Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 112

Տասը կույսերի առակը

Տասը կույսերի առակը

ՄԱՏԹԵՈՍ 25։1–13

  • ՀԻՍՈՒՍԸ ՏԱՍԸ ԿՈՒՅՍԵՐԻ ԱՌԱԿՈՎ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ Է ԶԳՈՆ ԼԻՆԵԼ

Հիսուսը շարունակում է խոսել իր ներկայության և վերջին օրերի հետ կապված նշանի մասին։ Այժմ նա առաքյալներին հորդոր է տալիս մի առակի միջոցով։ Այս առակի կատարումը կտեսնեն նրանք, ովքեր կապրեն նրա ներկայության ժամանակ։

Հիսուսն ասում է. «Երկնքի թագավորությունը նման է տասը կույսերի, որոնք վերցրին իրենց ճրագները և դուրս եկան փեսային դիմավորելու։ Նրանցից հինգը հիմար էին, իսկ հինգը՝ խոհեմ» (Մատթեոս 25։1, 2

Հիսուսը նկատի չունի, որ առաքյալների մի մասը, ովքեր ժառանգելու են երկնքի Թագավորությունը, լինելու է հիմար, իսկ մյուս մասը՝ խոհեմ։ Նա ուզում է ասել, որ աշակերտներից յուրաքանչյուրը անձամբ է որոշում պահե՞լ զգոնությունը, թե՞ թուլացնել։ Հիսուսը վստահ է, որ իր յուրաքանչյուր ծառան կարող է հավատարիմ լինել և ստանալ իր Հոր տված օրհնությունները։

Առակում բոլոր տասը կույսերը դուրս են գալիս դիմավորելու փեսային և միանալու հարսանքավորներին։ Երբ փեսան գա՝ հարսին բերելով այն տունը, որը պատրաստված է նրա համար, նրանք իրենց ճրագներով պետք է լուսավորեն ճանապարհը և այդպիսով պատիվ տան փեսային։

Հիսուսը շարունակում է. «Հիմարները վերցրին իրենց ճրագները, բայց իրենց հետ ձեթ չվերցրին, մինչդեռ խոհեմները սրվակներով ձեթ վերցրին իրենց ճրագների հետ։ Քանի որ փեսան ուշանում էր, բոլորը սկսեցին նիրհել և քուն մտան» (Մատթեոս 25։3–5)։ Փեսան չի գալիս այն ժամանակ, երբ նրան սպասում են։ Թվում է, թե նա բավականին ուշանում է։ Այդ ընթացքում կույսերը քուն են մտնում։ Մինչ Հիսուսը պատմում է այս մանրամասները, առաքյալները թերևս հիշում են նրա պատմած առակը ազնվատոհմ մարդու մասին, որը գնացել էր հեռավոր երկիր և «թագավորական իշխանություն ստանալուց հետո» ի վերջո վերադարձել էր (Ղուկաս 19։11–15

Հիսուսը նկարագրում է, թե ինչ է տեղի ունենում, երբ վերջապես փեսան վերադառնում է։ Նա ասում է. «Ուղիղ կեսգիշերին աղաղակ լսվեց. «Ահա՛ փեսան։ Դո՛ւրս եկեք դիմավորելու նրան»» (Մատթեոս 25։6)։ Արդյո՞ք տասը կույսերը պատրաստ են և զգոն՝ փեսային դիմավորելու համար։

Հիսուսը շարունակում է. «Բոլոր կույսերը վեր կացան ու պատրաստեցին իրենց ճրագները։ Հիմարներն ասացին խոհեմներին. «Ձեր ձեթից մի քիչ տվեք մեզ, որովհետև մեր ճրագները հանգչելու վրա են»։ Խոհեմներն էլ ասացին. «Գուցե չբավականացնի թե՛ մեզ և թե՛ ձեզ։ Գնացեք վաճառողների մոտ ու ձեզ համար գնեք»» (Մատթեոս 25։7–9

Փաստորեն, հինգ կույսերը հիմար են այն առումով, որ զգոնություն չեն դրսևորում և պատրաստ չեն դիմավորելու փեսային։ Նրանք բավականաչափ ձեթ չունեն իրենց ճրագները վառ պահելու համար և ստիպված են ձեթ գնել։ Հիսուսը շարունակում է. «Երբ նրանք գնացին գնելու, փեսան եկավ, և այն կույսերը, որոնք պատրաստ էին, նրա հետ հարսանեկան խնջույքին մտան, և դուռը փակվեց։ Ապա մյուս կույսերը եկան և ասացին. «Տե՛ր, տե՛ր, բա՛ց արա»։ Նա էլ ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, ես ձեզ չեմ ճանաչում»» (Մատթեոս 25։10–12)։ Այո՛, արթնություն ու զգոնություն չպահելը տխուր հետևանքներ է բերում։

Առաքյալները հասկանում են, որ փեսան հենց ինքը՝ Հիսուսն է։ Ավելի վաղ նա իրեն նմանեցրել էր փեսայի (Ղուկաս 5։34, 35)։ Իսկ ովքե՞ր են խոհեմ կույսերը։ Երբ Հիսուսը խոսել էր «փոքր հոտի» մասին, որոնց տրվելու է Թագավորությունը, նա այսպիսի խոսքեր էր ասել. «Թող ձեր մեջքերը գոտևորված լինեն, և ձեր ճրագները՝ վառված» (Ղուկաս 12։32, 35)։ Ուստի կույսերի մասին այս առակից առաքյալները հասկանում են, որ Հիսուսը նկատի ունի իր հավատարիմ աշակերտներին։ Իսկ ի՞նչ է ուզում Հիսուսը սովորեցնել այս առակի միջոցով։

Հիսուսը ավարտում է առակը՝ ասելով. «Արթո՛ւն եղեք, որովհետև ո՛չ օրը գիտեք, ո՛չ ժամը» (Մատթեոս 25։13

Փաստորեն, Հիսուսը հորդորում է իր աշակերտներին, որ իր ներկայության ժամանակ հոգևորապես արթուն լինեն։ Հիսուսը, անկասկած, գալու է, և աշակերտները, հինգ խոհեմ կույսերի պես, պետք է պատրաստ և զգոն լինեն, որ կարողանան վառ պահել իրենց հրաշալի հույսը և ստանան իրենց վարձատրությունը։