Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ՀԱՐՑ 5

Ի՞նչ անեմ, եթե բուլիինգի ենթարկվեմ դպրոցում

Ի՞նչ անեմ, եթե բուլիինգի ենթարկվեմ դպրոցում

ԻՆՉՈՒ Է ԴԱ ԿԱՐԵՎՈՐ

Քո տված պատասխանից է կախված՝ իրավիճակը կհարթվի՞, թե՞ ավելի կվատանա։

ԻՆՉՊԵ՞Ս ԴՈՒ ԿՎԱՐՎԵՍ

Պատկերացրու հետևյալ իրավիճակը։ Թոմասն այլևս չի ցանկանում դպրոց գնալ։ Ամեն ինչ սկսվեց երեք ամիս առաջ, երբ նրա դասընկերները սկսեցին վատ բաներ տարածել նրա մասին։ Իսկ դրանից հետո նրանք Թոմասին մականուններ դրեցին։ Երբեմն ինչ-որ մեկը այնպես էր հրում Թոմասին, որ նրա ձեռքից տետրերն ընկնում էին, և ապա ձևացնում, թե դա պատահական ստացվեց։ Կամ մի քանի հոգի հետևից մոտենում էին Թոմասին, և նրանցից ինչ-որ մեկը բոթում էր նրան, իսկ երբ Թոմասը շրջվում էր, չէր հասկանում, թե ով է դա արել։ Սակայն երեկ բուլիինգը ավելի լուրջ բնույթ ստացավ, երբ Թոմասը սոցիալական ցանցում սպառնալից հաղորդագրություն ստացավ...

Եթե դու լինեիր Թոմասի փոխարեն, ինչպե՞ս կվարվեիր։

ԿԱՆԳ ԱՌ ԵՎ ՄՏԱԾԻՐ

Դու ամենևին էլ անզոր չես։ Դու կարող ես դիմադրել ճնշումներին՝ առանց բռունցքների։ Ինչպե՞ս։

  • ՄԻ՛ ԱՐՁԱԳԱՆՔԻՐ։ Աստվածաշունչն ասում է. «Հիմարը թափում է իր ողջ ջղայնությունը, բայց իմաստունը մինչև վերջ հանդարտ է մնում» (Առակներ 29։11)։ Եթե հնարավորինս հանգստություն պահպանես, գոնե արտաքուստ հանգիստ լինես, ապա քեզ բուլիինգի ենթարկողները կկորցնեն իրենց հետաքրքրությունը։

  • ՆՈՒՅՆ ՁԵՎՈՎ ՄԻ՛ ՊԱՏԱՍԽԱՆԻՐ։ Աստվածաշունչն ասում է. «Ոչ մեկին չարի փոխարեն չարով մի՛ հատուցեք» (Հռոմեացիներ 12։17)։ Վրեժ լուծելը միայն կբարդացնի իրավիճակը։

  • ԽՈՒՍԱՓԻՐ ԱՆԱԽՈՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ։ Աստվածաշունչն ասում է. «Խորագետը տեսնում է փորձանքը և թաքնվում» (Առակներ 22։3)։ Հնարավորինս խուսափիր այն մարդկանցից, ովքեր կարող են խնդիրներ ստեղծել, և այն իրավիճակներից, երբ կարող ես բուլիինգի զոհը դառնալ։

  • ՓՈՐՁԻՐ ԱՆՍՊԱՍԵԼԻ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼ։ Աստվածաշունչն ասում է. «Մեղմ պատասխանը հեռացնում է ցասումը» (Առակներ 15։1)։ Կարող ես անգամ հումորով պատասխանել։ Օրինակ՝ եթե քեզ ասում են՝ ինչ գեր ես, պարզապես ուսդ թոթվիր և ասա. «Ճիշտ ես, վատ չէր լինի մի քանի կիլո քաշ գցել»։

  • ՀԵՌԱՑԻՐ։ 19-ամյա Նորան ասում է. «Եթե ոչինչ չասես ու հեռանաս, ցույց կտաս, որ դու հասուն մարդ ես և ավելի ուժեղ ես, քան քեզ վրա ճնշում բանեցնողը։ Դու ինքնատիրապետում ես դրսևորում, մի հատկություն, որից զուրկ է քեզ բուլիինգի ենթարկողը» (2 Տիմոթեոս 2։24

  • ԻՆՔՆԱՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՐՈՒ։ «Բուլիինգի ենթարկողները հաճախ իրենց թիրախն են դարձնում նրանց, ովքեր վստահության պակաս ունեն, և ովքեր դժվար թե դիմադրություն ցույց տան։ Սակայն եթե նրանք տեսնեն, որ դու թույլ չես տալիս, որ իրենց պահվածքը որևէ ազդեցություն ունենա քեզ վրա, կնահանջեն»։

  • ՊԱՏՄԻՐ ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԻՆ։ Մի նախկին ուսուցիչ ասում է. «Բոլոր նրանց, ովքեր բուլիինգի են ենթարկվում, ես խորհուրդ կտամ պատմել այդ մասին ինչ-որ մեկին։ Այդպես վարվելը ճիշտ է։ Դա կարող է կանխել ուրիշներին բուլիինգի ենթարկելու նրանց փորձերը»։

Սեփական ուժերիդ վրա վստահ լինելը քեզ այնպիսի ուժ կտա, որ քեզ բուլիինգի ենթարկողն անգամ չունի