Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 29

Եհովան ընտրում է Հեսուին

Եհովան ընտրում է Հեսուին

Մովսեսը շատ տարիներ առաջնորդեց Իսրայել ազգին։ Երբ նրա կյանքը մոտեցավ ավարտին, Եհովան ասաց նրան. «Իսրայելացիներին դո՛ւ չես տանելու Ավետյաց երկիր։ Բայց ես թույլ կտամ, որ տեսնես այդ երկիրը»։ Այնուհետև Մովսեսը խնդրեց Եհովային, որ նոր առաջնորդ նշանակի, որը հոգ կտանի ժողովրդի մասին։ Եհովան պատասխանեց նրան. «Գնա Հեսուի մոտ և նրան ասա, որ նա է լինելու ժողովրդի առաջնորդը»։

Մովսեսն իսրայելացիներին ասաց, որ շուտով մահանալու է, և որ Եհովան Հեսուին է ընտրել, որ առաջնորդի նրանց դեպի Ավետյաց երկիր։ Ապա նա Հեսուին ասաց. «Մի՛ վախեցիր։ Եհովան կօգնի քեզ»։ Կարճ ժամանակ անց Մովսեսը բարձրացավ Նաբավ լեռը, և այնտեղից Եհովան նրան ցույց տվեց այն երկիրը, որը նա խոստացել էր տալ Աբրահամի, Իսահակի ու Հակոբի սերունդներին։ Մովսեսը 120 տարեկան էր, երբ մահացավ։

Դրանից հետո Եհովան Հեսուին ասաց. «Անցիր Հորդանան գետը և գնա Քանան։ Ինչպես որ Մովսեսին օգնեցի, այնպես էլ քեզ կօգնեմ։ Ամեն օր կարդա՛ իմ Օրենքը։ Մի՛ վախեցիր։ Քա՛ջ եղիր։ Գնա՛ և արա՛ այն, ինչ պատվիրել եմ քեզ»։

Մի անգամ Հեսուն երկու հետախույզ ուղարկեց Երիքով քաղաք։ Հաջորդ գլխում ավելի շատ բան կիմանանք այն մասին, թե ինչ եղավ այնտեղ։ Երբ հետախույզները վերադարձան, ասացին, որ Քանան գնալու ճիշտ ժամանակն է։ Հաջորդ օրը Հեսուն ժողովրդին ասաց, որ հավաքեն ճամբարը։ Սակայն սկզբում նա ուղարկեց ուխտի տապանակը կրող քահանաներին, որ մտնեն Հորդանան գետը։ Գետը վարարել էր։ Բայց հենց որ քահանաները իրենց ոտքերը ջուրը մտցրին, այն դադարեց հոսելուց, և ջրերը ցամաքեցին։ Հասնելով գետի մեջտեղը՝ քահանաները կանգնեցին, մինչև որ ամբողջ Իսրայել ազգը անցավ մյուս ափ։ Ի՞նչ ես կարծում՝ այս հրաշքը հիշեցրե՞ց նրանց այն մասին, թե Եհովան ինչ էր արել Կարմիր ծովի մոտ։

Վերջապես, շատ տարիներ անց իսրայելացիները մտան խոստացված երկիր։ Նրանք կարող էին տներ ու քաղաքներ կառուցել։ Նաև կարող էին մշակել դաշտերը, խաղողի այգիներ տնկել ու պարտեզներ ունենալ։ Դա մի երկիր էր, որտեղ կաթ ու մեղր էր հոսում։

«Եհովան միշտ կառաջնորդի քեզ, կկշտացնի հոգիդ նույնիսկ երաշտահար երկրում» (Եսայիա 58։11)