Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԳԼՈՒԽ 19

Եհովայի հետ մտերիմ մնա

Եհովայի հետ մտերիմ մնա

1, 2. Ո՞ւմ մոտ կարող ենք պաշտպանություն գտնել։

ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ՝ ցուրտ ու քամոտ եղանակին քայլում ես դրսում։ Հանկարծ երկինքը մթնում է, փայլատակում է կայծակը, ամպերը սկսում են գոռգոռալ։ Շուտով հորդառատ անձրև է սկսվում։ Դու թաքնվելու տեղ ես փնտրում և երբ վերջապես չոր ու տաք մի վայր ես գտնում, շատ ես ուրախանում ու քեզ ապահով ես զգում։

2 Այսօր մենք նման իրավիճակում ենք։ Աշխարհի վիճակը գնալով վատանում է։ Ուստի գուցե մտածես. «Որտե՞ղ կարող եմ պաշտպանություն գտնել»։ Աստվածաշունչը գրողներից մեկը այսպիսի խոսքեր է գրել. «Ես կասեմ Եհովային. «Դո՛ւ ես իմ ապավենը և իմ ամրոցը, իմ Աստվածը, որին ես պիտի վստահեմ»» (Սաղմոս 91։2)։ Այո՛, խնդիրներով լի այս աշխարհում Եհովան կարող է օգնել ու պաշտպանել մեզ։ Ավելին, նա մեզ ապագայի հիանալի հույս է տալիս։

3. Ի՞նչ պետք է անենք, որ Եհովան պաշտպանի մեզ։

3 Իսկ Եհովան ինչպե՞ս է պաշտպանում։ Նա կարող է օգնել, որ հաղթահարենք ցանկացած խնդիր։ Նա շատ ավելի զորեղ է, քան այն մարդիկ, ովքեր գուցե փորձեն վնասել մեզ։ Եվ նույնիսկ եթե մեզ ինչ-որ բան պատահի, կարող ենք վստահ լինել, որ ապագայում Եհովան կվերացնի մեզ հասցված ցանկացած վնաս։ Բայց որպեսզի Եհովան օգնի մեզ, պետք է միշտ մտերիմ լինենք նրա հետ։ Աստվածաշունչն ասում է. «Մնացեք Աստծու սիրո մեջ» (Հուդա 21)։ Ինչպե՞ս կարող ենք անել դա։

ԳՆԱՀԱՏԻՐ ԱՍՏԾՈՒ ՍԵՐԸ

4, 5. Ինչպե՞ս է Եհովան ցույց տվել, որ սիրում է մեզ։

4 Մենք Եհովայի հետ մտերիմ կմնանք, եթե միշտ հիշենք, թե որքան շատ է նա սիրում մեզ։ Մտածիր, թե որքան շատ բան է Եհովան արել մեզ համար։ Նա ստեղծել է մեր գեղեցիկ մոլորակը, բազմազան բույսեր և կենդանիներ, ինչպես նաև տվել է համեղ սնունդ և մաքուր ջուր։ Բացի այդ՝ Եհովան նվիրել է մեզ իր Խոսքը՝ Աստվածաշունչը, որտեղից իմանում ենք նրա անվան և գեղեցիկ հատկությունների մասին։ Բայց ամենամեծ բանը, որ Եհովան արել է, այն է, որ իր սիրելի Որդուն՝ Հիսուսին, ուղարկել է երկիր, որ նա իր կյանքը զոհի մեզ համար (Հովհաննես 3։16)։ Դրա շնորհիվ մենք հիանալի ապագայի հույս ունենք։

5 Եհովան նաև հաստատել է մի երկնային կառավարություն՝ Մեսիական Թագավորությունը, որը շուտով վերջ կդնի չարությանը և տառապանքին։ Այդ Թագավորությունը երկիրը դրախտ կդարձնի, որտեղ կլինի խաղաղություն ու երջանկություն, և մարդիկ կապրեն հավիտյան (Սաղմոս 37։29)։ Եհովան մեր հանդեպ իր սերը ցույց է տալիս նաև նրանով, որ սովորեցնում է, թե ինչպես կարող ենք արդեն այսօր ապրել երջանիկ կյանքով։ Նա ուզում է, որ աղոթենք իրեն, և միշտ պատրաստ է լսել մեր աղոթքները։ Այո՛, Աստված հստակ ցույց է տվել, որ սիրում է մեզանից յուրաքանչյուրին։

6. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ գնահատում ենք Եհովայի ցուցաբերած սերը։

6 Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ գնահատում ենք Եհովայի ցուցաբերած սերը։ Պետք է նրան միշտ շնորհակալություն հայտնենք նրա արածների համար։ Ցավոք, այսօր շատերը անշնորհակալ են։ Այդպես էր նաև Հիսուսի օրերում. մի անգամ Հիսուսը բուժեց տասը բորոտների, բայց միայն մեկը շնորհակալություն հայտնեց (Ղուկաս 17։12–17)։ Մենք անկասկած ցանկանում ենք նման լինել այն մեկին, ով շնորհակալություն հայտնեց Հիսուսին, և ուզում ենք միշտ ցույց տալ մեր գնահատանքը Եհովայի արածների համար։

7. Ինչպե՞ս պետք է սիրենք Եհովային։

7 Ի պատասխան Աստծու սիրո՝ մենք էլ պետք է նրան սիրենք։ Հիսուսն իր աշակերտներին ասաց, որ նրանք պետք է սիրեն Եհովային իրենց ամբողջ սրտով, ամբողջ հոգով և ամբողջ մտքով (կարդա Մատթեոս 22։37)։ Իսկ մենք ինչպե՞ս կարող ենք դա ցույց տալ։

8, 9. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ սիրում ենք Եհովային։

8 Բավական չէ միայն ասել, որ սիրում ենք Եհովային։ Եթե իսկապես սիրում ենք նրան մեր ամբողջ սրտով, հոգով ու մտքով, ապա դա ցույց կտանք մեր գործերով (Մատթեոս 7։16–20)։ Աստվածաշունչը պարզ ասում է, որ եթե սիրում ենք Աստծուն, ուրեմն կհնազանդվենք նրա պատվիրաններին։ Արդյոք դա դժվա՞ր է։ Ո՛չ, քանի որ Եհովայի «պատվիրանները ծանր չեն» (կարդա 1 Հովհաննես 5։3

9 Եթե հնազանդվենք Եհովային, երջանիկ կլինենք (Եսայիա 48։17, 18)։ Իսկ ի՞նչը կօգնի, որ Եհովայի հետ մտերիմ մնանք։ Եկ տեսնենք։

ՊԱՀՊԱՆԻՐ ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆԴ ԵՀՈՎԱՅԻ ՀԵՏ

10. Ինչո՞ւ պետք է շարունակենք սովորել Եհովայի մասին։

10 Մի պահ մտածիր. ինչպե՞ս եղավ, որ դարձար Եհովայի ընկերը։ Դու սկսեցիր ուսումնասիրել Աստվածաշունչը, ավելի լավ ճանաչեցիր Եհովային և ընկերացար նրա հետ։ Աստծու հետ ընկերությունը կարելի է համեմատել կրակի հետ, որը հարկավոր է միշտ վառ պահել։ Ինչպես որ կրակը վառ պահելու համար անընդհատ պետք է փայտ գցել դրա մեջ, այնպես էլ Եհովայի հետ քո ընկերությունը ամուր պահելու համար անհրաժեշտ է շարունակ սովորել նրա մասին (Առակներ 2։1–5

Եհովայի հանդեպ սերը նման է կրակի, որը վառ պահելու համար հարկավոր է շարունակ փայտ գցել այնտեղ

11. Աստվածաշնչից սովորածը ի՞նչ ազդեցություն կարող է թողնել քեզ վրա։

11 Աստվածաշունչն ուսումնասիրելիս այնպիսի բաներ կսովորես, որոնք քեզ շատ կտպավորեն։ Ուշադրություն դարձրու, թե ինչ զգացին Հիսուսի աշակերտներից երկուսը, երբ նա աստվածաշնչյան մարգարեություններ բացատրեց նրանց։ Նրանք ասացին. «Մի՞թե չէին վառվում մեր սրտերը, երբ նա ճանապարհին խոսում էր մեզ հետ և բացատրում Սուրբ Գրքերը» (Ղուկաս 24։32

12, 13. ա) Աստծու հանդեպ քո սերը ի՞նչ կարող է լինել։ բ) Ինչպե՞ս կարող ենք պահպանել մեր մտերմությունը Աստծու հետ։

12 Հավանաբար, Հիսուսի աշակերտների պես՝ դու էլ ես մեծ ուրախություն ապրել, երբ սկսել ես հասկանալ Աստվածաշունչը։ Դու ավելի լավ ես ճանաչել Եհովային ու սկսել ես սիրել նրան։ Բայց ժամանակի ընթացքում Աստծու հանդեպ քո սերը կարող է սառչել (Մատթեոս 24։12

13 Ուստի հարկավոր է ջանք թափել Աստծու հետ մտերմությունը պահպանելու համար։ Շարունակիր սովորել Եհովայի ու Հիսուսի մասին և խորհրդածիր այն ամենի շուրջ, ինչ սովորում ես։ Նաև մտածիր, թե ինչպես կարող ես սովորածդ կիրառել կյանքում (Հովհաննես 17։3)։ Երբ կարդում կամ ուսումնասիրում ես Աստծու Խոսքը, ինքդ քեզ հարցրու. «Այս հատվածից ի՞նչ եմ սովորում Եհովա Աստծու մասին։ Ինչպե՞ս են այս համարներն օգնում ինձ ամբողջ սրտով ու հոգով սիրելու նրան» (1 Տիմոթեոս 4։15

14. Ինչպե՞ս է աղոթքն օգնում, որ Եհովայի հանդեպ ունեցած մեր սերը չսառչի։

14 Մտերիմ ընկերոջ հետ հաճախ զրուցելը նպաստում է, որ ընկերությունը ամուր մնա։ Նմանապես Եհովայի հանդեպ ունեցած մեր սերն է վառ մնում, երբ կանոնավորաբար աղոթում ենք նրան (կարդա 1 Թեսաղոնիկեցիներ 5։17)։ Աղոթքը հիանալի նվեր է մեր երկնային Հորից։ Ուստի մենք պետք է այն թանկ համարենք և միշտ սրտանց աղոթենք Աստծուն (Սաղմոս 62։8)։ Կարևոր է նաև, որ անգիր արած խոսքեր չկրկնենք մեր աղոթքներում, այլ ասենք այն, ինչ կա մեր սրտում։ Եթե շարունակենք ուսումնասիրել Աստվածաշունչը և սրտանց աղոթենք, Եհովայի հանդեպ մեր սերը չի սառչի։

ՊԱՏՄԻՐ ՈՒՐԻՇՆԵՐԻՆ ԵՀՈՎԱՅԻ ՄԱՍԻՆ

15, 16. Ինչպե՞ս ես վերաբերվում քարոզչական գործին։

15 Եթե ուզում ենք Եհովայի հետ մտերիմ մնալ, պետք է ուրիշներին պատմենք մեր հավատի մասին։ Մարդկանց Եհովայի մասին պատմելը մեծ պատիվ է և լուրջ պատասխանատվություն, որը Հիսուսը տվել է յուրաքանչյուր քրիստոնյայի (Ղուկաս 1։74)։ Բոլորս պետք է քարոզենք Աստծու Թագավորության մասին բարի լուրը։ Իսկ դու արդեն անո՞ւմ ես դա (Մատթեոս 24։14; 28։19, 20

16 Պողոս առաքյալը շատ թանկ էր համարում իր ծառայությունը. նա այն «գանձ» կոչեց (2 Կորնթացիներ 4։7)։ Եհովայի և նրա նպատակների մասին մարդկանց պատմելը ամենից կարևոր գործն է աշխարհում։ Դա Եհովային ծառայելու կերպերից է, և նա շատ է գնահատում այն, ինչ անում ենք իր համար (Եբրայեցիներ 6։10)։ Քարոզելը օգուտ է բերում և՛ մեզ, և՛ մեզ լսողներին։ Քարոզելով՝ մենք ոչ միայն ուրիշներին ենք օգնում մտերմանալ Եհովայի հետ և հավիտենական կյանք ստանալ, այլև ինքներս մեզ (կարդա 1 Կորնթացիներ 15։58)։ Մի՞թե աշխարհում կա մեկ այլ գործ, որը կարող է ավելի մեծ բավականություն պատճառել։

17. Ինչո՞ւ է քարոզելու գործը անհետաձգելի։

17 Քարոզելու գործը անհետաձգելի է։ Մենք պետք է «խոսքը քարոզենք.... հրատապության զգացումով» (2 Տիմոթեոս 4։2)։ Մարդիկ պետք է իմանան Աստծու Թագավորության մասին։ Աստվածաշունչն ասում է. «Մոտ է Եհովայի մեծ օրը, մոտ է ու շատ շտապում է»։ Վերջը «չի ուշանա» (Սոփոնիա 1։14; Ամբակում 2։3)։ Այո՛, շատ շուտով Եհովան կվերացնի Սատանայի չար աշխարհը։ Բայց մինչ այդ, մարդկանց հարկավոր է զգուշացնել այդ մասին, որպեսզի նրանք հնարավորություն ունենան ընտրելու Եհովային ծառայելը։

18. Ինչո՞ւ պետք է երկրպագենք Եհովային մյուս ճշմարիտ քրիստոնյաների հետ։

18 Եհովան ուզում է, որ երկրպագենք իրեն մյուս ճշմարիտ քրիստոնյաների հետ։ Աստվածաշնչում ասվում է. «Եկեք ուշադիր լինենք միմյանց հանդեպ, որ սիրո ու բարի գործերի մղենք իրար, և բաց չթողնենք մեր հավաքույթները, ինչպես սովոր են անել ոմանք, այլ քաջալերենք միմյանց, առավել ևս որ տեսնում ենք՝ օրը մոտենում է» (Եբրայեցիներ 10։24, 25)։ Պետք է ամեն ջանք թափենք, որ ներկա լինենք բոլոր հանդիպումներին։ Այդ հանդիպումների ժամանակ մենք հնարավորություն ունենք քաջալերելու և զորացնելու իրար։

19. Ի՞նչը կօգնի, որ սիրենք մեր հավատակիցներին։

19 Ժողովում կգտնես լավ ընկերներ, ովքեր կօգնեն քեզ հավատարմորեն ծառայել Եհովային։ Այնտեղ կհանդիպես տարբեր անցյալ ու տարբեր բնավորություն ունեցող մարդկանց, ովքեր, քեզ պես, իրենց լավագույնն են անում Աստծուն ծառայելու համար։ Նրանք նույնպես կատարյալ չեն և սխալներ են անում։ Ուստի պատրաստ եղիր ներելու նրանց (կարդա Կողոսացիներ 3։13)։ Միշտ կենտրոնացիր նրանց լավ հատկությունների վրա։ Դա կօգնի, որ սիրես նրանց և ավելի մտերմանաս Եհովայի հետ։

ԻՍԿԱԿԱՆ ԿՅԱՆՔ

20, 21. Ի՞նչ է «իսկական կյանքը»։

20 Եհովան ուզում է, որ իր բոլոր ընկերները լավագույն կյանքով ապրեն։ Աստվածաշնչում ասվում է, որ ապագայում մեր կյանքը լիովին կտարբերվի այսօրվա կյանքից։

Եհովան ուզում է, որ դու վայելես «իսկական կյանքը»։ Իսկ դո՞ւ

21 Ապագայում մենք կապրենք հավիտյան, ոչ թե 70 կամ 80 տարի։ Դրախտ-երկրում կվայելենք կատարյալ առողջություն, խաղաղություն և երջանկություն։ Աստվածաշնչում հենց սա է կոչվում «իսկական կյանք»։ Եհովան խոստանում է մեզ տալ այդ կյանքը, բայց որպեսզի ստանանք այն, պետք է «ամուր կառչենք» դրանից (1 Տիմոթեոս 6։12, 19

22. ա) Ինչպե՞ս կարող ենք «ամուր կառչել իսկական կյանքից»։ բ) Ինչո՞ւ չենք կարող արժանանալ հավիտենական կյանքին։

22 Ինչպե՞ս կարող ենք «ամուր կառչել իսկական կյանքից»։ Պետք է «բարին գործենք» և «հարուստ լինենք բարի գործերով», այսինքն՝ կիրառենք այն ամենը, ինչը սովորում ենք Աստվածաշնչից (1 Տիմոթեոս 6։18)։ Սակայն որքան էլ ջանք թափենք, երբեք չենք կարող արժանանալ այդ կյանքին։ Դա Եհովայի կողմից իր հավատարիմ ծառաներին տրված «ձրի պարգև» է և նրա «անզուգական բարության» դրսևորումը (Հռոմեացիներ 5։15)։ Մեր երկնային Հայրը շատ է ցանկանում իր հավատարիմ ծառաներին տալ այս նվերը։

23. Ինչո՞ւ պետք է հիմա ճիշտ որոշումներ կայացնես։

23 Այսպիսով՝ հարցրու ինքդ քեզ. «Երկրպագո՞ւմ եմ Աստծուն իր ուզած ձևով»։ Եթե տեսնում ես, որ որոշ հարցերում փոփոխություններ անելու կարիք ունես, հնարավորինս շուտ արա այդ փոփոխությունները։ Եթե վստահես Եհովային և ամեն ինչ անես նրան հնազանդվելու համար, նա կդառնա քո պաշտպանը։ Եհովան կպաշտպանի իր հավատարիմ ծառաներին Սատանայի չար աշխարհի այս վերջին օրերում։ Իսկ հետո նրանց կտա հավիտենական կյանք դրախտ-երկրում, ինչպես որ խոստացել է։ Այո՛, դու կստանաս իսկական կյանքը, եթե այսօր ճիշտ որոշումներ կայացնես։