Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 10

Հիշիր Ղովտի կնոջը

Հիշիր Ղովտի կնոջը

Ղովտն ապրում էր Քանանի երկրում իր հորեղբայր Աբրահամի հետ։ Աբրահամն ու Ղովտը այնքան շատ անասուններ ունեին, որ տարածքը նրանց համար փոքր էր դարձել։ Մի օր Աբրահամը Ղովտին ասաց. «Մենք այլևս չենք կարող միասին ապրել նույն տեղում։ Խնդրում եմ, ընտրիր այն տեղը, ուր ուզում ես գնալ, իսկ ես մեկ ուրիշ տեղ կգնամ»։ Տեսնո՞ւմ ես, թե ինչ անեսասեր մարդ էր Աբրահամը։

Ղովտը Սոդոմ կոչվող քաղաքի մոտակայքում մի գեղեցիկ տարածք տեսավ։ Այնտեղ շատ ջուր կար, և փարթամ բուսականություն էր աճում։ Ուստի նա ընտրեց այդ վայրը և ընտանիքով տեղափոխվեց այնտեղ։

Սոդոմի և մոտակա Գոմոր քաղաքի բնակիչները այնքան չար էին, որ Եհովան որոշեց կործանել այդ քաղաքները։ Սակայն նա ուզում էր փրկել Ղովտին ու նրա ընտանիքին, դրա համար երկու հրեշտակ ուղարկեց, որ նրանց զգուշացնեն. «Շտապե՛ք։ Դո՛ւրս եկեք քաղաքից։ Եհովան կործանելու է այն»։

Ղովտը միանգամից չհեռացավ։ Նա դանդաղում էր։ Այդ պատճառով հրեշտակները բռնեցին Ղովտի, նրա կնոջ ու երկու աղջիկների ձեռքից և քաղաքից հանեցին՝ ասելով. «Փախե՛ք։ Փրկե՛ք ձեր կյանքը։ Հետ չնայե՛ք։ Եթե հետ նայեք, կմեռնեք»։

Երբ նրանք հասան Սեգոր կոչվող քաղաք, Եհովան Սոդոմի ու Գոմորի վրա ծծումբ ու կրակ թափեց։ Այդ երկու քաղաքները կործանվեցին։ Ղովտը և նրա աղջիկները փրկվեցին, քանի որ լսեցին Եհովային։ Սակայն Ղովտի կինը չլսեց Եհովային, հետ նայեց և աղի արձան դարձավ։ Ղովտն ու նրա աղջիկները հավանաբար շատ տխրեցին։ Բայց նրանք ուրախ էին այն բանի համար, որ արել էին Եհովայի ասածը։

«Հիշե՛ք Ղովտի կնոջը» (Ղուկաս 17։32)