Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 23

Իսրայելացիները Եհովային խոստում են տալիս

Իսրայելացիները Եհովային խոստում են տալիս

Եգիպտոսից դուրս գալուց մոտ երկու ամիս անց իսրայելացիները եկան Սինա լեռան մոտ և ճամբար դրեցին այնտեղ։ Եհովան կանչեց Մովսեսին, և նա բարձրացավ լեռը։ Աստված ասաց նրան. «Ես փրկեցի իսրայելացիներին։ Եթե նրանք լսեն ինձ ու պահեն իմ օրենքները, կդառնան իմ հատուկ ժողովուրդը»։ Մովսեսը վերադարձավ ու իսրայելացիներին պատմեց Եհովայի ասածները։ Ի՞նչ պատասխանեցին նրանք։ «Եհովայի բոլոր ասածները կանենք»,— ասաց ժողովուրդը։

Մովսեսը նորից բարձրացավ լեռը։ Այնտեղ Եհովան ասաց նրան. «Երեք օրից ես կխոսեմ ձեզ հետ։ Զգուշացրու ժողովրդին, որ չփորձի մոտենալ Սինա լեռանը»։ Մովսեսն իջավ և իսրայելացիներին ասաց, որ պատրաստվեն լսելու Եհովային։

Երրորդ օրը կայծակներ եղան, ու մի մութ ամպ հայտնվեց լեռան վրա։ Իսրայելացիները ուժեղ որոտի և եղջյուրի ձայն լսեցին։ Հետո Եհովան կրակի մեջ իջավ լեռան վրա։ Ժողովուրդն այնքան վախեցավ, որ սկսեց դողալ։ Ամբողջ լեռը ցնցվում էր ու ծխի մեջ էր։ Եղջյուրի ձայնը ավելի ու ավելի էր բարձրանում։ Հետո Աստված ասաց. «Ես Եհովան եմ։ Ուրիշ աստվածներ չունենաք»։

Մովսեսը նորից բարձրացավ լեռը, ու Եհովան ժողովրդի համար օրենքներ տվեց այն մասին, թե ինչպես նա պետք է ծառայի իրեն և թե ինչպես պետք է վարվի։ Մովսեսը գրեց օրենքները, հետո կարդաց դրանք իսրայելացիների համար։ Նրանք էլ խոստացան. «Եհովայի բոլոր ասածները կանենք»։ Այո՛, նրանք խոստում տվեցին Աստծուն։ Սակայն պահեցի՞ն այն։

«Սիրի՛ր քո Աստված Եհովային քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով և քո ամբողջ մտքով» (Մատթեոս 22։37)