Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 49

Քարոզում է Գալիլեայում և կրթում է առաքյալներին

Քարոզում է Գալիլեայում և կրթում է առաքյալներին

ՄԱՏԹԵՈՍ 9։35–10։15 ՄԱՐԿՈՍ 6։6–11 ՂՈՒԿԱՍ 9։1–5

  • ՀԻՍՈՒՍԸ ԿՐԿԻՆ ՇՐՋՈՒՄ Է ԳԱԼԻԼԵԱՅՈՒՄ

  • ԱՌԱՔՅԱԼՆԵՐԻՆ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՔԱՐՈԶԵԼՈՒ

Արդեն մոտ երկու տարի է, ինչ Հիսուսը եռանդորեն քարոզում է։ Արդյոք նա այժմ թուլացնո՞ւմ է իր եռանդը։ Ո՛չ, Հիսուսը ավելի է ընդլայնում իր քարոզչական գործունեությունը. նա «շրջում է [Գալիլեայի] բոլոր քաղաքներում ու գյուղերում, սովորեցնում է նրանց ժողովարաններում, քարոզում է թագավորության բարի լուրը և բուժում ամեն տեսակ հիվանդություն ու տկարություն» (Մատթեոս 9։35)։ Այն, ինչ նա տեսնում է այդ տարածքում, ավելի է համոզում նրան, որ անհրաժեշտ է ընդլայնել քարոզչական գործը։ Սակայն ինչպե՞ս է նա անելու դա։

Շրջելով Գալիլեայում՝ Հիսուսը տեսնում է, որ մարդիկ հոգևոր օգնության ու մխիթարության կարիք ունեն։ Նրանք նման են հովիվ չունեցող ոչխարների, կեղեքված են ու ցիրուցան եղած։ Հիսուսը կարեկցանքով է լցվում այդ մարդկանց հանդեպ և իր աշակերտներին ասում է. «Հունձը շատ է, բայց աշխատողները՝ քիչ։ Ուստի աղերսեք հնձի Տիրոջը, որ աշխատողներ ուղարկի իր հնձի համար» (Մատթեոս 9։37, 38

Հիսուսը գիտի, թե ինչպես կարելի է օգնել մարդկանց։ Նա կանչում է իր 12 առաքյալներին և նրանց բաժանում զույգերի։ Ապա հրահանգներ է տալիս նրանց. «Մի՛ գնացեք այլազգի մարդկանց մոտ և մի՛ մտեք սամարացիների որևէ քաղաք, այլ գնացեք Իսրայելի տան կորած ոչխարների մոտ։ Եվ երբ գնաք, քարոզեք ու ասացեք. «Երկնքի թագավորությունը մոտեցել է»» (Մատթեոս 10։5–7

Նրանք պետք է քարոզեն այն Թագավորության մասին, որի մասին Հիսուսը նշել է տիպար աղոթքում։ Այդ Թագավորությունը մոտեցել է այն իմաստով, որ այժմ երկրի վրա է Աստծու նշանակած Թագավորը՝ Հիսուս Քրիստոսը։ Բայց ինչպե՞ս են աշակերտները փաստելու, որ այդ Թագավորության ներկայացուցիչներն են։ Հիսուսը նրանց զորություն է տալիս բուժելու հիվանդներին և նույնիսկ հարություն տալու մահացածներին, և այդ ամենը նրանք պետք է անեն առանց որևէ վճարի։ Այդ դեպքում ինչպե՞ս են առաքյալները հոգալու իրենց կարիքները, օրինակ՝ ինչպե՞ս են ձեռք բերելու օրվա հացը։

Հիսուսը իր աշակերտներին պատվիրում է, որ այդ քարոզչական շրջագայության համար ոչ մի պատրաստություն չտեսնեն։ Նրանք չպետք է իրենց քսակներում ունենան ոսկի, արծաթ կամ էլ պղինձ։ Նույնիսկ չպետք է ճանապարհի համար վերցնեն ուտելիքի պարկ, հավելյալ ներքնազգեստ կամ սանդալներ։ Ինչո՞ւ։ Հիսուսն ասում է. «Աշխատողը արժանի է իր կերակուրին» (Մատթեոս 10։10)։ Այն մարդիկ, ովքեր կընդունեն աշակերտների տարած լուրը, կօգնեն նրանց հոգալու իրենց հիմնական կարիքները։ Հիսուսը շարունակում է. «Որտեղ էլ որ մի տուն մտնեք, մնացեք այնտեղ, մինչև որ դուրս գաք այդ վայրից» (Մարկոս 6։10

Հիսուսը նաև սովորեցնում է աշակերտներին, թե ինչպես քարոզեն Թագավորության լուրը։ Նա ասում է. «Երբ տուն մտնեք, բարև տվեք տան անդամներին, և եթե այդ տունը արժանի է, թող ձեր մաղթած խաղաղությունը այդ տան վրա իջնի, բայց եթե արժանի չէ, թող ձեր խաղաղությունը ձեզ վերադառնա։ Եթե որևէ մեկը ձեզ չընդունի կամ ձեր խոսքերը չլսի, այդ տնից կամ քաղաքից դուրս գալիս թափ տվեք փոշին ձեր ոտքերից» (Մատթեոս 10։12–14

Հնարավոր է այնպես լինի, որ մի ամբողջ քաղաք կամ գյուղ մերժի աշակերտների տարած լուրը։ Այդ դեպքում ի՞նչ կլինի այդ բնակավայրին։ Հիսուսն ցույց է տալիս, որ այն խիստ դատաստանի կարժանանա։ Նա ասում է. «Ճշմարիտ ասում եմ ձեզ. Սոդոմի և Գոմորի համար ավելի հեշտ կլինի Դատաստանի օրը, քան այդ քաղաքի համար» (Մատթեոս 10։15