Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 7

Մահացածները հարություն կառնեն

Մահացածները հարություն կառնեն

1–3. Ինչի՞ ենք դատապարտված բոլորս, և ի՞նչ կանի Եհովան։

ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ՝ քեզ դատապարտել են ցմահ ազատազրկման մի հանցանքի համար, որը չես գործել։ Բանտից ազատվելու ոչ մի հնարավորություն չունես։ Ապագան քեզ համար մռայլ է, և ոչինչ չես կարող փոխել։ Երբ արդեն բոլորովին կորցնում ես հույսդ, հանկարծ իմանում ես, որ ինչ-որ մեկը կարող է ազատել քեզ բանտից։ Ավելին, նա խոստանում է, որ կօգնի։ Ի՞նչ կզգայիր այդ ժամանակ։

2 Մենք բոլորս էլ դատապարտված ենք մահվան։ Ու ոչինչ չենք կարող անել դրանից խուսափելու համար։ Եհովան կարող է ազատել մեզ մահից։ Եվ նա խոստացել է, որ մահը՝ «վերջին թշնամին.... պետք է ոչնչացվի» (1 Կորնթացիներ 15։26

3 Ինչպիսի՜ թեթևություն և ուրախություն կզգանք, երբ այլևս մահից վախենալու պատճառ չունենանք։ Բայց Եհովան ոչ միայն վերացնելու է մահը, այլև կրկին կյանք է տալու մահացած մարդկանց։ Նա խոստանում է, որ «մահացածները ապրելու են» (Եսայիա 26։19)։ Հենց սա է հարությունը, որի մասին խոսվում է Աստվածաշնչում։

ԵՐԲ ՄԱՀԱՆՈՒՄ Է ՀԱՐԱԶԱՏ ԱՆՁՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

4. ա) Ի՞նչը կարող է մխիթարել մեզ, երբ մահանում է հարազատ անձնավորություն։ բ) Ովքե՞ր էին Հիսուսի մտերիմ ընկերներից ոմանք։

4 Երբ մեր ընտանիքի անդամը կամ մտերիմ ընկերը մահանում է, մենք խոր ցավ ենք ապրում։ Այդ ժամանակ մեզ բոլորովին անզոր ենք զգում, քանի որ ոչինչ չենք կարող անել նրան հետ բերելու համար։ Բայց Աստվածաշունչը իրական հույս և մխիթարություն է տալիս (կարդա 2 Կորնթացիներ 1։3, 4)։ Այն ցույց է տալիս, որ Եհովան ու Հիսուսը շատ են ցանկանում կյանքի բերել մեր մահացած հարազատներին։ Քննենք Աստվածաշնչում գրված մի օրինակ։ Հիսուսը հաճախ էր այցելում Ղազարոսին և նրա քույրերին՝ Մարթային ու Մարիամին։ Նրանք Հիսուսի մտերիմ ընկերներից էին։ Աստվածաշնչում կարդում ենք. «Հիսուսը սիրում էր Մարթային, նրա քրոջը և Ղազարոսին» (Հովհաննես 11։3–5)։ Բայց մի օր Ղազարոսը ծանր հիվանդացավ ու մահացավ։

5, 6. ա) Ղազարոսի քույրերի և ընկերների վիշտը տեսնելով՝ ի՞նչ զգաց Հիսուսը։ բ) Ինչո՞ւ է մխիթարական իմանալ, որ Հիսուսը մարդու մահվան հետ կապված նույն զգացումներն ունի, ինչ մենք։

5 Հիսուսը գնաց, որ մխիթարի Մարթային ու Մարիամին։ Երբ Մարթան լսեց, որ Հիսուսը գալիս է, գնաց նրան դիմավորելու։ Նա ուրախ էր Հիսուսին տեսնելու համար, բայց մտածում էր, որ նա չափազանց ուշ է եկել, ուստի ասաց. «Եթե դու այստեղ լինեիր, եղբայրս չէր մահանա» (Հովհաննես 11։21, 33, 35)։ Հետո Հիսուսը տեսավ նաև Մարիամին, որը դառնագին լաց էր լինում։ Տեսնելով Ղազարոսի քույրերի և ընկերների մեծ վիշտն ու տխրությունը՝ Հիսուսը խոր ցավ զգաց և արտասվեց (Հովհաննես 11։21, 33, 35)։ Նա զգաց նույնպիսի ցավ, ինչ մենք ենք զգում հարազատ կորցնելիս։

6 Մխիթարական է իմանալ, որ Հիսուսը մարդու մահվան հետ կապված նույն զգացումներն ունի, ինչ մենք։ Եվ քանի որ նա շատ նման է իր Հորը, վստահ կարող ենք ասել, որ նրա հայրը՝ Եհովան, նույնպես ցավ է զգում, երբ մարդ մահանում է (Հովհաննես 14։9)։ Բայց ի տարբերություն մեզ՝ Եհովան կարող է ընդմիշտ վերացնել մահը և շատ շուտով հենց այդպես էլ կանի։

«ՂԱԶԱՐՈ՛Ս, ԴՈ՛ՒՐՍ ԱՐԻ»

7, 8. Ինչո՞ւ Մարթան չէր ուզում, որ քարը մի կողմ տանեին։ Ի՞նչ արեց Հիսուսը։

7 Հիսուսը գնաց այն քարայրի մոտ, որտեղ դրել էին Ղազարոսի մարմինը։ Քարայրի մուտքի դիմաց մի մեծ քար էր դրված։ Հիսուսն ասաց. «Քարը մի կողմ տարեք» (Հովհաննես 11։39)։ Բայց Մարթան չէր ուզում, որ քարը մի կողմ տանեին, քանի որ արդեն չորս օր էր, ինչ Ղազարոսի մարմինը դրված էր քարայրում ու պետք է որ հոտած լիներ (Հովհաննես 11։39)։ Մարթան չգիտեր, թե Հիսուսը ինչ էր պատրաստվում անել։

Երբ Ղազարոսը հարություն առավ, նրա ընտանիքն ու ընկերները մեծ ուրախություն ապրեցին (Հովհաննես 11։38–44

8 Երբ քարը մի կողմ տարան, Հիսուսն ասաց. «Ղազարո՛ս, դո՛ւրս արի»։ Այդ ժամանակ «մահացածը դուրս եկավ. նրա ոտքերն ու ձեռքերը պատանքով կապված էին» (Հովհաննես 11։43, 44)։ Մարթան ու Մարիամը չէին հավատում իրենց աչքերին. Ղազարոսը կենդանացել էր։ Նրա ընտանիքն ու ընկերները կարող էին առաջվա պես խոսել նրա հետ, ջերմորեն գրկել նրան։ Հիսուսի արածը իսկապես մեծ հրաշք էր. նա հարություն էր տվել Ղազարոսին։

«ԱՂՋԻ՛Կ, ՎԵ՛Ր ԿԱՑ»

9, 10. ա) Հիսուսը ո՞ւմ զորությամբ հարություն տվեց մարդկանց։ բ) Աստվածաշնչում գրված հարության դեպքերի մասին կարդալը ինչո՞վ է օգտակար։

9 Արդյոք Հիսուսը իր զորությա՞մբ էր հարություն տալիս մարդկանց։ Ո՛չ։ Ղազարոսին հարություն տալուց առաջ նա աղոթեց Եհովային, և Եհովան տվեց նրան այդ զորությունը (կարդա Հովհաննես 11։41, 42)։ Բայց Ղազարոսը միակ մարդը չէր, ով հարություն առավ։ Աստվածաշնչում խոսվում է 12 տարեկան մի աղջկա մասին, որը ծանր հիվանդ էր։ Նրա հայրը՝ Հայրոսը, բոլորովին հուսահատվել էր։ Նա Հիսուսին աղերսեց, որ բուժի իր աղջկան՝ իր միակ երեխային։ Մինչ Հայրոսը խոսում էր Հիսուսի հետ, մարդիկ եկան ու ասացին. «Աղջիկդ մահացավ։ Էլ ինչո՞ւ ես անհանգստացնում ուսուցչին»։ Բայց Հիսուսն ասաց Հայրոսին. «Մի՛ վախեցիր, միայն հավատա, և նա կփրկվի»։ Ապա Հայրոսի հետ գնաց նրա տուն։ Տեսնելով, որ մարդիկ լաց են լինում՝ Հիսուսն ասաց. «Լաց մի՛ եղեք, որովհետև նա չի մահացել, այլ քնած է»։ Հավանաբար, երեխայի հայրն ու մայրը չհասկացան, թե նա ինչ նկատի ուներ։ Հիսուսն ասաց, որ բոլորը դուրս գան, և աղջկա ծնողների հետ գնաց այն սենյակ, որտեղ պառկած էր աղջիկը։ Հիսուսը քնքշորեն բռնեց նրա ձեռքից և ասաց. «Աղջի՛կ, վե՛ր կաց»։ Աղջիկն իսկույն վեր կացավ ու սկսեց քայլել։ Ծնողների ուրախությանը չափ չկար. Հիսուսը հարություն էր տվել իրենց աղջկան (Մարկոս 5։22–24, 35–42; Ղուկաս 8։49–56)։ Նրանք երբեք չէին մոռանա այն, ինչ Եհովան արեց իրենց համար Հիսուսի միջոցով։ *

10 Բոլոր նրանք, ում Հիսուսը հարություն տվեց, հետագայում նորից մահացան։ Բայց հարության այդ դեպքերի մասին կարդալը օգնում է, որ իրական հույս ձեռք բերենք։ Դրանք ցույց են տալիս, որ Եհովան ուզում է հարություն տալ մարդկանց և այդպես էլ կանի։

Ի՞ՆՉ ԵՆՔ ՍՈՎՈՐՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՈՒՄ ԳՐՎԱԾ ՀԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻՑ

Պետրոս առաքյալը հարություն տվեց մի քրիստոնյա կնոջ՝ Այծեմնիկին (Գործեր 9։36–42

Եղիան հարություն տվեց այրի կնոջ որդուն (1 Թագավորներ 17։17–24

11. Ժողովող 9։5-ը ինչպե՞ս է օգնում հասկանալու, թե ինչ վիճակում էր Ղազարոսը։

11 Աստվածաշնչում հստակ ասվում է, որ «մահացածները ոչ մի բան չեն գիտակցում»։ Այդպիսի վիճակում էր գտնվում նաև Ղազարոսը (Ժողովող 9։5)։ Ինչպես Հիսուսն ասաց, նա ասես քնած էր խոր քնով (Հովհաննես 11։11)։ Գերեզմանում եղած ժամանակ Ղազարոսը «ոչ մի բան չէր գիտակցում»։

12. Որտեղի՞ց գիտենք, որ Ղազարոսն իսկապես հարություն էր առել։

12 Երբ Հիսուսը հարություն տվեց Ղազարոսին, շատերը տեսան դա։ Նույնիսկ Հիսուսի թշնամիները գիտեին, որ նա այդպիսի հրաշք է արել։ Այո՛, Ղազարոսը ողջ էր, և դա փաստում էր, որ իսկապես հարություն է եղել (Հովհաննես 11։47)։ Բացի այդ՝ շատերը գնացին Ղազարոսին տեսնելու և դրանից հետո սկսեցին հավատալ, որ Հիսուսն իսկապես Աստծու կողմից է ուղարկված։ Հիսուսի թշնամիներին դա դուր չեկավ, ուստի նրանք որոշեցին սպանել և՛ Հիսուսին, և՛ Ղազարոսին (Հովհաննես 11։53; 12։9–11

13. Ինչո՞ւ ենք համոզված, որ Եհովան կարող է հարություն տալ մահացածներին։

13 Հիսուսն ասաց, որ «բոլոր նրանք, ովքեր գերեզմաններում [հիշատակի դամբաններում, ծնթ.] են», հարություն կառնեն (Հովհաննես 5։28)։ Սա նշանակում է, որ բոլոր նրանք, ում Եհովան պահում է իր հիշողության մեջ, կրկին կյանք կստանան։ Որպեսզի Եհովան հարություն տա մարդկանց, պետք է հիշի նրանց հետ կապված ամեն բան։ Բայց մի՞թե դա հնարավոր է։ Տիեզերքում միլիարդավոր աստղեր կան։ Աստվածաշունչն ասում է, որ Եհովան գիտի այդ բոլոր աստղերի անունները (կարդա Եսայիա 40։26)։ Եթե նա հիշում է յուրաքանչյուր աստղի անունը, ուրեմն նրա համար դժվար չէ հիշել ամեն բան այն մարդկանց մասին, ում պատրաստվում է հարություն տալ։ Ավելին, Եհովան է ստեղծել ամեն բան, հետևաբար նա կարող է կրկին կյանք տալ մահացած մարդկանց։

14, 15. Հոբի խոսքերից ի՞նչ ենք հասկանում։

14 Աստծու հավատարիմ ծառա Հոբը հավատում էր հարությանը։ Նա այսպիսի հարց տվեց. «Եթե մարդը մահանա, մի՞թե դարձյալ կապրի»։ Ապա դիմելով Եհովային՝ ասաց. «Դու կկանչես, ու ես կպատասխանեմ քեզ, և դու կկարոտես քո ձեռքի գործին»։ Ինչպես երևում է Հոբի այս խոսքերից, նա գիտեր, որ Եհովան անհամբերությամբ է սպասում այն ժամանակին, երբ հարություն կտա մահացածներին (Հոբ 14։13–15

15 Իմանալով, որ հարության հույս կա՝ ի՞նչ ես զգում։ Բոլորիս համար էլ շատ մխիթարական է իմանալ, որ Եհովան իսկապես ուզում է կրկին կյանք տալ մահացած մարդկանց։ Թերևս մտածում ես. «Իսկ իմ մահացած հարազատներն ու ընկերները նո՞ւյնպես հարություն կառնեն»։ Եկ տեսնենք՝ Աստվածաշունչն ինչ է ասում այն մասին, թե ովքեր են հարություն առնելու և որտեղ են ապրելու։

«ՆՐԱ ՁԱՅՆԸ ԿԼՍԵՆ ԵՎ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ»

16. Երկրի վրա հարություն առած մարդիկ ինչպիսի՞ կյանք կունենան։

16 Անցյալում հարություն առած մարդիկ շարունակեցին ապրել երկրի վրա իրենց ընտանիքի ու ընկերների հետ։ Ապագայում էլ այդպես կլինի, միայն թե այդ ժամանակ հարություն առածները ավելի լավ կյանքով կապրեն։ Նրանք հնարավորություն կունենան ապրելու հավիտյան։ Երկրի վրա հիանալի պայմաններ կտիրեն։ Չեն լինի պատերազմներ, հանցագործություններ ու հիվանդություններ։

17. Ովքե՞ր են հարություն առնելու։

17 Ովքե՞ր են հարություն առնելու։ Հիսուսն ասաց, որ «բոլոր նրանք, ովքեր գերեզմաններում են, [իր] ձայնը կլսեն և դուրս կգան» (Հովհաննես 5։28, 29Հայտնություն 20։13-ում ասվում է. «Ծովն իր միջի մահացածներին տվեց, և մահն ու գերեզմանը իրենց միջի մահացածներին տվեցին»։ Այո՛, միլիարդավոր մարդիկ կրկին կյանք կստանան։ Իսկ Պողոս առաքյալը գրեց, որ հարություն կառնեն «թե՛ արդարները և թե՛ անարդարները» (կարդա Գործեր 24։15)։ Ի՞նչ է սա նշանակում։

Մահացածները հարություն կառնեն դրախտային երկրում և կմիանան իրենց հարազատներին

18. Ովքե՞ր են «արդարները», որոնք պետք է հարություն առնեն։

18 «Արդարների» թվում Եհովայի այն հավատարիմ ծառաներն են, ովքեր ապրել են նախքան Հիսուսի՝ երկիր գալը։ Նրանք հարություն կառնեն, որ ապրեն երկրի վրա։ Այդ մարդկանցից են Նոյը, Աբրահամը, Սառան, Մովսեսը, Հռութը և Եսթերը։ Նրանցից մի քանիսի մասին կարող ես կարդալ Եբրայեցիներ 11-րդ գլխում։ «Արդարների» թվում են նաև Եհովայի այն հավատարիմ ծառաները, ովքեր ապրել են մեր ժամանակներում և մահացել են։ Նրանք նույնպես հարություն կառնեն և կապրեն երկրի վրա։

19. Ովքե՞ր են «անարդարները»։ Եհովան նրանց ի՞նչ հնարավորություն կտա։

19 «Անարդարները» այն միլիարդավոր մարդիկ են, ովքեր հնարավորություն չեն ունեցել ճանաչելու Եհովային և մահացել են։ Եհովան այդ մարդկանց էլ չի մոռացել։ Նա հարություն կտա նրանց, որպեսզի նրանք էլ հնարավորություն ունենան սովորելու իր մասին և ծառայելու իրեն։

20. Ովքե՞ր հարություն չեն առնի։

20 Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ յուրաքանչյուր մահացած մարդ հարություն է առնելու։ Ո՛չ։ Հիսուսն ասաց, որ որոշ մարդիկ հարություն չեն առնի (Ղուկաս 12։5)։ Դրանք այն մարդիկ են, ովքեր չար գործեր են անում և չեն ցանկանում փոխվել։ Իսկ ո՞վ է որոշելու, թե մարդկանցից ով հարություն կստանա, ով՝ ոչ։ Եհովան է Գերագույն Դատավորը, և նա է կայացնում վերջնական որոշումը։ Բայց նա նաև Հիսուսին է իշխանություն տվել լինելու «ողջերի ու մահացածների դատավորը» (Գործեր 10։42)։ Բոլոր նրանք, ում Եհովան ու Հիսուսը դատապարտում են որպես անուղղելի չարագործների, հարություն չեն առնի (տես Ծանոթագրություն 19

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ԵՐԿՆՔՈՒՄ ԱՊՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

21, 22. ա) Ինչպիսի՞ մարմին են ստանում նրանք, ովքեր հարություն են առնում երկնքում ապրելու համար։ բ) Ո՞վ առաջինը հարություն ստացավ երկնքում ապրելու համար։

21 Աստվածաշունչը նաև հայտնում է, որ ոմանք հարություն են ստանալու երկնքում ապրելու համար։ Այդպիսի հարություն ստացողները չեն ապրում որպես մարդ և չունեն մարդկային մարմին։ Նրանք հարություն են առնում ոգեղեն մարմնով և ապրում են երկնքում։

22 Հիսուսն առաջինն էր, ով այդպիսի հարություն ստացավ (Հովհաննես 3։13)։ Նրա մահից երեք օր անց Եհովան նրան հարություն տվեց (Սաղմոս 16։10; Գործեր 13։34, 35)։ Հիսուսը հարություն առավ ոչ թե որպես մարդ, այլ որպես հզոր ոգեղեն արարած (1 Կորնթացիներ 15։3–6Պետրոս առաքյալը գրեց, որ Հիսուսը «մահվան մատնվեց մարմնով, բայց կենդանացավ ոգով» (1 Պետրոս 3։18)։ Աստվածաշնչից իմանում ենք, որ Հիսուսից բացի՝ ուրիշ մարդիկ էլ էին այդպիսի հարություն ստանալու։

23, 24. Հիսուսը ո՞ւմ անվանեց «փոքր հոտ», և քանի՞ հոգի էին լինելու նրանք։

23 Իր մահից անմիջապես առաջ Հիսուսն իր հավատարիմ աշակերտներին ասաց. «Գնում եմ, որ տեղ պատրաստեմ ձեզ համար» (Հովհաննես 14։2)։ Դա նշանակում էր, որ Հիսուսի հետևորդներից ոմանք հարություն էին առնելու նրա հետ երկնքում ապրելու համար։ Իսկ քանի՞ հոգի էին այդպիսի հարություն ստանալու։ Հիսուսն ասաց, որ նրանք փոքրաթիվ էին լինելու և անվանեց նրանց «փոքր հոտ» (Ղուկաս 12։32)։ Հետագայում Հովհաննես առաքյալը, նկարագրելով իր տեսած տեսիլքը, նշեց նրանց կոնկրետ թիվը։ Նա գրում է, որ տեսավ Հիսուսին՝ «[երկնային] Սիոն լեռան վրա ու նրա հետ հարյուր քառասունչորս հազար հոգի» (Հայտնություն 14։1

24 Ե՞րբ էին հարություն առնելու այդ 144 000 հոգին։ Աստվածաշունչը հայտնում է, որ դա լինելու էր այն բանից հետո, երբ Քրիստոսը սկսեր իշխել երկնքում (1 Կորնթացիներ 15։23)։ Հիմա մենք ապրում ենք հենց այդ ժամանակաշրջանում, և 144 000-ի մեծ մասն արդեն հարություն է առել երկնքում։ Իսկ նրանք, ովքեր դեռ ապրում են երկրի վրա, մահանալուց հետո անմիջապես հարություն կառնեն երկնքում։ Բայց մարդկանց մեծ մասը հարություն կառնի ապագայում և կապրի երկրի վրա՝ դրախտում։

25. Ի՞նչ կիմանանք հաջորդ գլխից։

25 Շատ շուտով Եհովան մարդկանց կազատի մահից։ Մահն ընդմիշտ կվերանա (կարդա Եսայիա 25։8)։ Իսկ երկնքում հարություն առածները ի՞նչ են անելու։ Աստվածաշնչում ասվում է, որ նրանք իշխելու են Հիսուսի հետ որպես Աստծու Թագավորության ղեկավարներ։ Հաջորդ գլխից ավելին կիմանանք այդ Թագավորության մասին։

^ պարբ. 9 Աստվածաշնչում գրված են նաև հարության այլ դեպքեր։ Հարություն առածների մեջ կային թե՛ փոքրեր, թե՛ մեծեր, թե՛ տղամարդ, թե՛ կին, թե՛ իսրայելացի, թե՛ օտարազգի։ Այդ դեպքերի մասին կարող ես կարդալ 1 Թագավորներ 17։17–24; 2 Թագավորներ 4։32–37; 13։20, 21; Մատթեոս 28։5–7; Ղուկաս 7։11–17; 8։40–56; Գործեր 9։36–42; 20։7–12 համարներում։