Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 81

Ի՞նչ իմաստով են Հիսուսը և Հայրը «մի»

Ի՞նչ իմաստով են Հիսուսը և Հայրը «մի»

ՀՈՎՀԱՆՆԵՍ 10։22–42

  • «ԵՍ ԵՎ ՀԱՅՐԸ ՄԻ ԵՆՔ»

  • ՀԻՍՈՒՍԸ ՀԵՐՔՈՒՄ Է ԿԵՂԾ ՄԵՂԱԴՐԱՆՔԸ

Հիսուսը եկել է Երուսաղեմ, որտեղ այժմ նշվում է Նվիրման տոնը (կամ՝ Հանուկա տոնը)։ Այս տոնի ժամանակ նշում են տաճարի վերանվիրումը։ Ավելի քան մեկ դար առաջ Ասորիքի թագավոր Անտիոքոս IV Եպիփանեսը Եհովայի տաճարի մեծ զոհասեղանի վրա կառուցել էր հեթանոսական զոհասեղան։ Հետագայում մի հրեա քահանայի որդիներ վերագրավել էին Երուսաղեմը և տաճարը կրկին նվիրել էին Եհովային։ Այդ ժամանակվանից ի վեր ամեն տարի այդ իրադարձությանը նվիրված տոն է նշվում քասղևի 25-ին, այն ամսին, որը համապատասխանում է նոյեմբերի վերջերից մինչև դեկտեմբերի սկզբներն ընկած ժամանակահատվածին։

Այժմ ձմեռ է։ Երուսաղեմում տարվա այդ ժամանակ սովորաբար ցուրտ է լինում։ Հիսուսը քայլում է տաճարում՝ Սողոմոնի սյունաշարի միջով։ Այդ ժամանակ հրեաները հավաքվում են նրա շուրջն ու ասում. «Մինչև ե՞րբ ես մեզ անորոշության մեջ պահելու։ Եթե դու ես Քրիստոսը, պարզ ասա» (Հովհաննես 10։22–24)։ Հիսուսը պատասխանում է. «Ես ասացի ձեզ, բայց դուք չեք հավատում»։ Հիսուսը նրանց ուղղակիորեն չի ասել, որ ինքն է Քրիստոսը, ինչպես որ սամարացի կնոջն էր ասել ջրհորի մոտ (Հովհաննես 4։25, 26)։ Սակայն նա ցույց է տվել, թե ով է ինքը՝ ասելով. «Նախքան Աբրահամի լինելը ես արդեն կայի» (Հովհաննես 8։58

Հիսուսն ուզում է, որ մարդիկ ինքնուրույն գան այն եզրակացության, որ ինքն է Քրիստոսը՝ իր արած գործերը համեմատելով այն ամենի հետ, ինչը, համաձայն մարգարեությունների, պետք է անի Քրիստոսը։ Ահա թե ինչու նա տարբեր առիթներով իր աշակերտներին պատվիրել է ոչ ոքի չհայտնել, որ ինքն է Մեսիան։ Այժմ նա թշնամաբար տրամադրված այս հրեաներին պարզ ասում է. «Այն գործերը, որ ես անում եմ իմ Հոր անունով, դրանք են իմ մասին վկայում։ Բայց դուք չեք հավատում» (Հովհաննես 10։25, 26

Ինչո՞ւ այդ մարդիկ չեն հավատում, որ Հիսուսն է Քրիստոսը։ Հիսուսն ասում է. «Դուք չեք հավատում, որովհետև իմ ոչխարներից չեք։ Իմ ոչխարները լսում են իմ ձայնը, և ես ճանաչում եմ նրանց, ու նրանք իմ հետևից են գալիս։ Ես նրանց հավիտենական կյանք եմ տալիս, նրանք երբեք չեն կործանվի, ու ոչ ոք իմ ձեռքից չի հափշտակի նրանց։ Նրանք, որոնց իմ Հայրը ինձ տվեց, ավելի թանկ արժեն, քան մնացած բոլոր բաները»։ Ապա Հիսուսը նշում է, թե որքան մտերիմ փոխհարաբերություններ ունի իր Հոր հետ, ասելով. «Ես և Հայրը մի ենք» (Հովհաննես 10։26–30)։ Հիսուսը երկրի վրա է, իսկ նրա Հայրը՝ երկնքում, հետևաբար Հիսուսը նկատի չունի, թե ինքն ու իր Հայրը բառացիորեն «մի են»։ Նրանք «մի են» այն իմաստով, որ ունեն նույն նպատակը և միասնական են։

Հիսուսի խոսքերը լսելով՝ հրեաներն այնքան են զայրանում, որ քարեր են վերցնում, որ քարկոծեն նրան։ Հիսուսին դա չի վախեցնում։ Նա ասում է. «Ես ձեզ բազում բարի գործեր ցույց տվեցի Հորից։ Այդ գործերից ո՞ր մեկի համար եք ինձ քարկոծում»։ Նրանք պատասխանում են. «Մենք քեզ քարկոծում ենք ոչ թե բարի գործի համար, այլ հայհոյելու, որովհետև.... քեզ աստված ես դարձնում» (Հովհաննես 10։31–33)։ Հիսուսը երբեք չի ասել, թե ինքն աստված է, այդ դեպքում ինչո՞ւ են նրա դեմ այդպիսի մեղադրանք ներկայացնում։

Բանն այն է, որ Հիսուսը իր խոսքի մեջ նշում է, որ ի զորու է անելու բաներ, որ հրեաների կարծիքով՝ կարող է անել միայն Աստված։ Օրինակ՝ «ոչխարների» վերաբերյալ Հիսուսն ասել է. «Ես նրանց հավիտենական կյանք եմ տալիս» (Հովհաննես 10։28)։ Այդպիսի բան մարդը ի զորու չէ անելու։ Սակայն հրեաներն անտեսում են այն փաստը, որ Հիսուսը բացահայտորեն ասել է, որ այդ զորությունն ու իշխանությունը ստացել է իր Հորից։

Հրեաների մեղադրանքը հերքելու համար Հիսուսն ասում է. «Չէ՞ որ ձեր Օրենքում [Սաղմոս 82։6-ում] գրված է. «Ես ասացի՝ «դուք աստվածներ եք»»։ Եթե նա «աստվածներ» է կոչում նրանց, ում դեմ էր ուղղված Աստծու խոսքը.... դուք ի՞նձ եք ասում (որին Հայրը սրբացրեց և ուղարկեց աշխարհ), թե՝ հայհոյում ես, քանի որ ասացի՝ Աստծու Որդի եմ» (Հովհաննես 10։34–36

Այո՛, Սուրբ Գիրքը նույնիսկ անարդար դատավորներին է կոչում «աստվածներ»։ Ուրեմն ինչպե՞ս կարող են այս հրեաները դատապարտել Հիսուսին այն բանի համար, որ ասում է՝ «Աստծու Որդի եմ»։ Այժմ Հիսուսը նշում է մի բանի մասին, ինչը պետք է որ համոզիչ ապացույց լիներ նրանց համար։ Նա ասում է. «Եթե ես իմ Հոր գործերը չեմ անում, մի՛ հավատացեք ինձ։ Բայց եթե անում եմ այդ գործերը, անգամ եթե ինձ չեք հավատում, գոնե այդ գործերին հավատացեք, որպեսզի իմանաք և ավելի պարզ հասկանաք, որ Հայրը միության մեջ է ինձ հետ, և ես էլ միության մեջ եմ Հոր հետ» (Հովհաննես 10։37, 38

Դա լսելով՝ հրեաները փորձում են բռնել Հիսուսին, սակայն նրան կրկին հաջողվում է փախչել։ Նա հեռանում է Երուսաղեմից և անցնելով Հորդանան գետը՝ գնում է այն տարածքը, որտեղ Հովհաննես Մկրտիչը մոտ չորս տարի առաջ մկրտություն էր անում։ Ակներևաբար, այդ տարածքը գտնվում է Գալիլեայի ծովի հարավային ափից ոչ հեռու։

Շատ մարդիկ են գալիս այստեղ՝ Հիսուսի մոտ։ Նրանք ասում են. «Հովհաննեսը ոչ մի հրաշք չգործեց, բայց այն ամենը, որ Հովհաննեսն ասել էր այս մարդու մասին, ճիշտ էր» (Հովհաննես 10։41)։ Այսպիսով՝ շատ հրեաներ սկսում են հավատալ Հիսուսին։