Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 71

Փարիսեցիները վեճի են բռնվում նախկինում կույր մարդու հետ

Փարիսեցիները վեճի են բռնվում նախկինում կույր մարդու հետ

ՀՈՎՀԱՆՆԵՍ 9։19–41

  • ՓԱՐԻՍԵՑԻՆԵՐԸ ՎԻՃԱԲԱՆՈՒՄ ԵՆ ՆԱԽԿԻՆՈՒՄ ԿՈՒՅՐ ՄԱՐԴՈՒ ՀԵՏ

  • ԿՐՈՆԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԸ «ԿՈՒՅՐ» ԵՆ

Փարիսեցիները չեն ընդունում այն փաստը, որ Հիսուսը բուժել է ի ծնե կույր մարդուն, ուստի կանչում են նրա ծնողներին։ Այդ մարդու ծնողները գիտեն, որ Հիսուսի կողմը դիրք բռնելու դեպքում հնարավոր է՝ վտարվեն ժողովարանից (Հովհաննես 9։22)։ Մյուս հրեաների հետ փոխհարաբերությունների խզումը կարող է այդ ընտանիքին լուրջ սոցիալական ու տնտեսական խնդիրների առաջ կանգնեցնել։

Փարիսեցիները մուրացկանի ծնողներին երկու հարց են տալիս. «Սա՞ է ձեր որդին, որ ասում եք, թե կույր է ծնվել։ Այդ ինչպե՞ս է, որ հիմա տեսնում է»։ Նրանք պատասխանում են. «Մենք գիտենք, որ սա մեր որդին է և որ կույր է ծնվել։ Բայց թե ինչպես է հիմա տեսնում, չգիտենք, կամ թե ով բացեց նրա աչքերը, չգիտենք»։ Հայտնի չէ՝ որդին ծնողներին պատմել է տեղի ունեցածի մասին, թե ոչ։ Այնուամենայնիվ, նրանք պատասխանելիս զգուշություն են դրսևորում և ասում են. «Իրեն հարցրեք։ Նա արդեն չափահաս է, ինքը պետք է իր տեղը խոսի» (Հովհաննես 9։19–21

Ուստի փարիսեցիները կրկին կանչում են բուժված մարդուն և փորձում են վախեցնել նրան՝ ասելով, թե լուրջ փաստեր ունեն Հիսուսի դեմ։ Նրանք ասում են. «Աստծուն փա՛ռք տուր։ Մենք գիտենք, որ այդ մարդը մեղավոր է»։ Նրանց մեղադրանքին պատասխանելու փոխարեն՝ մուրացկանն ասում է. «Մեղավոր է, թե ոչ, չգիտեմ։ Բայց մի բան հաստատ գիտեմ, որ կույր էի, իսկ հիմա տեսնում եմ» (Հովհաննես 9։24, 25

Այդ պատասխանը չի բավարարում փարիսեցիներին, և նրանք հարցնում են. «Նա ի՞նչ արեց քեզ։ Ինչպե՞ս բացեց քո աչքերը»։ Բուժված մարդը, համարձակություն դրսևորելով, պատասխանում է նրանց. «Ես ձեզ արդեն ասացի, բայց դուք չլսեցիք։ Ինչո՞ւ եք ուզում նորից լսել։ Չլինի՞ թե դուք էլ եք ուզում նրա աշակերտները դառնալ»։ Փարիսեցիները խիստ զայրանում են ու սկսում են մեղադրել նրան. «Դո՛ւ ես այդ մարդու աշակերտը, իսկ մենք Մովսեսի՛ աշակերտներն ենք։ Մենք գիտենք, որ Աստված խոսել է Մովսեսի հետ, բայց թե որտեղից է այս մարդը, մենք չգիտենք» (Հովհաննես 9։26–29

Մուրացկանը տարակուսանքով ասում է. «Զարմանալին էլ հենց դա է, որ դուք չգիտեք, թե նա որտեղից է, մինչդեռ նա իմ աչքերը բացեց»։ Ապա նա մի տրամաբանական փաստարկ է բերում այն մասին, թե ում է Աստված լսում ու հավանություն տալիս. «Գիտենք, որ Աստված մեղավորներին չի լսում, բայց եթե որևէ մեկը աստվածավախ է և նրա կամքն է կատարում, նա լսում է նրան։ Չլսված բան է, որ ինչ-որ մեկը կույր ծնված մարդու աչքերը բաց անի»։ Այնուհետև մուրացկանը այսպիսի եզրակացություն է անում. «Եթե այդ մարդը Աստծուց չլիներ, ոչինչ էլ չէր կարողանա անել» (Հովհաննես 9։30–33

Չկարողանալով հերքել մուրացկանի բերած փաստարկը՝ փարիսեցիները վիրավորում են նրան՝ ասելով. «Ամբողջովին մեղքերի մեջ ես ծնված և դո՞ւ ես մեզ սովորեցնում»։ Ապա ժողովարանից վռնդում են նրան (Հովհաննես 9։34

Լսելով պատահածի մասին՝ Հիսուսը գտնում է այդ մարդուն և հարցնում նրան. «Հավատո՞ւմ ես մարդու Որդուն»։ Բուժված մարդն ասում է. «Ո՞վ է նա, տե՛ր, որ հավատամ նրան»։ Հիսուսն էլ հստակ ասում է. «Դու տեսար նրան, և քեզ հետ խոսողը հենց նա է» (Հովհաննես 9։35–37

Այդ մարդը պատասխանում է. «Հավատո՛ւմ եմ նրան, Տե՛ր»։ Ապա ցույց տալով իր հավատը և հարգանքը Հիսուսի հանդեպ՝ նա խոնարհվում է նրա առաջ։ Այդ ժամանակ Հիսուսը մի խորիմաստ միտք է ասում. «Ես այս դատաստանի համար եկա աշխարհ, որ չտեսնողները տեսնեն, և տեսնողները կուրանան» (Հովհաննես 9։38, 39

Փարիսեցիները, որոնք այդ պահին այդտեղ են, լսում են Հիսուսի խոսքերը։ Նրանք գիտեն, որ իրենք բառացի կույր չեն։ Բայց որպես հոգևոր առաջնորդներ՝ նրանց մասին նույնը չի կարելի ասել։ Փորձելով պաշտպանել իրենց՝ նրանք հարցնում են. «Մի՞թե մենք էլ ենք կույր»։ Հիսուսը պատասխանում է. «Եթե կույր լինեիք, մեղք չէիք ունենա։ Բայց քանի որ ասում եք՝ տեսնում ենք, ձեր մեղքը մնում է» (Հովհաննես 9։40, 41)։ Եթե նրանք ուսուցիչներ չլինեին, գուցե ինչ-որ չափով հասկանալի լիներ, թե ինչու նրանք չեն ընդունում Հիսուսին՝ որպես Մեսիայի։ Սակայն նրանք լավ գիտեն Օրենքը, ուստի Մեսիային մերժելով՝ լուրջ մեղք են գործում և ոչ մի արդարացում չունեն դրա համար։