Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 24

Հիսուսը ընդլայնում է իր ծառայությունը Գալիլեայում

Հիսուսը ընդլայնում է իր ծառայությունը Գալիլեայում

ՄԱՏԹԵՈՍ 4։23–25 ՄԱՐԿՈՍ 1։35–39 ՂՈՒԿԱՍ 4։42, 43

  • ՀԻՍՈՒՍԸ ՇՐՋՈՒՄ Է ԳԱԼԻԼԵԱՅՈՒՄ ԻՐ ՉՈՐՍ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԵՏ

  • ՀԻՍՈՒՍԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԻՄԱՆՈՒՄ ԵՆ ՇԱՏԵՐԸ

Հիսուսը իր չորս աշակերտների հետ շատ հագեցած օր էր անցկացրել Կափառնայումում։ Երեկոյան քաղաքի բնակիչները Հիսուսի մոտ էին բերել իրենց բոլոր հիվանդներին, որպեսզի նա բուժեր նրանց։ Նա մենակ մնալու համար գրեթե ժամանակ չէր ունեցել։

Այժմ առավոտ է։ Դեռ լույսը չբացված՝ Հիսուսն արթնանում է և դուրս է գալիս տնից։ Նա գնում է մի ամայի տեղ, որտեղ կարող է առանձին աղոթել իր Հորը։ Բայց Հիսուսին չի հաջողվում երկար ժամանակ մնալ մենակ. երբ «Սիմոնը և նրա հետ եղողները» նկատում են, որ Հիսուսը տանը չէ, գնում են նրան փնտրելու։ Հավանաբար, դա անում են Սիմոնի՝ Պետրոսի նախաձեռնությամբ, քանի որ Հիսուսը նրա տանն է հյուրընկալվել (Մարկոս 1։36; Ղուկաս 4։38

Երբ գտնում են Հիսուսին, Պետրոսն ասում է. «Բոլորը քեզ են փնտրում» (Մարկոս 1։37)։ Կափառնայումի ժողովուրդը ցանկանում է, որ Հիսուսն իրենց մոտ մնա։ Նրանք իսկապես երախտապարտ են Հիսուսին նրա արած բոլոր գործերի համար, ուստի չեն «թողնում, որ հեռանա իրենցից» (Ղուկաս 4։42)։ Բայց արդյոք Հիսուսի երկիր գալու գլխավոր նպատակը հրաշքով բուժումներ անե՞լն է։ Եվ արդյոք նա միայն այդ վայրո՞ւմ է գործունեություն ծավալելու։ Ի՞նչ է ասում Հիսուսը այդ մասին։

Նա ասում է իր աշակերտներին. «Եկեք ուրիշ տեղ գնանք՝ մոտակա գյուղաքաղաքները, որպեսզի այնտեղ էլ քարոզեմ, որովհետև հենց այս նպատակով եմ եկել»։ Իսկ այն մարդկանց, ովքեր չեն ուզում, որ ինքը հեռանա, նա ասում է. «Աստծու թագավորության բարի լուրը ուրիշ քաղաքներում էլ պետք է քարոզեմ, որովհետև հենց դրա համար եմ ուղարկվել» (Մարկոս 1։38; Ղուկաս 4։43

Այո՛, Հիսուսի՝ երկիր գալու գլխավոր նպատակներից մեկը Աստծու Թագավորության մասին քարոզելն է։ Այդ Թագավորությունը սրբացնելու է նրա Հոր անունը և վերջնականապես լուծելու է մարդկության բոլոր խնդիրները։ Հիսուսը հրաշքով բուժումներ է անում և դրանով փաստում, որ Աստծու կողմից է ուղարկված։ Նմանապես, դարեր առաջ Մովսեսն էր զորավոր գործեր անում, ինչով փաստում էր, որ ուղարկված է Աստծու կողմից (Ելք 4։1–9, 30, 31

Այսպիսով՝ Հիսուսը հեռանում է Կափառնայումից, որ ուրիշ քաղաքներում էլ քարոզի, և նրա հետ գնում են նրա չորս աշակերտները՝ Պետրոսը, նրա եղբայր Անդրեասը, ինչպես նաև Հովհաննեսն ու նրա եղբայր Հակոբոսը։ Մեկ շաբաթ առաջ Հիսուսը նրանց հրավիրել էր դառնալու իր համագործակիցները և շրջագայելու իր հետ։

Գալիլեայում Հիսուսի և այդ չորս աշակերտների քարոզչական ծառայությունը հիանալի արդյունքներ է բերում։ Հիսուսի գործունեության մասին լուրերը տարածվում են ամենուրեք։ «Նրա համբավը տարածվում է ամբողջ Ասորիքում», նաև տասը քաղաքներից բաղկացած մի շրջանում՝ Դեկապոլիսում, և Հորդանանի մյուս կողմում գտնվող այլ տարածքներում (Մատթեոս 4։24, 25)։ Այդ վայրերից, ինչպես նաև Հրեաստանից մարդկանց մեծ բազմություն է հետևում Հիսուսին ու նրա աշակերտներին։ Շատերը նրա մոտ են բերում հիվանդներին ու դիվահարներին, և նա բուժում է նրանց։