Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 27

Նրանք ըմբոստանում են Եհովայի դեմ

Նրանք ըմբոստանում են Եհովայի դեմ

Անցավ որոշ ժամանակ։ Երբ իսրայելացիները դեռ անապատում էին, Կորխը, Դաթանը, Աբիրոնը և ուրիշ 250 մարդիկ ըմբոստացան Մովսեսի դեմ։ Նրանք ասացին. «Բավակա՛ն է։ Ինչո՞ւ դու պետք է լինես մեր առաջնորդը, իսկ Ահարոնը՝ քահանայապետ։ Եհովան միայն քո ու Ահարոնի հետ չէ։ Նա բոլորիս հետ է»։ Եհովային դուր չեկան նրանց խոսքերը։ Նա դա համարեց իր դեմ ըմբոստություն։

Մովսեսը Կորխին և նրա կողմնակիցներին ասաց. «Վաղը եկեք խորանի մոտ ու ձեզ հետ բերեք խնկով լցված ձեր կրակամանները։ Եհովան ցույց կտա, թե ում է ընտրել»։

Հաջորդ օրը Կորխն ու 250 մարդիկ գնացին, որ խորանի մոտ հանդիպեն Մովսեսին։ Այնտեղ նրանք խունկ ծխեցին, ասես քահանա էին։ Այդ ժամանակ Եհովան Մովսեսին ու Ահարոնին ասաց. «Հեռացե՛ք Կորխի ու նրա մարդկանց վրաններից»։

Թեև Կորխը գնացել էր այնտեղ, որտեղ Մովսեսն էր՝ խորանի մոտ, բայց Դաթանը, Աբիրոնն ու նրանց ընտանիքները չէին ցանկացել գնալ։ Եհովան իսրայելացիներին ասաց, որ հեռանան Կորխի, Դաթանի ու Աբիրոնի վրաններից։ Նրանք էլ անմիջապես հեռացան։ Դաթանն ու Աբիրոնը իրենց ընտանիքների հետ դուրս եկան ու կանգնեցին իրենց վրանների մուտքի մոտ։ Հանկարծ գետինը բացվեց և կուլ տվեց նրանց։ Իսկ խորանում կրակ դուրս եկավ ու ոչնչացրեց Կորխին ու նրա 250 մարդկանց։

Դրանից հետո Եհովան Մովսեսին ասաց. «Յուրաքանչյուր տոհմապետից վերցրու մեկական գավազան ու ամեն մեկի գավազանի վրա գրիր նրա անունը։ Ղևիի ցեղի գավազանի վրա գրիր Ահարոնի անունը։ Դրանք դիր խորանում։ Ում գավազանը ծաղկի, նրան եմ ընտրել»։

Հաջորդ օրը Մովսեսը դուրս բերեց բոլոր գավազանները և ցույց տվեց տոհմապետներին։ Ահարոնի գավազանը ծաղկել էր, ու դրա վրա հասած նշեր էին հայտնվել։ Այդպես Եհովան հաստատեց, որ Ահարոնին էր քահանայապետ ընտրել։

«Հնազանդվեք ու հպատակվեք նրանց, ովքեր առաջնորդություն են վերցնում ձեր մեջ» (Եբրայեցիներ 13։17)