Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 28

Բաղաամի էշը խոսում է

Բաղաամի էշը խոսում է

Իսրայելացիները շուրջ 40 տարի անապատում էին։ Նրանք գրավել էին բազմաթիվ հզոր քաղաքներ։ Այժմ նրանք ճամբար էին դրել Մովաբի դաշտում՝ Հորդանան գետից դեպի արևելք։ Ժամանակն էր մտնելու Ավետյաց երկիր։ Մովաբի թագավոր Բաղակը վախենում էր, որ իսրայելացիները կգրավեն իր երկիրը։ Այդ պատճառով Բաղաամ անունով մի մարդու կանչեց Մովաբ, որ գա և անիծի իսրայելացիներին, այսինքն՝ վատ բաներ ցանկանա նրանց։

Բայց Եհովան ասաց Բաղաամին. «Չանիծե՛ս իսրայելացիներին»։ Եվ Բաղաամը չգնաց։ Բաղակ թագավորը երկրորդ անգամ կանչեց նրան և խոստացավ տալ այն ամենը, ինչ ուզում է։ Այս անգամ էլ Բաղաամը հրաժարվեց գնալուց։ Հետո Աստված ասաց. «Կարող ես գնալ, բայց միայն խոսիր այն, ինչ քեզ կասեմ»։

Բաղաամը թամբեց իր էշը և ճանապարհ ընկավ դեպի Մովաբ։ Նա նպատակ ուներ անիծելու իսրայելացիներին, չնայած որ Եհովան պատվիրել էր նրան չանել դա։ Եհովայի հրեշտակը երեք անգամ երևաց նրան ճանապարհին։ Սակայն Բաղաամը չէր տեսնում հրեշտակին, իսկ նրա էշը տեսնում էր։ Սկզբում էշը փորձեց թեքվել ճանապարհից ու դաշտ գնալ։ Հետո նա կպավ մի քարե պատի և Բաղաամի ոտքը պատին ճզմեց։ Ի վերջո, էշը ճանապարհի մեջտեղում պառկեց։ Ամեն անգամ Բաղաամը իր փայտով ծեծում էր էշին։

Երբ Բաղաամը երրորդ անգամ ծեծեց էշին, Եհովան այնպես արեց, որ էշը խոսի։ Էշը հարցրեց Բաղաամին. «Ինչո՞ւ ես ինձ անընդհատ ծեծում»։ Բաղաամը պատասխանեց. «Դու ինձ հետ վարվեցիր, ինչպես հիմարի հետ։ Եթե իմ ձեռքին սուր լիներ, արդեն սպանած կլինեի քեզ»։ Էշն ասաց. «Երկար տարիներ է՝ ես քո էշն եմ։ Երբևէ քեզ այսպիսի բան արե՞լ եմ»։

Հետո Եհովան այնպես արեց, որ Բաղաամը տեսնի հրեշտակին։ Հրեշտակն ասաց. «Եհովան զգուշացրեց քեզ, որ չգնաս Մովաբ՝ Իսրայելին անիծելու համար»։ Բաղաամն էլ պատասխանեց. «Ես սխալ բան արեցի։ Հետ կգնամ տուն»։ Սակայն հրեշտակն ասաց. «Գնա՛ Մովաբ, բայց կխոսես միայն այն, ինչ Եհովան կասի քեզ»։

Բաղաամը դաս քաղե՞ց։ Ո՛չ։ Դրանից հետո նա երեք անգամ փորձեց անիծել Իսրայելին, բայց ամեն անգամ Եհովան այնպես էր անում, որ նա օրհնության խոսքեր ասի։ Ի վերջո, իսրայելացիները հարձակվեցին Մովաբի վրա, և Բաղաամը սպանվեց։ Մի՞թե ճիշտ չէր լինի, որ Բաղաամը լսեր Եհովային։

«Զգո՛ւյշ կացեք ամեն տեսակ ագահությունից, որովհետև նույնիսկ երբ մարդ առատությամբ ունի, նրա կյանքը կախված չէ իր ունեցվածքից» (Ղուկաս 12։15)