Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 113

Տաղանդների առակը

Տաղանդների առակը

ՄԱՏԹԵՈՍ 25։14–30

  • ՀԻՍՈՒՍԸ ՏԱՂԱՆԴՆԵՐԻ ԱՌԱԿՈՎ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ Է ԺՐԱՋԱՆ ԼԻՆԵԼ

Հիսուսը շարունակում է խոսել իր չորս առաքյալների հետ Ձիթենյաց լեռան վրա։ Նա այժմ պատմում է մեկ այլ առակ։ Մի քանի օր առաջ Երիքովում նա պատմել էր մնասների առակը՝ ցույց տալու համար, որ Թագավորությունը գալու է հեռավոր ապագայում։ Առակը, որ այժմ պատմում է Հիսուսը, նման է մնասների առակին։ Այն կապ ունի Հիսուսի ներկայության և աշխարհի վախճանի նշանի հետ։ Առակը ցույց է տալիս, որ Հիսուսի աշակերտները պետք է ջանասեր ու ժրաջան լինեն իրենց վստահված գործում։

Հիսուսն ասում է. «Թագավորությունը նաև կարելի է նմանեցնել մի մարդու, որը երբ պատրաստվում էր գնալ օտար երկիր, հավաքեց իր ծառաներին և իր ունեցվածքը նրանց հանձնեց» (Մատթեոս 25։14)։ Հիսուսը նախկինում նմանեցրել է իրեն մի մարդու, որը մեկնում է հեռու երկիր «թագավորական իշխանություն ստանալու»։ Ուստի առաքյալները կարող են հեշտությամբ հասկանալ, որ այս առակի մարդը նույնպես Հիսուսն է (Ղուկաս 19։12

Մինչև օտար երկիր գնալը այդ մարդը իր ունեցվածքը հանձնում է իր ծառաներին։ Նույն կերպ է վարվում Հիսուսը։ Նա իր ծառայության երեքուկես տարիների ընթացքում Աստծու Թագավորության բարի լուրն է քարոզել և իր աշակերտներին ուսուցանել է, որ նրանք անեն այդ գործը։ Այժմ նա պատրաստվում է հեռանալ և վստահ է, որ աշակերտները կշարունակեն անել իրենց վստահված գործը (Մատթեոս 10։7; Ղուկաս 10։1, 8, 9; համեմատի՛ր Հովհաննես 4։38; 14։12

Ինչպե՞ս է առակի մեջ նկարագրված մարդը բաժանում իր ունեցվածքը։ Հիսուսն ասում է. «Մեկին հինգ տաղանդ տվեց, մյուսին՝ երկու, մյուսին էլ մեկ տաղանդ՝ յուրաքանչյուրին իր կարողության համեմատ, և գնաց օտար երկիր» (Մատթեոս 25։15)։ Ինչպե՞ս են ծառաներն օգտագործում իրենց վստահված տաղանդները։ Արդյոք նրանք գործի մեջ դնո՞ւմ են դրանք, որ օգուտ բերեն իրենց տիրոջը։

Հիսուսը շարունակում է. «Հինգ տաղանդ ստացողը իսկույն գնաց, գործի մեջ դրեց դրանք և հինգ տաղանդ ևս շահեց։ Նույն ձևով էլ երկու տաղանդ ստացողը. նա ևս երկուսը շահեց։ Իսկ նա, ով միայն մեկն էր ստացել, գնաց, հողը փորեց և իր տիրոջ արծաթե դրամը թաքցրեց» (Մատթեոս 25։16–18)։ Ի՞նչ է լինում, երբ նրանց տերը գալիս է։

Հիսուսն ասում է. «Երկար ժամանակ անց այդ ծառաների տերը եկավ և սկսեց նրանցից հաշիվ պահանջել» (Մատթեոս 25։19)։ Առաջին երկու ծառաները արել են իրենց լավագույնը՝ «յուրաքանչյուրն իր կարողության համեմատ»։ Նրանք ջանասեր են եղել ու իրենց վստահված ունեցվածքը օգտագործել են արդյունավետորեն։ Ե՛վ հինգ, և՛ երկու տաղանդ ստացած ծառաներից յուրաքանչյուրը կրկնապատկել է իր ստացած տաղանդները (մեկ տաղանդին համարժեք գումար վաստակելու համար հարկավոր էր աշխատել մոտ 19 տարի)։ Տերը նրանցից յուրաքանչյուրին գովում է՝ ասելով. «Ապրե՛ս, բարի՛ և հավատարի՛մ ծառա։ Դու քիչ բաների մեջ հավատարիմ եղար, ես քեզ շատ բաների վրա կնշանակեմ։ Մասնակից եղիր քո տիրոջ ուրախությանը» (Մատթեոս 25։21

Սակայն մեկ տաղանդ ստացած ծառան այլ կերպ է վարվել։ Նա ասում է. «Տե՛ր, ես գիտեմ, որ դու խստապահանջ մարդ ես, հնձում ես այնտեղ, որտեղ չես ցանել, և հավաքում ես այնտեղից, որտեղ չես քամհարել։ Ուստի ես վախեցա ու գնացի և քո տաղանդը թաքցրի հողի մեջ։ Ահա քոնը քեզ» (Մատթեոս 25։24, 25)։ Այս ծառան իր ստացածը անգամ չի տվել վաշխառուներին, որ իր տիրոջը փոքր-ինչ եկամուտ բերի։ Փաստորեն, նա նույնիսկ վնաս է բերել իր տիրոջը։

Ուստի տերը նրան անվանում է «չար և ծույլ ծառա»։ Նա այդ ծառայից վերցնում է այն, ինչ նրան վստահվել էր, ու տալիս է ջանասեր ծառային։ Ապա տերը մի կարևոր սկզբունք է նշում. «Ով ունի, նրան ավելին կտրվի, և նա առատությամբ կունենա, իսկ ով չունի, նրա ունեցածն էլ կվերցվի նրանից» (Մատթեոս 25։26, 29

Այս առակը աշակերտներին մտածելու տեղիք է տալիս։ Նրանք հասկանում են, որ այն, ինչ Հիսուսը վստահել է իրենց, այսինքն՝ աշակերտներ պատրաստելու առանձնաշնորհումը, շատ մեծ արժեք ունի։ Հիսուսն ակնկալում է, որ նրանք այս գործում ջանասեր կլինեն։ Սակայն նա չի սպասում, որ իր բոլոր աշակերտները նույն չափով կանեն իր հանձնարարած գործը։ Ինչպես երևում է առակից, յուրաքանչյուրը պետք է լավագույնը անի՝ «իր կարողության համեմատ»։ Բայց սա չի նշանակում, թե Հիսուսը հավանություն կտա այն մարդուն, ով «ծույլ» է ու ոչինչ չի անում իր Տիրոջ ունեցվածքը ավելացնելու համար։

Աշակերտները, անկասկած, քաջալերվում են՝ լսելով Հիսուսի տված հետևյալ վստահեցումը. «Ով ունի, նրան ավելին կտրվի»։