Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 13

Հակոբն ու Եսավը հաշտվում են

Հակոբն ու Եսավը հաշտվում են

Եհովան Հակոբին խոստացավ, որ կպաշտպանի նրան, ինչպես որ պաշտպանել էր Աբրահամին ու Իսահակին։ Հակոբը սկսեց ապրել Խառան քաղաքում։ Այնտեղ նա ամուսնացավ։ Ժամանակի ընթացքում նրա ընտանիքը մեծացավ, և նա շատ հարուստ դարձավ։

Ի վերջո, Եհովան ասաց Հակոբին. «Վերադարձիր քո հայրերի երկիր»։ Ուստի Հակոբն ու նրա ընտանիքը բռնեցին հետդարձի ճանապարհը, որը շատ երկար էր։ Որոշ ժամանակ անց, երբ նրանք դեռ ճանապարհին էին, Հակոբին լուր բերեցին. «Քո եղբայր Եսավը գալիս է, և նրա հետ 400 մարդ կա»։ Հակոբը վախեցավ՝ կարծելով, թե Եսավը ուզում է վնասել իրեն ու իր ընտանիքին։ Նա աղոթեց Եհովային. «Աղաչում եմ, ազատիր ինձ իմ եղբոր ձեռքից»։ Հաջորդ օրը Հակոբը Եսավին նվեր ուղարկեց՝ շատ ոչխարներ, այծեր, կովեր, ուղտեր և էշեր։

Այդ գիշեր, երբ Հակոբը մենակ էր, մի հրեշտակ տեսավ։ Հրեշտակը սկսեց պայքարել նրա դեմ մինչև լուսաբաց։ Թեև այդ ժամանակ Հակոբը վնասվածք ստացավ, բայց չհանձնվեց։ Հրեշտակը նրան ասաց. «Թույլ տուր գնամ»։ Սակայն Հակոբը պատասխանեց. «Քեզ բաց չեմ թողնի, մինչև չօրհնես ինձ»։

Ի վերջո հրեշտակը օրհնեց Հակոբին։ Այդ ժամանակ Հակոբը հասկացավ, որ Եհովան թույլ չի տա Եսավին վնասել իրեն։

Առավոտյան Հակոբը հեռվում տեսավ Եսավին ու 400 մարդկանց։ Հակոբն իր ընտանիքից առաջ անցավ և իր եղբոր առաջ յոթ անգամ մինչև գետին խոնարհվեց։ Եսավը վազեց Հակոբին ընդառաջ ու գրկեց նրան։ Երկու եղբայրները լաց եղան ու հաշտվեցին։ Ի՞նչ ես կարծում՝ Եհովան ի՞նչ զգաց, երբ Հակոբը ճիշտ վարվեց։

Ավելի ուշ Եսավը վերադարձավ տուն, Հակոբն էլ շարունակեց իր ճանապարհը։ Հակոբը 12 որդի ուներ։ Նրանց անուններն էին՝ Ռուբեն, Շմավոն, Ղևի, Հուդա, Դան, Նեփթաղիմ, Գադ, Ասեր, Իսաքար, Զաբուղոն, Հովսեփ ու Բենիամին։ Այդ որդիներից մեկի՝ Հովսեփի միջոցով Եհովան փրկեց իր ժողովրդին։ Գիտե՞ս, թե ինչպես։ Արի տեսնենք։

«Շարունակեք սիրել ձեր թշնամիներին և աղոթել ձեզ հալածողների համար, որպեսզի լինեք որդիները ձեր Հոր, որ երկնքում է» (Մատթեոս 5։44, 45)