Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 17

Թագավորի ծառաները կրթություն են ստանում

Թագավորի ծառաները կրթություն են ստանում

ՔՆՆԱՐԿՄԱՆ ԹԵՄԱՆ

Ինչպես են աստվածապետական դպրոցները պատրաստում Թագավորության հպատակներին կատարելու իրենց նշանակումները

1–3. Ի՞նչ արեց Հիսուսը քարոզչական գործն ընդլայնելու համար, և դրա հետ կապված ի՞նչ հարցեր կքննենք։

 ԵՐԿՈՒ տարի էր՝ Հիսուսը շրջում էր Գալիլեայի քաղաքներում և գյուղերում (կարդա՛  Մատթեոս 9։35–38)։ Նա ուսուցանում էր ժողովարաններում և քարոզում էր Թագավորության բարի լուրը։ Որտեղ էլ լիներ, մարդիկ խմբվում էին նրա շուրջը։ «Հունձը շատ է»,— ասաց նա։ Այո՛, աշխատողների կարիք կար։

2 Քարոզչական գործն ընդլայնելու համար Հիսուսը քայլեր ձեռնարկեց։ Նա իր 12 առաքյալներին ուղարկեց «Աստծու թագավորությունը քարոզելու» (Ղուկ. 9։1, 2)։ Հավանաբար նրանք իրենց հանձնարարության վերաբերյալ հարցեր ունեին։ Ուստի Հիսուսը նախ սիրով կրթեց նրանց, ինչպես որ Հայրն էր իրեն կրթել։

3 Իսկ ի՞նչ կրթություն էր նա Հորից ստացել և ի՞նչ սովորեցրեց իր առաքյալներին։ Արդյոք այսօր Մեսիական Թագավորը կրթո՞ւմ է իր հպատակներին իրենց ծառայությունը կատարելու համար։ Եթե այո, ապա ինչպե՞ս։ Եկեք քննենք այս հարցերը։

«Ինչ որ Հայրը սովորեցրեց ինձ, այն եմ խոսում»

4. Ե՞րբ և որտե՞ղ էր Հիսուսը կրթվել Հորից։

4 Հիսուսը հայտնեց, որ կրթվել է Հոր կողմից՝ ասելով. «Ինչ որ Հայրը սովորեցրեց ինձ, այն եմ խոսում» (Հովհ. 8։28)։ Ե՞րբ և որտե՞ղ էր նա կրթվել։ Հավանաբար նա սկսել էր կրթություն ստանալ որպես Աստծու անդրանիկ Որդի ստեղծվելուց շատ չանցած (Կող. 1։15)։ Երկնքում՝ Հոր կողքին, նա անցկացրել էր անհամար տարիներ՝ լսելով և հետևելով «Մեծ Ուսուցչին» (Ես. 30։20)։ Արդյունքում՝ նա անգերազանցելի գիտելիքներ էր ձեռք բերել իր Հոր հատկությունների, գործերի և նպատակների վերաբերյալ։

5. Ինչպե՞ս Հայրը Որդուն պատրաստեց այն ծառայությանը, որ կատարելու էր երկրի վրա։

5 Երբ եկավ հարմար ժամանակը, Եհովան իր Որդուն սովորեցրեց նաև, թե ինչ ծառայություն էր անելու նա երկրի վրա։ Տեսնենք, թե ինչպես է մի մարգարեական խոսքում նկարագրվում Մեծ Ուսուցչի և նրա անդրանիկ Որդու փոխհարաբերությունը (կարդա՛  Եսայիա 50։4, 5)։ Այնտեղ գրված է, որ Եհովան արթնացնում էր Որդուն «ամեն առավոտ»։ Այս արտահայտությունը այնպիսի պատկեր է ստեղծում, ասես ուսուցիչը արթնացնում է աշակերտին վաղ առավոտյան, որ նրան կրթի։ Աստվածաշնչի վերաբերյալ մի աշխատության մեջ ասվում է. «Եհովան.... ասես դպրոց է տանում նրան՝ ինչպես մի աշակերտի, և սովորեցնում է, թե ինչ և ինչպես պիտի քարոզի»։ Երկնային «դպրոցում» Եհովան կրթել է Որդուն՝ «ինչ պիտի ասի և ինչ պիտի խոսի» (Հովհ. 12։49)։ Հայրը Որդուն սովորեցրել է նաև, թե ինչպես նա պետք է կրթի ուրիշներին։ a Երկրի վրա եղած ժամանակ Հիսուսը լավագույնս գործի դրեց իր ստացած գիտելիքները՝ ոչ միայն քարոզելով, այլև կրթելով իր հետևորդներին, որ կատարեն իրենց ծառայությունը։

6, 7. ա) Ի՞նչ կրթություն տվեց Հիսուսը առաքյալներին, և ինչի՞ էին պատրաստ նրանք դրանից հետո։ բ) Հիսուսը հոգ է տանում, որ իր հետևորդները ի՞նչ կրթություն ստանան այսօր։

6 Իսկ ի՞նչ սովորեցրեց Հիսուսը իր առաքյալներին։ Համաձայն Մատթեոս 10-րդ գլխի՝ նա կոնկրետ հրահանգներ տվեց նրանց ծառայության հետ կապված, օրինակ՝ թե որտեղ պետք է քարոզեն (համար 5, 6), ինչ պետք է քարոզեն (համար 7)։ Սովորեցրեց, որ պետք է ապավինեն Եհովային (համար 9, 10), ինչպես նաև թե ինչ մոտեցում ցուցաբերեն մարդկանց (համար 11–13), ինչ անեն, երբ իրենց խոսքը մերժեն (համար 14, 15), և ինչպես արձագանքեն, երբ հալածվեն (համար 16–23 b Կրթությունը, որ տվեց Հիսուսը առաքյալներին, պատրաստեց նրանց առաջնորդություն վերցնելու բարի լուրի քարոզչության գործում։

7 Ի՞նչ կարելի է ասել մեր օրերի մասին։ Աստծու Թագավորության Թագավորը՝ Հիսուս Քրիստոսը, իր հետևորդներին հանձնարարել է ամենակարևոր առաջադրանքը՝ քարոզել «Թագավորության այս բարի լուրը.... ամբողջ երկրով մեկ՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար» (Մատթ. 24։14)։ Այս կենսական գործը կատարելու համար Թագավորը կրթո՞ւմ է մեզ։ Անշո՛ւշտ։ Երկնքից նա հոգ է տանում, որ իր հետևորդները կրթություն ստանան այն մասին, թե ինչպես պետք է քարոզեն դաշտում և ինչպես պետք է կատարեն իրենց տարբեր պատասխանատվությունները ժողովում։

Կրթվում են՝ լինելու քարոզիչներ

8, 9. ա) Ո՞րն է Աստվածապետական ծառայության դպրոցի գլխավոր նպատակը։ բ) Ինչպե՞ս է այս դպրոցն օգնում քեզ ավելի արդյունավետ լինել ծառայության մեջ։

8 Վաղուց է արդեն, որ Եհովայի կազմակերպությունը համաժողովների և ժողովների, օրինակ, Ծառայողական հանդիպման միջոցով կրթում է Աստծու ժողովրդին ծառայության համար։ 1940-ականներից գլխավոր վարչությունում առաջնորդություն վերցնող եղբայրները կրթություն տրամադրելու համար սկսեցին կազմել տարբեր դպրոցներ։

9 Աստվածապետական ծառայության դպրոց։ Ինչպես իմացանք նախորդ գլխից, այս դպրոցը սկսել է անցկացվել 1943-ից։ Արդյո՞ք դրա նպատակն էր միայն կրթել քարոզիչներին, որ ժողովի հանդիպումների ժամանակ լավ ելույթներ ներկայացնեն։ Ո՛չ։ Սկզբից ևեթ դպրոցի գլխավոր նպատակն էր կրթել Աստծու ժողովրդին, որ իրենց խոսելու պարգևը օգտագործեն ծառայության մեջ Եհովային փառք բերելու համար (Սաղ. 150։6)։ Դպրոցում ընդգրկված բոլոր եղբայրներն ու քույրերը սովորել են Թագավորության ավելի արդյունավետ ծառաներ լինել։ Այժմ այդ կրթությունը նրանք ստանում են միջշաբաթյա հանդիպման ժամանակ։

10, 11. Այսօր ովքե՞ր են հրավիրվում «Գաղաադ» դպրոցում սովորելու, և ո՞րն է այս դպրոցի հիմնական նպատակը։

10 «Դիտարանի» աստվածաշնչյան «Գաղաադ» դպրոց։ Այսօր այս անունը կրող դպրոցը բացվել է 1943-ի փետրվարի 1-ին։ Դպրոցը նախատեսված էր կրթելու համար ռահվիրաներին և այլ լիաժամ ծառայողներին, որ աշխարհի տարբեր վայրերում միսիոներներ լինեն։ Սակայն 2011-ի հոկտեմբերից դպրոցին մասնակցելու են հրավիրվում հատուկ լիաժամ ծառայություն կատարողները՝ հատուկ ռահվիրաները, շրջագայող վերակացուները իրենց կանանց հետ, բեթելցիները և այն միսիոներները, ովքեր այս դպրոցին դեռ չեն մասնակցել։

11 Ո՞րն է «Գաղաադ» դպրոցի նպատակը։ «Զորացնել ուսանողների հավատը Աստծու Խոսքի ուսումնասիրության միջոցով և օգնել նրանց, որ զարգացնեն հոգևոր հատկություններ, որոնք հարկավոր են իրենց նշանակումների հետ կապված դժվարությունները հաղթահարելու համար։ Դասընթացի հիմնական նպատակն է ուսանողների մեջ ավելի բորբոքել քարոզչական գործին ակտիվորեն մասնակցելու ցանկությունը»,— ասաց «Գաղաադի» երկար տարիների ուսուցիչներից մեկը (Եփես. 4։11

12, 13. Ինչպե՞ս է «Գաղաադ» դպրոցը նպաստել համաշխարհային քարոզչական գործի առաջընթացին։

12 Ինչպե՞ս է «Գաղաադ» դպրոցը նպաստել համաշխարհային քարոզչական գործի առաջընթացին։ 1943-ից ի վեր ավելի քան 8500 անհատներ կրթվել են այս դպրոցում, c և այս դասընթացն անցած միսիոներները ծառայել են 170-ից ավել երկրներում։ Նրանք իրենց ստացած կրթությունը լավագույնս օգտագործել են՝ ծառայության մեջ նախանձախնդիր քարոզիչների օրինակ թողնելով և սովորեցնելով ուրիշներին նույնն անել։ Շատ վայրերում, որտեղ Թագավորության քարոզիչները քիչ են եղել կամ ընդհանրապես չեն եղել, միսիոներներն են առաջ տարել քարոզչական գործը։

13 Որպես օրինակ՝ տեսնենք Ճապոնիան։ Այստեղ կազմակերպված դաշտի ծառայությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում գրեթե լիովին դադարեց։ 1949-ի օգոստոսին քարոզիչների թիվը տասի էլ չէր հասնում։ Սակայն տարեվերջին «Գաղաադն» ավարտած 13 միսիոներներ սկսեցին եռանդորեն ծառայել այս երկրում։ Հետո էլի շատ միսիոներներ եկան։ Սկզբում նրանք իրենց ուժերը կենտրոնացրին մեծ քաղաքների վրա, հետո տեղափոխվեցին փոքր բնակավայրեր։ Նրանք քաջալերում էին իրենց ուսուցումներին և ուրիշներին դառնալ քարոզիչներ ու ռահվիրայական ծառայություն սկսել։ Նրանց նախանձախնդիր ծառայությունը առատ պտուղներ բերեց։ Այսօր Ճապոնիայում կան ավելի քան 216000 քարոզիչներ, որոնց գրեթե 40 տոկոսը ռահվիրա է։ d

14. Աստվածապետական դպրոցները ի՞նչ են ապացուցում (տես նաև « Դպրոցներ, որտեղ կրթվում են Թագավորի ծառաները» շրջանակը, էջ 188)։

14 Աստվածապետական այլ դպրոցներ։ Ռահվիրայական ծառայության դպրոցը, Քրիստոնյա զույգերի դպրոցը և Ամուրի եղբայրների դպրոցը օգնել են քարոզիչներին հոգևորապես աճելու և քարոզչական գործում նախանձախնդիր առաջնորդություն վերցնելու։ e Բոլոր այս դպրոցները անհերքելի ապացույցներ են, որ Թագավորը կրթում է մեզ, որ կատարենք մեր ծառայությունը (2 Տիմոթ. 4։5

Եղբայրները կրթվում են՝ ստանձնելու հատուկ պատասխանատվություններ

15. Պատասխանատու եղբայրները ի՞նչ առումով են ուզում ընդօրինակել Հիսուսին։

15 Կրկին հիշենք «Եսայիա» գրքի այն խոսքը, որտեղ պատկերավոր կերպով ներկայացվում է, թե ինչպես է Աստված կրթել իր Որդուն։ Այս երկնային «դպրոցում» Որդին սովորեց, թե «ինչպես խոսքով մխիթարել հոգնածին» (Ես. 50։4)։ Իր ձեռք բերած գիտելիքները նա կիրառեց, երբ երկրի վրա էր՝ թարմացնելով «հոգնածներին ու բեռնավորվածներին» (Մատթ. 11։28–30)։ Ընդօրինակելով Հիսուսին՝ այն տղամարդիկ, ովքեր պատասխանատվություններ ունեն ժողովում, ցանկանում են թարմության աղբյուր լինել իրենց եղբայրների և քույրերի համար։ Այդ նպատակով տարբեր դպրոցներ են կազմակերպվել, որտեղ համապատասխան որակներ ունեցող եղբայրները կրթվում են, որպեսզի ավելի արդյունավետորեն կատարեն իրենց հավատակիցներին ծառայելու առանձնաշնորհումը։

16, 17. Ո՞րն է Թագավորական ծառայության դպրոցի նպատակը (տես նաև ծանոթագրությունը)։

16 Թագավորական ծառայության դպրոց։ Այս դպրոցի առաջին դասարանը սկսեց իր դասերը 1959-ի մարտի 9-ին Սաութ Լանսինգում (Նյու Յորք)։ Մեկ ամիս տևող այս դասընթացին հրավիրվում էին մասնակցել շրջագայող վերակացուները և ժողովի ծառայողները։ Ժամանակի ընթացքում դպրոցի ծրագիրը թարգմանվեց այլ լեզուներով և սկսեց անցկացվել ամբողջ աշխարհում։ f

Եղբայր Լոյդ Բերին Թագավորական ծառայության դպրոցում դաս անցկացնելիս Ճապոնիայում, 1970

17 Դպրոցի նպատակի վերաբերյալ 1962թ. «Եհովայի վկաների տարեգրքում» ասվում էր. «Այս զբաղված աշխարհում Եհովայի վկաների ժողովի վերակացուն պետք է լինի մեկը, ով կարող է կազմակերպել իր ժամանակն այնպես, որ պատշաճ ուշադրություն ցույց տա ժողովի բոլոր անդամներին և լինի օրհնություն նրանց համար։ Միևնույն ժամանակ նա հանուն ժողովի չպետք է անտեսի իր ընտանիքին, այլ պետք է խորագետ ու ողջամիտ լինի։ Այս դպրոցը հիանալի հնարավորություն է ժողովում ծառայող եղբայրների համար՝ ստանալու կրթություն, որը կօգնի նրանց անել հենց այն, ինչ Աստվածաշունչը պահանջում է վերակացուներից» (1 Տիմոթ. 3։1–7; Տիտոս 1։5–9

18. Ինչպե՞ս են Աստծու բոլոր ծառաները օգուտներ քաղում Թագավորական ծառայության դպրոցից։

18 Թագավորական ծառայության դպրոցից օգուտներ են քաղում Աստծու բոլոր ծառաները։ Ինչպե՞ս։ Երբ երեցները և ծառայող օգնականները կիրառում են այն, ինչ սովորում են այս դպրոցում, նրանք, Հիսուսի պես, թարմության աղբյուր են լինում իրենց հավատակիցների համար։ Մի՞թե գնահատանքի արժանի չեն այն եղբայրները, ովքեր պատրաստ են մեզ լսելու, բարի խոսք ասելու և քաջալերելու իրենց այցելություններով (1 Թեսաղ. 5։11)։ Այսպիսի տղամարդիկ իսկական օրհնություն են ժողովների համար։

19. Ուրիշ ի՞նչ դպրոցների մասին է հոգ տանում ուսումնական կոմիտեն, և ի՞նչ նպատակի են ծառայում այդ դպրոցները։

19 Աստվածապետական այլ դպրոցներ։ Կառավարիչ մարմնի ուսումնական կոմիտեն հոգ է տանում, որ այլ դպրոցներ ևս անցկացվեն, որտեղ կրթվում են կազմակերպության մեջ պատասխանատվություններ ունեցող եղբայրները։ Դրանց նպատակն է օգնել ժողովի երեցներին, շրջագայող վերակացուներին և մասնաճյուղի կոմիտեի անդամներին ավելի արդյունավետորեն կատարել կազմակերպության մեջ իրենց պատասխանատվությանը հանձնված գործերը։ Աստվածաշնչի վրա հիմնված այս դասընթացների ժամանակ նրանք խրախուսվում են պահպանել իրենց հոգևոր լավ վիճակը և կիրառել սուրբգրային սկզբունքները, երբ հոգում են թանկագին գառնուկների մասին, որ Եհովան վստահել է իրենց (1 Պետ. 5։1–3

Ծառայության կատարելագործման դպրոցի առաջին դասարանը Մալավիում, 2007

20. Հիսուսն ինչո՞ւ կարող էր ասել, որ բոլորս «Եհովայից ուսուցանված կլինենք», և ի՞նչ ես դու վճռել անել։

20 Ակնհայտ է՝ Մեսիական Թագավորը հետևում է, որ Աստծու ժողովուրդը լավ կրթված լինի։ Այս կրթության աղբյուրը Եհովան է. նա կրթել է իր Որդուն, Որդին էլ կրթում է իր հետևորդներին։ Այդ իսկ պատճառով Հիսուսը կարող էր ասել, որ մենք բոլորս «Եհովայից ուսուցանված կլինենք» (Հովհ. 6։45; Ես. 54։13)։ Եկեք միշտ լիարժեքորեն օգտվենք այն կրթությունից, որ Թագավորը տրամադրում է մեզ։ Թող որ միշտ հիշենք, որ այս կրթության գլխավոր նպատակն է օգնել մեզ, որ հոգևորապես ամուր մնանք և լիովին կատարենք մեր ծառայությունը։

a Ինչի՞ց գիտենք, որ Հայրն է սովորեցրել Որդուն, թե ինչպես կրթել։ Այն, որ Հիսուսը բազում առակներով էր սովորեցնում, նրա ծնվելուց դարեր առաջ գրված մարգարեության կատարումն էր (Սաղ. 78։2; Մատթ. 13։34, 35)։ Պարզ է, որ այդ մարգարեության Աղբյուրը՝ Եհովան, նախապես որոշել էր, որ իր Որդին առակների միջոցով է ուսուցանելու (2 Տիմոթ. 3։16, 17

b Ամիսներ անց Հիսուսը «նշանակեց ուրիշ յոթանասուն հոգու և.... երկու-երկու ուղարկեց»։ Նա նրանց էլ նախապես կրթեց (Ղուկ. 10։1–16

c Որոշ մարդիկ «Գաղաադում» սովորել են մեկից ավելի անգամ։

d Այն մասին, թե «Գաղաադն» ավարտած միսիոներները ինչ մեծ ներդրում են ունեցել համաշխարհային քարոզչական գործում, կարդա «Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները» գրքի 23-րդ գլխում։

e Վերջին երկու դպրոցների փոխարեն այժմ գործում է Թագավորության քարոզիչների դպրոցը։

f Այժմ բոլոր երեցները մասնակցում են Թագավորության ծառայության դպրոցին, որի դասընթացները տարբեր տևողություն ունեն և անցկացվում են մի քանի տարին մեկ։ 1984-ից սկսած՝ ծառայող օգնականները նույնպես մասնակցում են այս դպրոցին։