Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 57

Հիսուսը բուժում է մի աղջկա և մի խուլ մարդու

Հիսուսը բուժում է մի աղջկա և մի խուլ մարդու

ՄԱՏԹԵՈՍ 15։21–31 ՄԱՐԿՈՍ 7։24–37

  • ՀԻՍՈՒՍԸ ԲՈՒԺՈՒՄ Է ՓՅՈՒՆԻԿԵՑԻ ԿՆՈՋ ԱՂՋԿԱՆ

  • ԲՈՒԺՈՒՄ Է ԽՈՒԼՈՒՀԱՄՐ ՄԻ ՄԱՐԴՈՒ

Փարիսեցիներին դատապարտելուց հետո Հիսուսը իր աշակերտների հետ հեռանում է Գալիլեայից։ Նա ճանապարհ է ընկնում դեպի հյուսիս-արևմուտք՝ շատ կիլոմետրեր հեռու գտնվող Տյուրոս և Սիդոն քաղաքների կողմերը, որոնք գտնվում են Փյունիկիայում։

Հիսուսը մնալու տեղ է գտնում, բայց չի ցանկանում, որ մարդիկ իմանան, թե որտեղ է ինքը։ Այնուամենայնիվ, նրան չի հաջողվում աննկատ մնալ։ Ազգությամբ հույն մի կին, որը ծնվել է այդ տարածքում, իմանում է, թե որտեղ է Հիսուսը ու գալիս է նրա մոտ։ Կինը սկսում է աղերսել նրան. «Ողորմի՛ր ինձ, Տե՛ր, Դավթի՛ Որդի։ Աղջիկս դիվահար է» (Մատթեոս 15։22; Մարկոս 7։26

Քիչ անց աշակերտները ասում են Հիսուսին. «Արձակի՛ր նրան, որովհետև շարունակ աղաղակում է մեր հետևից»։ Հիսուսը բացատրում է, թե ինչու ինքը չի արձագանքում կնոջ խնդրանքին։ Նա ասում է. «Իսրայելի տան կորած ոչխարներից բացի, ես ուրիշ ոչ ոքի մոտ չեմ ուղարկվել»։ Սակայն կինը չի հանձնվում։ Նա մոտենում է Հիսուսին, խոնարհվում է նրա առաջ և ասում. «Տե՛ր, օգնի՛ր ինձ» (Մատթեոս 15։23–25

Հիսուսը, ակներևաբար, ցանկանում է ստուգել նրա հավատը և ակնարկելով այլազգիների հանդեպ հրեաների բացասական վերաբերմունքը՝ ասում է. «Ճիշտ չէ երեխաների հացը վերցնել և շնիկների առաջ գցել» (Մատթեոս 15։26)։ Օգտագործելով ավելի մեղմ բառ՝ «շնիկներ», Հիսուսը ցույց է տալիս, որ ջերմ զգացմունքներ է տածում այլազգի մարդկանց հանդեպ։ Ակներևաբար, նրա զգացմունքները երևում են նաև նրա դեմքի արտահայտությունից և մեղմ ձայնից։

Կինը չի վիրավորվում Հիսուսի խոսքերից, այլ հիմնվելով նրա արած ակնարկի վրա՝ խոնարհաբար ասում է. «Այո՛, Տե՛ր, բայց շնիկներն էլ իրենց տերերի սեղանից թափվող փշրանքներն են ուտում»։ Հիսուսը, տեսնելով, որ նա սրտի ճիշտ տրամադրվածություն ունի, ասում է. «Ո՛վ կին, մեծ է քո հավատը։ Թող լինի այնպես, ինչպես որ դու ես ուզում» (Մատթեոս 15։27, 28)։ Նույն պահին այդ կնոջ դիվահար աղջիկը բուժվում է, թեև նա անձամբ ներկա չէ այդտեղ։ Երբ կինը տուն է վերադառնում, տեսնում է, որ իր դուստրը պառկած է մահճակալի վրա՝ լիովին առողջացած. «դևը դուրս էր եկել նրա միջից» (Մարկոս 7։30

Փյունիկիայից Հիսուսն ու իր աշակերտները գնում են դեպի Հորդանան գետի վերին հոսանքը՝ Գալիլեայի ծովից դեպի հյուսիս։ Ակներևաբար, այնտեղ նրանք անցնում են Հորդանան գետը և մտնում Դեկապոլիսի շրջան։ Ապա Հիսուսն ու իր աշակերտները բարձրանում են մի սար։ Մարդիկ իմանում են նրանց տեղը ու գալիս են նրանց մոտ։ Հիսուսի մոտ են բերում կաղերի, խեղանդամների, կույրերի, համրերի և այլ հիվանդների, և նա բուժում է նրանց։ Տեսնելով այդ ամենը՝ ժողովուրդն ապշում է և սկսում է փառաբանել Իսրայելի Աստծուն։

Հիսուսն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում մի մարդու, որը խուլ է և լեզվի արատ ունի։ Կարելի է պատկերացնել, թե ինչ է զգում այդ մարդը մեծ ամբոխի մեջ։ Հավանաբար նկատելով, որ այդ մարդը շատ լարված է ու շփոթված՝ Հիսուսը նրան մի կողմ է տանում։ Երբ նրանք մենակ են մնում, Հիսուսը նրան ցույց է տալիս, թե ինչ է պատրաստվում անել. նա իր մատները դնում է նրա ականջների մեջ, հետո թքում է ու դիպչում նրա լեզվին։ Ապա նայում է դեպի երկինք ու ասում է՝ «եփփաթա՛», որը նշանակում է «բացվի՛ր»։ Հենց այդ պահին մարդը սկսում է լսել և կարողանում է պարզ խոսել։ Հիսուսը չի ցանկանում, որ այդ դեպքի մասին լուրերը տարածվեն, քանի որ ուզում է, որ մարդիկ իրեն հավատան՝ անձամբ իրենց տեսածի ու լսածի հիման վրա (Մարկոս 7։32–36

Տեսնելով, որ Հիսուսը կարողանում է այդպիսի բուժումներ անել՝ «մարդիկ ապշում են» ու ասում. «Նա ամեն բան լավ է անում։ Նույնիսկ խուլերին է լսել տալիս և համրերին՝ խոսել» (Մարկոս 7։37