Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 127

Սինեդրիոնը հարցաքննում է Հիսուսին և ուղարկում Պիղատոսի մոտ

Սինեդրիոնը հարցաքննում է Հիսուսին և ուղարկում Պիղատոսի մոտ

ՄԱՏԹԵՈՍ 27։1–11 ՄԱՐԿՈՍ 15։1 ՂՈՒԿԱՍ 22։66–23։3 ՀՈՎՀԱՆՆԵՍ 18։28–35

  • ՍԻՆԵԴՐԻՈՆԸ ԱՌԱՎՈՏՅԱՆ ԿՐԿԻՆ ՀԱՐՑԱՔՆՆՈՒՄ Է ՀԻՍՈՒՍԻՆ

  • ՀՈՒԴԱ ԻՍԿԱՐԻՈՎՏԱՑԻՆ ԻՆՔՆԱՍՊԱՆ Է ԼԻՆՈՒՄ

  • ՀԻՍՈՒՍԻՆ ՏԱՆՈՒՄ ԵՆ ՊԻՂԱՏՈՍԻ ՄՈՏ

Գիշերը Պետրոսը երեք անգամ ուրացել է Հիսուսին։ Սինեդրիոնի անդամները անցկացրել են իրենց ապօրինի դատավարությունը և հեռացել։ Ուրբաթ լուսաբացին նրանք կրկին հավաքվում են։ Թերևս նրանք ուզում են այնպես անել, որ գիշերվա ապօրինի դատը օրինական բնույթ կրի։ Հիսուսին կրկին կանգնեցնում են Սինեդրիոնի առաջ։

Նրանք նորից ասում են Հիսուսին. «Եթե դու Քրիստոսն ես, ասա մեզ»։ Հիսուսն ասում է. «Նույնիսկ եթե ասեի, դուք ամենևին էլ չէիք հավատա։ Եվ եթե հարցնեի ձեզ, ամենևին էլ չէիք պատասխանի»։ Հիսուսը համարձակորեն ցույց է տալիս նրանց, որ ինքը նա է, ում մասին մարգարեացվել է Դանիել 7։13-ում։ Նա ասում է. «Այսուհետև մարդու Որդին նստած կլինի Աստծու զորության աջ կողմը» (Ղուկաս 22։67–69; Մատթեոս 26։63

Նրանք կրկին ասում են. «Ուրեմն դու Աստծու Որդի՞ն ես»։ Հիսուսն էլ պատասխանում է. «Դո՛ւք եք ասում, որ ես եմ»։ Նրանց համար Հիսուսի այս խոսքերը արդեն իսկ բավարար են, որ նրան մեղադրեն Աստծուն հայհոյելու մեջ և մահապատժի ենթարկեն։ Ուստի ասում են. «Էլ ինչների՞ս է պետք ուրիշ վկայություն» (Ղուկաս 22։70, 71; Մարկոս 14։64)։ Այնուհետև նրան կապում են ու տանում են հռոմեացի կուսակալ Պոնտացի Պիղատոսի մոտ։

Հավանաբար, Հուդա Իսկարիովտացին տեսնում է, որ Հիսուսին տանում են Պոնտացի Պիղատոսի մոտ, և հասկանում է, որ Հիսուսին մեղավոր են ճանաչել։ Այդ ժամանակ նա խղճի խայթ է զգում և հուսահատության մեջ է ընկնում։ Սակայն փոխանակ Աստծուց օգնություն խնդրելու և անկեղծորեն զղջալու՝ նա գնում է կրոնական առաջնորդների մոտ, որ վերադարձնի 30 կտոր արծաթը։ Նա ասում է ավագ քահանաներին. «Ես մեղք գործեցի, արդար արյուն մատնեցի»։ Սակայն նրանք անտարբերությամբ պատասխանում են. «Մե՞զ ինչ։ Դո՛ւ տես» (Մատթեոս 27։4

Հուդան 30 կտոր արծաթը շպրտում է տաճարի հատակին և հեռանում է։ Ապա ինքնասպանության փորձ է անում՝ իր սխալ արարքների վրա ևս մեկ լուրջ սխալ ավելացնելով։ Հուդան ինքն իրեն կախում է ծառից, սակայն այն ճյուղը, որից կապված էր պարանը, ակներևաբար, կոտրվում է, և նրա մարմինը, ընկնելով ներքևում գտնվող քարերի վրա, «մեջտեղից պատռվում է» (Գործեր 1։17, 18

Դեռ վաղ առավոտ է։ Հիսուսին տանում են Պոնտացի Պիղատոսի պալատ։ Բայց նրան այստեղ բերող հրեաները ներս չեն մտնում։ Նրանք մտածում են, որ այլազգիների հետ առնչվելով՝ կպղծվեն և չեն կարողանա ուտել նիսանի 15-ի ընթրիքը (նիսանի 15-ին սկսվում է Անթթխմոր հացերի տոնը, որը համարվում է Պասեքի տոնի մի մասը)։

Պիղատոսը դուրս է գալիս և հարցնում. «Ի՞նչ մեղադրանք եք ներկայացնում այս մարդու դեմ»։ Նրանք պատասխանում են. «Եթե այս մարդը հանցավոր չլիներ, մենք նրան չէինք մատնի քո ձեռքը»։ Պիղատոսը թերևս զգում է, որ նրանք փորձում են իր վրա ճնշում բանեցնել, ուստի ասում է նրանց. «Վերցրեք նրան և ձեր օրենքի համաձայն դատեք»։ Այդ ժամանակ հրեաները բացահայտորեն ցույց են տալիս, որ Հիսուսին սպանելու մտադրություն ունեն։ Նրանք ասում են. «Օրենքով թույլատրելի չէ, որ մենք որևէ մեկին սպանենք» (Հովհաննես 18։29–31

Եթե հրեա առաջնորդները Հիսուսին սպանեն Պասեքի տոնակատարության ընթացքում, ամենայն հավանականությամբ, հասարակության մեջ խռովություն կբարձրանա։ Բայց եթե նրանք այնպես անեն, որ հռոմեացիները քաղաքական մեղադրանքի հիման վրա մահապատժի ենթարկեն Հիսուսին (մի բան, ինչը հռոմեացիները իրավունք ունեն անելու), ապա իրենք կազատվեն պատասխանատվությունից։

Հրեա կրոնական առաջնորդները չեն ասում Պիղատոսին, որ Հիսուսին մեղավոր են ճանաչել Աստծուն հայհոյելու մեջ։ Այժմ նրանք նոր մեղադրանքներ են հորինում. «Այս մարդը [1] քայքայում է մեր ազգը և [2] արգելում է կայսրին հարկեր վճարել ու [3] ասում է, թե ինքն է Քրիստոս թագավորը» (Ղուկաս 23։2

Քանի որ Պիղատոսը հռոմեական կառավարության ներկայացուցիչ է, նա, ամենայն հավանականությամբ, մտահոգվում է՝ լսելով այն մեղադրանքը, թե Հիսուսը իրեն թագավոր է համարում։ Ուստի նա մտնում է պալատ, իր մոտ է կանչում Հիսուսին ու հարցնում է. «Դո՞ւ ես հրեաների թագավորը»։ Այլ կերպ ասած՝ նա հարցնում է, թե արդյոք Հիսուսը խախտել է կայսրության օրենքը և դեմ գնալով կայսրին՝ ինքն իրեն թագավոր հռչակել։ Հիսուսը, հավանաբար ցանկանալով պարզել, թե Պիղատոսը ինչ է լսել իր մասին, հարցնում է. «Դու քեզնի՞ց ես տալիս այդ հարցը, թե՞ ուրիշներն ասացին քեզ իմ մասին» (Հովհաննես 18։33, 34

Պիղատոսն էլ, ցույց տալով, որ Հիսուսի մասին տեղեկություններ չունի, բայց ցանկանում է իմանալ, ասում է. «Մի՞թե ես հրեա եմ»։ Ապա ավելացնում է. «Քո ազգը և ավագ քահանաները մատնեցին քեզ իմ ձեռքը։ Ի՞նչ ես արել» (Հովհաննես 18։35

Հիսուսը չի փորձում խույս տալ այն հարցից, որը վերաբերում է իր՝ թագավոր լինելուն։ Նա այնպիսի պատասխան է տալիս, որը, անկասկած, զարմացնում է կուսակալ Պիղատոսին։