Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 9

Աշխարհի վերջը մո՞տ է

Աշխարհի վերջը մո՞տ է

1. Որտեղի՞ց կարող ենք իմանալ, թե ինչ կլինի ապագայում։

ՀԱՎԱՆԱԲԱՐ, լուրերը դիտելիս մտածել ես. «Աշխարհի վիճակը սարսափելի է. սրանից ավելի վատ չի կարող լինել»։ Ամեն տեղ այնքան շատ տառապանք, անարդարություն ու դաժանություն կա, որ որոշ մարդիկ մտածում են, թե արդեն մոտեցել է աշխարհի վերջը։ Արդյոք դա այդպե՞ս է։ Հնարավո՞ր է իմանալ՝ ինչ կլինի ապագայում։ Այո՛, հնարավոր է։ Ճիշտ է, մարդիկ չեն կարող կանխագուշակել ապագան, բայց Եհովա Աստված կարող է։ Նա Աստվածաշնչի միջոցով հայտնում է մեզ, թե ինչ է սպասում մարդկությանը և երկրին (Եսայիա 46։10; Հակոբոս 4։14

2, 3. Հիսուսի աշակերտները ի՞նչ էին ուզում իմանալ, և ի՞նչ ասաց նրանց Հիսուսը։

2 Աստվածաշնչում խոսվում է աշխարհի վերջի մասին, բայց դա ոչ թե Երկիր մոլորակի «վերջն» է, այլ՝ չարության։ Հիսուսը քարոզում էր, որ երկրի վրա իշխելու է Աստծու Թագավորությունը (Ղուկաս 4։43)։ Նրա աշակերտները ուզում էին իմանալ, թե երբ էր գալու այդ Թագավորությունը։ Նրանք հարցրին Հիսուսին. «Ե՞րբ են լինելու այս բաները, և ո՞րն է լինելու քո ներկայության և աշխարհի վախճանի նշանը» (Մատթեոս 24։3)։ Հիսուսը կոնկրետ օր չնշեց, բայց ասաց, թե ինչեր էին տեղի ունենալու, նախքան կգար չար աշխարհի վերջը։ Հիսուսի ասածները այժմ կատարվում են։

3 Այս գլխում կքննարկենք, թե ինչ ապացույցներ կան, որ իսկապես մոտ է այս չար աշխարհի վերջը։ Բայց որպեսզի հասկանանք՝ ինչու է աշխարհը այսքան վատ վիճակում, նախ պետք է իմանանք, թե ինչ տեղի ունեցավ երկնքում։

ՊԱՏԵՐԱԶՄ ԵՐԿՆՔՈՒՄ

4, 5. ա) Ի՞նչ եղավ երկնքում, երբ Հիսուսը դարձավ Թագավոր։ բ) Սատանայի ցած նետվելուց հետո ինչպիսի՞ ժամանակներ սկսվեցին երկրի վրա։

4 8-րդ գլխից իմացանք, որ Հիսուսը 1914 թ.-ին Թագավոր դարձավ երկնքում (Դանիել 7։13, 14)։ «Հայտնություն» գրքում գրված է, թե ինչ եղավ հետո. «Պատերազմ բռնկվեց երկնքում. Միքայելը [այսինքն՝ Հիսուսը] և նրա հրեշտակները պատերազմեցին վիշապի [Սատանայի] դեմ, և վիշապն ու նրա հրեշտակներն էլ պատերազմեցին»։ * Սատանան և նրա դևերը պարտվեցին ու ցած նետվեցին երկրի վրա։ Այդ ժամանակ երկնքում հրեշտակները մեծ ուրախություն ապրեցին։ Բայց երկրի վրա ապրող մարդկանց համար շատ ծանր ժամանակներ սկսվեցին։ Ինչո՞ւ։ Աստվածաշնչում ասվում է. «Բանսարկուն.... մեծ բարկությամբ է լցված՝ գիտենալով, որ քիչ ժամանակ ունի» (Հայտնություն 12։7, 9, 12

5 Սատանան ամեն ինչ անում է, որ երկրի վրա ապրողներին ցավ ու տառապանք պատճառի։ Նա խիստ զայրացած է, քանի որ շուտով Աստված վերջ է դնելու նրա չար իշխանությանը։ Նրան կարճ ժամանակ է մնացել։ Աստվածաշունչը այդ կարճ ժամանակը անվանում է «վերջին օրեր»։ Եկ տեսնենք, թե ըստ Հիսուսի խոսքերի՝ ինչեր էին տեղի ունենալու վերջին օրերում (տես Ծանոթագրություն 24

ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐ

6, 7. Պատերազմների ու սովերի մասին Հիսուսի ասածները ինչպե՞ս են կատարվում այսօր։

6 Պատերազմներ։ Հիսուսն ասաց. «Ազգ ազգի դեմ դուրս կգա, և թագավորություն՝ թագավորության դեմ» (Մատթեոս 24։7)։ Պատմության ուրիշ ոչ մի ժամանակահատվածում պատերազմների պատճառով այնքան շատ մարդ չի զոհվել, որքան վերջին հարյուր տարվա ընթացքում։ Համաշխարհային հեղինակավոր մի կազմակերպության (Worldwatch Institute) տվյալների համաձայն՝ 1914 թ.- ից սկսած՝ պատերազմների պատճառով ավելի քան 100 միլիոն մարդ է մահացել։ Ընդամենը մեկ դարում՝ 1900–2000 թթ., պատերազմների ժամանակ երեք անգամ ավելի շատ մարդ է զոհվել, քան դրան նախորդող 19 դարերի ընթացքում։ Միայն պատկերացրու, թե պատերազմները ինչ մեծ ցավ ու տառապանք են պատճառել մարդկանց։

7 Սովեր։ Հիսուսն ասաց. «Սովեր.... կլինեն» (Մատթեոս 24։7)։ Թեև այսօր աշխարհում ավելի շատ սննդամթերք է արտադրվում, քան երբևէ, բայց շատ մարդիկ չունեն բավարար սնունդ։ Ինչո՞ւ։ Պատճառն այն է, որ շատերը բավականաչափ փող չունեն սնունդ գնելու համար, ոչ էլ հողատարածք ունեն, որ որևէ բան աճեցնեն։ Աշխարհում ավելի քան մեկ միլիարդ մարդ իր ապրուստը հոգալու համար ստիպված է բավարարվել օրական մեկ դոլարից էլ քիչ գումարով։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնում է, որ ամեն տարի միլիոնավոր երեխաներ մահանում են հիմնականում վատ սնվելու պատճառով։

8, 9. Ինչի՞ց է երևում, որ երկրաշարժերի և համաճարակների մասին մարգարեությունները կատարվում են։

8 Երկրաշարժեր։ Հիսուսն ասաց. «Մեծ երկրաշարժեր կլինեն» (Ղուկաս 21։11)։ Գիտնականների հայտնած տեղեկությունների համաձայն՝ ամեն տարի հզոր երկրաշարժեր են սպասվում։ 1900 թ.- ից ի վեր երկրաշարժերի հետևանքով ավելի քան երկու միլիոն մարդ է մահացել։ Ու թեև ժամանակակից տեխնիկայի միջոցով այսօր կարողանում են ավելի վաղ իմանալ, որ երկրաշարժ է լինելու, բայց, միևնույնն է, շատ զոհեր են լինում։

9 Հիվանդություններ։ Հիսուսն ասաց, որ կլինեն նաև «համաճարակներ», այսինքն՝ վտանգավոր հիվանդություններ, որոնք արագորեն տարածվում են, ու դրանց պատճառով շատ մարդիկ են մահանում (Ղուկաս 21։11)։ Թեև բժիշկները գտել են շատ հիվանդությունների բուժման ձևերը, բայց դեռևս կան որոշ հիվանդություններ, որոնք չեն կարողանում բուժել։ Տեղեկատվական մի աղբյուրում նշվում է, որ ամեն տարի միլիոնավոր մարդիկ են մահանում այնպիսի հիվանդություններից, ինչպիսիք են տուբերկուլյոզը, մալարիան և խոլերան։ Ավելին, բժիշկները հայտնաբերել են 30 նոր հիվանդություններ, որոնցից մի քանիսը անբուժելի են։

ԻՆՉՊԻՍԻՆ ԷԻՆ ԼԻՆԵԼՈՒ ՄԱՐԴԻԿ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐՈՒՄ

10. Ինչպե՞ս է 2 Տիմոթեոս 3։1–5-ում գրված մարգարեությունը այսօր կատարվում։

10 2 Տիմոթեոս 3։1–5 համարներում ասվում է, որ «վերջին օրերում չափազանց դժվար ժամանակներ էին լինելու», և նկարագրվում է, թե ինչպիսի վատ հատկություններ էին ունենալու շատ մարդիկ։ Օրինակ՝ նրանք լինելու էին՝

  • եսասեր

  • փողասեր

  • ծնողներին անհնազանդ

  • անհավատարիմ

  • ընտանիքի անդամների հանդեպ կապվածություն չունեցող

  • ինքնատիրապետում չունեցող

  • դաժան ու բարկացկոտ

  • ավելի շատ հաճույքներ սիրող, քան Աստծուն

  • իբրև թե Աստծուն սիրող, բայց նրան չհնազանդվող

11. Սաղմոս 92։7-ի համաձայն՝ ի՞նչ է լինելու չար մարդկանց։

11 Քո շրջապատում կա՞ն այսպիսի մարդիկ։ Իրականում, աշխարհն այսօր լի է նման մարդկանցով։ Բայց Աստված թույլ չի տա, որ այս ամենը երկար շարունակվի, և շուտով գործի կանցնի։ Նա խոստանում է. «Թեև ամբարիշտները խոտի նման բուսնում են, և չարիք գործողները՝ ծաղկում, միևնույնն է, նրանք հավերժ պիտի կործանվեն» (Սաղմոս 92։7

ԼԱՎ ԲԱՆԵՐ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐՈՒՄ

12, 13. Եհովայի օգնությամբ ի՞նչ են հասկացել նրա ծառաները վերջին օրերի ընթացքում։

12 Ճիշտ է, Աստվածաշնչում գրված է, որ վերջին օրերում աշխարհը լցված էր լինելու ցավով ու տառապանքով, բայց այնտեղ նաև ասվում է, որ այդ ժամանակներում լավ բաներ էլ էին լինելու։

«Թագավորության այս բարի լուրը կքարոզվի ամբողջ երկրով մեկ» (Մատթեոս 24։14)

13 Մարդիկ սկսելու էին ավելի լավ հասկանալ Աստվածաշունչը։ Դանիել մարգարեն գրել էր, որ վերջին օրերում «ճշմարիտ գիտելիքները շատանալու էին» (Դանիել 12։4)։ Աստված օգնելու էր իր ժողովրդին ավելի լավ հասկանալու Աստվածաշունչը։ Նա անում է դա՝ հատկապես 1914 թ.-ից սկսած։ Օրինակ՝ Աստված օգնել է իր ծառաներին հասկանալու իր անվան, երկրի հետ կապված իր նպատակի, փրկանքի, մահվան և հարության մասին ճշմարտությունները։ Աստծու ծառաները նաև հասկացել են, որ միայն Աստծու Թագավորությունը կարող է լուծել մարդկության բոլոր խնդիրները։ Նաև սովորել են, թե ինչպես կարելի է ապրել երջանիկ ու Աստծուն հաճելի կյանքով։ Իսկ ի՞նչ է անում Աստծու ժողովուրդը այս բոլոր գիտելիքները ստանալուց հետո։ Այս հարցի պատասխանը գտնում ենք մեկ այլ մարգարեության մեջ (տես Ծանոթագրություններ 21 և 25

14. Քանի՞ երկրում է քարոզվում Թագավորության մասին բարի լուրը, և ովքե՞ր են այն քարոզում։

14 Համաշխարհային քարոզչական գործ։ Վերջին օրերի մասին խոսելիս Հիսուսն ասաց. «Թագավորության այս բարի լուրը կքարոզվի ամբողջ երկրով մեկ» (Մատթեոս 24։3, 14)։ Այսօր Թագավորության մասին բարի լուրը քարոզվում է ավելի քան 230 երկրներում 700-ից ավելի լեզուներով։ Այո՛, ամբողջ աշխարհում Եհովայի վկաները, որոնք «բոլոր ազգերից [ու] ցեղերից» են, օգնում են մարդկանց հասկանալու, թե ինչ է Աստծու Թագավորությունը, և թե ինչ է այն անելու մարդկանց համար (Հայտնություն 7։9)։ Եվ այս ամենը նրանք անում են անվճար։ Թեև Վկաներին ատում են և հալածում, ինչպես որ մարգարեացել էր Հիսուսը, բայց, միևնույնն է, նրանք շարունակում են հավատարմորեն քարոզել (Ղուկաս 21։17

Ի՞ՆՉ ԿԱՆԵՍ ԴՈՒ

15. ա) Հավատո՞ւմ ես, որ ապրում ենք վերջին օրերում։ Ինչո՞ւ ես այդպես պատասխանում։ բ) Ի՞նչ կպատահի նրանց, ովքեր հնազանդվում են Եհովային և նրանց, ովքեր չեն հնազանդվում։

15 Հավատո՞ւմ ես, որ մենք ապրում ենք վերջին օրերում։ Վերջին օրերի մասին աստվածաշնչյան շատ մարգարեություններ այսօր կատարվում են։ Շուտով Եհովան կդադարեցնի բարի լուրի քարոզչությունը, և այդ ժամանակ կգա «վերջը» (Մատթեոս 24։14)։ Այդ «վերջը» կլինի Արմագեդոնը՝ այն պատերազմը, որի ժամանակ Աստված կվերացնի չարությունը երկրի վրայից։ Եհովան Հիսուսի և իր հզոր հրեշտակների միջոցով կոչնչացնի բոլոր նրանց, ովքեր չեն ցանկանում հնազանդվել իրեն և իր Որդուն (2 Թեսաղոնիկեցիներ 1։6–9)։ Արմագեդոնից հետո Սատանան և նրա դևերը այլևս չեն կարողանա մոլորեցնել մարդկանց։ Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են հնազանդվել Աստծուն և նրա Թագավորության կողմն են բռնում, կտեսնեն, թե ինչպես են կատարվում Աստծու տված բոլոր խոստումները (Հայտնություն 20։1–3; 21։3–5

16. Քանի որ վերջը շատ մոտ է, ի՞նչ պետք է անես։

16 Սատանայի կողմից ղեկավարվող այս աշխարհը շուտով կկործանվի։ Հետևաբար շատ կարևոր է, որ ինքներս մեզ հարցնենք. «Ի՞նչ պետք է անեմ ես»։ Եհովան ցանկանում է, որ հնարավորինս շատ բան սովորես Աստվածաշնչից։ Ուստի պետք է լուրջ վերաբերվես քո ուսումնասիրությանը (Հովհաննես 17։3)։ Եհովայի վկաները ամեն շաբաթ հանդիպումներ են անցկացնում, որոնք օգնում են մարդկանց հասկանալու Աստվածաշունչը։ Ձգտիր միշտ ներկա լինել այդ հանդիպումներին (կարդա Եբրայեցիներ 10։24, 25)։ Եթե տեսնում ես, որ փոփոխություններ անելու կարիք ունես, ամեն ջանք թափիր, որ փոխվես։ Այդ դեպքում Եհովայի հետ քո ընկերությունը ավելի կամրանա (Հակոբոս 4։8

17. Ինչո՞ւ է վերջը շատերի համար անսպասելի լինելու։

17 Պողոս առաքյալը գրեց, որ այս չար աշխարհի կործանումը շատերի համար անսպասելի է լինելու։ Այն գալու է «ինչպես գողը գիշերով» (1 Թեսաղոնիկեցիներ 5։2)։ Այսօր շատ մարդիկ ուշադրություն չեն դարձնում այն փաստերին, որոնք ցույց են տալիս, որ ապրում ենք վերջին օրերում։ Հիսուսը մարգարեացել էր այս մասին։ Նա ասել էր. «Ինչպես որ Նոյի օրերում էր, այնպես էլ կլինի մարդու Որդու ներկայության ժամանակ [կամ՝ վերջին օրերում]։ Ինչպես որ այն օրերում՝ ջրհեղեղից առաջ, մարդիկ ուտում էին ու խմում, կին էին առնում ու մարդու գնում, մինչև այն օրը, երբ Նոյը տապանը մտավ, և ուշադրություն չդարձրին, մինչև որ ջրհեղեղը եկավ ու սրբեց նրանց բոլորին, այնպես էլ կլինի մարդու Որդու ներկայության ժամանակ» (Մատթեոս 24։37–39

18. Ի՞նչ նախազգուշացում տվեց Հիսուսը։

18 Հիսուսը նախազգուշացրեց, որ չտարվենք «շատակերությամբ, հարբեցողությամբ ու կյանքի հոգսերով»։ Նա ասաց, որ վերջը հանկարծակի է գալու, «ինչպես ծուղակ», և որ այն «պիտի գա բոլոր նրանց վրա, ովքեր բնակվում են ամբողջ երկրի երեսին»։ Հիսուսը նաև ասաց. «Ուրեմն արթուն եղեք՝ ամեն ժամանակ աղաչանքներ անելով [կամ՝ սրտանց աղոթելով], որպեսզի ձեզ հաջողվի փախչել այն ամենից, ինչ պետք է լինի, և կանգնել մարդու Որդու առաջ» (Ղուկաս 21։34–36)։ Անչափ կարևոր է, որ ուշադրություն դարձնենք Հիսուսի նախազգուշացմանը, քանի որ շատ շուտով Սատանայի չար աշխարհը կկործանվի։ Միայն Եհովայի և Հիսուսի հավանությունն ունեցող մարդիկ կփրկվեն այդ կործանումից և հավիտյան կապրեն նոր աշխարհում (Հովհաննես 3։16; 2 Պետրոս 3։13

^ պարբ. 4 Միքայելը Հիսուս Քրիստոսի մեկ այլ անունն է։ Ավելի շատ տեղեկություն ստանալու համար տես Ծանոթագրություն 23-ը։