Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 2

Հիսուսը պատվի է արժանանում՝ դեռ չծնված

Հիսուսը պատվի է արժանանում՝ դեռ չծնված

ՂՈՒԿԱՍ 1։34–56

  • ՄԱՐԻԱՄԸ ԱՅՑԵԼՈՒՄ Է ԻՐ ԲԱՐԵԿԱՄՈՒՀԻ ԵՂԻՍԱԲԵԹԻՆ

Այն բանից հետո, երբ Գաբրիել հրեշտակն ասում է Մարիամին, որ նա որդի կունենա, նրա անունը Հիսուս կլինի, և որ նա հավիտյան կիշխի՝ որպես Թագավոր, Մարիամը հարցնում է. «Ինչպե՞ս է դա հնարավոր, եթե ես երբեք հարաբերություն չեմ ունեցել տղամարդու հետ» (Ղուկաս 1։34

Գաբրիելը պատասխանում է նրան. «Սուրբ ոգին կգա քեզ վրա, և Բարձրյալի զորությունը հովանի կլինի քեզ։ Դրա համար էլ այն երեխան, որ պիտի ծնվի, կկոչվի սուրբ, Աստծու Որդի» (Ղուկաս 1։35

Թերևս ցանկանալով օգնել Մարիամին հավատալու այդ լուրին՝ Գաբրիելն ասում է. «Ահա քո ազգական Եղիսաբեթը, որն ամուլ է կոչվում, ծեր հասակում նույնպես հղի է և որդի պիտի ծնի։ Արդեն նրա հղիության վեցերորդ ամիսն է։ Չէ՞ որ չկա մի խոսք, որ Աստված ասի ու չկարողանա կատարել» (Ղուկաս 1։36, 37

Մարիամը հավատում է Գաբրիել հրեշտակի խոսքերին, ինչը երևում է նրա արձագանքից. «Ահա՛ Եհովայի աղախինը։ Թող քո խոսքի համաձայն լինի ինձ» (Ղուկաս 1։38

Գաբրիելի հեռանալուց հետո Մարիամը պատրաստվում է այցելել Եղիսաբեթին։ Եղիսաբեթն ու իր ամուսինը՝ Զաքարիան, ապրում են Երուսաղեմի մոտ՝ Հրեաստանի լեռնային շրջանում։ Նազարեթից մինչև այդ վայր հասնելու համար Մարիամը պետք է անցնի մոտավորապես երեք կամ չորս օրվա ճանապարհ։

Վերջապես Մարիամը հասնում է Զաքարիայի տուն։ Ներս մտնելով՝ նա ողջունում է իր բարեկամուհի Եղիսաբեթին։ Այդ պահին Եղիսաբեթը լցվում է սուրբ ոգով և ասում է Մարիամին. «Օրհնյա՜լ ես դու կանանց մեջ, և օրհնյա՜լ է քո արգանդի պտուղը։ Ինչի՞ համար ինձ այս պատիվը եղավ, որ իմ Տիրոջ մայրը եկավ ինձ մոտ։ Երբ քո ողջույնի ձայնը ականջիս հասավ, մանուկը ուրախությունից խաղաց իմ արգանդում» (Ղուկաս 1։42–44

Ի պատասխան՝ Մարիամը երախտագիտության սրտաբուխ խոսքեր է ասում. «Հոգիս մեծարում է Եհովային, և սիրտս չի կարող չցնծալ իմ Փրկիչ Աստծով, որովհետև նա ուշադրություն դարձրեց իր աննշան աղախնին։ Այսուհետև բոլոր սերունդները ինձ երջանիկ պիտի կոչեն, որովհետև Հզորը մեծ գործեր արեց ինձ համար»։ Թեև Մարիամը մեծ պատվի է արժանացել, սակայն նա ողջ փառքը Աստծուն է վերագրում։ Նա ասում է. «Սուրբ է նրա անունը, և նրա ողորմությունը սերնդից սերունդ իրենից վախեցողների վրա է» (Ղուկաս 1։46–50

Մարիամը շարունակում է փառաբանել Աստծուն մարգարեական խոսքերով. «Նա զորավոր գործեր արեց իր բազկով, ցրիվ տվեց նրանց, ովքեր գոռոզ են իրենց սրտի մտադրություններում։ Նա զորավորներին վայր գցեց իրենց աթոռներից, իսկ ցածրերին բարձրացրեց, քաղցածներին կշտացրեց բարիքներով, իսկ հարուստներին դատարկաձեռն ուղարկեց։ Նա օգնության հասավ իր Իսրայել ծառային, որպեսզի ցույց տա, որ հիշում է իր խոստումը, որ հավիտյան պիտի ողորմություն ցույց տա Աբրահամին ու նրա սերնդին, ինչպես որ ասել էր մեր նախահայրերին» (Ղուկաս 1։51–55

Մարիամը մոտ երեք ամիս մնում է Եղիսաբեթի մոտ և նրա հղիության վերջին շաբաթների ընթացքում օգնում է նրան։ Այս երկու հավատարիմ կանայք, անկասկած, ուրախ են, որ կարող են միասին լինել իրենց կյանքի այդ կարևոր օրերին։

Նկատեցի՞ր, թե ինչ պատիվ տրվեց Հիսուսին, երբ նա դեռ չէր ծնվել։ Եղիսաբեթը նրան անվանեց «իմ Տեր», իսկ երբ Մարիամը ներս մտավ, Եղիսաբեթի արգանդում երեխան ուրախությունից խաղաց։ Սակայն հետագայում Մարիամն ու նրա որդին բոլորովին այլ վերաբերմունքի են արժանանալու։