Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 134

Հիսուսը կենդանի է

Հիսուսը կենդանի է

ՄԱՏԹԵՈՍ 28։3–15 ՄԱՐԿՈՍ 16։5–8 ՂՈՒԿԱՍ 24։4–12 ՀՈՎՀԱՆՆԵՍ 20։2–18

  • ՀԻՍՈՒՍԸ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ Է ԱՌՆՈՒՄ

  • ԳԵՐԵԶՄԱՆԻ ՄՈՏ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԴԵՊՔԵՐԸ

  • ՆԱ ՀԱՅՏՆՎՈՒՄ Է ԿԱՆԱՆՑ

Թերևս որքա՜ն են ապշում կանայք, երբ տեսնում են, որ Հիսուսի գերեզմանը դատարկ է։ Մարիամ Մագդաղենացին վազելով գնում է «Սիմոն Պետրոսի և մյուս աշակերտի [Հովհաննես առաքյալի] մոտ, որին Հիսուսը սիրում էր» (Հովհաննես 20։2)։ Այդ ժամանակ մյուս կանայք, ովքեր մնացել են գերեզմանի մոտ, մի հրեշտակ են տեսնում։ Գերեզմանի ներսում նրանք տեսնում են նաև մեկ այլ հրեշտակի, որը «սպիտակ պատմուճան էր հագել» (Մարկոս 16։5

Հրեշտակներից մեկը ասում է նրանց. «Մի՛ վախեցեք, որովհետև գիտեմ, որ Հիսուսին եք փնտրում, որին ցցին գամեցին։ Նա այստեղ չէ, քանի որ հարություն է առել, ինչպես որ ասել էր։ Եկե՛ք ու տեսե՛ք այն տեղը, որտեղ նա պառկած էր։ Շտապ գնացեք ու ասեք նրա աշակերտներին, որ նա հարություն է առել և ձեզանից առաջ Գալիլեա է գնում» (Մատթեոս 28։5–7)։ Ուստի անչափ հուզված ու տպավորված՝ այդ կանայք գնում են աշակերտներին հայտնելու այս լուրը (Մարկոս 16։8

Այդ ընթացքում Մարիամը գտնում է Պետրոսին ու Հովհաննեսին և ասում է նրանց. «Տիրոջը տարել են գերեզմանից, և չգիտենք, թե որտեղ են դրել նրան» (Հովհաննես 20։2)։ Երկու առաքյալները վազելով գնում են գերեզման։ Հովհաննեսը առաջ է անցնում և առաջինն է տեղ հասնում։ Նա նայում է գերեզմանի մեջ և այնտեղ միայն պատանքն է տեսնում։

Երբ Պետրոսը տեղ է հասնում, իսկույն ներս է մտնում։ Նա տեսնում է կտավե պատանքը և այն կտորը, որով փաթաթել էին Հիսուսի գլուխը։ Հովհաննեսը նույնպես ներս է մտնում և տեսնելով, որ գերեզմանը դատարկ է, հավատում է Մարիամի ասածներին։ Չնայած Հիսուսը նախկինում ասել էր, որ հարություն է առնելու, սակայն ո՛չ Պետրոսը, ո՛չ Հովհաննեսը չեն հասկանում, որ Հիսուսը հարություն է առել (Մատթեոս 16։21)։ Նրանք շփոթված տուն են վերադառնում։ Սակայն Մարիամը, որը նորից եկել էր գերեզման, մնում է այնտեղ։

Այդ ընթացքում մյուս կանայք շտապելով գնում են աշակերտների մոտ, որպեսզի պատմեն, որ Հիսուսը հարություն է առել։ Ճանապարհին Հիսուսը հանդիպում է նրանց ու ասում. «Ողջո՛ւյն»։ Նրանք էլ նրա ոտքերն են ընկնում ու «խոնարհվում նրա առաջ»։ Այդ ժամանակ Հիսուսն ասում. «Մի՛ վախեցեք։ Գնացեք և հայտնեք իմ եղբայրներին, որ գնան Գալիլեա, և այնտեղ կտեսնեն ինձ» (Մատթեոս 28։9, 10

Ավելի վաղ, երբ երկրաշարժ էր եղել և հայտնվել էին հրեշտակները, գերեզմանի մոտ գտնվող պահապան զինվորները վախից «դողացել էին և մեռելի պես էին դարձել»։ Ուշքի գալով՝ նրանք իսկույն «գնացել էին քաղաք և պատմել ավագ քահանաներին այն ամենը, ինչ պատահել էր»։ Նրանք էլ հրեաների երեցների հետ խորհրդակցելուց հետո որոշել էին կաշառել զինվորներին, որպեսզի նրանք ուրիշ ոչ ոքի չպատմեն այդ մասին, և պատվիրել էին ասել. «[Հիսուսի] աշակերտները գիշերով եկան, և մինչ քնած էինք, գողացան նրան» (Մատթեոս 28։4, 11, 13

Քանի որ հռոմեական զինվորները կարող էին մահապատժի ենթարկվել պահակակետում քնելու համար, քահանաները խոստացել էին նրանց. «Եթե այս բանն [հնարած պատմությունը, թե նրանք քնով են անցել] ընկնի կուսակալի ականջը, մենք կհամոզենք նրան և ձեզ հոգսից կազատենք» (Մատթեոս 28։14)։ Զինվորները վերցրել էին կաշառքը և արել էին այնպես, ինչպես քահանաներն էին իրենց պատվիրել։ Ուստի հրեաների մեջ սխալ տեղեկություն տարածվեց, թե Հիսուսի մարմինը գողացել են։

Այժմ Մարիամ Մագդաղենացին դեռ գերեզմանի մոտ է ու վշտից արտասվում է։ Նա կռանում է, որպեսզի նայի գերեզմանի ներսը, և տեսնում է սպիտակ հանդերձներով երկու հրեշտակների։ Նրանք նստած են այնտեղ, որտեղ Հիսուսի մարմինն էր դրված. մեկը՝ գլխի կողմը, մյուսը՝ ոտքերի։ Նրանք հարցնում են. «Ո՛վ կին, ինչո՞ւ ես լաց լինում»։ Մարիամը պատասխանում է. «Իմ Տիրոջը տարել են, և չգիտեմ, թե որտեղ են դրել»։ Այս խոսքերն ասելուց հետո Մարիամը շրջվում է ու տեսնում մեկ ուրիշ անձնավորության, որը տալիս է նույն հարցը, ինչ հրեշտակներն են տվել։ Ապա այդ մարդն ասում է. «Ո՞ւմ ես փնտրում»։ Մտածելով, թե նա այգեպանն է՝ Մարիամն ասում է. «Տե՛ր, եթե դու ես տարել նրան, ասա ինձ, թե որտեղ ես դրել, և ես կվերցնեմ ու կտանեմ նրան» (Հովհաննես 20։13–15

Իրականում Մարիամը խոսում է հարություն առած Հիսուս Քրիստոսի հետ, բայց այս պահին չի հասկանում դա։ Սակայն երբ Հիսուսն ասում է՝ Մարիա՛մ, նրա խոսելաձևից Մարիամն անմիջապես ճանաչում է նրան և ուրախ բացականչում է՝ «Ռաբբունի՛» (որը նշանակում է «ուսուցիչ»)։ Սակայն վախենալով, որ Հիսուսը այդ պահին երկինք կհամբարձվի՝ բռնում է նրան։ Հիսուսն ասում է նրան. «Մի՛ կառչիր ինձնից, որովհետև ես դեռ չեմ բարձրանում Հոր մոտ։ Այլ գնա իմ եղբայրների մոտ և ասա նրանց, որ ես բարձրանալու եմ իմ Հոր մոտ և ձեր Հոր մոտ, իմ Աստծու մոտ և ձեր Աստծու մոտ» (Հովհաննես 20։16, 17

Մարիամը վազելով գնում է այնտեղ, որտեղ հավաքվել են առաքյալներն ու մյուս աշակերտները, և ասում է նրանց. «Ես Տիրո՛ջը տեսա»։ Նա պատմում է այն ամենը, ինչ Հիսուսն ասել էր իրեն (Հովհաննես 20։18)։ Սակայն նրանք ակներևաբար չեն հավատում ո՛չ նրա խոսքերին, ո՛չ էլ այն կանանց խոսքերին, ովքեր մինչ այդ նրանց պատմել էին պատահածը։ Աշակերտների համար այդ ամենը «անհեթեթություն է թվում» (Ղուկաս 24։11