Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 32

Օրենքով ի՞նչն է թույլատրելի շաբաթ օրը

Օրենքով ի՞նչն է թույլատրելի շաբաթ օրը

ՄԱՏԹԵՈՍ 12։9–14 ՄԱՐԿՈՍ 3։1–6 ՂՈՒԿԱՍ 6։6–11

  • ՇԱԲԱԹ ՕՐԸ ԲՈՒԺՈՒՄ Է ՄԻ ՄԱՐԴՈՒ

Հիսուսը գնում է ժողովարան՝ հավանաբար Գալիլեայի ժողովարաններից մեկը։ Կրկին շաբաթ օր է։ Այնտեղ նա հանդիպում է մի մարդու, որի աջ ձեռքը չորացած է (Ղուկաս 6։6)։ Դպիրներն ու փարիսեցիները ուշադիր հետևում են Հիսուսին։ Ի՞նչ միտումով։ Նրանց մղումները բացահայտվում են, երբ այսպիսի հարց են տալիս. «Օրենքով թույլատրելի՞ է շաբաթ օրը բուժել» (Մատթեոս 12։ 10

Հրեա կրոնական առաջնորդները մտածում են, որ շաբաթ օրը բուժումներ անելը Օրենքով թույլատրելի է միայն այն դեպքում, եթե մարդու կյանքը վտանգի տակ է։ Օրինակ՝ նրանք սովորեցնում են, որ շաբաթ օրը չի կարելի դուրս ընկած ոսկորը տեղը գցել կամ ջլերի վնասվածքի դեպքում վիրակապ դնել, քանի որ այդպիսի վնասվածքները ուղղակիորեն չեն սպառնում մարդու կյանքին։ Ուստի ակնհայտ է, որ դպիրներն ու փարիսեցիները անկեղծորեն մտահոգված չեն այս տառապող մարդու բարօրությամբ։ Նրանք այդ հարցը տալիս են, քանի որ ցանկանում են Հիսուսին մեղադրելու պատճառ գտնել։

Սակայն Հիսուսը գիտի, թե ինչի մասին են նրանք խորհում։ Նա հասկանում է, որ նրանք ծայրահեղ, հակասուրբգրային տեսակետ ունեն այն մասին, թե ինչն է հանդիսանում Շաբաթի օրենքի խախտում (Ելք 20։8–10)։ Սա առաջին անգամը չէ, որ Հիսուսին անհիմն մեղադրում են նրա կատարած բարի գործերի համար։ Այժմ Հիսուսը պատրաստվում է բոլորի առաջ ցույց տալ, որ կրոնական առաջնորդները սխալ տեսակետ ունեն, ուստի չորացած ձեռքով մարդուն ասում է. «Վե՛ր կաց ու մեջտե՛ղ արի» (Մարկոս 3։3

Շրջվելով դեպի փարիսեցիներն ու դպիրները՝ Հիսուսն ասում է. «Եթե ձեզանից որևէ մեկի միակ ոչխարը շաբաթ օրը փոսն ընկնի, մի՞թե չի բռնի ու դուրս չի հանի նրան» (Մատթեոս 12։11)։ Քանի որ ոչխարը իր տիրոջը եկամուտ է բերում, դժվար թե տերը նրան փոսի մեջ թողնի մինչև հաջորդ օրը, քանի որ այդ ընթացքում կենդանին կարող է սատկել, և արդյունքում տերը նյութական վնաս կկրի։ Բացի այդ, Սուրբ Գրքում գրված է. «Արդարը հոգ է տանում իր ընտանի կենդանու հոգու մասին» (Առակներ 12։10

Ապա Հիսուսը շարունակելով իր միտքը՝ ասում է. «Ուրեմն որքան ավելի թանկ է մարդը ոչխարից։ Ուստի Օրենքով թույլատրելի է շաբաթ օրը բարի գործ անել» (Մատթեոս 12։12)։ Փաստորեն, շաբաթ օրը որևէ մեկին բուժելով՝ Հիսուսը չի խախտում Օրենքը։ Կրոնական առաջնորդները չեն կարողանում հերքել Հիսուսի բերած այս տրամաբանական փաստարկը, որում արտահայտված է խոր կարեկցանք։ Նրանք մի բառ անգամ չեն ասում։

Փարիսեցիների աղավաղված մտածելակերպից խիստ վրդովված ու տրտմած՝ Հիսուսը նայում է իր շուրջը գտնվողներին և հիվանդ մարդուն ասում է. «Մեկնի՛ր ձեռքդ» (Մատթեոս 12։13)։ Հիվանդը մեկնում է իր ձեռքը, և այն բուժվում է։ Նա անչափ ուրախ է։ Իսկ ինչպե՞ս են արձագանքում կրոնական առաջնորդները։

Փոխանակ ուրախանալու, որ այդ մարդու ձեռքը բուժվել է՝ փարիսեցիները դուրս են գալիս և «Հերովդեսի կողմնակիցների հետ անմիջապես սկսում են խորհուրդ անել [Հիսուսի] դեմ, որ վերացնեն նրան» (Մարկոս 3։6)։ Հավանաբար, Հերովդեսին թիկունք կանգնող այս քաղաքական խմբավորման անդամների թվում են նաև մի կրոնական ուղղության անդամներ, որոնք սադուկեցիներ են կոչվում։ Իրականում, սադուկեցիներն ու փարիսեցիները իրար հակառակորդ խմբավորումներ են, սակայն այժմ միավորվում են Հիսուսի դեմ գործելու համար։