Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 123

Խորապես տրտմած աղոթում է

Խորապես տրտմած աղոթում է

ՄԱՏԹԵՈՍ 26։30, 36–46 ՄԱՐԿՈՍ 14։26, 32–42 ՂՈՒԿԱՍ 22։39–46 ՀՈՎՀԱՆՆԵՍ 18։1

  • ՀԻՍՈՒՍԸ ԳԵԹՍԵՄԱՆԻ ՊԱՐՏԵԶՈՒՄ

  • ՆՐԱ ՔՐՏԻՆՔԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԱՐՅԱՆ ԿԱԹԻԼՆԵՐԻ ՊԵՍ

Երբ Հիսուսն ավարտում է իր աղոթքը, նա և իր աշակերտները «գովաբանության երգեր են երգում»։ Հետո նրանք «գնում են դեպի Ձիթենյաց լեռը» (Մարկոս 14։26)։ Նրանք գնում են դեպի այն պարտեզը, որը կոչվում է Գեթսեմանի, որտեղ Հիսուսը հաճախ էր լինում։

Երբ նրանք հասնում են ձիթենիների այս գեղեցիկ այգին, Հիսուսը իր առաքյալներից ութին ասում է. «Նստեք այստեղ, իսկ ես գնամ ու այնտեղ աղոթք անեմ»։ Հավանաբար, ութ առաքյալները մնում են պարտեզի մուտքի մոտ։ Հիսուսը վերցնում է մյուս երեք առաքյալներին՝ Պետրոսին, Հակոբոսին և Հովհաննեսին, ու գնում է պարտեզի խորքը։ Նա շատ անհանգիստ է, ուստի ասում է նրանց. «Հոգիս խորապես տրտմած է, մինչև իսկ մեռնելու աստիճան։ Այստե՛ղ մնացեք և ինձ հետ արթո՛ւն եղեք» (Մատթեոս 26։36–38

Նրանցից մի փոքր հեռանալով՝ Հիսուսը «երեսնիվայր ընկնում է ու սկսում է աղոթել»։ Այս տագնապալի պահին ինչի՞ մասին է խնդրում Հիսուսը իր Հորը։ Նա աղոթում է. «Հա՛յր, քեզ համար ամեն բան հնարավոր է. հեռացրու այս բաժակը ինձանից, սակայն ոչ թե ինչպես ես եմ կամենում, այլ ինչպես դու ես կամենում» (Մարկոս 14։35, 36)։ Ի՞նչ նկատի ունի Հիսուսը։ Արդյոք նա հրաժարվո՞ւմ է որպես Փրկիչ իր դերը կատարելուց։ Ամենևի՛ն։

Երկնքում եղած ժամանակ Հիսուսը տեսել է, թե ինչպիսի սարսափելի տանջանքներ են կրել նրանք, ովքեր հռոմեացիների կողմից մահվան են մատնվել։ Այժմ Հիսուսը՝ որպես մարդ, ապրում է երկրի վրա, ունի նույն զգացումները, ինչ մյուս մարդիկ, և կարող է ցավ զգալ, ուստի նա ամենևին էլ ուրախ չէ, որ նման տանջանքներ պետք է կրի։ Բայց նրան խորապես անհանգստացնում է ավելի կարևոր մի բան. իր Հոր անվան վրա կարող է նախատինք բերել այն, որ ինքը մահանալու է իբրև հանցագործ։ Մի քանի ժամից նրան ցցին կգամեն որպես Աստծուն հայհոյող։

Աղոթելուց հետո Հիսուսը վերադառնում է իր աշակերտների մոտ և տեսնում է, որ նրանք քնով են անցել։ Նա ասում է Պետրոսին. «Չկարողացա՞ք գոնե մեկ ժամ արթուն մնալ ինձ հետ։ Արթո՛ւն մնացեք և շարունակ աղո՛թք արեք, որ փորձության մեջ չընկնեք»։ Սակայն Հիսուսը հասկանում է, որ նրանք լարված են, ու ժամն էլ արդեն շատ ուշ է։ Ուստի ասում է. «Ոգին հոժար է, բայց մարմինը՝ տկար» (Մատթեոս 26։40, 41

Հետո Հիսուսը նորից է հեռանում և աղոթում Աստծուն, որ նա հեռացնի իրենից «այդ բաժակը»։ Վերադառնալով Հիսուսը տեսնում է, որ առաքյալները նորից քնած են, մինչդեռ նրանք պետք է աղոթեին, որ փորձության մեջ չընկնեին։ Երբ նա խոսում է նրանց հետ, նրանք չեն իմանում, «թե ինչ պատասխանեն նրան» (Մարկոս 14։40)։ Այնուհետև Հիսուսը երրորդ անգամ է հեռանում, ծնկի է գալիս ու աղոթում։

Հիսուսը խիստ մտահոգված է այն բանով, որ իր նվաստացուցիչ մահը նախատինք կբերի իր Հոր անվան վրա։ Եհովան լսում է իր Որդու աղոթքը և մի հրեշտակ է ուղարկում, որ զորացնի նրան։ Այդուհանդերձ, Հիսուսը շարունակում է աղոթել իր Հորը, նույնիսկ «ավելի ջերմեռանդորեն է աղոթում»։ Հիսուսը խիստ լարված ու տագնապալի վիճակում է։ Նրա ուսերին պատասխանատվության մեծ բեռ է դրված։ Վտանգի տակ է թե՛ իր, թե՛ հավատ դրսևորող մարդկանց հավիտենական կյանքը։ Այդ ժամանակ նրա «քրտինքը արյան կաթիլների պես է դառնում, որ գետին են թափվում» (Ղուկաս 22։44

Երբ Հիսուսը երրորդ անգամ է վերադառնում առաքյալների մոտ, նորից նրանց քնած է գտնում։ Հիսուսն ասում է. «Եվ այսպիսի ժամանակ դուք քնում և հանգստանո՞ւմ եք։ Ժամը հասել է, որ մարդու Որդին մատնվի մեղավորների ձեռքը։ Վե՛ր կացեք, գնա՛նք։ Ահա մոտեցել է ինձ մատնողը» (Մատթեոս 26։45, 46