Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 11

Հավատի փորձություն

Հավատի փորձություն

Աբրահամը իր որդի Իսահակին սովորեցրեց սիրել Եհովային և հավատալ նրա բոլոր խոստումներին։ Սակայն երբ Իսահակը մոտ 25 տարեկան էր, Եհովան Աբրահամին ասաց, որ մի շատ դժվար բան անի։ Ի՞նչ էր դա։

Աստված Աբրահամին ասաց. «Վերցրու, խնդրեմ, քո միակ որդուն և Մորիա երկրի լեռներից մեկի վրա զոհաբերիր նրան»։ Աբրահամը չէր պատկերացնում, թե Եհովան ինչու է իրեն այդպիսի բան ասում։ Բայց նա հնազանդվեց։

Հաջորդ օրը՝ վաղ առավոտյան, Աբրահամը վերցրեց Իսահակին ու իր ծառաներից երկուսին և ճանապարհ ընկավ դեպի Մորիա։ Երեք օր անց նրանք հեռվից տեսան այդ լեռները։ Աբրահամն իր ծառաներին ասաց, որ սպասեն, մինչև որ ինքն ու Իսահակը գնան զոհ մատուցելու։ Աբրահամը Իսահակին փայտ տվեց, որ տանի, իսկ ինքը մի դանակ վերցրեց։ Իսահակը իր հորը հարցրեց. «Ո՞ւր է այն կենդանին, որ պետք է զոհաբերենք»։ Աբրահամը պատասխանեց. «Որդի՛ս, Եհովան կտա կենդանին»։

Երբ նրանք վերջապես հասան լեռը, մի զոհասեղան շինեցին։ Այնուհետև Աբրահամը կապեց Իսահակի ձեռքերն ու ոտքերը և նրան դրեց զոհասեղանին։

Երբ Աբրահամը վերցրեց դանակը, Եհովայի հրեշտակը երկնքից կանչեց ու ասաց. «Աբրահա՛մ, տղային չվնասե՛ս։ Հիմա գիտեմ, որ հավատում ես Աստծուն, քանի որ պատրաստ էիր զոհաբերելու քո որդուն»։ Այդ ժամանակ Աբրահամը մի արու ոչխար տեսավ, որը եղջյուրներով խճճվել էր փշոտ թփերում։ Նա արագ արձակեց Իսահակին և իր որդու փոխարեն՝ ոչխարին զոհաբերեց։

Այդ օրվանից Եհովան Աբրահամին իր ընկերը կոչեց։ Գիտե՞ս, թե ինչու։ Աբրահամը անում էր այն ամենը, ինչ Եհովան ասում էր իրեն, նույնիսկ երբ չէր հասկանում, թե ինչու է Եհովան նման բան պահանջում։

Եհովան իր խոստումը կրկնեց Աբրահամին և ասաց. «Ես կօրհնեմ քեզ ու կշատացնեմ քո սերունդը»։ Աստված խոստացավ նաև, որ Աբրահամի ընտանիքի միջոցով օրհնելու է բոլոր լավ մարդկանց։

«Աստված այնքան շատ սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ամեն ոք, ով հավատ է դրսևորում նրա հանդեպ, չկործանվի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3։16)