Անցնել բովանդակությանը

Անցնել ցանկին

ԴԱՍ 31

Հեսուն և գաբաոնացիները

Հեսուն և գաբաոնացիները

Երիքովի մասին լուրը տարածվեց Քանանում բնակվող մյուս ազգերի մեջ։ Նրանց թագավորները որոշեցին մեկտեղ հավաքվել ու պատերազմել իսրայելացիների դեմ։ Սակայն Գաբաոնի բնակիչները այլ մտադրություն ունեին։ Նրանք մաշված հագուստներ հագան, գնացին Հեսուի մոտ ու ասացին. «Մենք հեռավոր երկրից ենք եկել։ Մենք լսել ենք Եհովայի և այն ամենի մասին, ինչ նա արել է ձեզ համար Եգիպտոսում և Մովաբում։ Եվ հիմա խոստացեք մեզ, որ չեք հարձակվի մեզ վրա, ու մենք կդառնանք ձեր ծառաները»։

Հեսուն հավատաց գաբաոնացիներին ու խոստացավ, որ ողջ կթողնի նրանց։ Բայց երեք օր հետո իմացավ, որ նրանք հեռավոր երկրում չեն բնակվում։ Նրանք Քանանի երկրից էին։ Հեսուն կանչեց գաբաոնացիներին ու հարցրեց. «Ինչո՞ւ մեզ խաբեցիք»։ Նրանք պատասխանեցին. «Մենք շատ վախեցանք, քանի որ գիտենք, որ Եհովան՝ ձեր Աստվածը, պատերազմում է ձեզ համար։ Խնդրում ենք, մեզ մի՛ սպանեք»։ Հեսուն պահեց իր խոստումը ու նրանց չսպանեց։

Շատ չանցած՝ Քանանի հինգ թագավորներն իրենց զորքերով հավաքվեցին Գաբաոնի դեմ պատերազմելու։ Հեսուն և նրա զորքը ամբողջ գիշեր քայլեցին, որ օգնության հասնեն ու փրկեն նրանց։ Պատերազմը սկսվեց հաջորդ օրը՝ վաղ առավոտյան։ Քանանացիները սկսեցին փախչել տարբեր կողմեր։ Բայց ուր էլ որ փախչում էին, Եհովան նրանց վրա երկնքից մեծ քարեր էր թափում։ Հետո Հեսուն խնդրեց Եհովային, որ այնպես անի, որ արևը կանգ առնի։ Ինչո՞ւ նա այդպիսի բան խնդրեց, չէ՞ որ դրանից առաջ արևը երբեք կանգ չէր առել։ Հեսուն խնդրեց դա, քանի որ վստահում էր Եհովային։ Արևը մի ամբողջ օր մայր չմտավ, մինչև որ իսրայելացիները հաղթեցին քանանացի թագավորներին ու նրանց զորքերին։

«Թող ձեր «այո»-ն այո լինի, և «ոչ»-ը՝ ոչ, որովհետև սրանից ավելին Չարից է» (Մատթեոս 5։37)