Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 22

Թագավորությունը իրականացնում է Աստծու կամքը երկրի վրա

Թագավորությունը իրականացնում է Աստծու կամքը երկրի վրա

ՔՆՆԱՐԿՄԱՆ ԹԵՄԱՆ

Թագավորությունը իրականացնում է մարդկանց և երկրի հետ կապված Աստծու խոստումները

1, 2. ա) Ինչո՞ւ երբեմն գուցե դժվար լինի իրական պատկերացնել դրախտը։ բ) Ի՞նչը կօգնի մեզ ամրացնելու Աստծու խոստումների հանդեպ մեր հավատը։

 ԾԱՆՐ աշխատանքային օրվա վերջում եղբայրը գալիս է ժողովի հանդիպմանը։ Նա շատ հոգնած է։ Խստապահանջ տնօրենի անարդար վերաբերմունքը, ընտանիքի անհամար հոգսերը, կնոջ հիվանդության հետ կապված մտահոգությունը... Հնչում են բացման երգի առաջին նոտաները։ Եղբայրը խոր շունչ է քաշում. ուրախ է, որ ընտանիքի հետ այստեղ է՝ Թագավորության սրահում, իր եղբայրների ու քույրերի կողքին։ Երգը դրախտի մասին է, որի բառերը նրան ակամայից տանում են այնտեղ։ Նա շատ է սիրում այս երգը, ու ամեն անգամ երգելիս չքնաղ ապագայի հույսը բոցավառվում է ու ջերմացնում իր հոգնատանջ սիրտը։

2 Ծանո՞թ է այս զգացումը քեզ։ Շատերս ենք մխիթարվում այդ հույսով, թեև այս չար համակարգում հեշտ չէ իրական պատկերացնել գալիք դրախտը։ Մենք ապրում ենք «չափազանց դժվար ժամանակներում», և կյանքը բոլորովին էլ դրախտային չէ (2 Տիմոթ. 3։1)։ Ի՞նչը կօգնի, որ ապագայի հույսը վառ ու իրական լինի մեր մեջ։ Ինչո՞ւ ենք համոզված, որ Աստծու Թագավորությունը իշխելու է մարդկության վրա։ Քննենք մի քանի մարգարեություններ, որոնց կատարմանը ականատես է եղել Աստծու ժողովուրդը վաղեմի ժամանակներում։ Հետո կտեսնենք, թե ինչպես են այդ և նմանատիպ այլ մարգարեություններ կատարվում հիմա։ Դա կօգնի, որ մեր հավատը է՛լ ավելի ամրանա։ Այնուհետև մեր ուշադրությունը կկենտրոնացնենք, թե ինչպես են այդ բոլոր մարգարեությունները կատարվելու ապագայում։

Ինչպես է Եհովան իրականացրել իր խոստումները անցյալում

3. Ո՞ր խոստումն էր մխիթարում Բաբելոն գերեվարված հրեաներին։

3 Մ.թ.ա. 6-րդ դարն էր։ Հրեաները ապրում էին Բաբելոնում՝ գերության մեջ։ Շատերը ծնվել ու մեծացել էին այստեղ։ Կյանքը ծանր էր ու դժվար։ Եհովայի հանդեպ հավատի համար բաբելոնացիները ծաղրում էին նրանց (Սաղ. 137։1–3)։ Տասնամյակներ շարունակ հավատարիմ հրեաները իրենց սրտերում մի հույս էին փայփայում. Եհովան խոստացել էր իր ժողովրդին վերադարձնել իրենց հայրենիք, որտեղ լինելու էին հիանալի պայմաններ։ Հուդայի երկիրը, որը դարձյալ վերաբնակեցվելու էր, նա համեմատեց Եդեմի պարտեզի՝ դրախտի հետ (կարդա՛  Եսայիա 51։3)։ Այս խոստումը վստահությամբ էր լցնում նրանց սիրտը և վանում էր այն անհանգստությունները, որոնք կարող էին առաջանալ հայրենիք վերադառնալու հետ կապված։ Ինչպե՞ս։ Քննենք մի քանի մարգարեություններ։

4. Ինչպե՞ս Եհովան վստահեցրեց հրեաներին, որ նրանք ապահով կբնակվեն իրենց երկրում։

4 Ապահովություն։ Հայրենիք վերադարձողներից քչերն էին տեսել իրենց երկիրը։ Այն բառացի դրախտ չէր, այլ 70 տարի շարունակ ամայի մնացած տարածք էր, որտեղ տարածված էին գիշատիչ կենդանիներ՝ առյուծներ, գայլեր, ընձառյուծներ և այլ գազաններ։ Տղամարդիկ գուցե մտածեին. «Կնոջս ու երեխաներիս ինչպե՞ս եմ պաշտպանելու վտանգներից։ Իսկ իմ անասունների՞ն»։ Այսպիսի մտահոգությունները բնական են։ Սակայն մտածիր Աստծու տված մխիթարական խոստման շուրջ, որը գրված է Եսայիա 11։6–9 համարներում (կարդա՛)։ Այս խոսքերով Եհովան վստահեցրեց իր ծառաներին, որ նրանք ու նրանց կենդանիները ապահով կլինեն։ Օրինակ՝ առյուծը հարդ էր ուտելու, այսինքն՝ չէր վնասելու հրեաների անասուններին։ Աստծուն հավատարիմ մարդիկ պատճառ չէին ունենա վախենալու գիշատիչներից։ Եհովան խոստացել էր, որ իր ժողովուրդը ապահով է լինելու Հուդայի վերականգնված երկրում, նույնիսկ ամայի վայրերում և անտառներում (Եզեկ. 34։25

5. Ո՞ր մարգարեությունները վստահեցրին հրեաներին, որ Եհովան հոգ կտանի նրանց բոլոր կարիքները։

5 Առատություն։ Ընտանիքի գլուխները կարող էին ունենալ այլ մտահոգություններ ևս. «Ինչպե՞ս եմ ընտանիքիս ապրուստը հոգալու։ Որտե՞ղ ենք ապրելու։ Կկարողանա՞մ այնտեղ աշխատանք գտնել, թե՞ ավելի լավ է շարունակել բաբելոնացիների ծանր ձեռքի տակ աշխատել»։ Եհովան, իմանալով, որ նման հարցեր կարող են առաջանալ, մարգարեների միջոցով խոստացավ, որ ժամանակին անձրևներ կտա, ինչի արդյունքում իր հնազանդ ժողովուրդը առատ բերք կստանա (Ես. 30։23)։ Ինչ վերաբերում է կացարանին և աշխատանքին, Եհովան խոստացավ. «Նրանք տներ կշինեն ու կբնակվեն դրանցում, խաղողի այգիներ կտնկեն ու դրանց պտուղը կուտեն։ Նրանք չեն շինի, որ ուրիշը բնակվի, ու չեն տնկի, որ ուրիշը ուտի» (Ես. 65։21, 22)։ Այո՛, շատ առումներով կյանքը հրաշալի էր լինելու՝ համեմատած հեթանոսական Բաբելոնում գերության մեջ ապրած տարիների հետ։ Իսկ ինչպե՞ս էր լուծվելու գլխավոր խնդիրը, ինչի պատճառով նրանք գերեվարվեցին։

6. Աստծու ժողովուրդը ի՞նչ խնդիր է ունեցել երկար տարիներ, և ինչո՞ւմ վստահեցրեց Եհովան վերադարձող հրեաներին։

6 Հոգևոր առողջություն։ Բաբելոն գերեվարվելուց առաջ երկար տարիներ Աստծու ժողովուրդը հոգևոր անկում էր ապրել։ Եսայիա մարգարեի միջոցով Եհովան ասաց նրանց. «Ձեր գլուխն ամբողջությամբ վերքերի մեջ է, և ձեր ողջ սիրտը տկարացել է» (Ես. 1։5)։ Հոգևոր առումով նրանք կույր էին և խուլ, քանի որ այլևս ականջ չէին դնում Եհովայի խորհուրդներին և փակում էին իրենց աչքերը, որ չտեսնեին նրանից եկող հոգևոր լույսը (Ես. 6։10; Երեմ. 5։21; Եզեկ. 12։2)։ Եթե նույն ախտով հիվանդանար վերադարձող ժողովուրդը, ապա ի՞նչ ապահովության մասին կարող էր խոսք լինել։ Նրանք դարձյալ կկորցնեին Եհովայի հավանությունը։ Որքա՜ն քաջալերական էր Եհովայի հետևյալ խոստումը. «Այդ օրը խուլերը կլսեն գրքի խոսքերը, և կույրերի աչքերը կտեսնեն՝ ազատվելով խավարից ու մթությունից» (Ես. 29։18)։ Եհովան բուժելու էր իր ժողովրդին, որը կրել էր իր պատիժը ու զղջացել։ Եթե նրանք շարունակեին ականջ դնել ու հնազանդվել Աստծուն, նա կառաջնորդեր ու կկրթեր նրանց։

7. Ինչպե՞ս կատարվեցին Աստծու խոստումները, և ինչպե՞ս է դա զորացնում մեր հավատը։

7 Եհովան կատարե՞ց իր խոստումները։ Պատմությունը պատասխանում է այս հարցին։ Հայրենիք վերադարձած հրեաներին Եհովան օրհնեց. նրանք ապրում էին ապահով, ունեին առատ բերք ու բարիք և վայելում էին հոգևոր առողջություն։ Եհովան պաշտպանում էր նրանց հարևան ազգերից, ովքեր ավելի հզոր էին ու մեծաթիվ։ Գազանները չէին վնասում ընտանի կենդանիներին։ Սա միայն փոքր կատարումն էր դրախտի վերաբերյալ այն մարգարեությունների, որ գրել էին Եսայիան, Երեմիան և Եզեկիելը։ Բայց դա արդեն իսկ հրաշք էր, դա հենց այն էր, ինչի կարիքը ուներ Աստծու ժողովուրդը։ Խորհրդածելով այն ամենի շուրջ, ինչ Եհովան արեց իր ժողովրդի համար՝ կզորացնենք մեր հավատը։ Եթե այդ մարգարեությունների փոքր կատարումը ցնծությամբ լցրեց հրեաների սիրտը, ապա որքա՜ն ավելի ցնծություն կբերի դրանց մեծ կատարումը։ Տեսնենք, թե Եհովայի խոստումները ինչպես են իրականություն դարձել մեր օրերում։

Ինչպես է Եհովան կատարել իր խոստումները մեր օրերում

8. Աստծու ժողովուրդն այսօր ինչպիսի՞ «տարածքում» է ապրում։

8 Եհովայի ժողովուրդն այսօր առանձին ֆիզիկական տարածք ունեցող բառացի ազգ չէ։ Օծյալ քրիստոնյաների խումբը՝ «Աստծու Իսրայելը», հոգևոր ազգ է (Գաղ. 6։16)։ Նրանք իրենց ընկերակիցների՝ «ուրիշ ոչխարների» հետ բնակվում են հոգևոր տարածքում, որը գործունեության մի ոլորտ է, որտեղ նրանք միասնաբար երկրպագում են Եհովա Աստծուն։ Դա նրանց կենսակերպն է (Հովհ. 10։16; Ես. 66։8)։ Իսկ ինչպիսի՞ն է Եհովայի տված այս տարածքը։ Այն դրախտ է, որտեղ եդեմական պայմանների մասին Աստծու տված խոստումները կատարվում են հոգևոր առումով։

9, 10. ա) Ինչպե՞ս է Եսայիա 11։6–9 համարների մարգարեությունը կատարվում այսօր։ բ) Ի՞նչն է ապացուցում, որ Աստծու ժողովուրդը հոգևոր խաղաղ պայմաններում է բնակվում։

9 Ապահովություն։ Եսայիա 11։6–9 համարներում գրված մարգարեությունում կարդում ենք խաղաղության ու ներդաշնակության մի հիանալի նկարագիր, որ տիրում է վայրի գազանների, մարդկանց ու ընտանի կենդանիների միջև։ Այս մարգարեությունը կատարվո՞ւմ է մեր օրերում։ Հոգևոր առումով՝ այո։ 9-րդ համարից իմանում ենք, թե ինչու այս արարածները չեն վնասում իրար. «Երկիրը լիքն է լինելու Եհովայի մասին գիտելիքներով, ինչպես որ ջրերն են ծածկում ծովը»։ Արդյո՞ք «Եհովայի մասին գիտելիքները» փոխում են կենդանիների վարքը։ Ոչ, քանի որ միայն մարդիկ են, որ կարող են ճանաչել Բարձրյալ Աստծուն, ընդօրինակել նրան և փոխվել։ Այսօր հոգևոր դրախտում տեսնում ենք, թե ինչպես է կատարվում այս մարգարեությունը։ Աստծու Թագավորության իշխանության ներքո Քրիստոսի հետևորդները սովորում են ձերբազատվել վայրի կենդանիներին բնորոշ հատկություններից և իրենց հոգևոր քույրերի ու եղբայրների հետ ապրել խաղաղության ու ներդաշնակության մեջ։

10 Որպես դրա վառ ապացույց հիշենք այս հրատարակությունում քննարկված չեզոքության հարցը։ Ներկայացվեց թե՛ մեր դիրքորոշման սուրբգրային հիմքը և թե՛ այն հալածանքները, որը կրեցին Աստծու ծառաները չեզոքություն պահելու համար։ Մի՞թե հրաշք չէ, որ այս դաժան աշխարհում կա բազմամարդ մի ժողովուրդ, ով նույնիսկ մահվան սպառնալիքի ներքո հրաժարվում է որևէ տեսակ բռնության առնչվելուց։ Սա իրոք որ ակնհայտ ապացույց է, որ Մեսիական Թագավորի հպատակները վայելում են այն խաղաղությունը, որը նկարագրել էր Եսայիա մարգարեն։ Հիսուսն ասել էր, որ իր հետևորդները կճանաչվեն միմյանց հանդեպ դրսևորած սիրով (Հովհ. 13։34, 35)։ Նա համբերատարությամբ «հավատարիմ և իմաստուն ծառայի» միջոցով ժողովներում կրթում է բոլոր ճշմարիտ քրիստոնյաներին, որ լինեն խաղաղարար, սիրող և մեղմ (Մատթ. 24։45–47

11, 12. Ինչպիսի՞ սովի մեջ է այսօր աշխարհը, սակայն ինչպե՞ս է Եհովան կատարում առատության վերաբերյալ իր խոստումը։

11 Առատություն։ Աշխարհը հոգևոր սովի մեջ է։ Աստվածաշնչում ասվել էր. «Ահա օրեր են գալիս,— ասում է Գերիշխան Տեր Եհովան,— երբ ես սով կուղարկեմ երկրի վրա, ոչ թե հացի սով և ոչ թե ջրի ծարավ, այլ Եհովայի խոսքը լսելու սով» (Ամոս 8։11)։ Աստծու Թագավորության քաղաքացիները նո՞ւյնպես սովի մեջ են։ Եհովան հայտնել է, թե այս առումով ինչ մեծ տարբերություն է լինելու իր ժողովրդի և նրա թշնամիների միջև. «Ահա իմ ծառաները կուտեն, իսկ դուք սոված կմնաք։ Իմ ծառաները կխմեն, իսկ դուք ծարավ կմնաք։ Իմ ծառաները կուրախանան, իսկ դուք կամաչեք» (Ես. 65։13)։ Տեսնո՞ւմ ես այս խոսքերի կատարումը։

12 Ինչպես մի հորդահոս գետ, որը գնալով ավելի է վարարում, հոգևոր բարիքները ավելի բազմազան են դառնում և լիացնում են մեզ։ Աստվածաշնչի վրա հիմնված մեր հրատարակությունները, ինչպես նաև ձայնագրություններն ու տեսանյութերը, ժողովի հանդիպումներն ու համաժողովները, մեր վեբ կայքում տեղադրվող նյութերը առատ հոգևոր սնունդ են մատակարարում, մինչ այս աշխարհը հյուծվում է սովից (Եզեկ. 47։1–12; Հովել 3։18)։ Մի՞թե սիրտդ չի ցնծում, երբ տեսնում ես, թե առատության վերաբերյալ Եհովայի խոստումներն ինչպես են այսօր կատարվում։ Իսկ դու կանոնավորաբար սնվո՞ւմ ես Եհովայի սեղանից։

Ժողովի հանդիպումները օգնում են մեզ լինելու հոգևորապես կուշտ, առողջ և ապահով

13. Ինչպե՞ս են հոգևոր առումով մարդկանց աչքերը սկսում տեսնել, և ականջները՝ լսել։

13 Հոգևոր առողջություն։ Հոգևոր կուրությունը պատել է աշխարհը։ Մարդկանց ականջները ճշմարտության հանդեպ ծանրացել են (2 Կորնթ. 4։4)։ Սակայն Հիսուսը բացում է մարդկանց աչքերն ու ականջները։ Տեսե՞լ ես՝ ինչպես են բուժվում նրանք։ Հաստատ տեսել ես, քանի որ երբ մարդիկ Աստծու Խոսքի ճշմարտությունն են սովորում, ձերբազատվում են կրոնական ստերից, որ փակել էին նրանց միտքը։ Դա հետևյալ խոստման կատարումն է. «Այդ օրը խուլերը կլսեն գրքի խոսքերը, և կույրերի աչքերը կտեսնեն՝ ազատվելով խավարից ու մթությունից» (Ես. 29։18)։ Ամբողջ աշխարհում հարյուր հազարավոր մարդիկ ամեն տարի ապաքինվում են հոգևորապես. թողնում են Մեծ Բաբելոնը և միանում են մեզ՝ երկրպագելու Աստծուն հոգևոր դրախտում։ Նրանցից յուրաքանչյուրը կենդանի ապացույց է, որ Աստծու խոստումներն իրականանում են։

14. Ի՞նչը կօգնի, որ զորացնենք մեր հավատը։

14 Այս գրքի յուրաքանչյուր գլխում ներկայացված են անհերքելի փաստեր, որ վերջին ժամանակներում Քրիստոսն իր հետևորդներին բերել-բնակեցրել է իսկական հոգևոր դրախտում։ Եկեք շարունակ մտածենք առատ օրհնությունների մասին, որ վայելում ենք այդ դրախտում։ Դա կօգնի, որ ապագայի վերաբերյալ Եհովայի խոստումների հանդեպ մեր հավատը աճի ու զորանա։

«Թող գա քո թագավորությունը»

15. Ինչո՞ւ ենք համոզված, որ երկիրը դրախտ է դառնալու։

15 Եհովայի նպատակը հենց սկզբից էլ եղել է այն, որ երկիրը դրախտ լինի։ Նա Ադամին ու Եվային դրեց դրախտային պարտեզում և պատվիրեց երկիրը լցնել մարդկանցով ու հոգ տանել բոլոր կենդանիների մասին (Ծննդ. 1։28)։ Սակայն Ադամն ու Եվան հետևեցին Սատանային և ըմբոստացան Աստծու դեմ, իսկ իրենց սերնդին փոխանցեցին անկատարություն, մեղք ու մահ։ Այդուհանդերձ, Աստծու նպատակը չփոխվեց։ Նրա բերանից դուրս եկած խոսքը միշտ իրականություն է դառնում (կարդա՛  Եսայիա 55։10, 11)։ Ուստի կարող ենք համոզված լինել, որ Ադամի ու Եվայի սերունդը կլցնի երկիրը և կտիրի դրան՝ սիրով հոգ տանելով Եհովայի ողջ ստեղծագործության մասին։ Այդ ժամանակ ամբողջովին կկատարվեն դրախտային պայմանների վերաբերյալ այն մարգարեությունները, որ Աստված ասել էր գերեվարված հրեաներին։ Տեսնենք, թե ինչպես։

16. Ինչպե՞ս է Աստվածաշունչը նկարագրում այն ապահովությունը, որ տիրելու է դրախտում։

16 Ապահովություն։ Այն սրտառուչ նկարագիրը, որ կարդում ենք Եսայիա 11։6–9-րդ համարներում, վերջապես արդեն բառացի իրականացած կտեսնենք։ Թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք, թե՛ երեխաները ապահովության մեջ կբնակվեն։ Ոչ մի արարած՝ մարդ թե կենդանի, սպառնալիք չի լինի մյուսների համար։ Պատկերացրու մի ժամանակ, երբ կզգաս, որ ողջ երկիրը քո տունն է. առանց վախի կարող ես լողալ գետերի, լճերի, ծովերի կապուտակ ջրերում, բարձրանալ սիգապանծ լեռներն ի վեր ու շրջել զմրուխտե անդաստաններում։ Նույնիսկ գիշերվա խավարը քեզ չի վախեցնի։ Եզեկիել 34։25-ում գրված խոսքերը իրականություն կդառնան, և Աստծու ժողովուրդը ապահով կլինի թե՛ ամայի վայրերում, թե՛ անտառներում։

17. Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Եհովան առատ բարիքներով կլիացնի մարդկանց սրտերը, երբ իր Թագավորությունը իշխի երկրի վրա։

17 Առատություն։ Պատկերացրու՝ չկա աղքատություն, սննդի պակաս կամ սով, չկան սոցիալապես անապահով մարդիկ։ Այն հոգևոր առատությունը, որ այսօր վայելում է Աստծու ժողովուրդը, վկայում է, որ Մեսիական Թագավորությունը բառացիորեն կլիացնի իր հպատակների սրտերը ամեն բարիքներով։ Երբ Հիսուսը երկրի վրա էր, ընդամենը մի քանի հացով ու ձկով կերակրեց հազարավոր քաղցած մարդկանց և դրանով ցույց տվեց, որ ի զորու է իրագործել այս խոստումը (Մատթ. 14։17, 18; 15։34–36; Մարկ. 8։19, 20)։ Իսկ երբ Աստծու Թագավորությունը իշխի ամբողջ երկրի վրա, կլինենք հետևյալ և նմանատիպ մյուս մարգարեությունների կատարման ականատեսները. «Նա հողում ցանած սերմիդ անձրև կտա, և հողի արդյունքից ստացած հացը հագեցնող ու սննդարար կլինի։ Այդ օրը անասուններդ ընդարձակ արոտավայրում կարածեն» (Ես. 30։23

18, 19. ա) Ի՞նչ են նշանակում Եսայիա 65։20–22-ում գրված խոսքերը։ բ) Ի՞նչ իմաստով մեր օրերը «ծառի օրերի չափ կլինեն»։

18 Այսօր շատ մարդիկ անգամ հույս չունեն, որ երբևէ կունենան հարմարավետ տուն կամ կգտնեն իրենց ուզած աշխատանքը։ Այս ապականված աշխարհում շատերը գիտակցում են, որ թեև օրնիբուն աշխատում են, սակայն իրենց աշխատանքի արդյունքի մեծ մասը հարուստ և ագահ մարդիկ են վայելում։ Պատկերացրու՝ ինչպիսին կլինի կյանքը, երբ կատարվի այս մարգարեությունը. «Նրանք տներ կշինեն ու կբնակվեն դրանցում, խաղողի այգիներ կտնկեն ու դրանց պտուղը կուտեն։ Նրանք չեն շինի, որ ուրիշը բնակվի, ու չեն տնկի, որ ուրիշը ուտի։ Իմ ժողովրդի օրերը ծառի օրերի չափ կլինեն, և իմ ընտրյալները լիովին կօգտվեն իրենց ձեռքի գործից» (Ես. 65։20–22

19 Ի՞նչ է նշանակում այն, որ մեր օրերը «ծառի օրերի չափ կլինեն»։ Երբ նայում ես մի վիթխարի սաղարթախիտ ծառի, անկասկած, հիացմունքն ու ակնածանքը համակում են քեզ։ Մտածում ես, որ գուցե նույնիսկ դարեր են անցել նրա կողքով, սերունդներ են եկել-գնացել։ Հասկանում ես, որ այս հսկան դեռ երկար կշարունակի խաղաղ կանգնած մնալ, երբ արդեն քո անկատար կյանքն էլ ստվերի պես անցած-գնացած լինի։ Սակայն որքա՜ն մխիթարական են Եհովայի այն խոսքերը, որ գալիք դրախտում մեր օրերն էլ ծառերի օրերի նման երկար ու խաղաղ կլինեն (Սաղ. 37։11, 29)։ Կգան ժամանակներ, երբ նույնիսկ ամենաերկարակյաց ծառի կյանքը խոտի պես կարճ կթվա։

20. Ինչպե՞ս են Թագավորության նվիրված հպատակները կատարելապես առողջ դառնալու։

20 Կատարյալ առողջություն։ Այսօր հիվանդություններն ու մահը իրենց մռայլ ճանկերում են պահում այս աշխարհը։ Այո՛, բոլորս էլ մահացու հիվանդ ենք, և մեր հիվանդությունը կոչվում է մեղք։ Մեր միակ դարմանը Քրիստոսի տված քավիչ զոհն է (Հռոմ. 3։23; 6։23)։ Հազարամյա Իշխանության ընթացքում Հիսուսը և նրա իշխանակիցները հոգ կտանեն, որ հավատարիմ մարդիկ լիարժեք օգուտներ քաղեն քավիչ զոհից, և աստիճանաբար մեղքն իր թողած բոլոր հետևանքներով ամբողջովին կվերանա։ Եսայիայի մարգարեությունը կկատարվի լիակատար իմաստով. «Ոչ մի բնակիչ չի ասի. «Ես հիվանդ եմ»։ Այդ երկրում բնակվող ժողովրդի հանցանքը կներվի» (Ես. 33։24)։ Պատկերացրու մի ժամանակ, երբ ոչ ոք չի լինի կույր, խուլ կամ կաղ (կարդա՛  Եսայիա 35։5, 6)։ Չի լինի հիվանդություն՝ ֆիզիկական, մտային թե հոգեկան, որ Հիսուսը բուժած չլինի։ Աստծու Թագավորության նվիրված հպատակները կատարելապես առողջ կլինեն։

21. Ի՞նչ կլինի մահվանը, և ինչո՞ւ է դա քեզ համար մխիթարական։

21 Իսկ ի՞նչ կլինի մահվանը, որը մեր հիվանդության՝ մեղքի անխուսափելի հետևանքն է։ Այն «վերջին թշնամին» է, որի դեմ պայքարում անկատար մարդիկ վաղ թե ուշ պարտվում են (1 Կորնթ. 15։26)։ Արդյո՞ք մահը նույնքան ահեղ թշնամի է Եհովայի համար։ Եսայիան մարգարեացավ. «Նա կկլանի մահը հավիտյան, և Գերիշխան Տեր Եհովան կսրբի արտասուքը բոլորի երեսից» (Ես. 25։8)։ Միայն պատկերացրու. չկան թաղումներ, չկան գերեզմաններ և դառն արցունքներ։ Մարդկանց աչքերը թրջվում են միայն ուրախությունից, քանի որ Եհովան կատարում է իր հոգեցունց խոստումը՝ կյանք է տալիս մահացածներին (կարդա՛  Եսայիա 26։19)։ Այո՛, վերջապես մեր սրտի խոր վերքերը, որ պատճառել է մահը, լիովին կբուժվեն։

22. Ի՞նչ է լինելու Հազարամյակից հետո, երբ Թագավորությունը լիովին իրականացրած լինի Աստծու կամքը երկրի վրա։

22 Հազարամյակի վերջում Թագավորությունը լիովին իրագործած կլինի Աստծու կամքը երկրի վրա, և Քրիստոսը իշխանությունը կհանձնի Հորը (1 Կորնթ. 15։25–28)։ Կատարյալ դարձած մարդկությունը պատրաստ կլինի ենթարկվելու վերջնական փորձությանը, երբ Սատանան ազատ արձակվի անդունդից՝ անգործունյա վիճակից։ Դրանից հետո Քրիստոսը վերջնականապես կբնաջնջի այդ նողկալի օձին և նրա բոլոր կողմնակիցներին (Ծննդ. 3։15; Հայտն. 20։3, 7–10)։ Իսկ բոլոր նրանք, ովքեր կշարունակեն սիրել Եհովային և նվիրված կմնան նրան, չքնաղ հեռանկար կունենան։ Չկան բառեր, որոնք ավելի լավ կնկարագրեն այդ հեռանկարը, քան հետևյալ ներշնչված խոսքերն են, հետևյալ խոստումը՝ բոլոր հավատարիմները «կունենան Աստծու զավակների փառահեղ ազատությունը» (Հռոմ. 8։21

Թագավորությունը կիրականացնի մարդկության և երկրագնդի առնչությամբ Եհովայի բոլոր խոստումները

23, 24. ա) Ինչո՞ւ ենք վստահ, որ Աստծու խոստումները կիրականանան։ բ) Ի՞նչ ես վճռել անել։

23 Այս խոստումները սին հույսեր, դատարկ ցանկություններ և փուչ երազանքներ չեն։ Եհովայի խոստումների իրականացումը իրողություն է։ Ինչո՞ւ։ Հիշենք Հիսուսի խոսքերը, որ մեջբերված էին այս գրքի առաջին գլխում։ Նա իր հետևորդներին սովորեցրեց Եհովային աղոթել. «Թող գա քո թագավորությունը։ Թող կատարվի քո կամքը ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա» (Մատթ. 6։9, 10)։ Աստծու Թագավորությունը ինչ-որ մեկի վառ երևակայության արդյունքը չէ։ Այն իրականություն է և այժմ իշխում է երկնքում։ Արդեն հարյուր տարի է՝ Թագավորությունն իրականացնում է Եհովայի խոստումները, որոնք ակնհայտ երևում են քրիստոնեական ժողովում։ Ուստի կարող ենք համոզված լինել, որ Եհովայի բոլոր խոստումները լիովին կկատարվեն, երբ Թագավորությունը իր զորության հովանին տարածի Երկիր մոլորակի վրա։

24 Մենք գիտենք, որ Աստծու Թագավորությունը գալու է։ Վստահ ենք, որ Եհովայի բոլոր խոստումները կատարվելու են։ Ինչո՞ւ։ Որովհետև ԱՍՏԾՈՒ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԻՇԽՈՒՄ Է։ Միայն մնում է, որ ամեն մեկս ինքն իրեն հարցնի. «Իսկ ես այդ Թագավորության հպատա՞կն եմ»։ Եկեք ամեն բան անենք Աստծու Թագավորության հավատարիմ հպատակ կոչվելու համար, որպեսզի հավիտյան ապրենք նրա կատարյալ և արդար իշխանության ներքո։