Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 31

Շաբաթ օրը հասկեր են պոկում

Շաբաթ օրը հասկեր են պոկում

ՄԱՏԹԵՈՍ 12։1–8 ՄԱՐԿՈՍ 2։23–28 ՂՈՒԿԱՍ 6։1–5

  • ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ ՇԱԲԱԹ ՕՐԸ ՀԱՍԿԵՐ ԵՆ ՊՈԿՈՒՄ

  • ՀԻՍՈՒՍԸ «ՇԱԲԱԹԻ ՏԵՐՆ Է»

Այժմ Հիսուսն ու իր աշակերտները գնում են դեպի հյուսիս՝ Գալիլեա։ Գարուն է, և արտերում ցորենի ցողունների վրա արդեն հասկեր կան։ Աշակերտները քաղցած են, ուստի մի քանի հասկեր են պոկում և ուտում։ Այդ օրը շաբաթ է։ Երբ փարիսեցիները տեսնում են, թե ինչ են անում աշակերտները, դա նրանց դուր չի գալիս։

Ինչպես հիշում ենք, որոշ ժամանակ առաջ Երուսաղեմում հրեաներից ոմանք ուզում էին սպանել Հիսուսին՝ մեղադրելով նրան Շաբաթի օրենքը խախտելու մեջ։ Այժմ փարիսեցիները դատապարտում են նրա աշակերտներին։ Նրանք ասում են Հիսուսին. «Քո աշակերտներն անում են այն, ինչը օրենքով անթույլատրելի է անել շաբաթ օրը» (Մատթեոս 12։2

Փարիսեցիներն ասում են, որ ցորենի հասկեր պոկելը և ուտելու համար ձեռքերի մեջ տրորելը համահավասար է ցորենը հնձելուն և կալսելուն (Ելք 34։21)։ Ինչպես երևում է, փարիսեցիները խիստ կանոններ են սահմանել այն բանի հետ կապված, թե ինչն է համարվում աշխատանք։ Այդ պատճառով Շաբաթը բեռ է դարձել մարդկանց համար, մինչդեռ այն պետք է լիներ հոգևոր քաջալերանքի և ուրախության օր։ Ի պատասխան փարիսեցիների մեղադրանքի՝ Հիսուսը օրինակներ է բերում ցույց տալու համար, որ Եհովան երբեք չի ցանկացել, որ իր տված Շաբաթի օրենքը այդ կերպով կիրառվի։

Հիսուսը նախ հիշեցնում է մի դեպք, որը առնչվում է Դավթին և նրա մարդկանց։ Երբ նրանք քաղցած էին, եկան խորան և կերան այն ընծայված հացերը, որոնք արդեն «վերցվել էին Եհովայի առաջից» և փոխարինվել թարմ հացերով։ Այդ վերցված հացերը, որպես կանոն, կարող էին ուտել միայն քահանաները։ Սակայն ստեղծված իրավիճակում Դավիթն ու նրա մարդիկ չդատապարտվեցին այդ հացերն ուտելու համար (Ղևտական 24։5–9; 1 Սամուել 21։1–6

Հիսուսը բերում է մեկ այլ օրինակ. «Չե՞ք կարդացել Օրենքում, որ շաբաթ օրերին քահանաները տաճարում խախտում են շաբաթը, բայցևայնպես մնում են անմեղ»։ Նա նկատի ունի այն, որ քահանաները կենդանիներ են մորթում զոհաբերության համար և այլ գործեր են անում տաճարում նույնիսկ շաբաթ օրը։ Ապա Հիսուսն ավելացնում է. «Բայց ասում եմ ձեզ, այստեղ կա մեկը, ով տաճարից մեծ է» (Մատթեոս 12։5, 6; Թվեր 28։9

Նա, կրկին հիմնվելով Սուրբ Գրքերի վրա, ասում է փարիսեցիներին. «Եթե հասկանայիք, թե ինչ են նշանակում՝ «ես ողորմություն եմ ուզում և ոչ թե զոհ» խոսքերը, ապա չէիք դատապարտի անմեղներին»։ Ապա ավելացնում է. «Քանի որ մարդու Որդին շաբաթի Տերն է»։ Հիսուսը նկատի ունի իր Հազարամյա Իշխանությունը, որը հաստատվելու է ապագայում (Մատթեոս 12։7, 8; Օսեե 6։6

Մարդկությունը դարեր շարունակ տառապել է Սատանայի իշխանության ներքո և տեսել է բռնություն ու պատերազմներ։ Դրան հակառակ՝ մեծ Շաբաթը՝ Քրիստոսի իշխանությունը, կլինի խաղաղության ժամանակաշրջան, երբ բոլորը վերջապես կվայելեն ուրախություն և հանգստություն։