Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 14

Ծառա, որը հնազանդվում է Աստծուն

Ծառա, որը հնազանդվում է Աստծուն

Հովսեփը Հակոբի որդիներից մեկն էր։ Նրա մեծ եղբայրները տեսնում էին, որ իրենց հայրը նրան իրենցից ավելի շատ է սիրում։ Քո կարծիքով՝ ի՞նչ էին զգում նրանք։ Եղբայրները նախանձում և ատում էին Հովսեփին։ Եղավ այնպես, որ Հովսեփը ոչ սովորական երազներ տեսավ ու պատմեց իր եղբայրներին։ Այդ երազները լսելով՝ նրանք մտածեցին, որ մի օր խոնարհվելու են նրա առաջ։ Դրանից հետո նրանք ավելի շատ ատեցին Հովսեփին։

Մի օր Հովսեփի եղբայրները Սյուքեմ քաղաքի մոտակայքում արածեցնում էին ոչխարներին։ Հակոբն ուղարկեց Հովսեփին, որ տեսնի, թե նրանք ինչպես են։ Եղբայրները հեռվից տեսան Հովսեփին և ասացին իրար. «Նայե՛ք, երազ տեսնողն է գալիս։ Եկեք սպանենք նրան»։ Նրանք բռնեցին Հովսեփին ու գցեցին մի խոր փոսի մեջ։ Բայց եղբայրներից մեկը՝ Հուդան, ասաց. «Մի՛ սպանեք նրան։ Եկեք նրան ստրկության վաճառենք»։ Ուստի նրանք 20 կտոր արծաթով Հովսեփին վաճառեցին մադիանացի վաճառականներին, որոնք գնում էին Եգիպտոս։

Հետո Հովսեփի եղբայրները նրա հագուստը թաթախեցին այծի արյան մեջ, ուղարկեցին իրենց հորը և ասացին. «Սա որդուդ հագուստը չէ՞»։ Հակոբը մտածեց, թե Հովսեփին մի գազան է հոշոտել։ Նա շատ վշտացավ։ Ոչ ոք չէր կարողանում մխիթարել նրան։

Եգիպտոսում Հովսեփին ստրկության վաճառեցին. նրան գնեց Պետափրես անունով մի բարձրաստիճան պաշտոնյա։ Բայց Եհովան Հովսեփի հետ էր։ Պետափրեսը նկատեց, որ Հովսեփը լավ աշխատող է, և որ նրան կարելի է վստահել։ Շուտով Պետափրեսը Հովսեփին պատասխանատու նշանակեց իր ամբողջ ունեցվածքի համար։

Պետափրեսի կինը տեսավ, որ Հովսեփը ուժեղ և գեղեցիկ տղամարդ է։ Ամեն օր նա Հովսեփին ասում էր, որ պառկի իր հետ։ Ի՞նչ էր անում Հովսեփը։ Նա մերժում էր նրա առաջարկը և ասում. «Ո՛չ, դա սխալ է։ Իմ տերը վստահում է ինձ։ Դու նրա կինն ես։ Եթե ես պառկեմ քեզ հետ, Աստծու դեմ մեղք կգործեմ»։

Մի օր Պետափրեսի կինը փորձեց ստիպել Հովսեփին, որ պառկի իր հետ։ Նա բռնեց նրա հագուստից, բայց Հովսեփը փախավ։ Երբ Պետափրեսը տուն եկավ, կինն ասաց, թե Հովսեփը հարձակվել է իր վրա։ Դա սուտ էր։ Պետափրեսը շատ բարկացավ և Հովսեփին բանտ գցեց։ Սակայն Եհովան չմոռացավ նրան։

«Խոնարհվեք Աստծու հզոր ձեռքի տակ, որպեսզի ժամանակին նա բարձրացնի ձեզ» (1 Պետրոս 5։6)