Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 16

Ո՞վ էր Հոբը

Ո՞վ էր Հոբը

Հուսի երկրում մի մարդ էր ապրում, որը ծառայում էր Եհովային։ Նրա անունը Հոբ էր։ Նա շատ հարուստ էր և մեծ ընտանիք ուներ։ Հոբը բարի մարդ էր և օգնում էր աղքատներին, նաև այն կանանց, որոնց ամուսինները մահացել էին, և այն երեխաներին, որոնք չունեին ծնողներ։ Բայց այն, որ Հոբը ճիշտ էր վարվում, արդյո՞ք նշանակում էր, որ նրան երբեք վատ բան չէր պատահի։

Բանսարկու Սատանան հետևում էր Հոբին, թեև Հոբը չգիտեր այդ մասին։ Եհովան Սատանային հարցրեց. «Ուշադրություն դարձրե՞լ ես իմ ծառա Հոբին։ Երկրի վրա նրա նմանը չկա։ Նա լսում է ինձ և անում է այն, ինչ ճիշտ է»։ Սակայն Սատանան պատասխանեց. «Իհարկե, Հոբը հնազանդվում է քեզ. չէ՞ որ դու պաշտպանում և օրհնում ես նրան։ Տալիս ես նրան հողատարածք և ընտանի կենդանիներ։ Բայց եթե նրանից վերցնես այդ ամենը, նա այլևս քեզ չի ծառայի»։ Եհովան ասաց. «Ես թույլ եմ տալիս քեզ փորձել Հոբին։ Սակայն նրա կյանքը չխլես»։ Եհովան ինչո՞ւ Սատանային թույլ տվեց փորձել Հոբին. որովհետև նա վստահ էր, որ Հոբը հավատարիմ կմնա։

Սատանան սկսեց փորձել Հոբին և այնպես արեց, որ նրան վատ բաներ պատահեն։ Նախ նա ուղարկեց սաբայեցիներ կոչվող ժողովրդից մի խումբ մարդկանց, որ գողանան Հոբի եզներն ու էշերը։ Հետո կրակը ոչնչացրեց Հոբի բոլոր ոչխարներին։ Մեկ ուրիշ ազգի մարդիկ՝ քաղդեացիները, գողացան նրա ուղտերը, իսկ այն ծառաներին, որոնք հոգ էին տանում այդ կենդանիներին, սպանեցին։ Այնուհետև ամենավատ բանը եղավ։ Այն տունը, որտեղ Հոբի երեխաները խնջույք էին անում, փուլ եկավ, և նրանք բոլորը մահացան։ Հոբի սիրտը կոտրվեց, բայց նա չդադարեց Եհովային ծառայելուց։

Սակայն Սատանան ուզում էր, որ Հոբն ավելի շատ տառապի։ Այդ պատճառով այնպես արեց, որ նրա ողջ մարմինը թարախոտ վերքերով պատվի։ Հոբի մարմինը շատ էր ցավում։ Նա չգիտեր, թե ինչու էին իր հետ այդպիսի բաներ լինում, բայց շարունակում էր ծառայել Եհովային։ Աստված տեսնում էր դա, և նրան հաճելի էր այն, որ Հոբը հավատարիմ էր մնում իրեն։

Ապա Սատանան Հոբի մոտ ուղարկեց երեք մարդկանց, որ փորձության ենթարկի նրան։ Նրանք ասացին Հոբին. «Դու հաստատ մեղք ես գործել ու փորձել ես թաքցնել այն։ Դրա համար Աստված քեզ պատժում է»։ Հոբը պատասխանեց. «Ես ոչ մի սխալ բան չեմ արել»։ Բայց հետո նա սկսեց մտածել, թե Եհովան է իրեն տառապանքներ պատճառում, և ասաց, որ Աստված արդար չէ իր հանդեպ։

Եղիուս անունով մի երիտասարդ հանգիստ լսում էր նրանց զրույցը։ Հետո նա սկսեց խոսել ու ասաց. «Ձեր բոլոր ասածները սխալ են։ Եհովան շատ ավելի զորեղ է, քան մենք կարող ենք պատկերացնել։ Նա երբեք չար բան չի անում։ Նա ամեն ինչ տեսնում է և օգնում է մարդկանց, երբ նրանք դժվարություններ են ունենում»։

Ավելի ուշ Եհովան խոսեց Հոբի հետ ու ասաց. «Որտե՞ղ էիր, երբ ես ստեղծում էի երկինքն ու երկիրը։ Ինչո՞ւ ես ասում, թե ես արդար չեմ։ Դու խոսում ես, բայց չգիտես, թե ինչու են շատ բաներ տեղի ունենում»։ Հոբն ընդունեց իր սխալը և ասաց. «Ես սխալվում էի։ Ես լսել էի քո մասին, բայց հիմա իսկապես ճանաչում եմ քեզ։ Քեզ համար ոչ մի անհնարին բան չկա։ Ափսոսում եմ, որ այդպիսի բաներ եմ ասել»։

Ի վերջո Հոբի փորձություններն անցան, ու Եհովան առողջացրեց նրան և ավելի շատ բան տվեց, քան նա ուներ։ Հոբը ապրեց երկար ու երջանիկ։ Եհովան օրհնեց նրան այն բանի համար, որ նա լսեց իրեն, նույնիսկ երբ շատ դժվար էր։ Իսկ դու կլինե՞ս Հոբի նման ու կշարունակե՞ս ծառայել Եհովային, ինչ էլ որ լինի։

«Դուք լսել եք Հոբի տոկունության մասին և գիտեք, թե ինչպես Եհովան վարձատրեց նրան» (Հակոբոս 5։11)