Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 43

Թագավորության հետ կապված առակներ

Թագավորության հետ կապված առակներ

ՄԱՏԹԵՈՍ 13։1–53 ՄԱՐԿՈՍ 4։1–34 ՂՈՒԿԱՍ 8։4–18

  • ՀԻՍՈՒՍԸ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՌԱԿՆԵՐ Է ՊԱՏՄՈՒՄ

Հիսուսն, ակներևաբար, Կափառնայումում է, երբ հանդիմանական խոսքեր է ասում փարիսեցիներին։ Այդ օրը՝ ավելի ուշ, նա դուրս է գալիս տնից ու գնում դեպի մոտակա Գալիլեայի ծովը, որտեղ շատ մարդիկ են հավաքվում։ Հիսուսը մի նավակ է նստում, փոքր-ինչ հեռանում է ափից և սկսում է մարդկանց սովորեցնել երկնային Թագավորության մասին։ Նա մի քանի առակ է պատմում։ Հիսուսը խոսում է իր ունկնդիրներին ծանոթ իրավիճակների մասին, որպեսզի նրանց համար հեշտ լինի հասկանալ Թագավորության հետ կապված տարբեր մանրամասներ։

Սկզբում Հիսուսը պատմում է մի սերմնացանի մասին, որը սերմեր է ցանում։ Որոշ սերմեր ընկնում են ճանապարհի եզրին, և թռչուններն ուտում են դրանք։ Մի քանիսն էլ ընկնում են ժայռոտ տեղեր, որտեղ հողը քիչ է։ Այդ սերմերը խոր արմատներ չեն գցում, և նոր ծիլերը խանձվում են արևից ու չորանում։ Սերմերից մի քանիսն էլ ընկնում են փշերի մեջ, որոնք խեղդում են նոր ծիլերը։ Մինչդեռ մյուս սերմերն ընկնում են լավ հողի մեջ և սկսում են պտուղ բերել, «մեկը՝ հարյուրապատիկ, մեկը՝ վաթսունապատիկ, մյուսն էլ երեսնապատիկ» (Մատթեոս 13։8

Հիսուսը պատմում է Թագավորության հետ կապված մի առակ ևս. մի մարդ սերմ է ցանում հողի մեջ։ Սակայն անկախ նրանից մարդը քնում է, թե արթուն է մնում, սերմերը աճում են, իսկ թե ինչպես, «նա չի իմանում» (Մարկոս 4։27)։ Դրանք աճում են և ցորեն տալիս։ Այնպես որ, մարդը կարող է գալ ու հավաքել բերքը։

Ապա Հիսուսը երրորդ առակն է պատմում. մի մարդ լավ սերմ է ցանում, բայց մինչ բոլորը քնած են, թշնամին որոմ է ցանում ցորենի մեջ։ Այդ մարդու ծառաները հարցնում են, թե պետք է արդյոք քաղհանեն որոմները։ Բայց նա ասում է. «Ո՛չ, միգուցե որոմը քաղհանելիս ցորենն էլ նրա հետ արմատախիլ անեք։ Թողեք, որ երկուսն էլ միասին աճեն մինչև հնձի ժամանակը, և հնձի ժամանակ ես հնձվորներին կասեմ. «Նախ որոմները հավաքեք և խուրձ-խուրձ կապեք այրելու համար, հետո գնացեք և ցորենը հավաքեք իմ ամբարի մեջ»» (Մատթեոս 13։24–30

Հիսուսի ունկնդիրներից շատերը ծանոթ են հողագործական աշխատանքներին։ Հիսուսը հիշատակում է նաև բոլորին հայտնի մանանեխի սերմի մասին, որը շատ փոքր է։ Սակայն այդ սերմից աճում է մի ծառ, որն այնքան մեծ է, որ թռչունները կարող են բնակվել դրա ճյուղերի մեջ։ Հիսուսն ասում է. «Երկնքի թագավորությունը նման է մանանեխի հատիկի, որը մի մարդ վերցրեց ու ցանեց իր արտում» (Մատթեոս 13։31)։ Սակայն Հիսուսի նպատակը բուսաբանության դասեր տալը չէ։ Նա խոսում է արտասովոր աճի մասին և այդ օրինակով ցույց է տալիս, թե ինչպես շատ փոքր բանը կարող է աճել ու դառնալ մեծ բան։

Ապա Հիսուսը խոսում է մի պրոցեսի մասին, որը քաջածանոթ է իր ունկնդիրներից շատերին։ Նա ասում է, որ երկնքի Թագավորությունը նման է «թթխմորի, որը մի կին վերցնում է և խառնում երեք չափ ալյուրի հետ» (Մատթեոս 13։33)։ Թթխմորը թթվեցնում է խմորի ողջ զանգվածը և մեծացնում դրա ծավալը։ Փաստորեն, խմորման պրոցեսի շնորհիվ, որը մարդկանց աչքին անտեսանելի է, փոփոխություն և աճ է տեղի ունենում։

Այս առակները պատմելուց հետո Հիսուսը արձակում է հավաքված մարդկանց և վերադառնում է այն տունը, որտեղ մնում է։ Շուտով նրա աշակերտները գալիս են նրա մոտ, քանի որ ցանկանում են, որ նա բացատրի իր պատմած առակների իմաստը։

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՕԳՈՒՏՆԵՐ ՔԱՂՈՒՄ ՀԻՍՈՒՍԻ ԱՌԱԿՆԵՐԻՑ

Հիսուսը նախկինում էլ է առակներ պատմել, բայց սա առաջին անգամն է, որ նա այդքան շատ առակներ է պատմում։ Ուստի աշակերտները հարցնում են Հիսուսին. «Ինչո՞ւ ես առակներով խոսում նրանց հետ» (Մատթեոս 13։10

Պատճառներից մեկն այն է, որ այդպես Հիսուսը իրականացնում է աստվածաշնչյան մի մարգարեություն։ Մատթեոսի Ավետարանում ասվում է. «Առանց առակի չէր խոսում նրանց հետ, որպեսզի կատարվի մարգարեի միջոցով ասված խոսքը. «Առակներով կբացեմ բերանս և աշխարհը հիմնվելուց ի վեր պահված բաները կծանուցանեմ»» (Մատթեոս 13։34, 35; Սաղմոս 78։2

Առակներով խոսելու մյուս պատճառն այն է, որ դրանց միջոցով Հիսուսը բացահայտում է մարդկանց իրական մտավիճակը։ Նրանցից շատերը գալիս են Հիսուսի մոտ, քանի որ համարում են նրան պարզապես հետաքրքիր պատմություններ պատմող և հրաշագործ։ Սակայն նրանք չեն մտածում, թե Հիսուսը մի անձնավորություն է, որին իրենք պետք է հնազանդվեն որպես Տիրոջ և հետևեն անձնվիրաբար (Ղուկաս 6։46, 47)։ Նրանք չեն ուզում փոխել իրենց տեսակետը և ապրելակերպը։ Այո՛, նրանք չեն ցանկանում, որ Հիսուսի խոսքերը այդքան խոր ազդեցություն ունենան իրենց կյանքի վրա։

Ի պատասխան աշակերտների տված հարցին՝ Հիսուսն ասում է. «Դա է պատճառը, որ նրանց հետ առակներով եմ խոսում, քանի որ նայում են, բայց զուր տեղն են նայում, լսում են, բայց զուր տեղն են լսում և իմաստը չեն ըմբռնում։ Նրանց վրա կատարվում է Եսայիայի մարգարեությունը. «....Այս ժողովրդի սիրտը կարծրացել է»» (Մատթեոս 13։13–15; Եսայիա 6։9, 10

Այս խոսքերը չեն վերաբերում Հիսուսի բոլոր ունկնդիրներին։ Հիսուսն ասում է. «Երանելի են ձեր աչքերը, քանի որ տեսնում են, և երանելի են ձեր ականջները, քանի որ լսում են։ Ճշմարիտ ասում եմ ձեզ. շատ մարգարեներ ու արդար մարդիկ ցանկացան տեսնել այն բաները, որ դուք եք տեսնում, բայց չտեսան, և լսել այն բաները, որ դուք եք լսում, բայց չլսեցին» (Մատթեոս 13։16, 17

Այո՛, Հիսուսի 12 առաքյալները և մյուս հավատարիմ աշակերտները հնազանդ ու անկեղծ սիրտ ունեն։ Ուստի Հիսուսն ասում է. «Ձեզ տրված է հասկանալ երկնքի թագավորության սրբազան գաղտնիքները, բայց նրանց տրված չէ» (Մատթեոս 13։11)։ Տեսնելով, որ աշակերտներն անկեղծորեն ցանկանում են հասկանալ իր ասածները՝ Հիսուսը նրանց բացատրում է սերմնացանի առակի նշանակությունը։

Նա ասում է, որ «սերմը Աստծու խոսքն է» (Ղուկաս 8։11)։ Իսկ Հողը մարդու սիրտն է։ Սա կարևոր միտք է, որը կօգնի հասկանալու առակի իմաստը։

Ճանապարհի եզրին՝ կոխկռտված հողում ընկած սերմերի մասին Հիսուսը հետևյալ բացատրությունն է տալիս. «Նրանք.... լսում են խոսքը, հետո Բանսարկուն գալիս է և նրանց սրտերից այն տանում է, որպեսզի նրանք չհավատան ու չփրկվեն» (Ղուկաս 8։12)։ Իսկ ժայռոտ տեղերում ընկած սերմերի մասին խոսելով՝ Հիսուսը նկատի ունի այն մարդկանց, ովքեր ուրախությամբ ընդունում են «խոսքը», բայց այն խոր արմատներ չի գցում իրենց սրտում, և «երբ այդ խոսքի պատճառով նեղություն կամ հալածանք է սկսվում», այդ մարդիկ գայթակղվում են։ Այո՛, նրանք թողնում են ճշմարիտ ուղին «փորձության ժամանակ», օրինակ՝ երբ հակառակություն է լինում ընտանիքի անդամների կամ ուրիշների կողմից (Մատթեոս 13։21; Ղուկաս 8։13

Իսկ փշերի մեջ ընկած սերմերի մասին Հիսուսն ասում է, որ դա վերաբերում է այն մարդկանց, ովքեր լսում են «խոսքը», սակայն «աշխարհի հոգսերը և հարստության հրապույրը խեղդում են» այն (Մատթեոս 13։22)։ Թեև «խոսքը» արմատներ է գցում նրանց սրտում, բայց հետո չորանում է ու դառնում անպտուղ։

Վերջում Հիսուսը խոսում է լավ հողի մասին։ Նա ասում է, որ դա վերաբերում է նրանց, ովքեր լսում են «խոսքը» և սրտանց ընդունում են այն՝ հասկանալով դրա իրական նշանակությունը։ Ի՞նչ է լինում արդյունքը։ Նրանք «պտուղ են բերում»։ Իրենց հանգամանքների, օրինակ՝ առողջության կամ տարիքի պատճառով բոլորը չեն կարողանում միևնույն արդյունքների հասնել. մեկը բերում է հարյուրապատիկ, մեկը՝ վաթսունապատիկ, մյուսն էլ՝ երեսնապատիկ։ Այո՛, Աստծու օրհնությունները վայելում են նրանք, ովքեր «լավ և բարի սիրտ ունեն, և խոսքը լսելուց հետո պահում են այն ու տոկունություն դրսևորելով պտուղ բերում» (Ղուկաս 8։15

Աշակերտները հավանաբար շատ են տպավորվում՝ լսելով Հիսուսի տված բացատրությունը։ Այժմ նրանք լիովին հասկանում են նրա պատմած առակների իմաստը։ Հիսուսը շատ է ցանկանում, որ աշակերտները հասկանան իր բերած առակների իմաստը և խորությամբ հասկանան ճշմարտությունը, որպեսզի կարողանան դրա մասին վկայել ուրիշներին։ Նա ասում է. «Մի՞թե ճրագը գրվանի կամ մահճակալի տակ են դնում։ Չէ՞ որ ճրագակալի վրա են դնում»։ Ապա Հիսուսը հորդորում է. «Ով լսելու ականջ ունի, թող լսի» (Մարկոս 4։21–23

ԽՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՆ ՁԵՌՔ ԲԵՐՈՒՄ

Երբ Հիսուսը բացատրում է սերմնացանի առակի նշանակությունը, աշակերտները ցանկանում են ավելին իմանալ։ Նրանք ասում են Հիսուսին. «Բացատրի՛ր մեզ արտում ցանված որոմների առակը» (Մատթեոս 13։36

Աշակերտների խնդրանքից երևում է, որ նրանց վերաբերմունքը շատ է տարբերվում ծովի ափին հավաքված մարդկանց վերաբերմունքից։ Այդ մարդիկ լսում են Հիսուսի առակները, բայց, ակներևաբար, ցանկություն չունեն հասկանալու դրանց նշանակությունը և այդ գիտելիքները կիրառելու իրենց կյանքում։ Նրանք պարզապես լսում են այդ առակները և չեն մտածում դրանց իմաստի շուրջ։ Հիսուսը ցույց է տալիս, թե որքան են նրանք տարբերվում իր աշակերտներից, որոնք եկել են իր մոտ ավելի խոր գիտելիքներ ստանալու։

Նա ասում է. «Ուշադրություն դարձրեք ձեր լսածին։ Ինչ չափով որ չափում եք, նույն չափով էլ ձեզ կչափեն, և ավելին կտրվի ձեզ» (Մարկոս 4։24)։ Աշակերտները ուշադրություն են դարձնում այն ամենին, ինչ ասում է Հիսուսը։ Նրանք Հիսուսի հանդեպ մեծ «չափով» են հետաքրքրություն և ուշադրություն ցուցաբերում, և արդյունքում նրանց տրվում են ավելի շատ գիտելիքներ ու ավելի խոր հասկացողություն։ Ի պատասխան ցորենի ու որոմների առակի վերաբերյալ աշակերտների խնդրանքին՝ Հիսուսն ասում է.

«Լավ սերմ ցանողը մարդու Որդին է, արտը աշխարհն է, իսկ լավ սերմը թագավորության որդիներն են, բայց որոմները Չարի որդիներն են, իսկ թշնամին, որ ցանեց դրանք, Բանսարկուն է։ Հունձը աշխարհի վախճանն է, իսկ հնձվորները հրեշտակներն են» (Մատթեոս 13։37–39

Իր պատմած առակի յուրաքանչյուր մանրամասնություն բացատրելուց հետո Հիսուսն ասում է, թե ինչ է լինելու վերջում։ Նա ասում է, որ չար համակարգի վախճանի ժամանակ հնձվորները՝ հրեշտակները, որոմանման կեղծ քրիստոնյաներին կզատեն ճշմարիտ քրիստոնյաներից՝ «թագավորության որդիներից»։ «Արդարները» կհավաքվեն, իսկ հետո «արևի նման կշողան իրենց Հոր թագավորության մեջ»։ Իսկ «Չարի որդիներին» ի վերջո կործանում է սպասում, այդ պատճառով նրանք «լաց կլինեն ու կկրճտացնեն իրենց ատամները» (Մատթեոս 13։41–43

Հիսուսը ևս երեք առակ է պատմում։ Առաջին՝ նա ասում է. «Երկնքի թագավորությունը նման է արտում թաքցրած գանձի, որը մի մարդ գտնում է ու նորից թաքցնում։ Նա ուրախությունից գնում, վաճառում է իր ողջ ունեցվածքը և առնում է այդ արտը» (Մատթեոս 13։44

Ապա շարունակում է. «Երկնքի թագավորությունը նաև նման է մի ճամփորդող վաճառականի, որը գեղեցիկ մարգարիտներ է փնտրում։ Գտնելով մի թանկարժեք մարգարիտ՝ նա գնում և իսկույն վաճառում է իր ողջ ունեցվածքը և առնում է այն» (Մատթեոս 13։45, 46

Այս երկու առակներով Հիսուսը ընդգծում է այն միտքը, որ անհատը պատրաստակամորեն զոհողություններ է անում արժեքավոր բանի համար։ Վաճառականը «իր ողջ ունեցվածքը» վաճառում է, որպեսզի շատ թանկարժեք մի մարգարիտ ձեռք բերի։ Գանձի մասին առակում էլ մարդը «իր ողջ ունեցվածքը» վաճառում է, որ ձեռք բերի գանձը։ Երկու դեպքում էլ խոսվում է մի արժեքավոր բանի մասին, որը անհրաժեշտ է ձեռք բերել և թանկ համարել։ Սա նման է այն բանին, որ անհատը զոհողություններ է անում իր հոգևոր կարիքները բավարարելու համար (Մատթեոս 5։3)։ Հիսուսի աշակերտների համար այս օրինակները հասկանալի են։ Նրանք պատրաստակամորեն զոհողություններ են արել, որ բավարարեն իրենց հոգևոր կարիքները և դառնան Հիսուսի հետևորդները (Մատթեոս 4։19, 20; 19։27

Վերջում Հիսուսը երկնքի Թագավորությունը նմանեցնում է ուռկանի, որի մեջ ամեն տեսակի ձուկ է հավաքվում (Մատթեոս 13։47)։ Երբ ձկները տեսակավորում են, լավ ձկները հավաքում են ամանների մեջ, իսկ անպետքները դեն են գցում։ Հիսուսն ասում է, որ այդպես էլ կլինի աշխարհի վախճանի ժամանակ. հրեշտակները արդարներին կառանձնացնեն չարերից։

Հիսուսը ինքն էլ, այսպես ասած, հոգևոր որս է արել, երբ իր առաջին աշակերտներին հրավիրել է լինելու «մարդկանց որսորդներ» (Մարկոս 1։17)։ Նա ասում է, որ այդ առակում նկարագրվածը կատարվելու է ապագայում՝ «աշխարհի վախճանի» ժամանակ (Մատթեոս 13։49)։ Ուստի առաքյալներն ու մյուս աշակերտները հասկանում են, որ ապագայում շատ նշանակալից դեպքեր են տեղի ունենալու։

Նրանք, ովքեր լսում են Հիսուսի առակները, խոր գիտելիքներ են ձեռք բերում։ Հիսուսը ցույց է տալիս, որ պատրաստ է «իր աշակերտներին առանձին ամեն ինչ բացատրել» (Մարկոս 4։34)։ Նա նման է «մի տանտիրոջ, որը հին ու նոր բաներ է հանում իր գանձարանից» (Մատթեոս 13։52)։ Առակներ պատմելով՝ Հիսուսը չի ցուցադրում ուսուցանելու իր հմտությունը, այլ աշակերտներին հայտնում է ճշմարտություններ, որոնք նման են գանձի։ Այո՛, Հիսուսն իսկապես ամենահմուտ Ուսուցիչն է։