլորը կփորձեին պատասխանել այդ հարցերին։ Եթե լրացուցիչ պարզաբանման կարիք լիներ, անցկացնող եղբայրը պետք է «պարզ ու համառոտ» բացատրեր։

12 Սկզբում ժողովները կարող էին ձայների մեծամասնությամբ ընտրել, թե «Դիտարանի» որ համարն են ուսումնասիրելու։ Սակայն 1933-ի ապրիլի 15-ի «Դիտարանում» առաջարկվեց, որ բոլոր ժողովները ուսումնասիրեն ընթացիկ թողարկումը։ Իսկ 1937-ին առաջնորդություն եկավ, որ հանդիպումը անցկացվի կիրակի օրը։ Լրացուցիչ փոփոխությունների մասին տպվեց 1942թ. հոկտեմբերի 1-ի «Դիտարանում»։ Ամսագրում հայտարարություն եղավ, որ ուսումնասիրության հոդվածների էջերի ներքևում հարցեր կլինեն, և քննարկումը պետք է անցկացվի դրանց միջոցով։ Այնտեղ նաև գրված էր, որ հանդիպումը պետք է տևի 1 ժամ, և հորդոր էր տրվում, որ ներկաները մեկնաբանություններ տան ոչ թե պարբերությունից կարդալով, այլ «իրենց բառերով»։ «Դիտարանի» ուսումնասիրության հանդիպումը մինչ օրս այն հիմնական հանդիպումն է, որի միջոցով հավատարիմ ծառան ճիշտ ժամանակին հոգևոր կերակուր է տալիս (Մատթ. 24։45)։ Լավ կլինի, որ մեզնից յուրաքանչյուրը հարցնի իրեն. «Ամեն շաբաթ պատրաստվո՞ւմ եմ «Դիտարանի» ուսումնասիրությանը։ Ձգտո՞ւմ եմ մեկնաբանություն տալ»։

13, 14. Ինչպե՞ս է ձևավորվել Աստվածաշնչի ուսումնասիրության հանդիպումը, և ինչո՞վ է այդ հանդիպումը քեզ դուր գալիս։

13 Աստվածաշնչի ուսումնասիրության հանդիպում։ 1890-ականների սկզբներին, երբ արդեն լույս էին տեսել «Հազարամյակի արշալույս» գրքի մի քանի հատորներ, եղբայր Ռանը, որն ապրում էր ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում, առաջարկեց Աստվածաշունչ ուսումնասիրելու համար «Արշալույսի» խմբակներ կազմել և քննել այդ հատորները։ Սկզբում հանդիպումները, որ հաճախ անցկացվում էին մասնավոր տներում, պարզապես փորձնական բնույթ էին կրում։ Սակայն 1895-ի սեպտեմբերին դրանք արդեն անցկացվում էին Միացյալ Նահանգների մի շարք քաղաքներում։ Այդ ամսվա «Դիտարանում» բոլոր Աստվածաշունչ ուսումնասիրողներին հորդոր էր տրվում կազմակերպել ու անցկացնել այս հանդիպումները։ Հոդվածում ասվում էր, որ անցկացնողը պետք է կարողանա լավ ընթերցել։ Նա պետք է մի նախադասություն կարդար և սպասեր, որ ներկաները մեկնաբանեն։ Նախադասություն առ նախադասություն պարբերությունը կարդալուց և քննարկելուց հետո նա պետք է բացեր ու կարդար մեջբերված աստվածաշնչյան համարները։ Իսկ վերջում՝ գլուխը քննարկելուց հետո, ներկաներից յուրաքանչյուրը պետք է կարճ ամփոփեր նյութը։

14 Այս հանդիպման անունը մի քանի անգամ փոխվել է։ Հիմնվելով առաջին դարի բերիացիների օրինակի վրա, ովքեր մանրակրկիտ ուսումնասիրում էին Սուրբ Գրքերը՝ այն վերանվանվեց Բերիական խմբակներ (Գործ. 17։11)։ Ժամանակի ընթացքում փոխվեց ու դարձավ ժողովի Գրքի ուսումնասիրություն։ Այսօր այն կոչվում է Աստվածաշնչի ուսումնասիրության հանդիպում և անցկացվում է ոչ թե մասնավոր տներում, այլ Թագավորության սրահում, որտեղ հավաքվում է ողջ ժողովը։ Տասնամյակների ընթացքում այս հանդիպման ժամանակ ուսումնասիրվել են տարբեր գրքեր, գրքույկներ և անգամ «Դիտարանի» հոդվածներ։ Հենց սկզբից էլ բոլորին հորդոր էր տրվում մասնակցել այս հանդիպմանը։ Այն հարստացրել է մեզ աստվածաշնչյան գիտելիքներով։ Իսկ դու միշտ պատրաստվո՞ւմ ես այս հանդիպմանը և հնարավորինս մասնակցո՞ւմ ես՝ մեկնաբանություններ տալով։

15. Ո՞րն էր Աստվածապետական ծառայության դպրոցի նպատակը։

15 Աստվածապետական ծառայության դպրոց։ «1942-ի փետրվարի 16-ին՝ երկուշաբթի երեկոյան, Բրուքլինի Բեթելի բոլոր եղբայրները հրավիրվեցին մասնակցելու մի դպրոցի, որը հետագայում կոչվեց Աստվածապետական ծառայության դպրոց»,— պատմում էր եղբայր Քերի Բարբերը, ով այդ ժամանակ ծառայում էր գլխավոր վարչությունում, իսկ հետագայում դարձավ Կառավարիչ մարմնի անդամ։ Դպրոցի մասին նա նաև ասաց, որ այն օրերում դա «ամենաուշագրավ փոփոխությունն էր, որ Եհովան արեց իր ժողովրդի համար»։ Դպրոցը զգալիորեն օգնեց եղբայրներին, որ բարելավեն սովորեցնելու և քարոզելու իրենց հմտությունները։ Այդ իսկ պատճառով, 1943-ից սկսած, «Աստվածապետական ծառայության դասընթաց» գրքույկը աստիճանաբար մատչելի դարձավ աշխարհի բոլոր ժողովներին։ 1943թ. հունիսի 1-ի «Դիտարանում» ասվում էր, որ Աստվածապետական ծառայության դպրոցի նպատակն է օգնել Աստծու ժողովրդին «ուսուցանվել և լինել ավելի լավ վկաներ Թագավորությունը հռչակելու գործում» (2 Տիմոթ. 2։15

16, 17. Արդյո՞ք Աստվածապետական դպրոցը միայն ուսուցանելու հմտություններ էր սովորեցնում։ Բացատրիր։

16 Սկզբում շատերի համար տանջանք էր մեծ լսարանի առաջ խոսելը։ Քլեյթոն Վուդվորդ Կրտսերը, ում հայրը եղբայր Ռադերֆորդի և ուրիշների հետ 1918-ին անարդարացիորեն բանտարկվել էր, պատմեց, թե ինչ էր զգում, երբ 1943-ին մասնակցում էր դպրոցին. «Ինձ համար շատ դժվար էր ելույթ ներկայացնելը։ Լեզուս կապ էր ընկնում, բերանս չորանում էր, ձայնս էլ մեկ ասես ոռնոց լիներ, մեկ՝ ծվծվոց»։ Ժամանակի ընթացքում Քլեյթոնը հմուտ հռետոր դարձավ և հանրային ելույթներ ներկայացնելու առանձնաշնորհում ունեցավ։ Դպրոցը նրան ավելին սովորեցրեց, քան պարզապես ուսուցանելու հմտությունները։ Նա գիտակցեց խոնարհության արժեքը և Եհովային վստահելու կարևորությունը։ «Հասկացա, որ կարևոր չէ, թե ով է ելույթ ներկայացնողը,— ասում էր Քլեյթոնը։— Եթե նա լավ է նախապատրաստվել և լիովին ապավինում է Եհովային, ապա մարդիկ նրան հաճույքով կլսեն և ելույթից ինչ-որ բան կսովորեն»։

17 1959-ից քույրերն էլ հրավիրվեցին մասնակցելու դպրոցին։ Էդնա Բաուերը, ով ներկա էր այն համաժողովին, երբ արվեց այդ հայտարարությունը, պատմում է. «Հիշում եմ, թե ինչքան էին ոգևորվել քույրերը։ Այժմ նրանց առաջ նոր հնարավորություններ էին բացվել»։ Տարիներ շարունակ եղբայրներն ու քույրերը օգտվել են Աստվածապետական ծառայության դպրոցում սովորելու և Եհովայի կողմից կրթվելու այս հնարավորությունից։ Այսօր մենք շարունակում ենք ստանալ այդ կրթությունը մեր միջշաբաթյա հանդիպմանը (կարդա՛  Եսայիա 54։13

18, 19. ա) Ինչպե՞ս ենք այսօր գործնական առաջնորդություն ստանում ծառայության վերաբերյալ։ բ) Ինչո՞ւ ենք երգում մեր հանդիպումների ժամանակ (տես « Երգում ենք ճշմարտության խոսքերը» շրջանակը)։

18 Ծառայողական հանդիպում։ Դեռևս 1919թ.-ից հանդիպումներ էին անցկացվում դաշտի ծառայությունը կազմակերպելու համար։ Այն ժամանակ ժողովի ոչ բոլոր անդամներն էին մասնակցում այդ հանդիպումներին, այլ միայն նրանք, ովքեր գրականություն էին տարածում։ 1923թ.-ին Ծառայողական հանդիպումը սկսեց անցկացվել ամիսը մեկ անգամ, որին կարող էր ներկա լինել ամբողջ ժողովը։ 1928-ին ժողովներին խրախուսվեց այդ հանդիպումն անցկացնել ամեն շաբաթ, իսկ 1935-ին «Դիտարանում» գրվեց, որ բոլոր ժողովները Ծառայողական հանդիպումը պետք է անցկացնեն՝ օգտվելով «Առաջնորդություն» թերթիկից (հետագայում կոչվեց «Տեղեկատու», ապա՝ «Մեր թագավորական ծառայությունը»)։ Այս հանդիպումը իր տեղը զբաղեցրեց ժողովի հանդիպումների շարքում։

19 Միջշաբաթյա հանդիպման ընթացքում մենք գործնական առաջնորդություն ենք ստանում, թե ինչպես կատարել քարոզչական գործը (Մատթ. 10։5–13)։ Երբ ստանում ես Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկը, ուսումնասիրո՞ւմ ես այն և ծառայության մեջ կիրառո՞ւմ ես բոլոր խորհուրդները, որ տրվում են այնտեղ։

Տարվա ամենակարևոր հանդիպումը

Առաջին դարում քրիստոնյաները հավաքվել և նշել են Քրիստոսի մահվան հիշատակի օրը (տես պարբերություն 20)

20–22. ա) Ինչո՞ւ ենք նշում Հիսուսի մահը։ բ) Ի՞նչ օգուտ ես քաղում ամեն տարի ներկա լինելով Հիշատակի երեկոյին։

20 Հիսուսի հետևորդները պատվեր ստացան նշել նրա մահը, մինչև որ նա գա։ Պասեքի պես՝ Հիշատակի երեկոն նշվում է տարին մեկ անգամ (1 Կորնթ. 11։23–26)։ Միլիոնավոր մարդիկ ամեն տարի ներկա են լինում այս հանդիպմանը։ Այն հիշեցնում է օծյալներին, որ Թագավորության ժառանգորդներ լինելու առանձնաշնորհում ունեն (Հռոմ. 8։17)։ Իսկ «ուրիշ ոչխարների» մեջ այն առաջ է բերում խորին երախտագիտություն Աստծու Թագավորության Թագավորի հանդեպ և լցնում է նրան հավատարիմ մնալու վճռականությամբ (Հովհ. 10։16

21 Եղբայր Ռասելը և նրա ընկերակիցները գիտակցում էին Տիրոջ ընթրիքը նշելու կարևորությունը և գիտեին, որ այն հարկավոր է տոնել տարին մեկ անգամ։ 1880թ. ապրիլի «Դիտարանում» ասվում էր. «Արդեն մի քանի տարի է, որ այստեղ՝ Պիտսբուրգում, շատերս հիշում ենք Պասեքը [Հիշատակի երեկոն] և օգտվում ենք խորհրդանիշներից, որոնք ներկայացնում են մեր Տիրոջ մարմինն ու արյունը»։ Որոշ ժամանակ անց Հիշատակի երեկոյի հետ միասին սկսեցին անցկացվել նաև համաժողովներ։ Առաջին հաշվետվությունը, որ կազմվել է այդ միջոցառման մասին, թվագրված է 1889թ.-ով, որին ներկա են եղել 225 հոգի և մկրտվել են 22-ը։

22 Այսօր Հիշատակի երեկոն նշվում է համաժողովներից առանձին։ Այն անցկացվում է Թագավորության սրահներում կամ վարձված շինություններում։ Այս հանդիպմանը մենք հրավիրում ենք մեր շրջապատում ապրող բոլոր մարդկանց։ 2013թ.-ին ավելի քան 19 միլիոն մարդ է ներկա եղել Հիշատակի երեկոյին։ Ինչպիսի՜ առանձնաշնորհում է լինել այդ ամենակարևոր իրադարձությանը և ուրիշներին էլ քաջալերել մեզ միանալու։ Ձգտո՞ւմ ես ամեն տարի հնարավորինս շատ մարդկանց հրավիրել Հիշատակի երեկոյին։

Ի՞նչ է բացահայտում մեր վերաբերմունքը

23. Ինչո՞ւ ես գնահատում ժողովի հանդիպումները։

23 Եհովայի նվիրված ծառաները մեկտեղ հավաքվելու պատվերը բեռ չեն համարում (Եբր. 10։24, 25; 1 Հովհ. 5։3)։ Օրինակ՝ Դավիթ թագավորը սիրում էր գնալ Եհովայի երկրպագության վայրը (Սաղ. 27։4)։ Նրա համար հատկապես հաճելի էր գնալ այնտեղ նրանց հետ, ովքեր սիրում էին Աստծուն (Սաղ. 35։18)։ Հիշենք նաև Հիսուսի օրինակը։ Նույնիսկ երբ երեխա էր, նա սիրում էր լինել իր երկնային Հոր տանը՝ Աստծու երկրպագության վայրում (Ղուկ. 2։41–49

 Մեկտեղ հավաքվելու մեր ցանկությունը բացահայտում է, թե որքան իրական է Աստծու Թագավորությունը մեզ համար

24. Ի՞նչ հնարավորություններ են տալիս հանդիպումները։

24 Հաճախելով ժողովի հանդիպումներին՝ մենք դրսևորում ենք Եհովայի հանդեպ ունեցած մեր սերը և ցույց ենք տալիս, որ ուզում ենք կերտել ու քաջալերել մեր հավատակիցներին։ Դրանով երևում է նաև մեր ցանկությունը սովորելու, թե ինչպես պետք է ապրենք որպես Աստծու Թագավորության հպատակներ, քանի որ հիմնականում մեր ժողովի հանդիպումների և համաժողովների ժամանակ ենք նման կրթություն ստանում։ Բացի այդ, հմտություններ ենք ձեռք բերում և զորանում ենք, որ տոկանք ու կատարենք Հիսուս Քրիստոսի համար աշակերտներ պատրաստելու հանձնարարությունը, որը Աստծու Թագավորության կարևորագույն գործերից մեկն է (կարդա՛  Մատթեոս 28։19, 20)։ Մեկտեղ հավաքվելու մեր ցանկությունը բացահայտում է, թե յուրաքանչյուրիս համար որքան իրական է Աստծու Թագավորությունը։ Թող որ միշտ թանկ գնահատենք մեր հանդիպումները։

a Բացի շաբաթական ժողովի հանդիպումներից, հորդոր է տրվում, որ ընտանիքները կամ առանձին անհատները ժամանակ հատկացնեն ընտանեկան երկրպագության կամ անձնական ուսումնասիրության համար։

b 2013-ին արդեն մատչելի էին ավելի քան 180 հանրային ելույթի պլաններ։