Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 30

Ռախաբը թաքցնում է հետախույզներին

Ռախաբը թաքցնում է հետախույզներին

Երբ իսրայելացի հետախույզները գնացին Երիքով, նրանք մտան Ռախաբ անունով մի կնոջ տուն և այնտեղ մնացին։ Երբ Երիքովի թագավորն իմացավ այդ մասին, զինվորներ ուղարկեց Ռախաբի տուն։ Կինը երկու հետախույզներին թաքցրեց տանիքում, իսկ զինվորներին ուրիշ ուղղությամբ ուղարկեց։ Նա հետախույզներին ասաց. «Ես կօգնեմ ձեզ, քանի որ գիտեմ, որ Եհովան ձեր կողմն է, և որ դուք գրավելու եք այս երկիրը։ Իսկ հիմա, խնդրում եմ, խոստացեք ինձ, որ կփրկեք իմ ընտանիքին»։

Հետախույզները Ռախաբին պատասխանեցին. «Խոստանում ենք, որ քո տանը եղողներից ոչ մեկին չենք վնասի»։ Նրանք նաև ասացին. «Կարմիր պարան կկապես քո պատուհանից, և մենք քո ընտանիքին չենք վնասի»։

Ռախաբը հետախույզներին պատուհանից պարանով ցած իջեցրեց։ Նրանք գնացին լեռները և նախքան Հեսուի մոտ վերադառնալը երեք օր մնացին այնտեղ։ Այնուհետև իսրայելացիներն անցան Հորդանան գետը և պատրաստվեցին գրավելու երկիրը։ Երիքովը առաջին քաղաքն էր, որ նրանք գրավեցին։ Եհովան ասաց նրանց, որ վեց օր՝ օրը մեկ անգամ, քայլեն քաղաքի շուրջը։ Նրանք այդպես էլ արեցին։ Իսկ յոթերորդ օրը նրանք քաղաքի շուրջը պտտվեցին յոթ անգամ։ Հետո քահանաները հնչեցրին փողերը, իսկ զինվորները բարձր ձայնով աղաղակեցին։ Այդ ժամանակ քաղաքի պարիսպները ամբողջությամբ փուլ եկան։ Սակայն Ռախաբի տունը, որը պարսպի մեջ էր, չքանդվեց։ Ռախաբն ու նրա ընտանիքը փրկվեցին, քանի որ վստահեցին Եհովային։

«Չէ՞ որ.... Ռախաբն էլ գործերով արդար հայտարարվեց, երբ հյուրասիրությամբ ընդունեց պատգամաբերներին և ուրիշ ճանապարհով ուղարկեց նրանց» (Հակոբոս 2։25)