Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 78

Հավատարիմ տնտեսը

Հավատարիմ տնտեսը

ՂՈՒԿԱՍ 12։35–59

  • ՀԱՎԱՏԱՐԻՄ ՏՆՏԵՍԸ ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԻ

  • ՀԻՍՈՒՍԸ ԵԿԵԼ Է ԲԱԺԱՆՈՒՄ ԲԵՐԵԼՈՒ

Հիսուսը ասել է, որ միայն «փոքր հոտի» անդամներն են տեղ ունենալու երկնային Թագավորության մեջ (Ղուկաս 12։32)։ Այդ առանձնաշնորհմանը նրանք պետք է շատ լուրջ վերաբերվեն։ Հիսուսը իր հետագա խոսքերում ընդգծում է, թե որքան կարևոր է, որ անհատը ճիշտ վերաբերմունք ու մտավիճակ ունենա, որպեսզի մտնի այդ Թագավորություն։

Հիսուսը հորդորում է իր աշակերտներին, որ պատրաստ լինեն իր վերադարձին։ Նա ասում է. «Թող ձեր մեջքերը գոտևորված լինեն, և ձեր ճրագները՝ վառված, իսկ դուք նման եղեք այն մարդկանց, ովքեր սպասում են, թե իրենց տերը երբ կվերադառնա հարսանիքից, որպեսզի երբ գա և դուռը թակի, նրանք անմիջապես բաց անեն նրա առաջ։ Երջանիկ են այն ծառաները, որոնց տերը արթուն կգտնի, երբ գա» (Ղուկաս 12։35–37

Հիսուսի աշակերտների համար հասկանալի է, թե Հիսուսը իր բերած օրինակով ինչ է ուզում ընդգծել։ Այդ օրինակում ծառաները պատրաստ են ու սպասում են իրենց տիրոջ վերադարձին։ Հիսուսը շարունակում է. «Իսկ եթե [տերը] տեղ հասնի գիշերվա երկրորդ պահին [երեկոյան մոտավորապես ժամը 9-ից մինչև կեսգիշեր] կամ նույնիսկ երրորդին [կեսգիշերից մինչև առավոտվա մոտ ժամը 3-ը] և նրանց արթուն գտնի, ապա երջանիկ են նրանք» (Ղուկաս 12։38

Հիսուսի նպատակն այն չէ, որ պարզապես հորդորի իր ունկնդիրներին, որ լինեն ժրաջան ծառաներ կամ աշխատողներ։ Դա հստակ է դառնում Հիսուսի հաջորդ խոսքերից։ Իրեն անվանելով մարդու Որդի՝ նա ասում է. «Դուք նույնպես պատրաստ եղեք, որովհետև մարդու Որդին գուցե գա այն ժամին, որ դուք չեք կարծում» (Ղուկաս 12։40)։ Փաստորեն, Հիսուսը ապագայում գալու է և ցանկանում է, որ իր հետևորդները, հատկապես «փոքր հոտի» անդամները պատրաստ լինեն։

Պետրոսը ուզում է հստակ հասկանալ, թե ինչ նկատի ունի Հիսուսը, ուստի հարցնում է. «Տե՛ր, այս առակը մե՞զ ես ասում, թե՞ նաև մյուսներին»։ Պետրոսի հարցին կոնկրետ պատասխան տալու փոխարեն՝ Հիսուսը մեկ այլ օրինակ է բերում. «Ո՞վ է այն հավատարիմ և իմաստուն տնտեսը, որին իր տերը կնշանակի իր բոլոր սպասավորների վրա, որպեսզի նրանց բաժին կերակուրը տա ճիշտ ժամանակին։ Երջանիկ է այդ ծառան, եթե նրա տերը, գալով, նրան այդպես անելիս գտնի։ Ճշմարիտ ասում եմ ձեզ. նա կնշանակի նրան իր ողջ ունեցվածքի վրա» (Ղուկաս 12։41–44

Նախորդ օրինակից երևում է, որ «տերը» Հիսուսն է՝ մարդու Որդին։ Ուստի տրամաբանական է եզրակացնել, որ այս օրինակում նշված «հավատարիմ տնտեսը» «փոքր հոտից» է, որին տրվելու է Թագավորությունը (Ղուկաս 12։32)։ Հիսուսն ուզում է ասել, որ մի խումբ, որը կազմված է լինելու փոքր հոտի որոշ անդամներից, «իր բոլոր սպասավորներին» տալու է «նրանց բաժին կերակուրը ճիշտ ժամանակին»։ Այժմ անձամբ Հիսուսն է Պետրոսին և մյուս աշակերտներին ուսուցանում և հոգևորապես սնում։ Ուստի նրանք կարող են եզրակացնել, որ Հիսուսը խոսում է ապագայի մասին՝ մի ժամանակահատվածի, որի ընթացքում մարդու Որդին կգա, և որ այդ ժամանակահատվածում գործելիս կլինի մի կառույց, որի միջոցով Հիսուսի հետևորդները՝ տիրոջ «բոլոր սպասավորները», հոգևոր սնունդ կստանան։

Ապա Հիսուսը մեկ անգամ ևս ընդգծում է, թե ինչու իր աշակերտները պետք է զգոն լինեն և ուշադրություն դարձնեն այն բանին, թե ինչ մտավիճակ ունեն։ Դա անհրաժեշտ է, քանի որ հնարավոր է, որ նրանք ժամանակի ընթացքում թուլացնեն իրենց զգոնությունը և անգամ սկսեն հակառակվել իրենց հավատակիցներին։ Հիսուսն ասում է. «Բայց եթե այդ ծառան իր սրտում ասի՝ «իմ տերը ուշանում է գալ», սկսի ծեծել ծառաներին ու աղախիններին, ուտի, խմի ու հարբի, այդ ծառայի տերը կգա այն օրը, երբ նա չի սպասում, և այն ժամին, որ նա չգիտի, և խստությամբ կպատժի նրան ու նրա բաժինը կդնի անհավատարիմների հետ» (Ղուկաս 12։45, 46

Այնուհետև Հիսուսն ասում է, որ եկել է, «որ կրակ գցի երկրի վրա»։ Եվ նա իսկապես անում է դա՝ բարձրացնելով հարցեր, որոնց պատճառով թեժ վիճաբանություններ են լինում, և որոնց միջոցով քողազերծվում են կեղծ ուսմունքներն ու ավանդույթները։ Բաժանումներ են լինում նույնիսկ մտերիմ մարդկանց միջև, օրինակ՝ «հայրը բաժանվում է որդուց, որդին՝ հորից, մայրը՝ աղջկանից, աղջիկը՝ մորից, սկեսուրը՝ հարսից, և հարսը՝ սկեսրոջից» (Ղուկաս 12։49, 53

Հիսուսի ասածները հիմնականում ուղղված են իր աշակերտներին։ Իսկ այժմ Հիսուսը իր խոսքն ուղղում է հավաքված մարդկանց։ Նրանց մեծ մասը համառորեն չի ընդունում այն բոլոր ապացույցները, որոնք փաստում են, որ Հիսուսն է Մեսիան, ուստի նա ասում է նրանց. «Երբ տեսնում եք, որ արևմուտքից ամպ է բարձրանում, իսկույն ասում եք՝ «փոթորիկ է լինելու», և այդպես էլ լինում է։ Եվ երբ տեսնում եք, որ հարավային քամի է փչում, ասում եք՝ «սաստիկ շոգ է լինելու», և լինում է։ Կեղծավորնե՛ր, գիտեք, թե ինչպես արտաքինից քննել երկինքն ու երկիրը, բայց ինչպե՞ս է, որ չգիտեք, թե ինչպես քննել այս ժամանակը» (Ղուկաս 12։54–56)։ Հստակ է, որ այս մարդիկ չեն պահում իրենց հոգևոր արթնությունը։